Կապտուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապտուկ
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9920, 921, 922, 923 և 924
ՀՄԴ-10T14.0 և T00.9

Կապտուկ (անգլ.՝ Bruise), հայտնի է նաև որպես կոնտուզիա, հյուսվածքային հեմատոմայի տեսակ[1], որի ամենատարածված պատճառը վնասվածքից հետո մազանոթների վնասումն է՝ օջախային արյունահոսության առաջացմամբ և դեպի շրջակա ինտերստիցիալ հյուսվածքներ էքստրավազացիայով։

Կապտուկների մեծ մասը առաջանում է վերնամաշկին շատ մոտ՝ բերելով տեսանելի գունափոխության, և նկատելի է մնում այնքան ժամանակ, մինչև արյունը կամ ներծծվում է շրջակա հյուսվածքների կողմից, կամ մաքրվում է իմունային համակարգի շնորհիվ։ Կապտուկները, որոնք չեն գունատվում ճնշում գործադրելիս, կարող են մաշկի, ենթամաշկային հյուսվածքի, մկանների կամ ոսկորների մակարդակում մազանոթներ ներառել[2][3]։

Կապտուկները չպետք է շփոթել նմանատիպ այլ վնասվածքների հետ։ Այդպիսի վնասվածքներից են․

  • պետեխիաները (3 մմ-ից պակաս (0,12 մատնաչափ)), որոնք առաջանում են տարբեր կողմնակի պատճառներից, ինչպիսիք են դեղորայքների կողմնակի ռեակցիաները (օրինակ՝ վարֆարինի դեպքում), ասֆիքսիան, թրոմբոցիտային խանգարումները և այլ հիվանդությունները, ինչպիսին է ցիտոմեգալովիրուսային վարակը[4]
  • պուրպուրան (3-10 մմ (0.12-0.39 մատնաչափ)), որը դասակարգվում է որպես շոշափվող և չշոշափվող պուրպուրա, կարող է դիտվել տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ, ինչպիսին է թրոմբոցիտոպենիան[5]
  • թեև շատ տերմինաբանական սխեմաներ էկխիմոզը (չափը ավելի քան 1 սմ (0.39 մատնաչափ) ) համարում են կապտուկին հոմանիշ, այլ սխեմաներում էկխիմոզը տարբերվում է իր հեռու տեղակայմամբ արյունահոսության աղբյուրից և պատճառներից. արյունը մասնատվում է հյուսվածքային հարթություններով և տեղափոխվում վնասվածքից կամ նույնիսկ ոչ տրավմատիկ պաթոլոգիայից հեռու տարածք, ինչպիսին է օրինակ՝ պերիօրբիտալ էկխիմոզը («ջրարջի աչքեր - Raccoon eyes» ), որն առաջանում է հիմային գանգի կոտրվածքի կամ նեյրոբլաստոմայի ժամանակ[6]։

Որպես հեմատոմայի տեսակ՝ կապտուկը միշտ հետևանք է դեպի ինտերստիցիալ հյուսվածքներ ներքին արյունահոսության, որը մաշկից չի թափանցում, սովորաբար բութ վնասվածքի հետևանք է, առաջանում է ֆիզիկական ճնշման և արգելակման ուժերից։ Վնասվածքը, որը բավարար է կապտուկ առաջացնելու համար, կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում, ներառյալ՝ վթարները, ընկնելը և վիրահատությունները։ Հիվանդագին վիճակները, ինչպիսիք են թրոմբոցիտների անբավարարությունը կամ դիսֆունկցիան, մակարդման այլ խանգարումները կամ անոթային խանգարումները, ինչպիսին է երակային խցանումը՝ կապված ծանր ալերգիայի հետ[7], կարող են հանգեցնել պուրպուրայի առաջացման, որը չպետք է շփոթել վնասվածքի հետևանքով առաջացած կատուկների հետ[8]։ Եթե վնասվածքը բավարար է մաշկը պատռելու և ինտերստիցիալ հյուսվածներից արյան հեռանալու համար, այն ոչ թե կապտուկ է, այլ արյունահոսություն։ Նման վնասվածքները կարող են ուղեկցվել մարմնի այլ հատվածների կապտուկներով[9]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկնելուց հետո կնոջ մոտ առաջացած կապտուկ

Կապտուկները հաճախ վնասվածքից անմիջապես հետո առաջացնում են ցավ, բայց սովորաբար փոքր կապտուկները միայնակ իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Երբեմն կապտուկները կարող են լինել վտանգավոր՝ բերելով կյանքին սպառնացող հեմատոմայի այլ ձևերի զարգացման, որոնք կապված են լուրջ վնասվածքների հետ, ներառյալ կոտրվածքները և ավելի ծանր ներքին արյունահոսությունը։ Կապտուկների հավանականությունը և ծանրությունը կախված են բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ ախտահարված հյուսվածքների տեսակից և առողջ լինելուց։ Փոքր կապտուկները հեշտ է ճանաչել բաց մաշկ ունեցող անհատների մոտ՝ վնասվածքին հաջորդող օրերին դիտվող բնորոշ կապույտ կամ մանուշակագույն տեսքով։

Հեմատոմաները ենթաբաժանվում են ըստ չափերի։ Էկխիմոզները 1 սմ կամ ավել չափերի են և ավելի մեծ են, քան պետեխիաները (տրամագիծը փոքր է 3 մմ-ից)[10] կամ պուրպուրան (տրամագիծը 3-10 մմ է)[11]։ Էկխիմոզներն ունեն ավելի տարածուն սահմաններ, քան պուրպուրան[12]։ Էկխիմոզը ավելի լայնորեն սահմանվում է որպես արյան արտահոսք վնասված անոթներից դեպի հյուսվածքներ[13][14]։ Այս տերմինը վերաբերում է նաև ենթամաշկային գունափոխմանը, որն առաջանում է վնասված հյուսվածքի ներսում արյան արտահոսքի հետևանքով։

Կապտուկի գույնը տատանվում է կարմիր, կապույտ, նույնիսկ սև գույների միջև, ինչը կախված է կապտուկի շրջանում մազանոթների կամ արյունատար անոթների վնասման ծանրությունից։ Վնասված երակիկները կամ զարկերակիկները հաճախ բերում են համապատասխանաբար մուգ կապույտ կամ մուգ կարմիր կապտուկների առաջացման։ Ավելի մուգ կապտուկները հետևանք են երկու անոթներից էլ ավելի ծանր արյունահոսության։ Հին կապտուկները կարող են ունենալ դեղին, կանաչ կամ դարչնագույն գունավորում[9][15]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթամաշկային հեմատոմաների, այդ թվում էկխիմոզների առաջացման պատճառները բազմաթիվ են։ Կոագուլոպաթիաները, օրինակ հեմոֆիլիա Ա-ն, կարող են երեխաների մոտ առաջացնել էկխիմոզներ[16]։ Բետամետազոն դեղամիջոցը կարող է հանդիսանալ էկխիմոզի պատճառ՝ որպես դեղորայքի կողմնակի ազդեցություն[17]։

Կապտուկներ կարող են դիտվել թրոմբոցիտային և մակարդման հիվանդություններով անհատների, հակամակարդիչներով բուժում ստացողների մոտ։ Անբացատրելի կապտուկները կարող են երեխաների բռնության, ընտանեկան բռնության կամ լուրջ բժշկական խնդիրների՝ լեյկեմիայի կամ մենինիգոկոկային վարակի նախազգուշացնող նշան լինել։ Անբացատրելի կապտուկներ կարող են առաջանալ նաև ներքին արյունահոսությունից և քաղցկեղի որոշ տեսակներից։ Երկարատև գլյուկոկորտիկոիդային բուժումը հեշտ կարող է կապտուկներ առաջացնել։ Պորտի շրջանում առկա կապտուկը ուժեղ որովայնացավի հետ միասին կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման մասին։ Շարակցական հյուսվածքների հիվանդությունները, ինչպիսին է Էհլերս-Դանլոսի համախտանիշը, ծանրությունից կախված, կարող են հեշտորեն առաջացնել կապտուկներ։ Ինքնակա (սպոնտան) կապտուկները կամ չնչին վնասվածքներից առաջացած կապտուկները, այլ բացատրությունների բացակայության պայմաններում, անոթային Էհլերս-Դանլոսի համախտանիշի մասին վկայող, այլ փոքր և մեծ չափանիշների հետ միասին ենթադրում են վիճակի գենետիկական թեստավորում[18]։

Դիահերձման ժամանակ քերծվածքներին ուղեկցող կապտուկները ցույց են տալիս, որ քերծվածքները տեղի են ունեցել մարդու կենդանության ժամանակ, և ոչ թե մահից հետո կրած վնասվածքից։

Չափ և ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազրիքին բախվելու հետևանքով առաջացած կապտուկ, որը բնորոշ է էքստրեմալ սպորտաձևերին, ինչպիսիք են սքեյթբորդը և անվաչմուշկը։
Կապտուկ, որն առաջացել է կոճի ձգումից։
Սև աչքի և ենթակոնյուկտիվային արյունազեղում դեմքին բռունցքով հարվածելուց հետո

Կապտուկի ձևը ուղղակիորեն կախված է վնասող գործիքից և կարող է ձևափոխվել հավելյալ գործոններից։ Կապտուկները հաճախ ժամանակի ընթացքում դառնում են ավելի արտահայտված՝ պայմանավորված այտուցով ու չափերի մեծացմամբ, և կապտուկ առաջացնող վնասվածքից ժամեր անց կարող է հասնել մեծ չափերի։

  • Հյուսվածքի վիճակ և տեսակ․ փափուկ հյուսվածքներում կատուկը ավելի լայն տարածում է ունենում, քան պինդ հյուսվածքներում՝ շնորհիվ արյան ավելի հեշտ ներթափանցման։
  • Տարիք․ ծերերի մաշկը և մյուս հյուսվածքները հաճախ ավելի բարակ են և քիչ առաձգական, ինչի պատճառով ավելի հակված են կապտուկների առաջացմանը։
  • Սեռ․ կապտուկները ավելի հաճախ դիտվում են կանանց մոտ՝ պայմանավորված ենթամաշկային ճարպի մեծ քանակությամբ։
  • Մաշկի գույն․ կապտուկների պատճառով առաջացած գունափոխությունը ավելի նկատելի է բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ։
  • Հիվանդություններ․ մակարդման, թրոմբոցիտային և անոթային հիվանդությունները կամ անբավարարությունը, արյունահոսությամբ պայմանավորված, մեծացնում են կապտուկների առաջացման հավանականությունը։
  • Տեղակայում․ լավ արտահայտված անոթավորումը հանգեցնում է մեծածավալ արյունահոսության, առավել հաճախ կապտուկներ առաջանում են ձեռքերին, ծնկներին, սրունքներին և դեմքին։
  • Ուժեր․ ավելի ուժեղ հարվածն առաջացնում է ավելի մեծ կապտուկ։
  • Գեներ․ չնայած մակարդման միանգամայն նորմալ գործոններին, բնական կարմրահերները ավելի շատ են կապտուկներ ունենում, թեև դա կարող է պայմանավորված լինել ավելի մեծ տեսանելիությամբ, որը սովորաբար կապված է ավելի բաց գույնի հետ[19]։

Ծանրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապտուկները կարող են գնահատվել 0-ից 5 սանդղակով՝ վնասվածքի ծանրությունն ու վտանգը դասակարգելու համար.

Կապտուկների վնասի գնահատում
Վնասի միավոր Ծանրության աստիճան Նշումներ
0 Թեթև կապտուկ Չկա վնասվածք
1 Միջին կապտուկ Փոքր վնասվածք
2 Չափավոր կապտուկ Որոշակի վնասվածք
3 Վտանգավոր կապտուկ Վտանգավոր
4 Ծայրահեղ լուրջ կապտուկ Շատ վտանգավոր
5 Կրիտիկական կապտուկ Մահվան ռիսկ

Վնասի միավորը որոշվում է օրգանների և հյուսվածքների վնասվածքի աստիճանով և ծանրությամբ, որոնք առաջացրել են կապտուկներ, ինչը, իր հերթին, կախված է բազմաթիվ գործոններից։ Օրինակ, կծկված մկանը, ինչպես նաև հյուսվածքը, որը սեղմվում է հիմքում ընկած ոսկորով, կառաջացնեն ավելի մեծ կապտուկներ։ Մազանոթները տարբերվում են ամրությամբ, ձգունակությամբ և կոշտությամբ, որոնք կարող են տարբերվել՝ կախված տարիքից և առողջությունից։

Վնասակար ուժերի ցածր մակարդակը հանգեցնում է թեթև կապտուկների և, ընդհանուր առմամբ, անմիջապես անհատին թեթև ցավ է պատճառում։ Կրկնվող հարվածները մեծացնում են կապտուկների չափերը՝ մեծացնելով նաև վնասի մակարդակը։ Սովորաբար թեթև կապտուկը գրեթե ամբողջությամբ լավանում է երկու շաբաթվա ընթացքում, թեև տևողությունը կախված է ծանրությունից և անհատական բուժման գործընթացներից[20], որպես կանոն, ավելի լուրջ կամ խորը կապտուկների ապաքինումը մի փոքր ավելի երկար է տևում։

Ծանր կապտուկները (վնասի միավորը 2-3) կարող են վտանգավոր լինել կամ առաջացնել լուրջ բարդություններ։ Հետագա արյունահոսությունը և ավելորդ հեղուկը կարող են կուտակվել՝ առաջացնելով պինդ, ծփացող բշտիկ կամ այտուցված հեմատոմա։ Սա կարող է առաջացնել միջփակեղային համախտանիշ, որի դեպքում այտուցն ընդհատում է արյան հոսքը դեպի հյուսվածքներ։ Կապտուկ առաջացրած վնասվածքը կարող է նաև այլ լուրջ և ներքին օրգաններին պոտենցիալ մահացու վնաս պատճառել։ Օրինակ՝ գլխին հասցված հարվածները կարող են բերել գանգուղեղային վնասվածքի զարգացման՝ արյունահոսություն, կապտուկ և ուղեղի տարածուն այտուց, որոնք կարող են հանգեցնել ուղեղի ցնցման, կոմայի և մահվան։ Ուղեղի հեմատոմաների բուժումը կարող է պահանջել շտապ վիրահատություն՝ ուղեղի վրա ճնշումը նվազեցնելու համար։

Կապտուկ առաջացնող վնասվածքը կարող է նաև բերել ոսկրերի կոտրվածքի, ջլերի և մկանների ձգման, կապանների ոլորման կամ այլ հյուսվածքների վնասման։ Այս վնասվածքների ախտանիշներն ու նշանները սկզբնական շրջանում կարող են հանդես գալ սովորական կապտուկի տեսքով։ Որովայնի կապտուկը կամ ծանր վնասվածքները, որոնք առաջացնում են վերջույթի շարժման դժվարացում կամ մաշկի տակ հեղուկի առկայության զգացողություն, կարող են վկայել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքի մասին և պահանջում են բժշկական օգնություն։

Մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր կապտուկ բակում ստացած վնասվածքի հետևանքով

Հյուսվածքների արտահայտված վնասումը հանգեցնում է մաշկի տակ գտնվող մազանոթների վնասմանը՝ բերելով արյան արտահոսքի և կուտակման։ Ժամանակի ընթացքում արյունը ներթափանցում է շրջակա հյուսվածքներ՝ բերելով կապտուկի մգեցման և տարածման։ Նյարդային վերջավորությունները ախտահարված հյուսվածքում հանդիպում են ավելացած ճնշման, ինչը, կախված ծանրությունից և տեղակայումից, կարող է ընկալվել որպես ցավ կամ ճնշում կամ ընթանալ անախտանիշ։ Վնասված մազանոթի էնդոթելը արտազատում է էնդոթելին հորմոնը՝ հանգեցնելով արյան անոթների սեղմման և արյունահոսության նվազման։ Երբ էնդոթելը քայքայվում է, Ֆոն Վիլեբրանդի հիմնական գործոնը ակտիվանում է և խթանում մակարդման գործընթացը՝ բերելով ժամանակավոր թրոմբի գոյացման, որը խցանում է վերքը և ի վերջո հանգեցնում է նորմալ հյուսվածքի վերականգնմանը։

Այդ ընթացքում խոշոր կապտուկները կարող են փոխել իրենց գույնը՝ պայմանավորված արտաբջջային տարածությունում գտնվող էրիթրոցիտներում առկա հեմոգլոբինի քայքայմամբ։ Կապտուկի արտահայտված գույները պայմանավորված են ֆագոցիտոզով և հեմոգլոբինի հաջորդական քայքայմամբ բիլիվերդինի, բիլիռուբինի և հեմոսիդերինի․ հեմոգլոբինը ինքնին պայմանավորում է կարմրակապտավուն, բիլիվերդինը՝ կանաչ, բիլիռուբինը՝ դեղին և հեմոսիդերինը դարչնաոսկեգույն գունավորումը[9]։ Այս նյութերի մաքրմամբ կապտուկը անհետանում է։ Հաճախ հիմքում ընկած վնասվածքը լավանում է նախքան այս պրոցեսի ավարտվելը։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստության ատամի հեռացումից հետո առաջացած աչքի կապտուկի լավացումը ինը օրվա ընթացքում

Թեթև կապտուկների բուժումը պաահանջում է հանգիստ, սառը թրջոց, ճնշման գործադրում և վերջույթի բարձրացում (RICE-rest, ice, compression, elevation), ցավազրկողներ (մասնավորապես ՈՍՀԲԴ-ներ) և լավացման ավելի ուշ փուլերում՝ ձգողական վարժություններ։ Վնասվածքից անմիջապես հետո սառը թրջոցի կիրառումը, մինչ այդ բարձրացված մարմնամասում, կարող է կանխարգելել այտուցի առաջացումը՝ պայմանավորված արյան հոսքի նվազեցմամբ և ներքին արյունահոսության կանխարգելմամբ։ Հանգիստը և կրկին վնասվելուց խուսափելը կարևոր են շուտափույթ առողջացման համար։

Վնասված շրջանի շատ նուրբ մերսումը և ջերմության կիրառումը կարող են արագացնել արյան հոսքը և թեթևացնել ցավը՝ համաձայն ցավի դարպասային վերահսկման տեսության, թեև մերսումը կարող է լրացուցիչ ցավ պատճառել՝ ավելի խորացնելով վնասվածքը[21]։ Վնասվածքների մեծ մասի դեպքում այս մեթոդները չպետք է օգտագործվեն նախնական վնասվածքից հետո առնվազն երեք օր, որպեսզի համոզված լինեք ներքին արյունահոսության դադարեցման առումով, արյան հոսքի մեծացումը կհանգեցնի դեպի վնասման շրջան ավելի շատ բուժիչ գործոնների մուտքին և արտահոսքի մեծացման, սակայն արյունահոսող վնասվածքի դեպքում դա կնպաստի ավելի շատ արյան արտահոսքի և կվատթարացնի կապտուկի վիճակը։

Շատ դեպքերում հեմատոմաները ինքնաբերաբար լավանում են, բայց որոշ դեպքերում մեծ կամ որոշակի օրգաններում (օրինակ՝ ուղեղում) տեղակայված հեմատոմաները ցուցում ունեն բժշկի կողմից պունկցիայի իրականացման, որպեսզի ապահովվի արյան արտահոսքը[փա՞ստ]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բժշկությունը, ներառյալ եգիպտացիների, հույների, կելտերի, թուրքերի, սլավոնների, մայաների, ացտեկների և չինացիների հնագույն բժշկությունը, օգտագործում էր կապտուկը մի շարք առողջական խնդիրների բուժման համար։ Մեթոդները շատ տարբեր են և ներառում են բժշկական բաժակների կիրառումը, քերծելը և ապտակելը։ Կրակով բժշկական բաժակները, իրոնց ներծծող ազդեցության շնորհիվ, կարող են առաջացնել կապտուկ։ Քերծելու մեթոդի (Gua sha) ժամանակ օգտագործում են ձեռքի փոքրիկ սարք՝ կլորացված ծայրով, որպեսզի նրբորեն քերծեն գլխամաշկը կամ մաշկը։ Թեթև կապտուկներ առաջացնող մեկ այլ հնագույն սարք է ստրիգիլը, որն օգտագործվում էր լոգարանում հույների և հռոմեացիների կողմից։ Հնագիտական առումով, մինչև հունական հնագիտական ապացույցները, քերող գործիքների որևէ նախադեպ չկար, ոչ չինական,ոչ էլ եգիպտական[22]։

Ստուգաբանություն և արտասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկխիմոզ (/ˌɛkˈmss/ հոգնակի էկխիմոզներ /ˌɛkˈmss/) բառը անգլերենը փոխառել է նեոլատիներենից՝ հիմնվելով հունարեն հուն․՝ ἐκχύμωσις, հուն․՝ ἐκχυμοῦσθαι, հուն․՝ ἐκ- (փոփոխված հուն․՝ ἐ-) և հուն․՝ χυμός[23] բառերի վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «contusion» Դորլանդի բժշկական բառարանում
  2. Harrison's Principles of Internal Medicine (17th ed.). McGraw-Hill Professional. 2008.
  3. «Easy Bruising Symptoms».
  4. Kinnaman, Karen; Binder, William; Nadel, Eric; Brown, David (2015). «Petechiae, anemia, and throbocytopenia». The Journal of Emergency Medicine. 48 (4): 461–65. doi:10.1016/j.jemermed.2014.12.023. PMID 25661311.
  5. Lotti, Torello (1994 թ․ հունվար). «The Purpuras». International Journal of Dermatology. 33 (1): 1–10. doi:10.1111/j.1365-4362.1994.tb01483.x. PMID 8112930. S2CID 43261698.
  6. Gumus, Koray (2007 թ․ մայիսի 30). «A child with racoon eyes masquerading as trauma». Int Ophthalmol. 27 (6): 379–381. doi:10.1007/s10792-007-9089-y. PMID 17534581. S2CID 5921.
  7. Turley, Lois (2004 թ․ մարտի 10). «Shiners-dark circles & swollen eyes». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. «UCSF Purpura Module» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson; & Mitchell, Richard N. (2007). Robbins Basic Pathology (8th ed.). Saunders Elsevier. p. 86 978-1-4160-2973-1
  10. Kumar, Vinay; Abbas, Abul K.; Aster, Jon C.; Perkins, James A. (2017 թ․ մարտի 28). Robbins basic pathology (10th ed.). Philadelphia, Pennsylvania. էջեր 101. ISBN 9780323353175. OCLC 960844656.
  11. McKenzie, Shirlyn B. (2014). Clinical Laboratory Hematology. Williams, Joanne Lynne; Landis-Piwowar, Kristin (3rd ed.). Boston. էջ 665. ISBN 978-0133076011. OCLC 878098857.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. «Case Based Pediatrics Chapter». Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  13. Merriam-Webster Dictionary. http://www.merriam-webster.com/dictionary/ecchymosis; accessed 1/2/2012
  14. Gould, George M. The Practitioner's Medical Dictionary, P. Blakiston's Son & Co., 1916 et seq.; p. 311
  15. «WebMD article on bruises».
  16. Lee, AC (2008 թ․ հունիս). «Bruises, blood coagulation tests and the battered child syndrome» (PDF). Singapore Medical Journal. 49 (6): 445–49. PMID 18581014.
  17. «betamethasone» (PDF). F.A. Davis. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  18. Byers PH. Vascular Ehlers-Danlos Syndrome. 1999 Sep 2 [Updated 2019 Feb 21]. In: Adam MP, Ardinger HH, Pagon RA, et al., editors. GeneReviews® [Internet]. Seattle (WA): University of Washington, Seattle; 1993–2020. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/sites/books/NBK1494/
  19. Liem, Edwin B.; Hollensead, Sandra C.; Joiner, Teresa V.; Sessler, Daniel I. (2006). «Women with Red Hair Report a Slightly Increased Rate of Bruising but Have Normal Coagulation Tests». Anesthesia & Analgesia. 102 (1): 313–18. doi:10.1213/01.ANE.0000180769.51576.CD. PMC 1351323. PMID 16368849.
  20. Voorhees, Benjamin W. (2007 թ․ օգոստոսի 31). «Medical Encyclopedia – Bruise healing». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.
  21. «WebMD article on bruise treatment».
  22. Kotera-Fayer "Die Strigilis" 93
  23. Citation|author=Merriam-Webster|author-link=Merriam-Webster|title=Merriam-Webster's Collegiate Dictionary: "ecchymosis"|publisher=Merriam-Webster|url=https://www.merriam-webster.com/dictionary/ecchymosis%7Cpostscript=.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ bruise, contusion, կամ ecchymosis Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ