Վարդենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդենի
Վարդենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Rosa

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Վարդենի, վարդ[1] (լատիներեն՝ Rosa), վարդազգիների ընտանիքի (Rosáceae) բույսերի ցեղ։

Տարածվածությունը[խմբագրել]

Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում՝ 31՝ վայրի (Վարդենի առատափուշ (Rosa spinosissina), Վարդենի փափուկ (Rosa mollis), Վարդենի վահանակիր (Rosa corymbifera)) և այլն. տարածված են Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում. աճում են անտառեզրերին, լեռնալանջերին և այլն), բնաշխարհիկ (Վարդենի Զանգեզուրի (Rosa zangezura), Վարդենի Հրաչի (Rosa hrachiana), Վարդենի Սոսնովսկու (Rosa sosnovsky)) և այլն. տարածված են Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում, աճում են անտառեզրերին, լեռնալանջերին, քարքարոտ վայերում և այլն) և մշակովի (Վարդենի չինական (Rosa chinensis), Վարդենի հարյուրթերթանի (Rosa centifolia), Վարդենի դամասկի (Rosa damascena) և այլն. տարածված է գրեթե բոլոր մարզերում) տեսակները։[2]

Նկարագրություն[խմբագրել]

Թուփ է, բարձրությունը՝ 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը՝ 2-15 սմ, բուրավետ (հազվադեպ՝ անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ՝ հովանոցանման կամ վահանաձև ծաղկաբույլերով։ Ծաղկակալը սափորաձև է։ Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմավորված կեղծ պտուղ է (մասուր[2]

Օգտագործումը և մշակումը[խմբագրել]

Հիբրիդացման և արհեստական ընտրության շնորհիվ ստեղծվել են վարդենու բազմաթիվ պարտեզային ձևեր։ Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման ու գույների հարստության շնորհիվ առավել գեղազարդիչ նշանակություն ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։

Վարդենու ծաղիկը լավորակ հումք է գինու, լիկյորի, հյութերի, եթերայուղերի, զովացուցիչ ջրերի, մուրաբայի, թեյի համար։ Վարդենու վայրի տեսակներն օգտագործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, հողը էրոզիայից պաշտպանելու և մշակովի վարդենու համար որպես պատվաստակալ օգտագործելու համար։[2]

Մշակվում են բազմաթիվ (25 հազար) սորտ և ձև, որոնց ծնողական ձևերի հայրենիքը Չինաստանն է (Վարդենի չինական (Rosa chinensis, Rosa odarata), Վարդենի գալիկա՝ Rosa gallica, Rosa damascena), Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը (Վարդենի դեղինը՝ Rosa lutea), Հեռավոր Արևելքը, Հարավային Ճապոնիան (Վարդենի կնճռապատ՝ Rosa rugosa, Վարդենի բազմածաղիկ՝ Rosa multiflora) և այլն։ Սրանք բաժանվում են 3 խմբի.

Տերևաթափ թփեր՝ առաջացնում են հզոր արմատային մացառուտ, ծաղկում են տարին մեկ անգամ՝ գարնանը, ծաղկումը՝ 20-40 օր։ Դրանցից են՝ պարկային վարդենիները՝ լամբերտովյան, կնճռապատ հիբրիտը, Կորդեզին, գալիական (ֆրանսիական վարդենի), հարյուրաթերթ վարդենին (ցենտիֆոլիա) և այլն։

Մշտադալար թփեր՝ աչքի են ընկնում ինտենսիվ աճով և երկարատև ծաղկումով։ Դրանցից են պարտեզային վարդենիները՝ նուազետյան, բենգալյան (ամսական), բուրբոնյան, թեյավարդերը, ռեմոնտանտ, հիբրիդ թեյավարդերը, պոլիանտ (բազմածաղկավոր կարճահասակ) վարդենիները, ֆլորիբունդան և այլն։

Փաթաթվող (լիաններ), որոնց ընձյուղների երկարությունը հասնում է 10-12 մետրի, ծաղկում են մեկ անգամ՝ ամռանը։ Դրանցից եմ ՝ բազմածաղկավոր վարդենիները և վիխուրայանու վարդենիները։

Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման և գույների հարստության շնորհիվ առավել դեկորատիվ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։ Հիբրիտ թեյավարդերն ստացվում են ռեմոնտանտ և թեյավարդերի տրամախաչումից։ Ունեն ուժեղ աճող շիվեր, ցրտադիմացկուն են, չորադիմացկուն, սեզոնի ընթացքում ծաղկում են երկու անգամ, ծաղիկները բազմերանգ են։ Աճեցնում են բաց գրունտում և ջերմատներում կտրած ծաղիկներ ստանալու համար և ծաղկային ձևավորումներում։[3]

Վարդենին պատմության մեջ[խմբագրել]

Վարդը դեկորատիվ բարձր արժանիքների շնորհիվ մեր թվարկությունից դեռ շատ դարեր առաջ հայտնի է եղել մարդուն։ Հերոդոտոսը մ. թ . ա. 5-րդ դարում հիացմունքով և մեծ ջերմությամբ է նկարագրել Միդաս թագավորի այգում մշակվող լիաթերթ վարդը։ Հին հնդկական գրականության մեջ ասվում է, որ իբր Վիշնայի ամուսին Լակշմի աստվածուհին հանգչում՝ հանգիստ է առնում վարդի ծաղկի կենտրոնում, որը բաղկացած է 108 մեծ և 1008 մանր պսակաթերթերից։ Հին ժամանակ վարդը հայտնի էր նաև Բաբելոնում։

1187-ին, երբ սուլթան Սալադինը Երուսաղեմը նորից ետ է վերցնում խաչակիրներից, հրամայում է հինգ հարյուր ուխտաբեռ վարդերից պատրաստած հյութերով լվանալ այն մեչիտի պատերն ու հատակը, որը խաչակիրների տիրապետության օրոք դարձրել էին քրիստոնեական եկեղեցի։ Վարդը նրանք համարում էին սրբազան բույս, որի հետ են կապված մի շարք մահմեդական առասպելներ։

Հին Հռոմում խնջույքների և տոնահանդեսների ժամանակ դահլիճները զարդարում էին թարմ վարդերով, իսկ ամբողջ տոնահանդեսի ժամանակ առաստաղից վարդեր էին թափվում տոնախմբության մասնակիցների վրա։ Նույնպիսի սովորություն կար Հին Հայաստանում։[4]

Հայաստանը վարդենու բնօրրան[խմբագրել]

Հայաստանը վայրի վարդենիների բնօրրաններից է. այդ են վկայում բուսաբաններ Միքայել Թումանյանի, Դ. Ի. Սոսնովսկու, Պ. Դ. Յարոշենկոյի ՀՀ-ում հայտնաբերած Վարդենու բնաշխարհիկ տեսակները։ Վարդենու մշակման վերաբերյալ տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Թովմա Արծրունու, Ղևոնդ Ալիշանի և այլոց աշխատություններում։ Հայերին հայտնի էին նաև Վարդենու ընտրասերման։ «Վարդավառ» հեթանոսական տոնի ժամանակ մարդիկ միմյանց վրա վարդաջուր են ցողել։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բառի ստուգաբանությունը Գ. Ջահուկյանի «Հայերենի ստուգաբանական բառարանում»
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 325-326։
  3. ՀՍՀ, հատոր 11։
  4. Ծ. Նարինջյան, Ծաղկաբուծություն, Ե., 1964, էջ 386-387