Jump to content

Գրիգոր Խանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Խանջյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1926(1926-11-29)[1][2][3][…]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][3][4]
Վախճանվել էապրիլի 19, 2000(2000-04-19)[2] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945)[3] և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1951)[3]
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ոճսոցիալիստական ռեալիզմ
Ժանրպատկերազարդում, գրաֆիկա և դիզայն
Թեմաներպատմական գեղանկարչություն
Պարգևներ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա[3] և ՀՀ ԳԱԱ
Գրիգոր Խանջյան Վիքիդարանում
 Grigor Khanjyan Վիքիպահեստում

Գրիգոր Սեպուհի Խանջյան (նոյեմբերի 29, 1926(1926-11-29)[1][2][3][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][3][4] - ապրիլի 19, 2000(2000-04-19)[2], Երևան, Հայաստան), անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990)[5], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983)։ Երևանի պատվավոր քաղաքացի, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թ. նոյեմբերի 29-ին Երևանում։ 1945 թ. Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951 թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951 թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թ. անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963 թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963 թ. ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969 թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչն 1973 թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975 թ. Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982 թ. ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983 թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991 թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։ Մահացել է 2000 թ. ապրիլի 19-ին Երևանում։

Գրիգոր Խանջյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով։ Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956 թվական), «Երևանի կառուցողները» (1960 թ.) կտավները։ Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962 թվական, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը։ Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» (1956 թ.), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958 թ.), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970 թ.), «Սասունցիների պարը» (1975 թ.) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965 թթ.) պոեմը։ Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են՝ գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977 թ.), «Հայոց այբուբեն» (1981 թվական), «Վարդանանք» (1983 թվական) և «Վերածնված Հայաստան» (1994 թվական) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները։ Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը։ Երկրորդ գոբելենը՝ հայոց այբուբեն թեմայով պատկերում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցին՝ այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով։ Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը։ Այն կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» խորհուրդը։ Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար Վարդան Մամիկոնյանը՝ աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող։ Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ։ Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող Ղևոնդ Երեցի ֆիգուրը։ Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75 X 5,5 մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել։ Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով։ Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով՝ շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով։ Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ։ Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և Փիթսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը։ Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր» , «Արարատ», «Եկայք՝ շինեսցուք» և այլ գրքերի համար։ Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը։ Նույն կարգի գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ануш, Ереван, 1952, 41 с․ (նկար․)
  • Гикор, Ереван, 1958, 28 с․ (նկար․)
  • Золотое утро, Москва, 1955, 453 с. (նկար․)[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ханджян Григор Сепухович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գրիգոր Խանջյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խանջյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խանջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 14