Աշխարհագրական դետերմինիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աշխարհագրական դետերմինիզմ (լատ.՝ determinante, որոշել), հայեցակարգ, որն աշխարհագրական միջավայրը կամ նրա առանձին տարրերը դիտում է իբրև հասարակական-քաղաքական զարգացման ան­միջական և վճռական գործոն։

Աշխարհագրական դետերմինիզմն աշխարհաքաղաքականության հիմնարար հասկացություններից է։

Հին աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման կարգի գաղափարներ արտա­հայտվել են դեռևս Հին աշխարհում (Հերոդոտոս, Հիպոկրատ, Ֆուկիդիդ և այլք)։ Արիստոտելը «Քաղաքականություն» աշխատությունում, ընդգծելով Կրետե կղզու դիրքի աշխարհագրական առանձ­նահատկությունները, գրում է.

«Կրետե կղզուն կարծես թե նախասահմանված է գերիշխել Հունաստանում... նրա աշ­խարհագրական դիրքը հիանալի է»։

Պոլիբիոսը Արկադիայի բնակիչների բար­քերի խստությունը բացատրում էր երկրի ցուրտ կլիմայով։ Մեծ աշխարահագրական հայտագործությունների դարաշր­ջանը աշխարհագրական դետերմինիզմի զարգացման նոր փուլն էր։

Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի Ժ. Բոդենը «Վեց գիրք հանրապետության մասին» (1577 թվական) աշխատությունում նշել է, որ պետությունների կառուցվածքային տարբերություններն ու փոփոխությունները պայմանավոր­ված են երեք գործոններով

  1. Աստվածա­յին կամքով
  2. մարդկանց կամայականություններով
  3. բնության ազդեցութ­յամբ։

Ընդ որում կարևորն աշխարհագ­րական՝ հատկապես կլիմայական գոր­ծոնն է։

Աշխարհագրական դետերմինիզմի գաղափարները տարածում են գտել XVIII - XIX դարերում Ֆրանսիայում։ «Օրենք­ների ոգու մասին» աշխատությունում Շ. Լ. Մոնտեսքյոն պետության օրենքների բովանդակությունն ու բնույթը բխեցնում է աշխարհագրական պայմաններից, իսկ կառավարման ձևը՝ պետության տարածքի չափերից։ Տարածքային կլիմայի պայմաններում մարդիկ ավելի բարոյական են և ազատասեր, իսկ շոգը թուլացնում է մարդկանց կամքը, որն էլ Արևելքում ստրկության զարգացման պատճառն է։

Անգլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում համանման գաղափարներ է զարգացրել Հ. Բոքլը, որի կարծիքով ժողովրդի պատմությունը համապատաս­խանում է նրա երկրի աշխարհագրական պայմաններին։

Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դետերմինիզմն առավել ամբողջա­կան և համակողմանի կերպով մշակել են գերմանացի մտածողները։ Այսպես Յ․ Գ. Հերդերը և Ա. Ֆ. Հումբոլդտը ենթադրում էին, որ քաղաքակրթության զարգացման համար էական է աշխարհի ամբողջա­կան նկարագիրը (աշխարհագրական դիրքը, կլիման և այլն) տվող աշխարհագրության ազդեցությունը։ Կ. Միտերի կար­ծիքով՝ մարդու գոյությունը հազարավոր արմատներով կապված է հողի հետ։ Այս և նման գաղափարներն առավել խոր և համակողմանի զարգացրել են Ֆ. Ռատցելը և Ռ. Չելենը։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դետերմինիզմին հարել են նաև հայ մտածողները Ա. Գարագաշյանը, Ս. Պալասանյանը և այլք։ Դա արտա­հայտվել է մասնավորապես հայ ժո­ղովրդի պատմության որոշ հարցերի մեկ­նաբանման մեջ։ Աշխարհագրական դետերմինիզմի ներկայացուցիչ­ների մի շարք կարևոր տեսական դրույթ­ները հետագայում նպաստեցին աշխարհաքաղաքականության ձևավորմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 481 CC-BY-SA-icon-80x15.png