Jump to content

Գերմանական ներխուժումը Դանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական ներխուժումը Դանիա
Թվականապրիլի 9, 1940
Մասն է«Վեզերյուբունգ» ռազմագործողություն
ՎայրԴանիա
ԱրդյունքՆացիստական Գերմանիայի հաղթանակ
Հակառակորդներ
Երրորդ Ռայխ Երրորդ ՌայխԴանիա Դանիա
Հրամանատարներ
Երրորդ Ռայխ Լեոնարդ Կաուպիշ Քրիստիան X
Դանիա Վիլիամ Վայն Պրիոր
Դանիա Հյալմար Ռեխնիթցեր
Կողմերի ուժեր
31-րդ (XXXI) հրամանատարական կորպուս
  • 170-րդ հետևակային դիվիզիա
  • 198-րդ հետևակային դիվիզիա
  • 11-րդ Շյութցենի բրիգադ

10-րդ ավիոցիոն կորպուս

  • 527 ավիացիոն տեխնիկա
Զելանդիայի և Յուտլանդիայի դիվիզիա
Բորնհոլմի կայազոր
  • 14,500 զինվոր
  • 4 օդուժի էսկադրիլիա
  • 2 առափնյա պաշտպանության նավ
  • 6 տորպեդո նավ
  • 7 սուզանավ
  • 9 ականակիր
  • 4 տեսչական նավ
  • Ռազմական կորուստներ
    անհայտ թվով սպանվածներ

    ոչնչացված 4 տանկ
    ոչնչացված կամ վնասված 12 զրահամեքենա
    խոցված 1 ինքնաթիռ

    խորտակված 1 քարշակ
    16 սպանված

    20 վիրավոր
    ոչնչացված 12 ինքնաթիռ

    վնասված 14 ինքնաթիռ
    Ընդհանուր կորուստներ

    Գերմանական ներխուժումը Դանիա տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում՝ 1940 թվականի ապրիլի 9-ին, երբ Հիտլերյան Գերմանիայի բանակը «Վեզերյուբունգ» գործողության շրջանակներում իրականացնում է լայնամասշտաբ հարձակում։

    Դանիական օպերացիան, ինքնին, կարելի է համարել գերմանական ուժերի՝ Նորվեգիա ներխուժման ուղղությամբ իրականացված նախապատրաստական քայլ։ Դանիայի ռազմավարական նշանակությունը Գերմանիայի համար խիստ սահմանափակ էր, ուստի Յուտլանդիա թերակղզի ներխուժելով Հիտլերը առաջնահերթ նպատակ էր հետապնդում այն դարձնել ռազմական հենակետ Նորվեգիայի դեմ հետագա պատերազմի համար։ Այսուհանդերձ, Դանիայի ամբողջական ռազմակալումից հետո այստեղ կառուցվում է ռադիոտեղորոշիչ համակարգերի ընդարձակ ցանց՝ Միացյալ Թագավորությունից Գերմանիա սլացող կործանիչների հայտնաբերման համար։

    Նացիստների ներխուժումը ուղղակիորեն անտեսում էր ոչ միայն Դանիայի հռչակած չեզոքությունը, այլև խախտում էր իրադարձությունների ծավալումից շուրջ մեկ տարի առաջ կնքված փոխադարձ չհարձակման պայմանագիրը։ Ի սկզբանե Ադոլֆ Հիտլերը հակված էր ձեռնպահ մնալ Դանիայի բռնակցումից և որոշել էր սահմանափակվել վերջինիս տարածքում գտնվող բազաների և տարանցման համար նեղուցների օգտագործմամբ, սակայն Նորվեգիայով մատակարարվող երկաթի պաշարների նշանակության ավելացումը Գերմանիային մղում է հնարավորինս սեղմ ժամկետներում օկուպացնել սկանդինավյան երկու թագավորությունները։

    Դանիայի զինուժը և՛ թվաքանակով և և՛ ռազմական տեխնիկայով էապես զիջում էր Գերմանիային և կարճատև մարտից հետո ստիպված է լինում անձնատուր լինել։ Երկու ժամից էլ քիչ պայքարելուց հետո վարչապետ Թորվալդ Ստաունինգը հայտարարում է Դանիայի Թագավորության կապիտուլյացիայի մասին՝ վախենալով, որ նացիստները 1939 թվականի Վարշավայի օրինակով կռմբակոծեն Կոպենհագենը ևս։ Կապի դժվարություններով պայմանավորված դանիական որոշ զորամիավորումներ շարունակում են պաշտպանությունը ևս երկու ժամ։

    Դանիայի ամբողջական ռազմակալմամբ ավարտված և մոտ վեց ժամ տևած Դանիական ռազմագործողությունը, որը կրում էր «Վեզերյուբունգ-հարավ» անվանումը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամենակարճ ռազմական օպերացիաներից մեկն էր։

    Նախապատմություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Ղրիմի պատերազմից ի վեր սկանդինավյան երկրները որպես քաղաքական կուրս որդեգրում են չեզոքության քաղաքականությունը։ Այդ կապակցությամբ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի ղեկավարները մի շարք բարձրաստիճան հանդիպումների ընթացքում վերահաստատում են իրենց հավատարմությունը չեզոքության կուրսին։ Այնուամենայնիվ, աշխարհամարտի տարիներին Անտանտը և Եռայակ դաշինքը քանիցս փակուղային իրավիճակ են ստեղծում հյուսիսային պետությունների համար՝ վերջիններիս ստիպելով անուղղակիորեն մասնակցել ռազմական հակամարտությանը։ Չնայած իր հռչակած չեզոքությանը՝ Դանիան ստիպված է լինում Գերմանական կայսրության հնարավոր ռազմախուժման սպառնալիքի ներքո ականներով արգելափակել Մեծ Բելթը՝ այդ հատվածով բրիտանական նավատորմի տարանցումը բացառելու նպատակադրմամբ։

    Նարվիկ բնակավայրի համայնապատկերը 1928 թվականին՝ հարակից ֆյորդի ֆոնին։

    Լեհաստանի վրա Հիտլերյան Գերմանիայի լայնամասշտաբ ագրեսիան, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի սանձազերծումը նոր մարտահրավեր էր Դանիայի և ողջ հյուսիսային Եվրոպայի երկրների չեզոքության քաղաքականության համար։ 1939 թվականի գարնանը բրիտանական թագավորական նավատորմը սկսում է Սկանդինավյան թերակղզին դիտարկել որպես հավանական մարտադաշտ նացիստական Գերմանիայի հետ առճակատումների համար։ Գերմանիայի կանխատեսելի հարձակումը Դանիայի, ապա նաև Նորվեգիայի վրա հիմնականում պայմանավորվում էր 1939 թվականի սեպտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Հիտլերյան Գերմանիային պատերազմի հայտարարմամբ։ Միևնույն ժամանակ, Նևիլ Չեմբեռլենի գլխավորած բրիտանական կառավարությունը ցանկություն չուներ մայրցամաքային Եվրոպայում ներգրավելու մեծ հակամարտության մեջ և որպես ռազմավարական նպատակ սահմանել էր շրջափակումների միջոցով Գերմանիային թուլացնելը։ Բանն այն էր, որ գերմանական զրահատեխնիկան էականորեն կախված էր Շվեդիայի հյուսիսում գտնվող Կիրունայից երկաթի հանքաքարի ներմուծումից, իսկ ձմռան ամիսներին Բոտնիկի ծոցի սառցակալմամբ պայմանավորված հանքաքարի Գերմանիա հասնելու միակ հնարավոր ուղին հյուսիսային Նորվեգիայի Նարվիկ նավահանգստային քաղաքով տարանցումն էր։ Այսպիսով, Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ներկայությունը Նորվեգիայի ափերի մոտ կնպաստեր Գերմանիայի շրջափակման ավելացմանը և միևնույն ժամանակ կսահմանափակեր նացիստների հետ Շվեդիայի հնարավոր համագործակցությունների հնարավորությունը։ Այս հանգամանքներով պայմանավորված Նորվեգիայի նկատմամբ աճում էր ինչպես Գերմանիայի, այնպես էլ դաշնակից տերությունների հետաքրքրությունները։

    Փոխադարձ չհարձակման պայմանագիր

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Դանիայի թագավոր Քրիստիան X-ը կառավարել է 1912-1947 թվականներին։

    1938 թվականին Հիտլերյան Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի Սուդետյան երկրամասի անեքսիայից հետո Դանիան մի շարք փորձեր է կատարում երկիրը հնարավոր գերմանական ագրեսիայից ապահովագրելու ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի ջանքերով Ադոլֆ Հիտլերը, ցույց տալու համար՝ իբրև Գերմանիան խաղաղասեր պետություն է, հայտարարում է մի շարք փոքր երկրների նկատմամբ որևէ հավակնություններ չունենալու մասին՝ առանձնացնելով նաև Դանիայի Թագավորությունը։ արդյունքում մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում՝ Սկանդինավյան թերակղզու պետություններին, առաջարկվում է կնքել փոխադարձ չհարձակման պայմանագրեր։ Դանիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Ռուչեգուն Մունքը հավաստիացած էր, որ միայն նման համաձայնությունը կարող է բացառել Դանիայի նկատմամբ հնարավոր ագրեսիան, սակայն ցանկանում էր, որպեսզի Նորվեգիան և Շվեդիան ևս միանան նախաձեռնությանը՝ Դանիային դաշնակից տերությունների բացասական ուշադրությունից որոշ չափով հեռու պահելու նպատակով։ Այսուհաներձ, նմանօրինակ համաձայնությունների ձեռքբերումը որևէ աջակցություն չստացավ Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների կողմից, որի արդյունքում Դանիան 1939 թվականի մայիսի 31-ին միայնակ Հիտլերյան Գերմանիայի հետ կնքում է փոխադարձ չհարձակման պայմանագիր։ Պայմանագրի լրացուցիչ արձանագրությամբ սահմանվում էր, որ համաձայնության ձեռքբերումը որևէ ազդեցություն չէր ունենում Դանիայի որդեգրած չեզոքության քաղաքականության վրա։ Այս դրույթը սահմանվել էր Դանիայի կառավարության գործուն ջանքերով՝ ստեղծված պայմաններում Մեծ Բրիտանիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները չվատթարացնելու նպատակով։

    Պակտում ասվում էր հետևյալը. «Դանիական Թագավորությունը և Գերմանական կայսրությունը ոչ մի պարագայում չեն պատերազմի և ձեռնպահ կմնան որևէ այլ եղանակով միմյանց նկատմամբ ուժի կիրառումից»։ Պայմանագիրը կնքվել է Դանիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Մունքի և Երրորդ Ռայխի արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպի միջև 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

    Դանիա-գերմանական փոխադարձ չհարձակման պայմանագիր

    Պայմանագրի բնօրինակը
    Հոդված 1. Դանիայի Թագավորությունը և Գերմանական կայսրությունը ոչ մի դեպքում չեն պատերազմի կամ ձեռնպահ կմնան միմյանց նկատմամբ որևէ այլ եղանակով ուժի կիրառումից։ Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի դեմ երրորդ երկրի կողմից իրականացվի որևէ գործողություն, ապա Պայմանավորվող կողմերը որևէ կերպ չեն աջակցի նման գործողությանը։

    Հոդված 2. Սույն պայմանագիրը ենթակա է վավերացման, իսկ վավերացված փաստաթղթերը կփոխանակվեն Բեռլինում՝ հնարավորինս սեղմ ժամկետում։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանցման պահից և գործում է 10 տարի ժամկետով։ Այն դեպքում, երբ պայմանագիրը Պայմանավորվող կողմերից մեկի կողմից չլուծվի սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ, ապա դրա գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 50 տարով։

    Ի հաստատումն վերոգրյալի՝ համապատասխան լիազոր ներկայացուցիչները ստորագրել են սույն պայմանագիրը։ Պայմանագիրը կնքովւմ է երկու հավասարազոր բնօրինակներով՝ դանիերեն և գերմաներեն լեզուներով։

    Բեռլին, 31 մայիսի 1939 թվական

    Հերլուֆ Զահլե, Յոահիմ ֆոն Ռիբենտրոպ

    Ի հավելումն հոդված 1-ի. Պայմանավորվող կողմի գործողությունը չի համարվում պայմանագրի խախտում, երբ այդ վարքագիծը համապատասխանում է չեզոքության ընդհանուր կանոններին։ Գործողությունը չի կարող դիտարկվել որպես անթույլատրելի աջակցություն այն դեպքում, երբ այն վերաբերում է ապրանքների բնականոն փոխանակմանը և ապրանքների տարանցմանը հակամարտությանը չմասնակցող Պայմանավորվող կողմի և երրորդ տերության միջև։

    Հարձակման հնարավորությունների առաջացում

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Գերմանական Կրիգսմարինի ղեկավար Էրիխ Ռեյդերի հանդիպումը Ադոլֆ Հիտլերի հետ։ Ռեյդերը եղել է Դանիա ներխուժման հիմնական լոբբիստը։

    1939 թվականի հոկտեմբերին գերմանական Կրիգսմարինի (ռազմածովային ուժեր) առաջնորդ, մեծ ծովակալ Էրիխ Ռեյդերը և Ադոլֆ Հիտլերը առաջին անգամ քննարկում են Նորվեգիայում բրիտանական ցանկացած ներկայության հնարավոր ռիսկներն ու սպառնալիքները։ Ռեյդերը պնդում էր, որ Նորվեգիայի նկատմամբ հսկողությունը հնարավոր կդարձնի վերահսկել մոտակա ծովային տարածքները և ծառայել որպես հենակետ Մեծ Բրիտանիայի դեմ սուզանավերով գործողությունների համար։ Այսուհանդերձ, Հիտլերը համարում էր, որ այդ փուլում Երրորդ Ռայի վերմախտի հիմնական մարտական առաջադրանքը պետք է լինի Նիդերլանդների ամբողջական ռազմակալումը։

    Սկանդինավյան երկրների քարտուղարների հանդիպումը 1938 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։

    Ֆինլանդիայի և Խորհրդային Միության միջև Ձմեռային պատերազմի բռնկումից հետո և՛ արևմտյան դաշնակիցները (Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), և՛ Գերմանիան սկսում են մեծացնել իրենց հետաքրքրությունները հյուսիսային տարածաշրջանի նկատմամբ։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում էին օգնել Ֆինլանդիային ԽՍՀՄ-ի դեմ պայքարում և թույլտվություն են խնդրում չեզոք երկրներից՝ Նորվեգիայից և Շվեդիայից, երկու երկրների տարածքով զորքեր և պաշարներ տեղափոխելու համար։ Ադոլֆ Հիտլերը վախենում էր, որ իր հակառակորդները զորքեր տեղափոխելու պատրվակի ներքո կտեղակայեն իրենց հենակետերը սկանդինավյան երկրներում, որը էականորեն կարող էր թուլացնել Գերմանիային, իսկ բրիտանա-ֆրանսիական վերահսկողությունը հյուսիսային Շվեդիայի նկատմամբ կդադարեցներ երկաթի հանքաքարի ներմուծումը։ Այնուամենայնիվ, Նորվեգիան և Շվեդիան չեն համաձայնվում զորքերի տարանցմանը, ինչպես նաև իրենց տարածքում դաշնակցային զորքերի տեղակայմանը։

    Նացիստների կողմից պլանավորվում էր Նորվեգիայում կառուցել սուզանավերի համար նախատեսված բազաներ, որտեղից նրանք կարող էին ավելի հեշտությամբ դուրս գալ Ատլանտյան օվկիանոս և սպառնալ Մեծ Բրիտանիա մատակարարումների ժամանող ամերիկյան շարասյուններին։ Միևնույն ժամանակ հյուսիսում Հիտլերին անհրաժեշտ էր արագ և համոզիչ հաղթանակ, որը կարող էր վերացնել նրա դեմ գերմանական ռազմական ղեկավարության ընդդիմությունը։ Ի տարբերություն Նորվեգիայի և Շվեդիայի՝ Դանիան Գերմանիայի համար ռազմավարական մեծ նշանակություն չուներ, բացառությամբ այն հանգամանքի, որ Դանիան կարող էր օգտագործվել որպես Նորվեգիայի դեմ գործողությունների մեկնարկային կետ։ Ի սկզբանե Հիտլերը միայն ծրագրում էր ստիպել Դանիային ընդունել «երկրի ինքնիշխանության սահմանափակ խախտումների» վերաբերյալ առաջարկները, որպեսզի Վերմախտը կարողանա օգտագործել Հյուսիսային Յուտլանդիան որպես բազա, իսկ Օլբորգը՝ որպես կանգառ և ռազմական օդանավակայան։ Այսուհանդերձ, 1940 թվականի մարտի 1-ին Հիտլերը հրաման է արձակում, որով հրահանգվում էր ռազմակալել Դանիան և Նորվեգիան։ 1940 թվականի մարտի 5-ին գեներալ Լեոնհարդ Կաուպիշին տրվում է Դանիայի ամբողջական օկուպացման համար մեկնարկող «Վեզերյուբունգ-Սուդ» ռազմագործողության հրամանատարությունը։

    Հարձակման պլաններ և նախապատրաստում

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Գերմանիայի ռազմական ուժեր և հարձակման պլաններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    1940 թվականի մարտի 5-ին գեներալ Լեոնարդ Կաուպիշը նշանակվում է Դանիայի դեմ գործողությունների գլխավոր հրամանատար։ Նրա շտաբի պետը գեներալ-մայոր Կուրտ Հիմերն էր։ Գերմանացիները նախատեսում էին Դանիան զավթել համեմատաբար կարճ ժամանակահատվածում և իրենց գրոհները սկսել 1940 թվականի ապրիլի 9-ի վաղ առավոտյան՝ ցամաքից, ծովից և օդից ինտենսիվ հարձակումների միջոցով։

    Գերմանական Լյուֆթվաֆեի կործանիչների ցուցադրական թռիչքը Կոպենհագենի վրայով։ Նրանք թռիչքի ընթացքում քաղաքով մեկ նետում են ահաբեկող «OPROP!» գրությամբ թռուցիկներ։

    1940 թվականի ապրիլի 2-ին Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը որպես հարձակման ամսաթիվ սահմանում է 1940 թվականի ապրիլի 9-ը, ժամը՝ 04:15 (05:15 Գերմանիայի ամառային ժամանակով)։ Ըստ պլանների Վերմախտի 198-րդ հետևակային դիվիզիայի ուժեղացված գումարտակը «Hansestadt Danzig» զորատրանսպորտային նավով` «Շթեթին» սառցահատի ուղեկցությամբ, պետք է նավարկեր Զելանդիայից հյուսիս և դուրս գա ափ։ Դիվիզիայի անդամները պետք է կայծակնային գրոհով գրավեին Կոպենհագենի մատույցներում գտնվող Կոստելետ միջնաբերդը՝ միապետ Քրիստիան X-ի, արքայական ընտանիքի և Դանիայի կառավարությունը հնարավոր տարհանումը խափանելու նպատակով։

    Նացիստական Գերմանիայի Leichter Panzerspähwagen հետևակի մարտական մեքենան Վիբորգ քաղաքում, 1940 թվական, ապրիլի 12։

    Միևնույն ժամանակ, Կոպենհագենում Գերմանիայի դեսպան Սեսիլ ֆոն Ռենթե-Ֆինկը Դանիայի արտգործնախարարին պետք է ներկայացներ օկուպացիան ընդունելու գերմանական կողմի պահանջները։ 14.500 զինվորականից բաղկացած 198-րդ հետևակային դիվիզիան՝ գեներալ-մայոր Օտտո Ռյոտիգի հրամանատարությամբ պետք է նվաճեր Զելանդիան և Լոլլանդ-Ֆալսթերը։ Դիվիզիայի հիմնական ուժերը պետք է վայրէջք կատարեին Կորսորում և շարժվեին հյուսիս-արևելք՝ դեպի Կոպենհագեն, մինչդեռ ավելի փոքր ուժերը պետք է հաստատվեին Նյուբորգում և Ֆյուն կղզում՝ ապահովելու հետագա վայրէջքները։ Բացի այդ, 4./FJR 1-ի դեսանտայինները պետք է վայրէջք կատարեին Մասնեդյոյում և գրավեին պաշտպանական ամրություն Մասնեդյոֆորտը։

    Յուտլանդիա թերակղզու գրավումը հանձնված էր 170-րդ հետևակային դիվիզիայի և 11-րդ հրաձգային բրիգադի պատասխանատվությանը։ 170-րդ դիվիզիայի փոքրաթիվ զորքերը պետք է ափ դուրս գային Միդդելֆարտում և Սնոգյոյում՝ գրավելու Փոքր Բելթի կամուրջը։ 8800 անդամից բաղկացած 11-րդ «Շյութցն» բրիգադը (մոտորիզացված)՝ գնդապետ Գյունթեր Անգերնի հրամանատարությամբ, պետք է անցներ Պադբորգի և Ռենսի սահմանը։ Այնուհետև նրանք պետք է շարժվեին հյուսիս՝ միանալու պարաշյուտային զորքերին, որոնց վաղ առավոտյան պետք է գցեին Օլբորգի վրայով՝ գրավելու այնտեղ գտնվող երկու օդանավակայանները։ Դանիական օպերացիայի համար ռազմաօդային ուժերի 10-րդ (X) կորպուսը պետք է տրամադրեր 10 ռմբակոծիչ և 10 կործանիչ էսկադրիլիա, ընդհանուր առմամբ մոտ 250 ինքնաթիռ. Ինքնաթիռները պետք է հարձակվեին Վերլյոսեի թագավորական օդային ռազմաբազայի վրա, որպեսզի հողին հավասարեցնեին դանիական կործանիչները և ապա ահաբեկման նպատակով ցուցադրական թռիչք ունենային մայրաքաղաք Կոպենհագենի վրա։ Կոպենհագենյան թռիչքների հիմնական նպատակը վախ ստեղծելն էր, քանի որ գերմանացիները քաղաքը ռմբակոծելու եղանակով ավերելու ընթացիկ պլաններ չունեին։

    Քաղաքացիական հագուստով հատուկ նշանակության «Baulehrbataillon z.b.V. 800» զորախումբը (հաճախ պարզապես կոչվում է «Բրանդենբուրգեր») պետք է անցներ սահմանը ներխուժումից ժամեր առաջ, որպեսզի թույլ չտա դանիացիներին պայթեցնել գերմանական կարևոր կայանքները։ Կրիգսմարինը պետք է ապահովեր անհրաժեշտ քանակի ռազմանավեր և տրանսպորտային նավեր։

    Դանիայի պաշտպանական ներուժ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման՝ Յուտլանդիայի պաշտպանության դիվիզիայի հրամանատարը։

    1937 թվականին Դանիայի կառավարության համար արդեն իսկ պարզ է դառնում, որ դանիական պաշտպանությունը պետք է արդիականացվի և ընդլայնվի՝ հարավային հարևանի զավթողական նկրտումները զսպելու համար։ Նույն թվականին սկսվում է բանակի ընդլայնման և մոդերնիզացման գործընթացը։ Ի թիվս այլ բաների, ստեղծվել է գլխավոր շտաբ, երկու ստորաբաժանումներ՝ մեկը Զելանդիայի պաշտպանության և մեկը՝ Յուտլանդիայի պաշտպանության համար, ինչպես նաև կայազոր Բորնհոլմում։ Վերակառուցվում է Դանիայի ռազմաօդային ուժերը. ստեղծվում են օժանդակ ստորաբաժանումներ հակաօդային, ինժեներական զորքերում և տրանսպորտային ստորաբաժանումներում։

    Դանիացի զինվորականները 1940 թվականին՝ հակաօդային պաշտպանության զենքով։

    Սոցիալ-դեմոկրատ Ալսինգ Անդերսենը նշված ժամանակահատվածում հանդիսանում էր Դանիայի պաշտպանության նախարարը։ Գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Ուեյն Պրայորը բանակի հրամանատարն էր, Հյալմար Ռեչնիցերը՝ ռազմածովային ուժերի փոխծովակալը։ Զելանդական դիվիզիան գտնվում էր գեներալ-մայոր Հանս Ռոլսթեդի հրամանատարության ներքո, իսկ Յուտլանդիայի դիվիզիան՝ գեներալ-մայոր Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեմանի հրամանատարության ներքո և ուներ շտաբ Վիբորգում։ Երկու դիվիզիաները բաղկացած էին յոթ հետևակային գնդերից, երկու հեծելազորային գնդերից, թագավորական գվարդիաներից և երեք դաշտային հրետանային գնդերից։ Այնուամենայնիվ, գնդերը իսկապես փոքր վարչական կազմեր էին, որոնք պատասխանատու էին ամեն տարի 6600 ժամկետային զինծառայողների պատրաստման համար, ինչը նշանակում էր, որ գնդերը լրջորեն թերբեռնված էին։ 1939-1940 թվականների ձմռանը բանակը մասամբ մոբիլիզացվում է, իսկ 1940 թվականի ապրիլի 9-ին՝ մոբիլիզացիայի արդյունքում դանիական բանակն ուներ 15,000 զինվորական, որից 8000-ը ժամկետային զինծառայողներ էին։

    Դանիայի բանակն ու նավատորմը ուներ առավելապես հնացած սարքավորումներ։ Բացի այդ, դանիացիների շրջանում բացակայում էր դաշտային փորձը։ Դանիական բանակը վերջին անգամ կռվի մեջ էր մտել 1864 թվականին, երբ կռվում էր Պրուսիայի թագավորության և Ավստրիական կայսրության դեմ Երկրորդ Շլեզվիգյան պատերազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերին, գերմանական նավատորմը ականապատ դաշտեր է տեղադրում միջազգային ջրերում՝ Բալթիկ ծովի ափամերձ տարածություններում։ 1939 թվականի նոյեմբերին Դանիայի կառավարությունը Գերմանիայի կողմից ճնշումների ներքո ականապատում է Մեծ և Փոքր Բելթերը, ինչպես նաև Դանիայի տարածքային ջրերը։ Չնայած այս ամենին, Նացիստական Գերմանիան մեղադրում է Դանիային իր տարածքային ջրերով Մեծ Բրիտանիայի նավատորմի տարանցումը թույլատրելու և այդկերպ չեզոքության միջազգայնորեն ընդունված կանոնները խախտելու մեջ։

    Կոպենհագենի օդային տարածքով թռչող գերմանական «Junkers Ju 52» տրանսպորտային ինքնաթիռները 1940 թվականի ապրիլի 9-ի առավոտյան։
    Դանիական պարեկային խմբերից մեկի լուսանկարը, որը հատուկ պատրաստության էր բերվել ընդդեմ Գերմանիայի ներխուժմանն ընդառաջ։ Լուսանկարն արվել է 1940 թվականի ապրիլի 9-ի առավոտյան՝ Բրեդևադի մարտերից անմիջապես առաջ։ Մի քանի ժամ անց պարեկային ծառայության յոթ անդամներից երկուսը զոհվում են։

    1940 թվականի ապրիլի 8-ին Դանիական բանակում հայտարարվում է ընդհանուր տագնապ. զինվորականներին տրվում են մարտական փամփուշտներ, առաջին օգնության փաթեթներ և նույնականացման պիտակներ։ Թույլատրվում էր սաղավարտը հանել, իսկ հագուստը՝ միայն թուլացնել։ Անձնակազմը կարող էր հանգստանալ մահճակալներում, սակայն լույսերը չպետք է անջատվեին, իսկ դռները՝ բաց մնային։ Տրանսպորտային միջոցների շարժիչները պետք է տաքացվեին համապատասխան պարբերականությամբ։ Ռազմածովային նավատորմում, սակայն, մարտական պատրաստվածությանը մակարդակը չի բարձրացվում։ արդյունքում, այն դառնում է կառավարության նկատմամբ բազմաթիվ քննադատությունների պատճառ, որի արդյունքում ծովային հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Հյալմար Ռեչնիցերը ստիպված է լինում ժամեր անց հրաժարական տալ:

    Դանիայի տարածքի նկատմամբ ուղղակի հարձակման դեպքում ուժի կիրառումը և ընթացող մարտերը պետք է լինեն դանիացիների պաշտպանվելու կամքի հստակ և միանշանակ արտահայտություն՝ անկախ ուժի հարաբերակցությունից
    - Հատված դանիացի զինվորականներին ուղղված մարտակոչից