Անտոնիո Սալիերի
Անտոնիո Սալիերի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Antonio Salieri |
Ծնվել է | օգոստոսի 18, 1750[1][2][3][…] Լենյագո, Վերոնա, Վենետո, Իտալիա[4][5] |
Երկիր | Վենետիկի հանրապետություն և Ավստրիական կայսրություն |
Մահացել է | մայիսի 7, 1825[1][2][3][…] (74 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][6][7][…] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Ludlamshöhle?[8] |
Ամուսին | Therese Helferstorfer? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Antonio Salieri Վիքիպահեստում |
Անտոնիո Սալիերի (իտալերեն՝ Antonio Salieri, օգոստոսի 18, 1750[1][2][3][…], Լենյագո, Վերոնա, Վենետո, Իտալիա[4][5] - մայիսի 7, 1825[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][6][7][…]), իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ։ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի աշակերտ և հետնորդ, 40-ից ավել օպերաների, բազմաթիվ գործիքային և վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ, Սալիերին իր ժամանակի ամենահայտնի և ճանաչված կոմպոզիտորներից էր և ոչ պակաս հայտնի ուսուցիչ՝ նրա աշակերտներից էին Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆրանց Շուբերտը և Ֆերենց Լիստը Վիեննայում 36 տարվա ընթացքում (1788-1824 թթ.) Սալիերին զբաղեցնում էր պալատական կապելմեյստերի պաշտոնը՝ Եվրոպայի երաժշտական ամենակարևոր պաշտոններից մեկը[9]։
Անտոնիո Սալիերիի անեծքն է դարձել նրա՝ Մոցարտի մահվանը մասնակից լինելու առասպելը, որը չնայած նրան, որ այդ փաստը բազմիցս հերքվել է, Ալեքսանդր Պուշկինի «փոքր ողբերգությունների» շնորհիվ տարածվել է մի շարք երկրներում[10][11]։ 1997 թվականին կայացած դատը պաշտոնապես նրան անմեղ է ճանաչել գործընկերոջ մահվան գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունն Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիո Սալիերիի մանկության մասին տեղեկությունները շատ քիչ են պահպանվել, սակայն լավ հայտնի է, որ նա ծնվել է ոչ մեծ Լենյագո քաղաքում ունևոր առևտրականի բազմազավակ ընտանիքում[12]։ Նրա հայրը՝ նույնպես Անտոնիո Սալիերին, վաճառում էր երշիկեղեն և խոզապուխտ, երաժշտության հանդեպ ոչ մի հակում չուներ, սակայն իր ավագ որդուն՝ Ֆրանչեսկոյին ուղարկել է ջութակի դասերի հայտնի վիրտուոզ Ջուզեպպե Տարտինիի մոտ։ Ֆրանչեսկոն դարձել էր Անտոնիո կրտսերի առաջին ուսուցիչը[13]։ Կլավեսինի վրա նվագելու իր դասերը Սալիերին վերցնում էր տեղի տաճարի երգեհոնահար Ջուզեպպե Սիմոնիի մոտ՝ ոչ պակաս հայտնի Ջովաննի Բատտիստա Մարտինիի աշակերտը։ Ամեն ինչից դատելով, Սալիերին հրաշամանուկ չի եղել, ամեն դեպքում այդ ոլորտում ճանաչված չի դարձել, սակայն ականատեսների վկայություններով, հիանալի լսողությունից, արտակարգ ունակություններից և եզակի աշխատասիրությունից բացի, ուներ գեղեցիկ ձայն[14]։
1763 թվականին մահանում է Սալիերիի մայրը։ Հայրը, ով ամբողջովին սնանկացել էր անհաջող առևտրային գործարքների արդյունքում, մահացել է 1764 թվականի նոյեմբերին, 14-ամյա Սալիերիին դաստիարակության են վերցրել հոր ընկերները՝ Վենետիկից հարուստ և ազնվական Մոչենիգո ընտանիքը [12]։ Ընտանիքի գլխավորը (նրա բարեկամը՝ Ալվիզե IV Մոչենիգոն, այն ժամանակ եղել է Վենետիկյան հանրապետության դոժ[15]), երաժշտության և մեկենասի սիրահարը, ըստ երևույթին, սկսեց զբաղվել Սալիերիի հետագա երաժշտական կրթությամբ։ 1765 թվականից նա երգում էր Սուրբ Մարկի տաճարի երգչախմբում, ուսումնասիրում էր basso continuo տաճարի նախկին կապելմեյստերի, այն ժամանակ հայտնի օպերային կոմպոզիտոր Ջովաննի Բատտիստա Պեշետտիի մոտ, հարմոնիան և երգեցողության հիմունքները նա սովորում էր տենոր Ֆ. Պաչինիի մոտ[12][14]։ Տարիներ անց «հազարավոր ջրանցքների քաղաքի» մասին հիշողություններում որոշ կատակերգական օպերաներում հիշատակվել է նաև Սալիերիի անունը, սակայն վենետիկյան ժամանակաշրջանը երկար չտևեց։ Պաչինիի երաշխավորմամբ, նրա վրա ուշադրություն դարձրեց Ֆլորիան Լեոպոլդ Գասմանը՝ Իոսիֆ II կայսեր պալատական կոմպոզիտորը, ով իր գործերով գտնվում էր Վենետիկում։ 1766 թվականի հունիսին Գասմանը՝ վերադառնալով Վիեննա, իր հետ վերցնում է Սալիերիին[16]։
Վիեննայի տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիեննայում Սալիերին հաստատվում է մինչև կյանքի վերջը։ Շնորհիվ Գասմանի դասերի՝ մուտք է գործում Վիեննայի երաժշտական շրջանակներ և ծանոթանում ժամանակի հանրաճանաչ լիբրետիստ Պիետրո Մետաստազիոյի և երգահան Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկի հետ, ընդունվում է կայսերական արքունիք ծառայության 1774 թվականին որպես արքունի երգահան, այնուհետև՝ 1788 թվականին՝ կայսերական նվագախմբի կապելմայստեր։
Այդ տարիներին Վիեննայում Սալիերին ծանոթանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ հետ, որի անժամանակ մահը 1791 թվականին ըստ չապացուցված վարկածի արդյունք է նրա կողմից թունավորման։ 1770-80-ական թվականներին Սալիերիի օպերաները բեմադրվում են Փարիզում, Վիեննայում և Իտալիայի քաղաքներում։ Մասնավորապես, նրա «Ճանաչված Եվրոպա» օպերայի բեմադրմամբ է 1778 թվականին բացվում Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի շենքը։ 1789 թվականին Ավստրիայի կայսր Իոսիֆ II-ի մահից հետո Սալիերիի դիրքերը արքունիքում թուլանում են, 1792 թվականին նա թողնում է Վիեննայում Իտալական օպերայի տնօրենի պաշտոնը՝ շարունակելով գրել նոր օպերաներ մինչև 1804 թվականը, երբ նա որոշում է այլևս չգրել նոր օպերաներ՝ գիտակցելով, որ երաժշտական ճաշակը փոխվել է, և նա այլևս չունի ոչ ստեղծագործական ընդունակություն հարմարվել դրան և ոչ էլ ցանկություն շարունակելու ստեղծագործել։ Ստեղծագործելուն զուգահեռ նա զբաղվում էր մանկավարժական գործունեությամբ։ Իր սաների թվում տարբեր ժամանակներում եղել էին Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆերենց Լիստը, Ֆրանց Շուբերտը և այլք։ Նա նաև դասավանդել է ժամանակի հայտնի երգիչներին։ Իր բոլոր սաներին, բացառությամբ ամենահարուստներին, Սալիերին ուսուցանում էր անվճար՝ դա համարելով իր տուրքը Վիեննայի իր ուսուցչին՝ Գասսմանին, որը նրա նկատմամբ բարիություն էր դրսևորել, երբ Սալիերին նոր էր եկել Վիեննա։
Կյանքի վերջում, մահից մեկ ու կես տարի առաջ Սալիերին խելագարվում ու տեղափոխվում է հոգեբուժարան։ Մահանում է Վիեննայում 1825 թվականի մայիսի 7-ին։
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալիերին գրել է 40-ից ավել օպերա, որոնցից այսօր որոշակի հետաքրքրություն են ներկայացնում «Դանաիդներ» (ֆր. Les Danaïdes; 1784), «Տարար» (ֆրանսերեն՝ Tarare; 1787, լիբրետտոն Բոմարշեի) և «Ֆալստաֆ» (ֆր՝ Falstaff; 1799) օպերաները։ Նրա վաղ օպերաները պատկանում են դասական իտալական ոճին, սակայն սկսած 1780-ական թթ. Սալիերին փոխառում է Գլյուկի երաժշտության ոճը, ինչի շնորհիվ նրա օպերաները լավ էին ընդունվում Փարիզում, որտեղ նախքան այդ մեծ հաջողությամբ էին բեմադրվում Գլյուկի օպերաները։ Սալիերին նաև գրել է նվագախմբային, կամերային, հոգևոր երաժշտություն, այդ թվում՝ «Ռեքվիեմը» (1804), որը կատարվել է նրա թաղման արարողության ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blanchetti F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2017. — Vol. 89.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сальери Антонио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture. — P. 1.
- ↑ 7,0 7,1 7,2 Wurzbach D. C. v. Salieri, Anton (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 28. — S. 97.
- ↑ Flögel K. F., Ebeling F. W. Floegels Geschichte des Grotesk-Komischen (գերմ.): bearbeitet, erweitert und bis auf die neueste Zeit fortgeführt von Friedrich W. Ebeling — 5 — L: 1887. — S. 357. — 478, 14 p.
- ↑ Штейнпресс Б. С. Сальери А. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 4. — С. 825-827.
- ↑ Корти, 2005, էջ 14
- ↑ Нечаев, 2014, էջ 202-206, 210-211
- ↑ 12,0 12,1 12,2 Dietz, 1890, էջ 226
- ↑ Rice, 1998, էջ 13
- ↑ 14,0 14,1 Кириллина, 2000, էջ 57-58
- ↑ Нечаев, 2014, էջ 13
- ↑ Dietz, 1890, էջ 227-228
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 118)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Սալիերի» հոդվածին։ |
|