Ադամ Միցկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Միցկևիչ
լեհ.՝ Adam Mickiewicz
Ծննդյան անունլեհ.՝ Adam Bernard Mickiewicz
Ծնվել էդեկտեմբերի 24, 1798(1798-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրԶաոսյե, Novogrudsky Uyezd, Lithuania Governorate, Ռուսական կայսրություն[3][4][5]
Վախճանվել էնոյեմբերի 26, 1855(1855-11-26)[2][3][4][…] (56 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[6][3][4][…]
ԳերեզմանNational Bards crypt of the Wawel
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուֆրանսերեն և լեհերեն
ԱզգությունԲելառուսներ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Լեհաստան[5] և Լիտվա[5]
ԿրթությունՎիլնյուսի համալսարան[7]
Ժանրերէսսե և քնարապատմողական
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՊան Թադեուշ, Նախահայրեր, Q9391196?, Ode to Youth?, Q11816939?, Ballads and Romances?, Q9322473?, Q11736605?, Sonnets from the Crimea?, The Books of the Polish People and of the Polish Pilgrimage? և Konrad Wallenrod?
ԱնդամակցությունPhilomaths?, Société historique et littéraire polonaise?, Մասոնականություն, Circle of God's Cause? և Կրակովի գիտական ​​ընկերություն[8]
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[9]
ԱմուսինՑելինա Շիմանովսկա[10][5]
Համատեղ ապրողMaryla Wereszczakówna? և Ksawera Deybel?
ԶավակներՎլադիսլավ Միցկևիչ[11] և Maria Gorecka?
Изображение автографа
Ադամ Միցկևիչ Վիքիքաղվածքում
Ադամ Միցկևիչ Վիքիդարանում
 Adam Mickiewicz Վիքիպահեստում
Ադամ Միցկևիչի արձանը

Ադամ Միցկևիչ (լեհ.՝ Adam Mickiewicz, Լսել [mic'kJewicz]) (դեկտեմբերի 24, 1798(1798-12-24)[1][2][3][…], Զաոսյե, Novogrudsky Uyezd, Lithuania Governorate, Ռուսական կայսրություն[3][4][5] - նոյեմբերի 26, 1855(1855-11-26)[2][3][4][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[6][3][4][…]), լեհ բանաստեղծ, ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1798 թվականին ներկայիս Բելառուսի Զաոսյե գյուղում։ Սովորել է Վիլնոյի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում (1815-1819 թվականներ)։

1839-1840 թվականներին հռոմեական գրականություն է դասավանդել Լոզանում, 1840-1844 թվականներին վարել է Փարիզի Կոլեժ դը Ֆրանսի սլավոնական գրականության ամբիոնը։ 1841 թվականներին Միցկևիչը մտել է լեհ միստիկ փիլիսոփա Ա․ Տովյանսկու աղանդի մեջ, որը բացասական ազդեցություն է գործել նրա հասարակական-քաղաքական կյանքի վրա (Միցկևիչը 1847 թվականին հեռացել է այդ աղանդից)։ 1848 թվականին վերսկսել է հեղափոխական գործունեությունը․ ստեղծել է Իտալիայի ազատագրության համար պայքարող լեհական լեգեոն, Փարիզում աշխատակցել է «Տրիբուն դե փյոփլը» (La Tribune des peuples», 1849 թ.) թերթին, հանդես է եկել հեղափոխական-դեմոկրատական բնույթի հոդվածներով։ Ղրիմի պատերազմի (1853-1856 թվականներ) տարիներին Միցկևիչը քաղաքական առաքելությամբ մեկնել է Կ․ Պոլիս, որտեղ և մահացել է ժանտախտից (աճյունը, որ թաղվել էր Փարիզում, 1890 թվականներին տեղափոխվել է Կրակով)։ Միցկևիչի պոեզիան մեծ նշանակություն է ունեցել լեհական ազգային-ազատագրական շարժման համար, դեմոկրատական մտքի զարգացման, լեհական գրականության նորացման համար, հարստացրել է գրական լեզուն, տաղաչափությունը, բանաստեղծական ժանրերը։ Միցկևիչի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջանի գործերը[14] վկայում են, որ Միցկևիչը տարվել է Լուսավորականության ազատախոհ ավանդույթներով։ 1817 թվականից մասնակցել է «ֆիլոմատներ» («գիտության բարեկամներ») և «ֆիլարետներ» («բարերարություն սիրողներ») հայրենասիրական երիտասարդական գաղտնի խմբակների ստեղծմանն ու գործունեությանը, նրանց համար գրել ծրագրային բանաստեղծություններ («Ներբող երիտասարդության»[15])։ Միցկևիչի առաջին չափածո ժողովածուն («Պոեզիա»[16]) դարձավ լեհական գրականության մեջ ռոմանտիկական ուղղության մանիֆեստը։ «Պոեզիա»-ի 2-րդ հատորակության[17] մեջ զետեղված էր «Գրաժինա» քնարա-էպիկական ռոմանտիկական պոեմը, որով սկզբնավորվեց այսպես կոչված լեհական «բանաստեղծական վիպակի» ժանրը։ Պոեմը փառաբանում է հերոս անհատի սխրանքն ու անձնազոհությունը։ Այդ հատորում էր նաև «Նախահայրեր» (մաս 2, 4) դրամատիկական պոեմը (դժբախտ սիրուց տանջվող հերոսը մերկացնում է «սրտի իրավունքները» ոտնահարող հասարակությունը)։ Ֆիլոմատ-ֆիլարետական կազմակերպությունների գործով ձերբակալված (1823 թ.) Միցկևիչը 1824 թվականին աքսորվում է Լիտվայից և մինչև 1829 թվականը մնում Ռուսաստանում (Պետերբոլրգ, Օդեսա, Մոսկվա), որտեղ մտերմանում է դեկաբրիստական շարժման մասնակիցների (Կ․ Ռիլեև, Ա․ Բեստուժև) և ականավոր գրողների (Ա․ Ս․ Պուշկին և ուրիշներ) հետ։ Ռուսաստանում լույս են տեսնում նրա «Սոնետներ» (1826 թ.) գիրքը և «Կոնրադ Վալենրոդ» (1828 թ.) մեծածավալ պոեմը։ Վերջինս պատկերում է լիտվական ժողովրդի պայքարը ընդդեմ գերմանական խաչակիրների։ Միայնակ հերոս Վալենրոդը իր անձնական երջանկությունը զոհում է հանուն ժողովրդի փրկության։ Պոեմը հեղափոխականացնող ազդեցություն է գործել ժամանակակիցների վրա։ 1829 թվականին Միցկևիչը մեկնել է Ռուսաստանից, եղել Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում։ Լեհական ապստամբությանը (1830 թ.) միանալու անհաջող փորձից հետո նա ընդմիշտ մնացել է տարագրության մեջ (ապրել է առավելապես Փարիզում)՝ շարունակելով գրական և հեղափոխական գործունեությունը։ Ապստամբության անհաջողության և լեհ ժողովրդի ճակատագրի ողբը, միաժամանակ պայքարը շարունակելու կոչը դարձել են նրա այդ շրջանի ստեղծագործության («Նախահայրեր», մաս 3, «Լեհ ժողովրդի և լեհ ուխտավորի գիրքը», 1832 թ.) բովանդակությունը, թեև Միցկևիչը աստիճանաբար տեղի է տվել կրոնամիստիկական տրամադրությունների։ «Նախահայրեր»-ի 3-րդ մասի ուժը ինքնակալության և լեհ արիստոկրատիայի մերկացումն է, աստծուն (որպես աշխարհում տիրող չարիքի մեղավորի) մենամարտի կանչող Կոնրադի տիտանական կերպարի ստեղծումը։ 1834 թվականին Միցկևիչը հրատարակել է իր վերջին մեծածավալ պոեմը՝ «Պան Թադեուշ» ազգային հերոսապատումը, որտեղ պարզորոշ դրսնորվել են նրա ռեալիստական միտումները։ Պոեմը, որ լեհական պոեզիայի գլուխգործոցն է, պատկերում է շլյախտայի կենցաղն ու բարքերը։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Միցկևիչի արձանը Լվովում, Ուկրաինա

Հայ իրականության մեջ նրան նվիրված առաջին հոդվածը պատկանում է Ս․ Ոսկանի գրչին[18], նրա մասին գրել է Գ․ Այվազովսկին[19]։ Միցկևիչի առաջին հայ թարգմանիչն է Հ․ Հովհաննիսյանը (թարգմանել է 1880 թվականից)։ Միցկևիչին լայնորեն պրոպագանդել է Ա․ Չոպանյանը․ նրա կյանքի ու ստեղծագործության մասին գրել է հոդվածներ, թարգմանել Կոնրադի մենախոսությունը «Նախահայրեր»-ից, «Ֆարիս» պոեմը և «Սվիտեզուհի» բալլադը։ 1893 թվականին հրատարակվել է «Կոնրադ Վալենրոդ» պոեմը (թարգմանիչ Դ․ Մարգարյան)։ Միցկևիչի սոնետները թարգմանել են Հ․ Թումանյանը, Օ․ Անոփյանը, Դ․ Վարուժանը, բալլադները՝ Ք․ Քուշներյանը, Ռ․ Զարդարյանը, Ա․ Չոպանյանը։ Խորհրդային շրջանում Միցկևիչին հայ ընթերցողին են ներկայացրել Վաղարշակ Նորենցը, Գևորգ Էմինը, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը և ուրիշներ։ Ադամ Միցկևիչի երկերի առաջին ամբողջական հրատարակությունը տեղի է ունեցել 1955 թվականին։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ադամ Միցկևիչ հոդվածին
  1. 1,0 1,1 Miłosz C. The History of Polish Literature, Updated edition — 2 — UC Press, 1983. — P. 208. — ISBN 978-0-520-04477-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Стахеев Б. Ф. Мицкевич // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 892—897.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Спасович В., Уманский А. М. Мицкевич, Адам (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIXа. — С. 503—508.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Мицкевич Адам // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Encyclopædia Britannica
  8. http://tnk.krakow.pl/czlonkowie/mickiewicz-adam/
  9. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  10. Miłosz C. The History of Polish Literature, Updated edition — 2 — UC Press, 1983. — P. 229—230. — ISBN 978-0-520-04477-7
  11. Мицкевич, Владислав (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIXа. — С. 508.
  12. 12,0 12,1 https://web.archive.org/web/20110607113022/http://www.arts.gla.ac.uk/Slavonic/Mickiewicz%20Life%20%26%20Work.htm
  13. 13,0 13,1 http://biblia.waw.pl/teksty/biblia_wujka_w_jezyku_i_kulturze.php
  14. Առաջին բանաստեղծությունը հրատարակվել է 1818 թվականին։
  15. 1820, Հայկական հրտ․ 1899, «Տաղ երիտասարդության», «Անահիտ»-ում
  16. , հ․ 1, 1822
  17. 1823 թ.
  18. «Արևելք», 1856
  19. «Մասյաց աղավնի», 1860
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 621
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Միցկևիչ» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Միցկևիչ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Միցկևիչ» հոդվածին։