Աշուղական պոեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշուղական պոեզիա, ժողովրդական երգիչ-բանաստեղծների պոեզիան, սկզբնավորվել է 16-րդ դարում։ Նախապես բանավոր լինելով՝ սերտորեն առնչվել է ժողովրդական բանահյուսությանը։ Հայ աշուղներ հանդես են եկել դեռևս 16-րդ դարի կեսերին, սակայն աշուղական պոեզիա հայ իրականության մեջ լայն տարածում ու ճանաչում է գտել միայն հաջորդ դարում։ Պատմա-քաղաքական հանգամանքների բերումով աշուղական պոեզիա սկզբնավորվել է ոչ թե բուն Հայաստանում, այլ հայկական գաղթավայրերում՝ Նոր Զաղայում, Թիֆլիսում, Աստրախանում, Կ. Պոլսում և այլն։ 17–18-րդ դարերում Նոր Ջուղայի աշուղները (էզազ, Ղռա Արզունի, Բադեր օղլի Ղազար, Ամիր օղլի, Ղուլ Հարություն Սալմաստցի և ուրիշներ) հիմնադրել են իրանահայ աշուղական դպրոցը՝ առաջինը հայ մշակույթի պատմության մեջ։

Վիրահայ աշուղական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում կազմավորվել է վիրահայ աշուղական դպրոցը, որի նշանավոր ևերկայացուցիչները՝ Շամչի Սելքոն, Սայաթ-Նովան, Բադադ Օղլանը, Քիչիկ Նովան, Ֆրեյդունը և ուրիշներ, հիմնականում ապրել և ստեղծագործել են Թիֆլիսում։

Աշուղական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղական դպրոցներ ստեղծվել են նաև Թուրքիայամ (17–18-րդ դարեր), Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում՝ հատկապես Գանձակում և Բաքվում (19-րդ դար)։ Հայ թափառական աշուղներն իրենց երգերը հորինել են ժողովրդի խոսակցական լեզվով, հաճախ էլ թուրքերեն, պարսկերեն, վրացերեն և այլն։ Մի քանի լեզուներով ստեղծագործած աշուղներից ամենանշանավորներն են Սայաթ-Նովան, Շամչի Սելքոն, Հարթուն Օղլին և Սահտեսի Սիրունին։ 19-րդ դարի 50—60-ական թվականների Աշուղական պոեզիան լայն տարածում է գտել նաև բուն Հայաստանում։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Սյունիքի և Արարատյան գավառներում հանդես են եկել աշուղներ, որոնց ստեղծագործության մեջ գերակշռել են հայերեն երգերը։

Բանաստեղծական Իսկ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի մեր նշանավոր աշուղները հորինել են հիմնականում հայերեն։ Համախմբվելով տաղանդավոր վարպետների շուրջը, նրանք ստեղծել են իսկական բանաստեղծական դպրոցներ։ Հայտնի են Շիրինի դպրոցը (կենտրոնը՝ Երևան), որի ներկայացուցիչներն էին Ագրար Ադամը, Հավեսը, Մալուլը, Զահրին, և Նոր դպրոցը (կենտրոնը՝ Ալեքսանդրապոլ), ուր Ջիվանա հետ հանդես են եկել Զամալին, Սազային, Ֆիզային, Լիսանին, Խայաթը, Պայծառեն և Շերամը։ 20-րդ դարում աշուղական դպրոցներն արդեն չկային, թեև ժամանակի նշանավոր աշուղները (Մահուբի Գևորգ, Հրկեզ, Հովսեփ, Աշխույժ, Ավետ, Նոր Սոխակ) շարունակում էին հայ աշուղական պոեզիայի լավագույն ավանդույթները։

Աշուղական պոեզիայում գերակշռողը սիրային երգերն են։ Սիրած էակի գեղեցկությունը սովորաբար նկարագրվել է համընդհանուր համեմատություններով, մակդիրներով ու պատկերավորման այլ հնարանքներով։ ՍայաթՆովան, Գյուրջի Նավեն, Շիրինը, Ջիվանին երգել են սերը, կնոջ գեղեցկությունը։ Աշուղներն արձագանքել են ժողովրդին հուզող պատմա-քաղաքական իրադարձություններին։ Ազատասիրության, հայրենասիրության գաղափարները, լուսավորության հարցերն առաջատար թեմաներ են դարձել 19-րդ դարի աշուղների երգերում։ Ջիվանին քաղաքացիական մեծ ուժով արտացոլել է հայ ժողովրդի սոցիալական ազգային ծանր վիճակն ու թուրքական բռնապետության հայաջինջ քաղաքականությունը։ Աշուղական պոեզիայում որոշակի տեղ են գրավում երգիծական երգերը, որոնք ընդգրկում են կենցաղագրական հարուստ նյութեր, ունեն ճանաչողական արժեք։

Աշուղական պոեզիաի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղական պոեզիայի առանձնահատկություններից է շատ երգերի խրատական բնույթը։ Խրատական երգեր հորինել են գրեթե բոլոր աշուղները։ Սովետական տարիներին հանդես են եկել մի շարք շնորհալի աշուղներ (Հավասի, Շահեն, Աշոտ և ուրիշներ), որոնք արտացոլել են ժողովրդի կյանքում տեղի ունեցած հեղափոխական շրջադարձը, շարունակել Աշուղական պոեզիայի ավանդույթները։ Հայաստանում ապրած և ստեղծագործած ադրբեջանական աշուղներից հայտնի է Ալասկերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ախվերդյան Գ., Հայ աշուղներ, Թ., 1903 (Գուսանք, հ. 2)։
  • Նեոնյան Գ., Աշուղների մասին, «ԱՀ», 1904 թվական, գիրք 11։
  • Նույնի, Աշուղները և նրանց արվեստը, 1944 թվական։
  • Հայ աշուղներ, հ 1 1, Ե., 1961 թվական։ Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962, էջ 251-72։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 494