Աշուղ Ղարիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշուղ Ղարիբ
«Աշուղ Ղարիբի վերադարձը», պատկերազարդում, 1939 թ․
Տեսակգրական ստեղծագործություն, սիրավեպ և ժողովրդական հեքիաթ
Ժանրհեքիաթ, Դաստան և էպոս
Գրվել է17-րդ դար
Հրատարակվել է1846
 Ashiq Qarib

Աշուղ Ղարիբ, Անդրկովկասում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում լայնորեն տարածված արևելյան ժողովրդական երգախառն սիրավեպ, ժողովրդական հեքիաթ, աշուղների կողմից կատարվող քնարական դաստան, էպոս, որի հիմքում ընկած է հայտնի ժողովրդական բանահյուսությունը[1]։ Ձևավորվել է XVII դարում։ Գովերգում է ազնիվ, նվիրական սերը, քննադատում մարդու երջանկությունը խորտակող ֆեոդալական օրենքները։ Սիրավեպը բազմաթիվ տարբերակներով տարածված է Անդրկովկասում, Իրանում, Թուրքիայում և Միջին Ասիայում։ «Աշուղ Ղարիբ»-ի մոտիվներով Միխայիլ Լերմոնտովը 1837 թվականին գրել է համանուն հեքիաթը, որը հրատարակվել է 1846 թվականին։ Նույն թեմայով գրվել են երեք օպերա, բալետ և նկարահանվել է կինոնկար (Ռեյնգոլդ Գլիերի «Շահսենեմ» (1925 թ.) օպերան, Սերգեյ Փարաջանովի և Դավիթ Աբաշիձեի «Աշուղ Ղարիբ» (1988 թ.) ֆիլմը և այլն)։

Սյուժեի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն խորհրդային ազգագրագետ և բանահավաք Մարկ Ազադովսկու, հեքիաթի սյուժեն կառուցված է հետևյալ կերպ. «Ամուսինը կամ փեսացուն ճարահատյալ լքում է կնոջը կամ հարսնացուին և նրանից որոշակի քանակությամբ տարիներ` սպասելու խոստում վերցնում։ Կնոջը կամ հարսնացուին կեղծ լուր են բերում` ամուսնու կամ փեսացուի մահվան մասին և ստիպում ամուսնանալ։ Ամուսինը կամ փեսացուն այս կամ այն միջոցներով տեղեկանում է սպասվող հարսանիքի մասին և շտապում է տուն` առավելապես կախարդական ուժի շնորհիվ։ Տուն վերադառնալով հագնում է աղքատի շորեր, ուխտավորի կամ երաժիշտ-աշուղի կերպարանքով ներկայանում հարսանեկան խնջույքին, որտեղ տեղի է ունենում նրան ճանաչելը։ Կինը կամ հարսնացուն ճանաչում է ամուսնուն կամ փեսացուին` նրա ձայնից կամ մատանու շնորհիվ, որը նա գցում է գինու գավաթի մեջ»։

Այս սյուժեի հինավուրց դասական օրինակ է Ոդիսևսի վերադարձի մասին պատմությունը։ Այստեղ նույնպես, Ոդիսևսը երկարատև թափառումներից հետո վերադառնում է հայրենիք, որտեղ հարազատներն ու կինը` ում ստիպում էին ամուսնանալ, նրան չեն ճանաչում։ Միայն հետո են բոլորն իմանում նրա ով լինելու մասին։ Տուն վերադառնալու ճանապարհին Ոդիսևսին նույնպես օգնում է գերբնական ուժը` ի դեմս Աթենասի։ Սյուժեի նման զարգացումների կարելի է հանդիպել միջնադարյան գրականության շատ ստեղծագործություններում։

Սյուժեն ըստ Լերմոնտովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսում ապրող աղքատ սազանդար և աշուղ Աշուղ Ղարիբը (հայկական տարբերակներից մեկում` Արշակ) սիրահարվում է հարուստ թուրք Այակ Աղայի (հայկական տարբերակներից մեկում` Խոջա Սահակ) դստեր` Մահուլ Մեհերիի (հայկական տարբերակներից մեկում` Շահ Սանամ) վրա, սակայն լինելով աղքատ, չի համարձակվում ամուսնանալ հարուստի դստեր հետ։ Այդ իսկ պատճառով, խոստանում է յոթ տարի թափառել աշխարհից աշխարհ և հարստություն կուտակել։ Մահուլ Մեհերին համաձայնվում է սպասել, բայց պայմանով, որ եթե նշված օրը Աշուղ Ղարիբը չվերադառնա, ինքը կամուսնանա Խուրշուդ Բեկի (հայկական տարբերակներից մեկում` Շահ Վալատ) հետ, քանի որ վերջինս վաղուց էր ցանկանում պսակադրվել իր հետ։

Թիֆլիսից դուրս գալիս, Աշուղ Ղարիբին հասնելով, նրան ուղեկցում է Խուրշուդ Բեկը։ Երբ Աշուղ Ղարիբը հանում է շորերը, որպեսզի լողալով գետն անցնի, Խուրշուդ Բեկը վերցնում է նրա շորերը, տանում Ղարիբի մոր մոտ և հայտարարում, որ Ղարիբը գետում խեղդվել է։ Ղարիբի մայրը այդ մասին հայտնում է Մահուլ Մեհերիին, սակայն վերջինս չի հավատում Խուրշուդ Բեկին։ Այդ ընթացքում Աշուղ Ղարիբը թափառում է և հասնում Հալեպ, որտեղ դառնում է փաշայի պալատական երաժիշտը, հարստանում է և սկսում մոռանալ, որ պետք է վերադառնա տուն։

Վեց տարին լրանալուց հետո Մահուլ Մեհերին, Թիֆլիսից մեկնող վաճառականներից մեկին հանձնում է ոսկյա թասը, որպեսզի վերջինս դրա օգնությամբ կարողանա գտնել Աշուղ Ղարիբին։ Հալեպում Աշուղ Ղարիբը գտնում է իր սիրելիի կողմից ուղարկված ոսկե թասը և շտապում է տուն վերադառնալ։ Ժամանակի լրանալուն մնացել էր երեք օր։ Հոգնած ու չարչարված նա մի կերպ հասնում է Արզինգան սարին, որը գտնվում էր Երզնկայի և Էրզրումի միջև, իսկ մինչ Թիֆլիս դեռ մնացել էր երկու ամսվա ճանապարհ։ Սակայն Աշուղ Ղարիբին օգնում է Սուրբ Գևորգը (հայկական տարբերակներից մեկում` Սուրբ Սարգիսը), ում շնորհիվ նա մեկ ակնթարթում հայտնվում է հարազատ քաղաքում։ Որպեսզի բոլորը հավատան, որ ինքն Աշուղ Ղարիբն է, Սուրբն իր ձիու սմբակի տակից նրան է տալիս հողի գուղձիկ, որպեսզի նա այն քսելով յոթ տարի առաջ կուրացած իր մոր աչքերին` վերադարձնի տեսողությունը։ Տանը մայրն ու քույրը չեն ճանաչում Աշուղ Ղարիբին, ով նրանց ներկայանում է Ռաշիդ անունով։ Նրանք Ղարիբին են տալիս յոթ տարի շարունակ պատից կախված նրա սազը։

Այդ ընթացքում սկսվում է Մահուլ Մեհերիի և Խուրշուդ Բեկի հարսանեկան արարողությունը, որտեղ Մահուլ Մեհերին պատրաստվում է ինքնասպան լինել։ Աշուղ Ղարիբը գալիս է հարսանիք, որտեղ նույնպես նրան ոչ ոք չի ճանաչում։ Սակայն երբ նա սկսում է երգել, Մահուլ Մեհերին ճանաչելով նրան ձայնից, նետվում է նրա գիրկը։ Խուրշուդ Բեկի եղբայրը մերկացնում է սուրը, որպեսզի երկուսին էլ սպանի, բայց Խուրշուդ Բեկը կանգնեցնում է նրան` համակերպվելով իր ճակատագրին։ Ղարիբը բուժում է մոր կուրությունը, ամուսնանում է Մահուլ Մեհերիի հետ, իսկ քրոջը հարուստ օժիտով ամուսնացնում է Խուրշուդ Բեկի հետ։

Հայկական տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղ Ղարիբի հեքիաթը բազմաթիվ տարբերակներով պատմվել է հայ ժողովրդի մեջ։ Այն գրառել են Գ. Տեր-Աղեքսանդրյանը («Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» 1885 թ. մաս 1), Ջիվանին («Աշըղ Ղարիբի հեքիաթը») և ուրիշներ։ Աշուղ Ղարիբի և Շահ Սանամի սիրո պատմության առաջին գրավոր հիշատակումը ողջ Անդրկովկասում տվել է Սայաթ-Նովան իր «Մէ խոսք ունիմ իլթիմազով» բանաստեղծության մեջ, որ թվագրվում է քրոնիկոնի 446-ին (1758 թ.), (տես` Գևորգ Ախվերդյան, Սայաթ-Նովա, Մոսկվա 1852, էջ 59, 60։ Նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հրատարակչություն 2005, Սայաթ-Նովա, Դավթար (նմանահանություն), էջ 123, 124), որը հենց Սայաթ-Նովայի ձեռագիրն է վրացատառ հայերենով։

Հեքիաթի հայկական տարբերակը բանահավաք Ռուսուդան Օրբելիի կողմից 1935 թվականին Զանգեզուրում գրի է առնվել նաև 80-ամյա աշուղ Ադամ Սուջայանի բառերից։ Վերջինս հեքիաթը կատարում էր միայն հատվածներով։ Մնացած հայկական տարբերակները էականորեն տարբերվում են լերմոնտովյան հեքիաթից։ Հիմնականում իրադարձություններն սկսվում են մինչ Ղարիբի Թիֆլիսում բնակվելը։ Դրանց մեջ առկա է հրաշքով պատանուց աշուղի վերածվելու դրվագը, ով երգչի իր տաղանդով օժտված էր Բարձրյալի կողմից։ Բոլոր տարբերակներում Աշուղ Ղարիբն ու իր ապագա սիրեցյալը` նախապես միմյանց ճանաչել էին իրենց երազներից[2]։

Ըստ հայ արձակագիր և գրականագետ Շավիղ Գրիգորյանի, բավականին ապացույցներ կան Աշուղ Ղարիբի հայկական ծագման վերաբերյալ. «Ղարիբ` օտարական կնշանակե։ Ղարիբությունը մեր ազգային «մենաշնորհն» է։ Այդ մենք ենք, որ եղել ու մնում ենք ղարիբ` մեր իսկ հող ու ջրին։ Ղարիբ թուրք չի եղել ու չէր կարող լինել։ Թուրքն իր հողից ե՞րբ է զրկվել, որ օտարություն գնար ու ղարիբ դառնար։ Երբևէ մենք մեզ հաշիվ տվե՞լ ենք, թե այն ժամանակվա ( XVI-XVII դարեր) Թավրիզում ծնված էս ինչ թուրք, առավել ևս ադրբեջանցի Ռասուլ է, հարուստ կալվածատիրոջ որդի, որ սնանկանում, մորն ու քրոջն էլ առած փոխադրվում է Թիֆլիս և Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ ապրելով էլ արժանանում թիֆլիսեցի մեծահարուստ մի վաճառականի դստեր` Սանամին։ Եվ այդ սիրուն էլ արժանանում է ի՞նչ պայմանով, որ յոթ տարի օտարություն գնա ու իր հալալ քրտինքով էլ (այ քեզ թուրք) օժիտ բերի, որ նոր արժանանա իր սիրածին։ Ընդ որում, Թիֆլիսում (Սոլոլակում կամ Վանքի թաղում էլ) ապրելիս է եղել նրա այդ թուրք վաճառական աները։

Իսկ գիտե՞ք, թե ինչպիսին էր այդ ժամանակների Թիֆլիսի բնակչության ազգային կազմը։ Եթե անցյալ դարի առաջին տասնամյակներին Թիֆլիսի 24 հազար բնակիչներից 16 հազարը հայեր էին (ըստ Իվան Շոպենի ստույգ հաշվարկների), 4 հազարը` վրացիներ և մնացած հազիվ 4 հազարն էլ` խառն այլազգիներ (հույներ, լեզգիներ, ռուսներ, պարսիկներ, թուրք-թաթարներ), ապա պարզ կլինի ոչ միայն ավելի հին ժամանակների պատկերը, այլ նաև, թե ով կարող էր լինել Ղարիբի աներացու այդ Խոջա Սինեն կոչվածը։

Անցյալի մեր մեծերն այս մանրամասների մեջ չէին մտել ոչ միայն դրա կարիքը չզգալով, այլ նաև այն պատճառով, որ մի առանձին կարևորություն չէին տվել այս ժանրի ստեղծագործություններին։ Խիստ սակավ թիվ են կազմել դրանցով խանդավառվածները` մեզանում մի Աբովյան, մի Ախվերդյան, մի Պատկանյան, Աղայան ու Սերգեյ Փարաջանով։ Ռուսներից մի Չերնիշևսկի, մի Լերմոնտով, մի Աստաֆև, գերմանացի մի Հաքստհաուզեն, ֆրանսիացի մի Դյուլորիե ու Դյումեզիլ։ Ժողովուրդը, հայ աշխատավոր մարդն է և, մասամբ նաև միջին մտավորականներն ու ազգագրագետ-բանասերները, որ հատուկ զբաղվել և անդրադարձել են դրանց։ Այդ ժանրի հանդեպ կույր սեր, պաշտամունք են հանդես բերել հատկապես ներքնախավերը, այլապես, ինքներդ դատեցեք, ինչու՞ պետք է, ասենք, օրինակ «Աշուղ Ղարիբ»-ը անցյալում ավելի քան երկու տասնյակ անգամ տպագրվեր։ Հայատառ ոչ մի այլ գիրք ( «Նարեկ»-ից բացի) այդ փառքին չի արժանացել, ոչ «Վերք»-ը, ոչ Թումանյանի «Անուշ»-ը, ոչ էլ... նույնիսկ «Պղնձե քաղաքի պատմությունն» ու «Աշոտ Երկաթ»...» (Ռազմիկ Սողոմոնյան - Աշուղ Ղարիբ, Քյոր Օղլի, Ամրահ և Սալվի, Աղվան և Օսան, «Զարթոնք-90», Երևան 1992 թ.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Даронян, 1974, էջ 82
  2. И. Л. Андроников. Лермонтов: исследования и находки. — 4. — М.: Художественная литература, 1977. — 650 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր–Աղեքսանդրյան Գ., Թիֆլիսեցոց մտավոր կյանքը, մաս 1, Թ., 1885, էջ 334–41
  • Ջիվանի, Աշըղ Ղարիբի հեքիաթը, փոխադր. տաճկերենից, Ալեքսանդրապոլ, 1887
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 494
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։