Սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրտ (լատին․՝ cor, հուն․՝ καρδιά, kardia), մարդու և այլ կենդանիների մկանային օրգան, որն արյունատար անոթներ է մղում արյունը[1]: Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր, ինչպես նաև ապահովում նյութափոխանակության արգասիքների հեռացում[2]։ Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում[3]։ Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից[4][5]։ Աջ փորոքը և նախասիրտը միասին ընդունված է անվանել աջ սիրտ, իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ[6]։ Ձկների սիրտը կազմված է երկու խոռոչից՝ մեկ նախասրտից և փորոքից, սողունների սիրտն ունի երեք խոռոչ[5]։ Առողջ սրտում արյունը սրտի փականների շնորհիվ հոսում է միայն մեկ ուղղությամբ․ սրտի փականները արգելակում են արյան ետ շրջանառությունը[3]։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝ սրտապարկում (պերիկարդում), որը նույնպես պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդից, միոկարդից և էնդոկարդից[7]:

Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են պարպումներ, որոնք անցնում են նախասրտափորոքային հանգույցով և սրտի ռիթմավար համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։ Արյան շրջանառության մեծ շրջանից վերին և ստորին սիներակների միջոցով աջ նախասիրտ է թափանցում թթվածնով աղքատ արյունը, որն անցնում է աջ փորոք, որտեղից այն մղվում է թոքային շրջանառության։ Արյունը մղվում է թոքեր, որտեղ արտազատվում է ածխաթթու գազը և արյունը նորից հարստանում է թթվածնով։ Արյունը թոքային շրջանառությունից վերադառանում է սրտի ձախ նախասիրտ, անցնում՝ ձախ փորոք և աորտայի միջոցով մղվում դեպի օրգաններ, որտեղ թթվածինն օգտագործվում է նյութափոխանակության մեջ՝ վերածվելով ածխաթթու գազի[8]։ Սիրտը կծկվում է րոպեում մոտ 72 անգամ[9]։ Ֆիզիկական վարժությունները ժամանակավոր մեծացնում են սրտի կծկման ռիթմը, ապա երկարաժամկետ նվազեցնում այն, որն օգտակար է սրտի առողջության համար[10]։

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը[11][12]։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով[11]։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն[13]։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշներ չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ, ստատեսկոպով սրտի ձայների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ[3]։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ[12]։

Կառուցվածք

Տեղադրություն և ձև

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում՝ կրծքային 5-8-րդ ողերի մակարդակում։ Սիրտը շրջապատում է երկու թաղանթ ունեցող սրտապարկը, որը ամրանում է միջնորմին[14]։ Սրտի ստորին երեսը գտնվում է ողնաշարի մոտ, իսկ վերին երեսը՝ կրծոսկրի և կողերի աճառների մոտ։ Սրտի վերին երեսը շատ արյունատար անոթների միացման հատված է՝ սիներակներ, աորտա և թոքային ցողուն։ Սրտի վերին հատվածը՝ հիմը գտնվում է երրորդ ողի աճառի մակարդակում։ Սրտի ստորին ծայրը՝ սրտի գագաթը, գտնվում է կրծոսկրից ձախ միջին գծից 8-9 սմ դեպի ձախ։

Սրտի մեծամասնությունը սովորաբար մի փոքր դուրս է գալիս կրծքավանդակի ձախ հատվածից․ թվում է, թե սիրտն ամբողջությամբ ձախ հատվածում է այն պատճառով, որ սրտի ձախ հատվածը, որն ավելի մկանոտ է և հզոր, գտնվում է կրծքավանդակի ձախ հատվածում։ Քանի որ սիրտը գտնվում է թոքերի միջև, ձախ թոքն ավելի փոքր է քան աջը և սրտի հետ սահմանում ունի սրտային կտրուճ։ Սիրտն ունի քիչ տափակած կոնի ձև, որի վերին հատվածում սրտի հիմքն է, իսկ ստորին հատվածում՝ գագաթը, որը դարձած առաջ ու ձախ։ Մեծահասակի սիրտն ունի մոտ 250-350 գ զանգված[15]։ Սիրտը մոտավորապես ունի բռնուցքի մեծություն․ միջին չափերն են՝ 12-13 սմ երկարություն, 8 սմ լայնություն և 6 սմ հաստություն։ Մարզիկները կարող են ունենալ ավելի մեծ սիրտ՝ սրտամկանի վրա պարբերական վարժությունների ազդության հետևանքով։

Խոռոչներ

Սիրտը ունի չորս խոռոչ՝ երկու վերին նախասրտեր, որոնք արյուն ընդունող խոռոչներն են և երկու ստորին փորոքներ, որոնք արյունը մղող խոռոչներն են։ Նախասրտերը փորոքներ են բացվում նախասրտափորոքային փականների միջոցով: Այս անցումը տեսանելի է նաև սրտի մակերեսին՝ պսակաձև ակոսի տեսքով[16]։ Աջ նախասրտի վերին հատվածում կա մի ականջաձև կառույց, որն անվանվում է աջ նախասրտային հավելում, ականջիկ կամ նախասրտի խորշ․ նման կառույց կա նաև ձախ նախասրտի վերին հատվածում[17]։ Աջ նախասիրտը աջ փորոքի հետ միասին հաճախ անվանվում է աջ սիրտ և նմանապես ձախ նախասիրտն ու փորոքը միասին անվանում են ձախ սիրտ[6]։ Փորոքները միմյանցից բաժանվում են միջփորոքային միջնորմի միջոցո, որը սրտի մակերեսին տեսանելի է առաջնային երկայնական և հետին միջփորոքային ակոսների տեսքով[16]։

Սրտին տարածության մեջ ձև է տալիս խիտ շարակցական հյուսվածքից կազմված պատը։ Շարակցական հյուսվածքը ձևավորում է նախասրտափորոքային միջնորմը, որը բաժանում է նախասրտերը փորոքներից։ Թելքավոր օղակները կազմում են սրտի փականների հիմքը[18]։ Սրտի կմախքը նաև կարևոր է սրտի էլեկտրական ռիթմավար համակարգի համար, քանի որ կոլագենը չի փոխանցում էլեկտրականություն։ Միջնախասրտային միջնորմը բաժանում է նախասրտերը, իսկ միջփորոքային միջնորմը՝ փորոքները։ Միջփորոքային միջնորմը շատ ավելի հաստ է, քան միջնախասրտայինը, քանի որ արյան ճնշումը փորոքներում ավելի մեծ է։

Փականներ

Սիրտը ունի չորս փական, որոնք բաժանում են խոռոչները։ Մեկ փական կա յուրաքանչյուր փորոքի և նախասրտի միջև, մեկ փական կա փորոքներից յուրաքանչյուրի ելքում։

Փորոքների և նախասրտերի միջև գտնվող փականներն անվանվում են նախասրտափորոքային փականներ։ Աջ փորոքի և նախասրտի միջև գտնվում է եռափեղկ փականը, որն ունի երեք փեղկ[19]։ Նրան են կպչում բարակ ջլային թելերը, որոնք իրենց ծայրերով միանում են երեք պտկային մկաններին՝ առաջնային, հետին և միջային[19]։ Ձախ փորոքի և նախասրտի միջև գտնվում է երկփեղկ փականը, որն ունի երկու փեղկ՝ առաջնային և հետին։ Այս փեղկերը նույնպես ջլային թելերով միանում են պտկաձև մկաններին[20]։

Պտկաձև մկանները սրտի պատից փականներ են հասնում բարակ ջլային թելերի միջոցով։ Այս մկանները արգելակում են փակված փականների փեղկերի հեռացումը[21]։ Սրտային ցիկլի հանգստի փուլում, պտկաձև մկանները նույնպես հանգստանում են, իսկ ջլային թելերի լարվածությունը շատ քիչ է։ Երբ սրտի խոռոչները կծկվում են, կծկվում են նաև պտկաձև մկանները։ Կծկումը ջլայաին թելերում առաջանցում է լարվածություն, որը արգելակում է փեղկերի մղումը դեպի նախասիրտ[Ն 1][19]։ Երկու փականներ կան նաև փորոքների ելքի մոտ։ Թոքային փականը գտնվում է թոքային զարկերակի հիմքում։ Այն ունի երեք փեղկ, որոնք միացած չեն պտկաձև մկաններին։ Երբ փորոքը հանգստանում է, երյունը ետ է հոսում դեպի զարկերակ, լցվում գրապանաձև փականի մեջ, ստիպելով փականի փեղկերին փակվել։ Աորտայի կիսալուսնաձև փականը գտնվում է աորտայի հիմքում և նույնպես միացած չէ պտկաձև մկաններին։ Այս փականը նույնպես ունի երեք փեղկ և փակվում է աորտայից ետ հոսող արյան հաշվին։

Աջ սիրտ

Աջ սիրտը կազմված է երկու խոռոչից՝ աջ նախասրտից և աջ փորոքից, որոնք բաժանվում են եռափեղկ փականի միջոցով[22]։

Աջ նախասիրտը համարյա միշտ արյուն է ստանում մարմնի երկու խոշոր երակների՝ վերին և ստորին սիներակների միջոցով։ Պսակաձև շրջանառության արդյունքում գոյացած երակային արյունը նույնպես թափվում է աջ նախասիրտ՝ պսակաձև երակածոցի միջոցով, որը գտնվում է ստորին սիներակի մուտքի մոտ[22]։ Աջ նախասրտի պատում գտնվում է օվալաձև փոսությունը (fossa ovalis), որը օվալաձև անցքի (foramen ovale) մնացորդն է[22]։ Աջ նախասրտի պատի ներքին մակերեսը հիմնականում հարթ է, օվալաձև փոսության բարձրացված եզրը միջին դիրք ունի, բացառություն են նաև ականջիկից առաջ գտնվող մի փոքր հատվածը և ականջիկի ներքին երեսին գտնվող սանրաձև մկանները (musculus pectinati), որոնք առաջացնում են մի շարք ուղղաձիգ թմբիկներ[22]։ Աջ փորոքից արյունը հոսում է թոքային ցողուն, որը բաժանվում է աջ և ձախ թոքային զարկերակների՝ արյուն տանելով դեպի յուրաքանչյուր թոք։ Թոքային ցողունի և աջ փորոքի միջև գտնվում է թոքային փականը[22]։

Ձախ սիրտ

Ձախ սիրտն ունի երկու խոռոչ՝ ձախ նախասիրտը և ձախ փորքոը, որոնք առանձնանում են երկփեղկ փականի միջոցով[23]:

Ձախ նախասիրտը թոքերից ընդունում է թթվածնով հարուստ արյունը՝ չորս թոքային երակներից մեկով: Ձախ նախասիրտն ունի լայնացում, որը կոչվում է ձախ նախասրտի ականջիկ: Աջ նախասրտի պես ձախ նախասիրտը նույնպես սանրաձև մկաններ[24]:

Ձախ փորոքի պատը շատ ավելի հաստ է համեմատած աջ փորոքի հետ, քանի որ արյունը ամբողջ մարմին մղելու համար անհրաժեշտ է ավելի շատ ուժ; Ձախ փորոքում ի տարբերություն աջի չկա ռիթմավար հանգույց; Ձախ փորոքը ամբողջ մարմնին արյուն է մատակարարում աորտայի միջոցով, որի հիմքում գտնվում է աորտայի փականը: Աորտայից մի փոքր վերջ գտնվող պսակաձև զարկերակներով սիրտն ինքն իրեն է արյուն մատակարարում: Պսակաձև զարկերակները երկուսն են՝ ձախ հիմնական պսակաձև զարկերակը և աջ պսակաձև զարկերակը[23]:

Սրտի պատը

Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ ներքին էնդոկարդից, միջին միոկարդից և արտաքին էպիկարդից։ Սրտի պատը շրջապատված է երկթաղանթանի պարկով, որը կոչվում է սրտապարկ կամ պերիկարդ։

Սրտի պատի ներքին շերտն անվանվում է էնդոկարդ։ Այն կազմված է պարզ թեփուկավոր էպիթելից և ծածկում է սրտի խորշերը և փականները։ Այն վերածվում է սրտի զարկերակների և երակների էնդոթելի և միոկարդին միանում շարակցական հյուսվածքի բարակ շերտով ։ Էնդոկարտը կարգավորում է նաև միոկարդի կծկումները՝ արտազատելով էնդոթելիններ։

Սրտի միջին շերտն անվանվում է միոկարդ, որը սրտամկանն է՝ ոչ կամային կծկվող միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք, որը շրջապատված է կոլագենով։ Սրտամկանն ունի բարդ կառուցվածք, մկանային բջիջները պարուրված են սրտի խորշերին, արտաքին մկանները նախասրտերի և մեծ անոթների շուրջը առաջացնում են 8-աձև գոյացումներ, իսկ ներքին մկանները նույնանման գոյացումներ են առաջացնում երկու փորոքների շուրջը։ Մկանների այսպիսի դասավորությունը թույլ է տալիս արյունը մղել ավելի արդյունավետ։

Սրտամկանում կա բջիջների երկու տեսակ՝ մկանային բջիջները, որոնք կարող են հեշտությամբ կծկվել և ռիթմավար բջիջները, որոնք կազմում են սրտի ռիթմավար համակարգը։ Մկանային բջիջները կազմում են նախասրտերի և փորոքների բջիջների շուրջ 99%-ը։ Այս բջիջները միմյանց միանում են միջադիր սկավառակների միջոցով, որը թույլ է տալիս արագորեն փոխանցել ռիթմավար բջիջները առաջացրած գործողության պոտենցիալը։ Միջադիր սկավառակները թույլ է տալիս, որ բջիջները գործեն որպես սինցիտիում և կծկվեն արյունը մղելով խոշոր զարկերակների մեջ։ Ռիթմավար բջիջները կազմում են միոկարդի բջիջների 1%-ը և առաջացնում են սրտի հաղորդչական համակարգը։ Այս բջիջները սովորաբար ավելի փոքր են և ունեն քիչ քանակով միոֆիբրիլներ, որոնք բջիջներին տալիս են սահմանափակ կծկողունակություն։ Նրանց ֆունկցիան շատ առումներով նման է նեյրոնների ֆունկցիային։ Սրտամկանը ունի ինքնավարություն, յուրահատուկ մի ընդունակություն, որով բջիջները կարողանում են առաջացնել որոշակի ռիթմով սրտի գործողության պոտենցիալ՝ ազդակը արագորեն փոխանցելով բջջից բջիջ կծկելով սիրտն ամբողջությամբ։

Սիրտը շրջապատում է սրտապարկը։ Այն կազմված է երկու թաղանթից՝ ներքին՝ շարակցաներդային և ներքին՝ շճային թաղանթներից։ Արյունատար անոթները և նյարդերը միոկարդին են հասնում էպիկարդի միջով։ Սա թույլ է տալիս ազդել սրտի ռիթմի վրա։ Առպատային և ընդերային թերթիկների միջև գտնվում է ճեղքանման շճային խոռոչը, որը պարունակում է քիչ քանակությամբ շճային հեղուկ[25]։

Շրջանառություն պսակաձև անոթներով

Սրտի հյուսվածքն, ինչպես մարմնի մյուս բջիջները, թթվածնի, սննդանյութերի և նյութափոխանակության արգասիքների հեռացման կարիք ունի։ Սա տեղի է ունենում պսակաձև շրջանառության միջոցով, որը ներառում է զարկերակներ, երակներ և ավշային հանգույցներ։ Արյունը պսակաձև անոթներով շրջանառվում է սրտի ռիթմին համապատասխան[26]։

Սրտի հյուսվածքը արյուն է ստանում երկու զարկերակների միջոցով, որոնք դուրս են գալիս անմիջապես աորտայի ցողունի վերևից։ Այս զարկերակներն են ձախ հիմնական պսակաձև զրակերակը և աջ պսակաձև զարկերակը։ Ձախ հիմնական պսակաձև զարկերակը դուրս գալուց բաժանվում է երկու ճյուղի, ձախ հետին նվազող և ձախ զարկերակի։

Սրտի կառուցվածքը

Սիրտը գտնվում է կրծքավանդակում։ Այն կոնաձև, սնամեջ մկանային օրգան է, նրա մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ մասում։ Սրտի մեծությունը մոտավորապես տվյալ անձի բռունցքի չափ է[27]: Չափահաս մարդու սրտի միջին զանգվածը 250-300 գ է[28]: Սիրտը գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթի՝ սրտապարկի մեջ։ Այն պարունակում է քիչ քանակով հեղուկ, որը խոնավացնում է սրտի մակերեսը և կծկման ժամանակ փոքրացնում շփումը։

Մարդու սիրտը քառախորշ է։ Այն միջնապատով բաժանված է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կես իր հերթին կազմված է իրար հետ հաղորդակցվող 2 խոռոչներից՝ նախասրտից և փորոքից։ Փորոքների մկանային պատը նախասրտերի համեմատությամբ զգալիորեն հաստ է, հատկապես ձախ փորոքի մկանապատը, քանի որ նա մեծ աշխատանք է կատարում։ Նախասրտերի և փորոքների միջև կան անցքներ, որոնց եզրերին գտնվում են փեղկավոր փականներ։ Դրանք ջլային թելերով ամրացված են փորոքների պատերին պտկաձև մկաններին: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմաններում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմաններում՝ երկփեղկ փականները։ Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ։ Յուրաքանչյուր կիսալուսնաձև փական կազմված է երեք թերթերից, որոնք գրպանիկների տեսք ունեն։ Գրպանիկների ազատ եզրերն ուղղված են դեպի անոթների լուսանցքը։ Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր։ Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ։ Աորտայի կիսալուսնաձև փականներից վեր դուրս են գալիս սիրտը սնուցող պսակաձև 2 զարկերակներ։

Սրտի գործունեության ուսումնասիրման մեթոդներ

Սրտի կառուցվածքը

Սրտամկանի դրդումն ու կծկումն ուղեկցվում են ձայնային, մեխանիկական և էլեկտրական երևույթներով, որոնց գրանցումը կիրառվում է կլինիկայում։ Այն ախտորոշիչ նշանակություն ունի և հնարավորություն է տալիս սրտի գործունեության խանգարումների առանձնահատկությունները։

Կծկվելիս սիրտն իր դիրքը որոշակիորեն փոխում է կրծքավանդակը։ Այն դառնում է ամուր, կարծր և որոշ չափով թեքվում է իր առանցքի շուրջը՝ ձախից աջ ու հարվածում կրծքավանդակին։ Հինգերորդ միջկողային տարածությունում միջին գծից 1 սմ ձախ այն շոշափոխվում է և կոչվում սրտային հրոց։ Նրա գրանցումը կոչվում է գագաթասրտագրություն։

Սրտի կծկման յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է նաև հնչյուններով։ Դրանց առաջացումը կապված է փեղկավոր փականների միաժամանակյա փակման, նրանց ամրացված ջլային թելերի թրթռոցների, կիսալուսնաձև փականների փակման և աորտայի ու թոքային զարկերակի պատերի տատանումների հետ։ Փականների ախտահարումների՝ սրտի արատների դեպքում առաջնում են աղմուկներ, որոնք կարելի է գրանցել հատուկ ձայնասրտագրիչների միջոցով՝ ֆոնոկարդիոգրաֆիա։

Սրտի գործունեության հետևանքով առաջանում են թույլ կենսաէլեկտրական ազդակներ։ Քանի որ մարմինն օժտված է բարձր էլեկտրահաղորդելիությամբ, և սիրտը կրծքավանդակում անհամաչափ են բաշխվում մարմնի մակերեսին։ Դա հնարավորություն է տալիս ձեռքերի, ոտքերի մաշկից և կրծքավանդակի մակերեսից արտածել այդ ազդակները։ Գրանցումը կատարվում է հատուկ սարքով, որը կոչվում է էլեկտրասրտագրիչ, իսկ ստացված գիրը՝ էլեկտրասրտագիր։ Այն արտացոլում է սրտամկանի վիճակը և նրա գործունեության կարևոր ցուցանիշ է։ Ախտաբանական վիճակների դեպքում փոփոխություններ են գրանցվում էլեկտրասրտագրում, որոնցով կարելի է դատել սրտի ինքնավարության, հաղորդելիության, դրդունակության, սրտամկանի արյան շրջանառության անբավարարության մասին։

Սրտային բոլորաշրջան

Սրտի ֆունկցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որն իրականանում է նախասրտերի և փորոքների կծկումների ու թուլացումների շնորհիվ։ Սրտային բոլորաշրջանը բաղկացած է միմյանց հաջորդող երեք փուլերից՝ նախասրտերի կծկում, փորոքների կծկում և ընդհանուր դադար։ Սրտային բոլորաշրջանը տևողությունը կախված է սրտի կծկումների հաճախությունից։ Առողջ մարդու սիրտը հարաբերական հանգիստ վիճակում մեկ րոպեում 75 անգամ կծկվելիս սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ կազմում է սրտի ընդհանուր դադարը։

Սրտային բոլորաշրջանը սկսվում է նախասրտերի կծկումով (սիստոլա), որը տևում է 0,1 վրկ։ Այդ ընթացքում փորոքները թուլացած են (դիաստոլա), փեղկավոր փականները բաց, կիսալուսնաձև փականները փակ են։ Նախասրտերի կծկման հետևանքով արյունը լցվում է փորոքներ։ Այնուհետև նախասրտերը թուլանում են, և սկսվում է փորոքների կծկումը, որը տևում է 0,3 վրկ։ Փորոքների կծկման սկզբում փեղկավոր փականները բաց են, կիսալուսնաձև փականները՝ փակ։ Երբ փորոքների բոլոր մկանաթելերը կծկվում են, ճնշումը նրանց խոռոչում աստիճանաբար բարձրանում է, և փեղկավոր փականները փակվում են։ Արյան ճնշումը փորոքների խոռոչում գերազանցում է նախասրտերի ճնշմանը, արյունը ձգտում է վերադառնալ նախասիրտ, սակայն փականների ջլային թելերի պրկումը թույլ չի տալիս փակված փեղկերին շրջվելու։ Երբ փորոքների խոռոչում արյան ճնշումը գերազանցում է աորտայի և թոքային զարկերակի ճնշմանը, կիսալուսնաձև փականները բացվում են, և արյունն ուժգնորեն մղվում է զարկերակների մեջ։ Փորոքների կծկումը փոխարինվում է նրանց թուլացմամբ, որը տևում է 0,5 վրկ։ Կիսալուսնաձև փականները փակվելուց հետո փորոքների ճնշումը սկսում է նվազել, երբ այն մոտենում է 0-ի, բացվում են փեղկավոր փականները, և սկսվում է արյունալցման փուլը։

Փորոքների յուրաքանչյուր կծկման ընթացքում զարկերակների մեջ արտամղվում է 65-70 միլիլիտր արյուն, որը կոչվում է սիտոլական ծավալ։ Հարաբերական հանգիստ վիճակում չափահաս մարդու սիրտը 1 րոպեում կծկվում է 70-75 անգամ, ուստի արյան րոպեական ծավալը կկազմի 4,5-5 լիտր։

Սիստոլային և րոպեական ծավալները հաստատուն մեծություններ չեն, դրանք փոխվում են, կախված օրգանիզմի գտնվելու պայմաններից և կատարած աշխատանքից։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում չմարզված մարդու սիրտը մեկ րոպեում արտամղում է 15-20 լիտր, իսկ մարզվածինը՝ 30-40 լիտր արյուն։ Չմարզվածների րոպեական ծավալի մեծացումը կատարվում է սրտի հաճախության, իսկ մարզվածներինը՝ սիստոլային ծավալի մեծացման հաշվին։

Սրտի բարձր աշխատունակության առանձնահատկություններից է նաև նրա արյան մատակարարումը։ Միայն հանգիստ վիճակում 1 րոպեում նա ստանում է 250-300 սմ3 արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ՝ մինչև 2000 սմ3։

Սրտի կծկումների հաճախության արագացման դեպքում կրճատվում է սրտի ընդհանուր դադարի տևողությունը։ Դրանից հետևում է, որ չմարզված մարդկանց սիրտն ունի ավելի քիչ արդյունավետ է աշխատում և շուտ հյուծվում է։ Այդ է պատճառը, որ մարզիկների մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի սակավ են առաջանում։

Սրտի ինքնավարություն

Կենդանի օրգանիզմից մեկուսացված սիրտը ֆիզիոլոգիական լուծույթով սնելիս երկար ժամանակ պահպանում է կծկվելու ունակությունը։

Ինքնավարությունը սրտի պարբերաբար կծկվելու ունակությունն է իր մեջ ծագող ազդակների ազդեցությամբ։ Ինքնավարությունը պայմանավորված է սրտի մկանաթելերի առանձնահատկություններով։ Սրտում կան երկու տեսակ մկանային բջիջներ, որոնք իրարից տարբերվում են ինչպես կառուցվածքով, այնպես էլ ֆիզոլոգիական հատկություններով։ Մկանային բջիջների մի խումբ օժտված է դրդունակությամբ և կծկողունակությամբ, մեկ այլ խումբ չի կծկվում, օժտված է ինքնածին դրդունակությամբ և դրդումը հաղորդելու հատկությամբ։ Այս մկանային բջիջները տեղադրված են սրտի որոշ բաժիններում։ Նրանց այդ կուտակները կոչվում են հանգույցներ, որոնք նյարդային բջիջների հետ կազմում են սրտի հաղորդող համակարգը։ Առավելագույն ինքնավարությամբ օժտված հանգույցը գտնվում է աջ նախասրտում, վերին սիներակի մուտքի մոտ։ Այստեղ առաջացած ազդակները որոշում են սրտի կծկումների ռիթմը և հաղորդում համակարգի մյուս հանգույցներին, որոնց ինքնավարությունն աստիճանաբար նվազում է։

Սիրտ-անոթային համակարգի գործունեության կարգավորումը

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը:

Սրտի գործունեության կարգավորումը

Սրտի գործունեության նյարդային կարգավորում

Սրտի գործունեության փոխվում է կախված օրգանների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։

Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են երկարավուն ուղեղում և ողնուղեղում: Սրտի կծկումների հաճախությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին, նորադրենալին)։

Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև ռեֆլեքսային ճանապարհով։ Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ, որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։ Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը, և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։ Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։Մաշկի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ, որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ, և սրտի կծկումները դանդաղում են։ Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են, և սրտի աշխատանքն ուժեղանում է։ Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները, հույզերը և այլն։ Դրական հույզերը բարձրացնում, իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։ Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և մեծ կիսագնդերի կեղևում։

Սրտի գործունեության հումորալ կարգավորում

Երկարավուն ուղեղ

Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը։ Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող կալցիումի իոնները։ Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին։ Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը,կալիումի իոնները, թթվածնի անբավարարությունը։

Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։

Արյան շրջանառության խանգարումներ

Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։

Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Սրտի ֆիզիոլոգիան

Սրտի գլխավոր գործառույթը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է՝ մղիչ ֆունկցիան։ Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ՝ տարողական և արտամղման։ Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում նատրիումամուղ հորմոն, որը խթանելով միզարտադրությունը՝ իջեցնում է զարկերակային ճնշումը)։ Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ։ Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով)։ Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից՝ կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ՝ միոցիտներ։ Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը։

Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները: Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)

Սրտի հաղորդչական համակարգ

Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից։ Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային (Nodus sinoatrialis) կամ Կեյտ-Ֆլակի հանգույց։ Այն գտնվում է աջ նախասրտի պատում։ Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ։ Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում, միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ՝ նախասիրտ-փորոքային հանգույցին (Nodus atrioventricularis) կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին, որը գտնվում է միջփորոքային միջնապատում։ Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը, որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների։ Վերջիններս բաժանվելով մանր ճյուղերի՝ գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում։ Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի(ռիթմավարի) ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման, ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ՝ առիթմիաներ: Արյան շրջանառությունը.սխեմա

Ֆիլոգենետիկ ակնարկ

Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների սիրտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և իր զարգացման գագաթնակետին հասել է կաթնասունների մոտ։ Ձկների սիրտը ընդամենը երկխորշանի է՝ ունի 1 նախասիրտ և 1 փորոք, ձկների սրտով հոսում է միայն երակային արյուն։ Երկկենցաղների սիրտը եռախորշ է՝ ունի 2 նախասրտեր և 1 փորոք։ Թռչունների սիրտը քառախորշ է՝ կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից, սակայն դրանք դեռևս միմյանցից լիովին առանձնացված չեն։ Կաթնասունների սիրտը քառախորշ է և կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, իսկ սիրտը հոծ միջնապատով բաժանված է 2 կեսերի։

Սիրտ-անոթային համակարգի հիգիենան

Առողջ սիրտն օրգանիզմի բնականոն գործունեության կարևոր պայմանն է։ Սպորտով, ֆիզիկական աշխատանքով պարբերաբար զբաղվելը ուժեղացնում է, կոփում սրտամկանը, նպաստում ձախ փորոքի մկանապատի հաստացմանը։ Դեռահասների արյունատար անոթների ցանցն իր զարգացման աստիճանով հետ է մնում սրտից։ Ուստի դեռահասներին ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելիս սիրտը լրացուցիչ ճիգեր է գործադրում անոթների նեղ լուսանցքով արյուն մղելու համար։ Տարիքին համապատասխան թեթև աշխատանքից ծանրին անցնելիս պետք է պահպանել աստիճանականություն։

Ծխելն և սպիրտային խմիչքների չարաշահումն առաջանում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ։Ծխախոտի ծուխը պարունակում է շուրջ 300 թունավոր նյութեր՝ նիկոտին,ածխաթթու գազ և ուրիշ։ Նիկոտինը սեղմում է արյունատար անոթները, բարձրացնում արյան ճնշումը,արագացնում արյան մակարդումը։ Յուրաքանչյուր ծխած գլանակից հետո անոթները նեղանում են շուրջ 30 րոպե, որի հետևանքով դժվարանում է արյան շրջանառությունը։ Ալկոհոլն արյուն է անցնում օգտագործելուց մի քանի րոպե հետո և շրջանառում է 5-7 ժամ։ Այն գրգռում է նյարդային համակարգը, սեղմում է սրտի պսակաձև անոթները, որի պատճառով սրտամկանն անբավարար քանակով թթվածին և սննդանյութեր է ստանում։ Ծխող և ալկոհոլ գործածող մարդիկ հաճախ են ունենում սրտի և անոթների ջղակծկումներ, սրտային ծանր նոպաներ։

Թերշարժունությունը վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի ընդհանուր վիճակի, այդ թվում սիրտ-անոթային համակարգի վրա։ Երկարարտև թերշարժունությունը նպաստում է անոթների լուսանցքի կարգավորման և արյան վերաբաշխման խանգարմանը, ճարպակալմանը, իջեցնում է օրգանիզմի դիմացկունությունը, աշխատունակությունը։

Սիրտ-անոթային հիվանդություններից հաճախ հանդիպում է «կրծքային հեղձուկը», որն անվանում են ստենոկարդիա։ Այն դրսևորվում է ծանր ցավային նոպաներով, հատկապես կրծքավանդակի կամ ձախակողմյան մասում։ Որոշ դեպքերում ցավը տարածվում է ձախ ձեռքի ուղղությամբ։ Ցավային նոպաները սովորաբար տևում են մի քանի րոպե, ուղեկցվում օրգանիզմի ընդհանուր թուլությամբ և վախի զգացումով։ Ստենոկարդայի պատճառը սիրտը սնուցող պսակաձև զարկերակների նեղացումն է, որից և պակասում է սրտի որոշ մասերում արյան մատակարարումը։ Եթե սրտամկանի տվյալ տեղամասում արյան մատակարարումը երկարատև է դադարում ապա այդ տեղամասի հյուսվածքը մահանում է, և առաջանում է մեռուկ (ինֆակտ)։ Ինֆակտը և սրտի այլ ախտահարումները հայտնաբերվում են սրտագրի միջոցով, որը արտահայտվում է սրտամկանի էլեկտրական ակտիվությունը։

Ստենոկարդիայի նոպաների ժամանակ անհրաժեշտ է հիվանդի հանգիստ վիճակ, որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է խիստ վատացնել հիվանդության ընթացքը։ Անհրաժեշտ է նաև հիվանդին տալ դեղամիջոցներ, որոնք լայնացնում են սրտի անոթները։ Սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում արյան ճնշումը խիստ բարձրանում է։ Հիվանդն ունենում է տաքության զգացողություն, դեմքի մաշկը կարմրում է, արագանում է սրտի զարկերի թիվը, և սրտի շրջանում առաջանում են ծակող բնույթի ցավեր, որոնք երբեմն ուղեկցվում են սրտխառնությամբ և փսխումով։

Այդպիսի հիանդներին առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել անկողնում և տալ բժշկի առաջարկված դեղամիջոցները։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, չարաշահել կենդանական ճարպի օգտագործումը։ Խիստ արգելվում է ծխել և սպիրտային խմիչքներ օգտագործել։

Սրտի և անոթների հիվանդությունների կանխարգելումը

Մարդու առողջությունը մեծ չափով կախված է օրգաններին արյան չափավոր մատակարարումից։ Դրա համար չափազանց կարևոր է կատարել կանոնավոր ֆիզիկական աշխատանք։ Ֆիզիկական աշխատանքը, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնում են ոչ միայն կմախքային մկանները, այլև սրտամկանը։ Որքան մարզված է սրտամկանը, այնքան շատ արյուն կարող է մղվել անոթային համակարգ միավոր ժամանակում։ Ֆիզիկական աշխատանքի և կանոնավոր մարզումների հետ զուգընթաց լայնանում են սիրտը սնող անոթները։ Չմարզված մարդու սրտի աշխատանքը հանգստի պայմաններում լիովին բավարարում է օրգան-համակարգերի պահանջի։ Սակայն ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում սրտի կծկումների ուժը մեծանում է, կծկումները դառնում են ավելի հաճախակի։ Դա բերում է սրտամկանի հոգնածության, նրա կծկումները գնալով թուլանում են, և անոթային համակարգ մղված արյունը չի բավարարում օրգանների պահանջին, որից զարգանում է սրտային անբավարարություն։ Մարզումները ցանկալի է կատարել թարմ օդում պարբերաբար, որը կարևոր նախապայման է սրտային հիվանդությունների կանխարգելման համար։

Գրականություն

  • Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք։ Ն.Կ. Լիսենկով, Վ.Խ. Բուշկովիչ, Մ.Գ.Պրիվես։ Լույս հրատարակչություն։ Երևան 1974
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ.Ն. Խուդավերդյանի և Վ.Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Taber, Clarence Wilbur; Venes, Donald (2009). Taber's cyclopedic medical dictionary. F a Davis Co. էջեր 1018–23. ISBN 0-8036-1559-0.
  2. Guyton & Hall, 2011, էջ 157
  3. 3,0 3,1 3,2 Keith L. Moore; Arthur F. Dalley; Anne M. R. Agur. «1». Clinically Oriented Anatomy. Wolters Kluwel Health/Lippincott Williams & Wilkins. էջեր 127–73. ISBN 978-1-60547-652-0.
  4. Cecie Starr; Christine Evers; Lisa Starr (2 January 2009). Biology: Today and Tomorrow With Physiology. Cengage Learning. էջ 422. ISBN 978-0-495-56157-6. Վերցված է 7 June 2012-ին.
  5. 5,0 5,1 Reed, C. Roebuck; Brainerd, Lee Wherry; Lee,, Rodney; Inc, the staff of Kaplan, (2008). CSET : California Subject Examinations for Teachers (3rd ed.). New York, NY: Kaplan Pub. էջ 154. ISBN 978-1-4195-5281-6. {{cite book}}: |last4= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. 6,0 6,1 Gray's Anatomy, 2008, էջ 960
  7. Betts, J. Gordon (2013). Anatomy & physiology. էջեր 787–846. ISBN 1-938168-13-5. Վերցված է 11 August 2014-ին.
  8. Guyton & Hall, 2011, էջեր 101, 157
  9. Guyton & Hall, 2011, էջեր 105–07
  10. Guyton & Hall, 2011, էջեր 1039–41
  11. 11,0 11,1 «Cardiovascular diseases (CVDs) Fact sheet N°317 March 2013». WHO. World Health Organization. Վերցված է 20 September 2014-ին.
  12. 12,0 12,1 Longo, Dan; Fauci, Anthony; Kasper, Dennis; Hauser, Stephen; Jameson, J.; Loscalzo, Joseph (August 11, 2011). Harrison's Principles of Internal Medicine (18 ed.). McGraw-Hill Professional. էջ 1811. ISBN 978-0-07-174889-6.
  13. Graham, I; Atar, D; Borch-Johnsen, K; Boysen, G; Burell, G; Cifkova, R; Dallongeville, J; De Backer, G; Ebrahim, S; Gjelsvik, B; Herrmann-Lingen, C; Hoes, A; Humphries, S; Knapton, M; Perk, J; Priori, SG; Pyorala, K; Reiner, Z; Ruilope, L; Sans-Menendez, S; Scholte op Reimer, W; Weissberg, P; Wood, D; Yarnell, J; Zamorano, JL; Walma, E; Fitzgerald, T; Cooney, MT; Dudina, A; European Society of Cardiology (ESC) Committee for Practice Guidelines, (CPG) (Oct 2007). «European guidelines on cardiovascular disease prevention in clinical practice: executive summary: Fourth Joint Task Force of the European Society of Cardiology and Other Societies on Cardiovascular Disease Prevention in Clinical Practice (Constituted by representatives of nine societies and by invited experts)». European Heart Journal. 28 (19): 2375–414. doi:10.1093/eurheartj/ehm316. PMID 17726041.
  14. Dorland's (2012). Dorland's Illustrated Medical Dictionary (32nd ed.). Elsevier. էջ 1461. ISBN 978-1-4160-6257-8.
  15. Bianco, Carl. «How Your Heart Works». HowStuffWorks. Վերցված է 14 August 2016-ին.
  16. 16,0 16,1 Gray's Anatomy, 2008, էջեր 960–62
  17. Gray's Anatomy, 2008, էջեր 964–67
  18. Pocock, Gillian (2006). Human Physiology. Oxford University Press. էջ 264. ISBN 978-0-19-856878-0.
  19. 19,0 19,1 19,2 Gray's Anatomy, 2008, էջեր 966–67
  20. Gray's Anatomy, 2008, էջ 970
  21. University of Minnesota. «Papillary Muscles». Atlas of Human Cardiac Anatomy. Վերցված է 7 March 2016-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CNX20147» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. 23,0 23,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CNX20143» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. «pectinate muscle». The Free Dictionary. Վերցված է 2016-07-31-ին.
  25. Gray's Anatomy, 2008, էջ 959
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CNX20144» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  27. Betts, J. Gordon (2013). Anatomy & physiology. էջեր 787–846. ISBN 1938168135. Վերցված է օգոստոսի 11, 2014-ին.
  28. http://health.howstuffworks.com/human-body/systems/circulatory/heart1.htm
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սիրտ հոդվածին

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրտ» հոդվածին։
Ընթերցե՛ք «սիրտ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found