TLC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TLC
Թոմասը և Ուոտկինսը 2016 թվականին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն1990-ներկա
Լեյբլ
Պարգևներ
Կայքofficialtlc.com
Անդամներ
Թիոն «T-Boz» Ուոտկինս
Ռոզոնդա «Chilli» Թոմաս
Նախկին անդամներ
Լիզա «Left Eye» Լոպես
Կրիստալ Ջոնս
 TLC (group) Վիքիպահեստում

TLC («Թի Էլ Սի»), ամերիկյան հիփ հոփ և R&B կանացի խումբ, որը կազմավորվել է 1991 թվականին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Խմբի հիմնական կազմի անդամներն էին Թիոն «T-Boz» Ուոտկինսը, Լիզա «Left Eye» Լոպեսը և Ռոզոնդա «Chilli» Թոմասը։

Խմբի դեբյուտային՝ «Ooooooohhh... On the TLC Tip» (1992) ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է 6 միլիոն օրինակով, սակայն խումբն հայտնիության գագաթնակետին է հասել 1990-ականների կեսերին՝ «CrazySexyCool» (1994) ալբոմի թողարկումից հետո։ Այն դարձել է երաժշտության պատմության ամենաշատ վաճառված ալբոմենրից մեկը՝ վաճառվելով 26 միլիոն օրինակով, որը մինչ օրս հանդիսանում է միակ ալբոմը կանացի խմբի կողմից, որը ադամանդե հավաստագրում է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից[2]։ «FanMail»-ը (1999) դարձել է առաջին ալբոմը R&B խմբի կողմից, որը Ձայնագրման ընկերությունների Ճապոնական ասոցիացիայից (RIAJ) միլիոնային հավաստագրում է ստացել[3]։

Ողջ աշխարհում ավելի քան 65 միլիոն օրինակ վաճառելով, TLC-ն հանդիսանում է ամերիկյան ամենավաճառված կանացի խումբը և երկրորդը ողջ աշխարհում՝ զիջելով անգլիական Spice Girls խմբին[4][5]։

Խմբի ինը սինգլ ընդգրկվել են ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 10-ում, որոնցից չորդը գլխավորել են այն, («Creep», «Waterfalls», «No Scrubs>» և «Unpretty»)[6]։

Խումբը հանդիսանում է Գրեմմի մրցանակի քառակի հաղթող։ «Billboard» ամսագիրը նրանց ճանաչել է բոլոր ժամանակների մեծագույն տրիո[7]։

2002 թվականին Լիզա Լոպեսի մահից հետո տրիոյի այլ անդամները Լիզային փոխարինելու փոխարեն որոշել են շարունակել գործունեությունը որպես դուետ։

2017 թվականին որոշում են թողարկել TLC անվան ներքո վերջին ալբոմը, սակայն ալբոմի թողարկումից հետո որոշում են շարունակել միասին ելույթ ունենալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1991: Կազմավորում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին պրոդյուսեր Այան Բյորքը և Կրիստալ Ջոնսը գըրլ բենդի համար կոնցեպտ են մտածում, որը նման կլինի R&B-ի, հիփ հոփի և նյու ջեք սվինգի։ Կրիստալ Ջոնսը երկու աղջիկներ փնտրելու համար քասթինգ է հայտարարում, որպեսզի միավորվեն որպես տրիո։ Ի վերջո, Ջոնսին են միանում Թիոն Ուոտկինսը և Լիզա Լոպեսը։ Խումբը ստանում է «2nd Nature» անվանումը և աղջիկները սկսում են նախնական նյութեր ձայնագրել պրոդյուսերներ Ջերմեյն Դյուպրիի և Ռիկո Ուեյդի հետ[8]։

Հետագայում խմբին հաջողվում է լսումներ կազմակերպել երգչուհի Փերրի Ռեդի մոտ, որը հիմնել էր պրոդյուսերական սեփական՝ Pebbitone ընկերությունը։ Ռեդը վերանվանում է խումբը TLC-Skee (որտեղ «TLC»-ն հանդիսանում է աղջիկների անունների սկզբնատառերը՝ Թիոն, Լիզա և Կրիստալ) և լոսւմներ է կազմակերպում LaFace Records ձայնագրման ընկերությունում, որը ղեկավարում էր Քենեթ «Բեյբիֆեյս» Էդմոնդսը, ինչպես նաև Փերրիի ամուսինը՝ Անտոնիո «ԷլԷյ» Ռիդը[9]։

Անտոնիո Ռիդը պոտենցիալ է տեսնում Ուոտկինսի և Լոպեսի մոտ, սակայն կարծում է, որ կոլեկտիվում Ջոնսն ավելորդ է և նրան հարկավոր է փոխարինել։ Ըստ Ջոնսի, այդ որոշումը կապված էր այն բանից հետո, երբ Ջոնսը չէր ցանկանում կնքել Pebbitone-ի հետ պայմանագիրը, մինչև այն չքննարկի հնարավոր փաստաբանի հետ, սակայն Փերրի Ռիդը մերժում է նրան[10]։

Փետրվարի 28-ին Ուոտկինսն ու Լոպեսը պայմանագիր են կնքում Pebbitone ընկերության հետ։ Խմբի երրորդ անդամը դառնում է Ռոզոնդա Թոմասը, ով մինչ այդ ելույթ էր ունենում որպես Damian Dame դուետի պարուհի։ Թոմասի հետ պայմանագիրը կնքվել է 1991 թվականի ապրիլին, մոտավոր այդ ժամանակ էլ խմբի անվանումը կրճատվում և դառնում է «TLC»։ Որպեսզի խմբի անվանումը մնա որպես աղջիկների անունների հապավում, որոշվում է կեղծանուններ մտածել։ Ուոտկինսը դառնում է «T-Boz», Լոպեսը՝ «Left Eye», իսկ Թոմասը՝ «Chilli»[10]։ Այնուհետև, Pebbitone-ի մենեջմենթի միջոցով մայիսին պայմանագիր է կնքվում LaFace Records լեյբլի հետ, իսկ նրանց ձայնագրությունների տարածմամբ զբաղվելու է Arista Records/BMG-ն։ Աղջիկները Ռիդի, Էդմոնդսի, Դալաս Օսթինի, Ջերմեյն Դյուպրիի և Մարլոն Ուիլյամսի հետ միասին անցնում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությանը։ Նոր տրիոն իր դեբյուտը կատարել է Դյուպրինի «You Said» (1991) ալբոմի «Rebel (With a Cause)» երգում որպես բեք վոկալիստներ։

1992-1993: «Ooooooohhh… On the TLC Tip» և վաղ հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի դեբյուտային՝ «Ooooooohhh... On the TLC Tip» թողարկվել է 1992 թվականի փետրվարի 25-ին՝ LaFace/Arista Records ձայնագրման լեյբլում։ Ալբոմի երգերն իրենցից ներկայացնում են ֆանկ (Ուոտկինս), հիփ հոփ (Լոպես) և R&B (Թոմաս) ժանրերի խառնուրդը[11]։ Ալբոմն ունեցել է քննադատական և առևտրային հաջողություն, ԱՄՆ-ում վաճառվել է չորս միլիոն օրինակով և RIAA-ի կողմից ստացել է քառակի պլատինե հավաստագիր։

Առաջին ամերիկյան շրջագայությունից հետո խմբի անդամները ստանում են իրենց առաջին փոքր հոնորարը և Փերրի Ռիդին հայտնում են, որ նրանք հրաժարվում են նրա ծառայություններից որպես մենեջեր, սակայն Pebbitone-ի հետ պայմանագիրը ուժի մեջ է մնում։ 1994 թվականին TLC-ն «Սեքսը որպես զենք» ֆիլմում կատարում են երաժշտական խմբի դեր։

Լիզա Լոպեսը տառապում էր հարբեցողությամբ և փորձում էր բուժվել։ Ըստ նրա, այդ կախվածությանն է հանգեցրել իր անցյալի խնդիրները։

1994 թվականին Լոպեսը իր ընկերոջը՝ ֆուտբոլիստ Անդրե Ռայսոնին դավաճանության մեջ է կասկածում և գտնվելով ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ վառում է նրա տունը։ Դատարանում, ի շնորհիվ փաստաբանների, նրան հաջողվում է խուսափել խիստ պատժից։ Այնուամենայնիվ Լիզան դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման, նա ստիպված էր հսկայական տուգանք վճարել (որը վճարեց խումբը) և վերականգնողական ծրագիր անցնել։

1994-1997: «CrazySexyCool», հայտնիության գագաթնակետ և սնանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ստուդիական ալբոմի՝ «CrazySexyCool»-ի ստեղծման ժամանակ տրիոն կրկին համագործակցում է Դալաս Օսթինի, Ջերմեյն Դյուպրիի և Բեյբիֆեյսի, ինչպես նաև Organized Noize-ի, Չակ Թոմպսոնի և Շոն Քոմսի հետ[12]։ Ալբոմը թողարկվել է 1994 թվականի նոյեմբերի 15-ին, բարձր է գնահատվել քննադատների կողմից, ինչպես նաև ներառվել է «Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ» ցանկում[13]։ Ալբոմը նաև դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard 200 ալբոմներկի չարթի երրորդ հորիզոնականում և չարթում անցկացրել է երկու տարի։ Միայն ԱՄՆ-ում այն վաճառվել է 11 միլիոն օրինակով և մինչ օրս հանդիսանում է միակ կանացի ալբոմը, որը ադամանդե հավաստագրում է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (RIAA) կողմից[14][15] Worldwide the album sold over 14 million copies.[16]։

Ալբոմի բոլոր չորս սինգլնրը ընգրկվել են ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 5-ում․ «Creep»-ը և «Waterfalls»-ը զբաղեցրել են առաջին հորիզոնականը, «Red Light Special»-ը զբաղեցրել է երկրորդ, իսկ «Diggin' on You»-ն չորրորդ հորիզոնականը։

«Waterfalls» սինգլի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է Ֆելիքս Գրեյը 1995 թվականի հունիսի 8-ից 9-ը՝ Լոս Անջելեսի Universal Studios Hollywood-ում։ Տեսահոլովակի նկարահանումների համար ծախսվել է մեկ միլիոն դոլար, որի նկարահանումներին մասնակցություն են ունեցել Էլլա Ջոնսը, Բուկեմ Վուդբայնը, Shyheim-ը, Փոլ Ջեյ Ալեսին և Գաբրիել Բրեմֆորդը։ Ինչպես երգի տեքստը, այնպես էլ տեսահոլովակը անդրադառնում է ժամանակակից հասարակության այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են թմրամիջոցների ապօրինի վաճառքը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, որն առաջին անգամ ակտուալ է դարձել 1990-ականներին։ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին Նյու Յորքում անցկացվող MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ տեսահոլովակն արժանացել է չորս մրցանակի՝ «Տարվա հոլովակ», «Խմբի լավագույն հոլովակ», «Լավագույն R&B վիդեո» և «Հանդիսատեսի համակրանք»։ Խումբը դարձավ առաջին աֆրոամերիկյան արտիստը, որը արժանացել է այս մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին («Տարվա հոլովակ»)[17]։

Գրեմմիի 38-րդ մրցանակաբաշխության ժամանակ խումբն արաժանցել է «Լավագույն R&B ալբոմ» և «Լավագույն R&B կատարում դուետով կամ խմբով»՝ «Creep» երգի համար[18]։ 1996 թվականին Billboard ամսագիրը խմբին անվանել է «Տարվա արտիստ» (Billboard Music Award

Իրենց ակնհայտ հաջողությունների շրջանում 1995 թվականի հուլիսի 3-ին խմբի անդամները սնանկության դիմում են ներկայացնում[19]։ TLC-ն հայտարարում է ընդհանուր 3,5 միլիոն դոլար պարտքերի մասին, որի մի մասը Լոպեսի այրվածքներից և Ուոտկինսի բժշկական վճարներից բխող ապահովագրական ծախսերի պատճառով էր (մանուկ հասակում Թիոնի մոտ մանգաղաբջջային սակավարյունություն է ախտորոշվել), սակայն դիմումի հիմնական պատճառն այն էր, որ խումբը անշահավետ պայմանագիր ուներ Pebbitone-ի հետ։ Խումբը ձգտում էր վերանայել 1991 թվականին LaFace-ի հետ կնքած պայմանագիրը, համաձայն որի նրանք յուրաքանչյուր վաճառած ալբոմի համար ստանում էին ընդամենը 0,56 ցենտ, որն էլ բաժանվում էր խմբի անդամների միջև[20]։ Եռյակը նաև ցանկանում էր խզել Pebbitone-ի հետ պայմանագիրը։ LaFace-ը հրաժարվում է վերանայել պայմանագիրը, այդպիսով դրդելով TLC-ին դիմել սնանկացման համար։ Եվ՛ Pebbitone-ը, և՛ LaFace-ը հաղորդել են, որ TLC-ն ուղղակի շատ գումար էր ցանկանում և իրականում նրանց ֆինանսական վտանգ չէր սպառնում[21]։ Երկու տարի տևած իրավական բանավեճերի արդյունքում խմբի ու ընկերությունների միջև հարաբերությունները վերջնականապես կարգավորվում են 1996 թվականի վերջին։ Պայմանագիրը վերանայվում է և LaFace-ն ու Pebbitone-ը համաձայնվում են խզել պայմանագիրը այն պայմանով, որ Pebbitone-ը խմբի հետագա թողարկումներից որոշ տոկոսներ եկամուտ է ունենալու։ TLC-ն նաև ձեռք է բերում «TLC» անվան իրավունքները, որոնք նախկինում պատկանում էին Փերրի Ռիդին։

TLC-ն երգ է ձայնագրել հայտնի՝ «Այդ ամենը» (All That) սկետչ շոուի համար, որը հեռարձակվել է Nickelodeon ալիքով։ Խումբը նաև ձայնագրել է 1995 թվականի «Սպասելով արտաշնչելուն» (Waiting to Exhale) ֆիլմի սաունդթրեքը։ LaFace-ի հետ կրկին պայմանագիր կքնելուց հետո խումբն անցնում է հաջորդ ստուդիական ալբոմի ձայնագրմանը։

Ուոտկինսը թողարկում է իր առաջին սոլո՝ «Touch Myself» սինգլը, որն ընդգրկվում է 1996 թվականի «Փախստականները» ֆիլմի սաունդթրեքերի հավաքածուում և Billboard Hot 100 չարթ թոփ 40-ում։ Լոպեսը համագործակցում է այլ հայտնի կին ռեփերներ Միսի Էլիոթի, Da Brat-ի, Էնջի Մարտինեսի հետ՝ Լիլ Քիմի «Not Tonight» (1997) սինգլի արտադրության շրջանակներում, որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 6-րդ հորիզոնականը, ինչպես նաև առաջադրվել է 40-րդ Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն ռեփ կատարում դուետով կամ խմբով» անվանակարգում։

1998-2001: «FanMail» և անդամների տարաձայնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ստուդիական ալբոմի նախնական աշխատանքները դադարեցվել են այն բանից հետո, երբ խմբի և նրանց հիմնական պրոդյուսեր Դալլաս Օսթինի միջև տարաձայնություններ են սկսվում և ումից 1997 թվականին Ռոզանդա Թոմասը որդի է ունենում։ Օսթինը պահանջում էր 4,2 միլիոն դոլար և ամբողջական ստեղծագործական վերահսկողություն նախագծի վրա։ Այդ ժամանակ Թոմասը հայտնվել է «HavPlenty» անկախ ֆիլմում, իսկ Ուոտկինսը, ռեփերների Նասի և DMX-ի հետ մասնակցություն է ունենում 1998 թվականի «Belly» ֆիլմում։ Լոպեսը պրոդյուսերական գործունեություն է սկսում և կազմավորում է Blaque տրիոն։ Իր տնօրինության ներքո տրիոն 1999 թվականին թողարկում է նույնանուն դեբյուտային ալբոմը, որը արժանանում է պլատինե հավաստագրման, ինչպես նաև ալբոմի երկու սինգլ ընդգրկվել է Billboard Hot 100 չարթի թոփ 10-ում։ 1998 թվականին տրիոն նաև մասնակցել է MTV հեռուստաալիքի «The Cut» տաղանդների շոուին։ Մինչ շարունակվում էր Օսթինի հետ տարաձայնությունները, որն արդեն ստեղծել էր խմբի ալբոմի մեծ մասը, խումբը սկսում է աշխատել այլ ձայնային պրոդյուսերի հետ։ «FanMail» ալբոմը թողարկվել է 1999 թվականի փետրվարին և դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի առաջին հորիզոնականում, ինչպես նաև RIAA-ի կողմից ստացել է վեցակի պլատինե հավաստագրում՝ ԱՄՆ-ում ալբոմի վեց միլիոն օրինակ վաճառելու համար, իսկ ողջ աշխարհում ալբոմը վաճառվել է ավելի քան 14 միլիոն օրինակով[22]։ «No Scrubs»-ը թողարկվում է որպես սինգլ և համաշխարհային հիթ է դառնում՝ գլխավորելով Ավստրալիայի, Կանադայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի սինգլների չարթերը։ Ալբոմի երկրորդ՝ «Unpretty» սինգլը դառնում է խմբի կարիերայում չորրորդը, որը գլխավորում է Billboard Hot 100-ը[7][23]։ Ալբոմի այլ երեք՝ «Silly Ho», «I’m Good at Being Bad» և «Dear Lie» սինգլները նույնպես ռադիոեթերներ են ուղարկվում։

Գրեմմիի 42-րդ մրցանակաբաշխության ժամանակ «FanMail»-ը առաջադրվում է վեց անվանակարգում, որոնցից երեքում հաղթանակում է («Լավագույն R&B ալբոմ», «Լավագույն R&B երգ» և «Լավագույն R&B կատարում դուետով կամ խմբով», վերջին երկուսը «No Scrubs»-ի համար)։ Soul Train Music Awards մրցանակաբաշխության ժամանակ խումբն առաջադրվել է «Entertainer of the Year» անվանակարգում[24]։

Խումբը սկսում է շրջագայել FanMail Tour-ի շրջանակներում, որը հավաքել է ավելի քան 72,8 միլիոն դոլար՝ դառնալով ամենաշահույթային շրջագայությունը կանացի խմբերի շրջանում։

«FanMail»-ի թողարկման ընթացքում և հետո Լոպեսը մամուլին հաղորդում է, որ խմբի շրջանակներում նա չի կարողանում ամբողջովին ինքնաարտահայտվել։ Նրա դերը խմբում երգերի որոշ հատվածներում ռեփ կարդալն է, նաև կան երգեր, որտեղ նրա ձայնն ընդհանրապես չի հնչում։ Նա նշել է, որ նույնպես ցանկանում է մասնակցություն ունենալ վոկալային մասերի ձայնագրմանը։ 1999 թվականին Vibe ամսագիրը Լոպեսի նամակն է հրապարակում, որում նա Ուոտկինսին և Թոմասին առաջարկում է յուրաքանրյուրի համար սոլո ալբոմներ ձայնագրել և համեմատել արդյունքները․

«Ես մարտահրավեր եմ նետում Թիոն «Փլեյեր» (Player) Ուոտկինսին (T-Boz) և Ռոզանդա «Հեյթեր» (Hater) Թոմասին (Chilli)՝ «The Challenge» անվամբ ալբոմի ստեղծմանը․․․ «3 CD»-ի սեթն իր մեջ ներառելու է երեք սոլո ալբոմ։ Յուրաքանչյուրը պետք է ձայնագրված լինի մինչև 2000 թվականի հոկտեմբերի 1-ը․․․ Ես նաև մարտահրավեր եմ նետում Դալաս «Մանիպուլյատոր» (The Manipulator) Օսթինին արտադրել ողջ նյութերը և դա անել իր սովորական տեմպով։ Մտածելով դրա մասին ես վստահ եմ, որ LaFace-ը դեմ չէր լինի հաղթողին 1,5 միլիոն դոլարով պարգևատրել»


«I challenge Tionne „Player“ Watkins (T-boz) and Rozonda „Hater“ Thomas (Chilli) to an album entitled The Challenge… a 3-CD set that contains three solo albums. Each (album)… will be due to the record label by October 1, 2000… I also challenge producer Dallas „The Manipulator“ Austin to produce all of the material and do it at a fraction of his normal rate. As I think about it, I’m sure LaFace would not mind throwing in a $1.5 million prize for the winner.»

Ի վերջո, անդամները վիճվում են և «The Challenge»-ը երբեք չի դիտարկվում։ «FanMail» շրջագայության ավարտից հետո խումբը համատեղ աշխատանքից դադար է վերցնում և անդամները զբաղվում են սեփական հետաքրքրություններով։ Լոպեսն առաջինն է սկսում ձայնագրել իր առաջին՝ «Supernova» սոլո ալբոմը։ Ալբոմը թողարկվել է Եվրոպայում և միայն առաջին՝ «The Block Party» սինգլին է հաջողվում ընդգրկվել UK Singles Chart չարթի թոփ 20-ում։ ԱՄՆ-ում երգը թողարկվել է ալբոմի պլանավորված թողարկումից մի քանի շաբաթ շուտ։ «The Block Party»-ի հաջողության բացակայության արդյունքում ալբոմի և դրան հաջորդող սինգլների թողարկումը չեղարկվում է։

200 թվականին Լոպեսը համագործակցում է Spice Girls-ի անդամ Մելանի Սիի հետ վերջինիս «Never Be the Same Again» սինգլի ձայնագրման համար, որը համաշխարհային հիթ է դառնում և գլխավորում է տարբեր երկրների երաժշտական չարթեր։

2002-2006: Լիզա Լոպեսի մահը, «3D» և «R U The Girl»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Supernova» ալբոմով անհաջող դեբյուտից հետո Լոպեսը սկսում է աշխատել իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա։ 2002 թվականի ապրիլի 25-ին, ալբոմն ավարտելուց առաջ, Հոնդուրասում Լոպեսը մահանում է ավտովթարի հետևանքով, որտեղ գնացել էր վավերագրական ֆիլմի նկարահանումների համար։ 2007 թվականին ֆիլմը թողարկվում է «Left Eye-ի վերջին օրերը» (The Last Days of Left Eye) անվամբ[25]։ Լոպեսի երկրորդ՝ «N.I.N.A.» ալբոմը նրա մահից հետո չեղարկվում է։

Լիզա Լոպեսի մահից հետո տրիոյի այլ անդամները որոշում են պրոդյուսեր Դալաս Օսթինի հետ միասին, փոքրիկ դադարից հետո, ավարտել չորրորդ ստուդիական ալբոմի ձայնագրությունները, որը ստացավ «3D» անվանումը, որը թողարկվել է 2002 թվականի նոյեմբերի 12-ին։ Ալբոմի պրոդյուսերներն են՝ Դալաս Օսթինը, ԷլԷյ Ռիդը, Բեյբիֆեյսը, Միսի Էլիոթը, Էդդի Հոսթլը, Ռոդնի Ջերքինսը, The Neptunes դուոն, Organized Noize-ը, Ռաֆայել Սադիկը, Դերիլ Սիմոնսը և Թիմբալենդը։ Սկզբում աղջիկները որոշում են ալբոմի թողարկումից հետո լուծարել խումբը, սակայն, ի վերջո, շարունակում են գործունեությունը որպես դուետ։ Լոպեսի ձայնը լսելի է «3D»-ի մի քանի երգերում, երկու երգերի համար վոկալը նա հասցրել է ձայնագրել, ևս երկու երգերում օգտագործվել են նախկինում չթողարկված երգերի ձայնագրությունները։ Մի քանի երգեր գովերգում են Լոպեսին։

«3D»-ն դեբյուտ է կատարել Billboard 200 չարթի վեցերորդ հորիզոնականում և RIAA-ի կողմից ստացել է երկակի պլատինե հավաստագրում՝ ԱՄՆ-ում ալբոմի երկու միլիոն օրինակ վաճառելու համար։ Ալբոմը հաջողության չի հասել այլ երկրներում, բացառությամբ Ճապոնիայի, որտեղ RIAJ-ի կողմից ստացել է պլատինե հավաստագրում՝ ալբոմի 200․000 օրինակ վաճառելու համար։ «Girl Talk» սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100-ի 28-րդ հորիզոնականում, որը TLC-ի վատագույն արդյունքն է։ Դրան հաջորդել են «Hands Up»-ը, որը խմբի՝ Billboard Hot 100 չարթում չընդգրկված առաջին սինգլն է և «Damaged»-ը, որը զբաղեցրել է չարթի 53-րդ հորիզոնականը։

2003 թվականի հունիսին, Լոպեսի մահից մեկ տարի անց, հայտարարվել է խմբի վերջին ելույթի մասին Zootopia ամենամյա համերգի շրջանակներում[26]։ Այնուամենայնիվ, 2004 թվականի փետրվարին խումբը բեմ վերադարձավ Ճապոնիայի «VOICE OF LOVE POSSE» բարեգործական փառատոնի շրջանակներում[27][28]։

2003 թվականին LaFace-ը թողարկում է խմբի առաջին՝ «Now & Forever: The Hits» հիթերի հավաքածուն։ Այն թողարկվել է «Come Get Some» անվամբ նոր երգով՝ ձայնագրված YoungBloodZ-ի, Լիլ Ջոնի և Շոն Փիի մասնակցությամբ։ ԱՄՆ-ում հավաքածուն թողարկվել է 2005 թվականի հունիսին և դեբյուտ է կատարել ամերիկյան չարթի 53-րդ հորիզոնականում՝ վաճառվելով 20.000 օրինակ։

2004 թվականին Ուոտկինսն ու Թոմասը հայտարարում են, որ ռեալիթի շոու են մեկնարկում, որը հեռարձակվելու է UPN հեռուստաալիքով։ «R U the Girl» շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 27-ին։ Չնայած ԶԼՄ-ների առաջարկին այն մասին, որ շոուի հաղթողը դառնա տրիոյի նոր անդամը, Ուոտկինսն ու Թոմասը երդվել են, որ երբեք չեն փոխարինի Լոպեսին TLC-ում և որ շոուի հաղթողը ուղղակի կմասնակցի խմբի հաջորդ սինգլի ձայնագրությանը։ Շոուն հաղթում է 20-ամյա Թիֆանի Բեյքերը, ով խմբի հետ ձայնագրում է «I Bet» երգը։ Մոտ 4,1 միլիոն հեռուստադիտող հետևել է շոուի եզրափակչին։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին երգը հասանելի է դառնում iTunes-ում և ռադիոյում, սակայն չի հաջողվում ընդգրկվել չարթերում։ Արդյունքում երգը դառնում է «Now & Forever: The Hits» հավաքածուի բոնուսային երգը։

2007-2014: Դադար և «CrazySexyCool: The TLC Story»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսին Մեծ Բրիտանիայում թողարկվել է «Crazy Sexy Hits: The Very Best of TLC» հիթերի հավաքածուն, որը առավել հաջողակ դարձավ, քան 2004 թվականի «Now & Forever: The Hits»-ը, և զբաղեցրել է UK Albums Chart-ի 57-րդ հորիզոնականը։ 2008 թվականի հունիսի 24-ին Ուոտկինսը և Թոմասը դարձել են BET Awards մրցանակաբաշխության հատուկ հյուրերը։ 2009 թվականի ապրիլի 4-ին 13 երգերով ելույթ են ունեցել Ճապոնիայի Springroove երաժշտական փառատոնում։ 2009 թվականի հոկտեմբերի 17-ին TLC-ն ելույթ է ունեցել «Justin Timberlake and Friends» լասվեգասյան համերգի շրջանակներում[29]։ 2011 թվականի մայիսի 25-ին խումբը ելույթ է ունեցել «American Idol» շոուի եզրափակչում։

2012 թվականին Ուոտկինսն ու Թոմասը նկարահանվել են են բրիտանական Stooshe խմբի կողմից TLC-ի «Waterfalls» երգի քավեր տարբերակի համար տեսահոլովակում։ Այն հետագայում ներառվել է Ուոտկինսի «Totally T-Boz» վավերագրական սերիալում։ Վերջինս պատմում է նրա Կալիֆոռնիա տեղափոխվելու, առողջական խնդիրների և սոլո գործունեության մասին[30]։ 2012 թվականի նոյեմբերի 3-ին Stooshe-ը երգը կատարում է ամենամյա MOBO Awards-ի ժամանակ, որի ընթացքում TLC-ն պարգևատրվել է «Երաժշտության մեջ ակնառու ներդրման համար»[31]։ 2013 թվականի հունիսի 13-ին խումբը արժանացել է Ճապոնիայի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Լեգենդ» մրցանակին, որի ընթացքում խումբը կատարել է իրենց սինգլների պոպուրին։ 2013 թվականի հունիսի 19-ին, երաժշտական արդյունաբերությունում 20-ամյա գործունեության կապակցությամբ, խումբը Ճապոնիայում թողարկել է «TLC 20: 20th Anniversary Hits» անվամբ հատուկ հավաքածուն, որն իր մեջ ներառում է հին հիթերի նոր տարբերակները, իսկ հատուկ ճապոնացի երկրպագուների համար նրանք ձայնագրում են «Waterfalls» երգի նոր տարբերակը, որում Լոպեսի հատվածը կատարում է ճապոնացի երգչուհի Նամիե Ամուրոն[32]։ Լոպեսի ընտանիքը սա «դավաճանություն» է համարում, քանի որ նրանք նախապես չէին տեղեկացրել այդ մասին[33]։ Ուոտկինսը և Թոմասը արդյունքում հաղորդել են, որ նրանք չեն կարողացել նոր տարբերակում ստանալ Լոպեսի վոկալի օգտագործման թույլտվությունը, սակայն, ըստ նրանց, Լոպեսը իր համաձայնությունը կտար Ամուրոյի վոկալին[34]։

2013 թվականին TLC-ն մասնակցել է ամերիկացի ռեփեր Ջեյ Քոուլի երկրորդ՝ «Born Sinner» ստուդիական ալբոմի «Crooked Smile» սինգլի ձայնագրությանը։ Այն զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 27-րդ հորիզոնականը, որը վերջին տասը տարիների ընթացքում խմբի՝ տվյալ չարթում ընդգրկված առաջին աշխատանքն է։ 2013 թվականին համագործակցությունը արժանանում է BET հիփ հոփ մրցանակաբաշխության «Ազդեցիկ երգ» մրցանակի, ինչպես նաև առաջադրվել է 2014 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության «Սոցիալական ենթատեքստով լավագույն հոլովակ» անվանակարգում։

TLC-ն պայմանագիր է կնքում Epic Records-ի հետ և 2013 թվականի հոկտեմբերին թողարկում է «20» հավաքածուի ամերիկյան տարբերակը[15]։ Ալբոմն իր մեջ ներառում էր նոր՝ «Meant to Be» երգը, որը գրել և արտադրել է Նի Յոն։ Երգը հանդիսանում է 2013 թվականի «CrazySexyCool: The TLC Story» կենսագրական ֆիլմի սաունդթրեքը։ Ռեժիսորը Չարլզ Սթոուն երրորդն է, Թոմասի դերում հանդես է գալիս Կիկի Պալմերը, Լոպեսի դերում Լիլ Մաման, իսկ Ուոտկինսի դերում Սրյու Սիդորան։ Ֆիլմում հնչել են «TLC 20: 20th Anniversary Hits» հավաքածուի երգերը։ 2013 թվականի նոյեմբերի 21-ին ֆիլմի պրեմիերան դիտել են 4,5 միլիոն հեռուստադիտող, որը հաջորդող հինգ տարիներում VH1 հեռուստաալիքի ամենաբարձր վարկանիշն էր։ Պրեմիերայից հետո խմբի միանգամից երեք ալբոմ ընդգրկվում են Billboard 200 չարթում․ «20» ալբոմը 12-րդ հորիզոնականում, «CrazySexyCool»-ը 108-րդ հորիզոնականում, իսկ «Now and Forever: The Hits»-ը 169-րդում։

2013 թվականի նոյեմբերի 24-ին TLC-ն կատարել է «Waterfalls» երգը American Music Award մրցանակաբաշխության ժամանակ։ Ելույթի ընթացքում Լոպեսի հատվածները կատարել է Լիլ Մաման[35]։ Հետո TLC-ն Լիլ Մամայի հետ կատարում է «No Scrubs» երգը «Պարելով հայտնիների հետ» հեռուստաշոուում[36]։ 2014 թվակականի հունվարին խումբը ելույթ է ունենում «Super Bowl Concert Series»-ի ժամանակ[37]։

TLC-ն հայտարարում է իր առաջին համերգային շրջագայության մասին Ավստրալիայում՝ շրջագայելով Սիդնեյում, Բրիսբենում, Մելբուռնում և Պերթում։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին խումբը թողարկում է «Gift Wrapped Kiss» ամանորյա երգը։

2015-ներկա։ Շրջագայություններ և նույնանուն ստուդիական ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին TLC-ն հայտարարում է, որ պլանավորում է թողարկել խմբի հինգերորդ ստուդիական և վերջին ալբոմը։ Նրանք խնդրում են երկրպագուներին ամենաքիչը հինգ դոլար նվիրատվություն կատարել նախագծի իրականացմանը, որի համար պահանջվում է ընդհանուր 150,000 դոլար[38]։ 48 ժամ չանցած նրանց հաջողվում է հասնել իրենց նպատակին և դառնում են Kickstarter-ի պատմության մեջ ամենաարագ ֆինանսավորում ստացած փոփ նախագիծը։ Ֆինանսավորմանն իրենց ներդրումն են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են New Kids on the Block խումբը (10,000$), Քեթի Փերրին (5,000$), Soulja Boy-ը, Բեթ Միդլերը և Ջասթին Թիմբերլեյքը։ Դրամահավաքի արդյունքում հավաքվում է 400,000 դոլար։ Դրամահավաքի ավարտից հետո հարցազրույցի ժամանակ Ուոտկինսն ու Թոմասը հայտարարում են, որ ալբոմի թողարկումից և առաջխաղացումից հետո նրանք կշարունակեն միասին հանդես գալ որպես TLC[39]։

2015 թվականի մայիսին TLC-ն մեկնում է հյուսիսամերիկյան՝ «The Main Event» շրջագայության՝ New Kids on the Block խմբի և Nelly-ի հետ։ Դա նրանց վերջին 15 տարիների առաջին շրջագայությունն էր 2000 թվականի «Fanmail» շրջագայության ավարտից հետո։ 2016-2017 թվականներին խումբը մեկնում է «I Love the 90s: The Party Continues Tour» շրջագայության։ Նոր ալբոմի արտադրության ժամանակ խումբը դիմում է Լիզա Լոպեսի եղբորը՝ Ռոն Լոպեսին, որպեսզի վերջինս նպաստի Լիզայի մասնակցությանը նոր ալբոմում, քանի որ նա Լիզան շատ չթողարկված նյութեր ուներ։ Այնուամենայնիվ, նրանք որոշում են հրաժարվել Լոպեսի բոլոր արխիվային ձայնագրություններից, քանի որ դրանք չէին համապատասխանում ալբոմի հնչողությանը։ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին TLC-ն Ճապոնիայում թողարկում է երկու՝ «Joyride» և «Haters» երգերը խմբի սպասվող ալբոմից։ Վերջինս զբաղեցնում է ճապոնական iTunes-ի R&B չարթի առաջին հորիզոնականը։ 2016 թվականի դեկտեմբերի 8-ին խումբը առաջին անգամ կատարում է «Sleigh Ride» երգը Միսի Էլիոթի հետ, ինչպես նաև «Sunny» երգը Fox հեռուստաալիքի «Taraji's White Hot Holidays»-ի ժամանակ։

Նրանց հինգերորդ՝ «TLC» ալբոմը թողարկվել է 2017 թվականի հունիսի 30-ին[40]։ Ալբոմի առաջին սինգլը Սնուփ Դոգի մասնակցությամբ «Way Back» երգն է, որը թողարկվել է ապրիլի 14-ին բոլոր խոշոր թվային հարթակներում, իսկ ԱՄՆ-ում տարածվել է RED Distribution-ի կողմից[41]։ 2017 թվականի մայիսին TLC-ն դեբյուտ է կատարել Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնի KOKO համերգասրահում։ Թողարկման առաջին շաբաթում TLC-ն վաճառվել է 12,000 օրինակ[42]։

2019 թվականի հուլիսին TLC-ն մեկնարկել է «Whole Lotta Hits Tour» շրջագայությունը՝ Nelly-ի և Ֆլո Ռայդայի մասնակցությամբ[43]։ 2020 թվականի հոկտեմբերին A&E Network ալիքը զբաղվում է «Biography: TLC» երկու ժամանոց վավերագրական ֆիլմի արտադրությամբ։ Նախագծի գործադիր պրոդյուսերն է Ռոջեր Ռոս Ուիլյամսը, պրոդյուսերն է Ջեֆ Մարցը, իսկ ռեժիսորը Մեթ Քեյն է։ Ֆիլմը նախատեսվում էր թողարկել 2011 թվականին, սակայն հետաձգվում է մինչև 2022 թվականը, այնուհետև 2023-ը։ Ֆիլմը վերանվանվում է «TLC Forever» և թողարկվում է 2023 թվականի հունիսի 3-ին[44][45]։

2021 թվականի հունիսին խումբը մեկնում է «Celebration of CrazySexyCool» շրջագայությունը ԱՄՆ-ի 18 քաղաքներով՝ նշելու խմբի երկրորդ՝ «CrazySexyCool» ստուդիական ալբոմի 25-ամյակը, որը 2019 թվականի հոկտեմբերին Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայից 12-րդ պլատինե հավաստագրումն է ստանում։ Bone Thugs-n-Harmony-ի մասնակցությամբ շրջագայությունը սկսվել է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Ալաբամա նահանգի Ալբերվիլ քաղաքում[46]։

2022 թվականի մարտին հայտնի դարձավ, որ խումբը ելույթ է ունենալու նույն տարվա հունիսին անցկացվող Glastonbury փառատոնում[47]։

2023 թվականի մարտի 13-ին հայտնի դարձավ, որ խումբը մեկնելու է «Hot Summer Nights» շրջագայությանը Շագիի, Էն Վոգի և Շոն Քինգսթոնի մասնակցությամբ։ Շրջագայությունը սկսվել է հունիցի 1-ին[48]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիոն «T-Boz» Ուոտկինս (1990-ներկա) - առաջնային գլխավոր վոկալիստ, պարուհի, բեք վոկալիստ
  • Լիզա «Left Eye» Լոպես (1990-2002, մահացել է 2002-ին) - ռեփեր, պարուհի, բեք վոկալիստ
  • Կրիստալ Ջոնս (1990-1991) - երկրորդային գլխավոր վոկալիստ, պարուհի, բեք վոկալիստ
  • Ռոզոնդա «Chilli» Թոմաս (1991-ներկա) - երկրորդային գլխավոր վոկալիստ, պարուհի, բեք վոկալիստ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հեդլայներ
  • FanMail Tour (1999-2000)
  • TLC 2016 Tour (2016)
  • I Love the 90s: The Party Continues Tour (2017)
  • CeleBraTion of CrazySexyCool (2021-2022)
  • Hot Summer Nights Tour (2023)
Այլ
  • The Main Event (2015)
  • Whole Lotta Hits Tour (2019) (Nelly-ի հետ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Huey, Steve. «TLC – Artist Biography». AllMusic. All Media Network. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Gold & Platinum Searchable Database – June 04, 2014». RIAA. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  3. «RIAJ Certified Million Seller Albums». www.hbr3.sakura.ne.jp. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Kennedy, Gerrick (2012 թ․ նոյեմբերի 5). «TLC Plans First Album in 12 Years». Los Angeles Times.
  5. Thomas, Rebecca (2012 թ․ ապրիլի 25). «TLC's Left Eye Remembered: 10 Years Later». MTV. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  6. «TLC Chart History». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  7. 7,0 7,1 «Billboard Greatest Trios of All Time». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  8. Hood, Danni (Producer) (2013 թ․ հոկտեմբերի 22). [VIDEO] TLC's CrazySexyStory According To The Original "C" (Crystal Jones) And Ian Burke. The Ryan Cameron Show (Radio broadcast). Atlanta, GA.: V103. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  9. Campbell, Patricia (Producer) (2013 թ․ հոկտեմբերի 23). [VIDEO] TLC Details What's Been Crazy, Questioned And Cool Since Their Hit Biopic Aired. The Big Tigger Show (Radio broadcast). Atlanta: V103. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  10. 10,0 10,1 Tionne WATKINS (T'Boz), Lisa Lopes (Left Eye), Rozonda Thomas (Chilli), Debtors. v. LaFace Records, Pebbitone, Inc., Peri Reid d/b/a Pebbitone Music, Movants (In re Watkins) Արխիվացված Նոյեմբեր 6, 2013 Wayback Machine։ Սակայն, ըստ Ուոտկինսի, նա և Լոպեսը խնդրել են Ջոնսին լքել խումբը նախքան պայմանագիր կնքելը
  11. Simmonds, Jeremy (2008). The Encyclopedia of Dead Rock Stars: Heroin, Handguns, and Ham Sandwiches. Chicago Review Press. էջ 473. ISBN 978-1-55652-754-8.
  12. «CrazySexyCool – TLC – Songs, Reviews, Credits – AllMusic». AllMusic.
  13. «500 Greatest Albums of All Time». Rolling Stone. 2009 թ․ մայիսի 31.
  14. «100 Greatest Girl Group Songs of All Time: Critics' Picks». Billboard. 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  15. 15,0 15,1 Epic Records (2013 թ․ հուլիսի 25). «Multi-Platinum Superstars TLC Return With A New Album Featuring Brand-New Music». PR Newswire (Press release). PR Newswire. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  16. «LaFace Congratulates the Century's Finest: TLC». Billboard. Vol. 111, no. 40. 1999 թ․ հոկտեմբերի 2. էջ 119. ISSN 0006-2510 – via Google Books.
  17. Cliff, Aimee (2015 թ․ հուլիսի 22). «The VMAs Have Historically Been Biased Against Black Artists». The Fader. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. «Past Winners Search: TLC». grammy.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  19. Henriques, Diana B. & Samuels, Anita M. (1996 թ․ փետրվարի 5). «Does Going 'Broke' Mean Artist Really Doesn't Have Any Money?». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. «The dark tale of TLC going bankrupt in the '90s». Beat.com.au. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  21. Hicks, J. Rush Jr. «Hicks, J. Rush Jr. (2000). Should a Record Company Be Alarmed When an Artist Files for Bankruptcy? MEIEA Journal Vol 1 No 1, 84–117». Meiea.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  22. «Lessons on self-worth and self-care from TLC's FanMail». Dazed. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  23. Gracie, Bianca (2019 թ․ փետրվարի 22). «TLC's 'FanMail' Turns 20: A Track-By-Track Retrospective With the Girl Group and Behind-the-Scenes Collaborators». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. «1998–4th Annual Soul Train Lady of Soul Awards». soultrain.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  25. «Singer at the End of Time: The Video Diary of Lisa Lopes». The New York Times. 2007 թ․ մայիսի 19.
  26. Reid, Shaheem (2003 թ․ հունիսի 2). «TLC Say Goodbye, Beleaguered Ja Rule Basks In Limelight At Zootopia Show». mtv.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  27. «Lost TLC music Video». YouTube. 2006 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  28. «Lena Park & Japanese Singers – Voice Of Love ~ 上を向いて步こう @ 2004». YouTube. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  29. «TLC's T-Boz and Chilli Reuniting at Justin Timberlake and Friends Concert». American Superstar Magazine. 2009 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «Stooshe – Waterfalls (Official Video)». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  31. London Evening Standard (2012). «A touch of TLC at the Mobo Awards». London Evening Standard. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. «TLC×安室奈美恵、20周年アルバムで日米ビッグ共演実現». Natalie.mu. 2013 թ․ հունիսի 11. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  33. «Lisa 'Left Eye' Lopes – Family Disappointed In TLC Over New 'Waterfalls'». TMZ. 2013 թ․ հունիսի 23. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  34. «Exclusive: Why No Left Eye on "Waterfalls" Remake? TLC Explains». 2013 թ․ հունիսի 27.
  35. Tom Mann (2014 թ․ ապրիլի 15). «TLC announce first ever Australian tour». Faster Louder. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  36. Jonathan Hailey (2013 թ․ նոյեմբերի 26). «TLC Perform "No Scrubs" With Lil Mama On 'Dancing With The Stars' [VIDEO]». The Urban Daily. Interactive One. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  37. Brittany Lewis (2014 թ․ հունվարի 31). «TLC Bring The "Red Light Special" For VH1's "Super Bowl Blitz" Concert Series (VIDEO)». Global Grind. Global Grind © and ™ GlobalGrind.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  38. Bradley Stern (2015 թ․ հունվարի 19). «TLC on Kickstarter, Lady Gaga and Making New Music». Time. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  39. «The SPIN Interview: TLC Look Back on Their First Decade and Ahead to Their Final Album». Spin. 2015 թ․ փետրվարի 26.
  40. «TLC announce release date and want YOU to help title the album!». 2017 թ․ ապրիլի 4.
  41. «TLC prepare for 2 video shoots and form new 852 Musiq label!». 2017 թ․ ապրիլի 14.
  42. «TLC Joins De La Soul & More Artists With Crowdfunded Albums on the Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  43. «NELLY on Instagram: "@goodmorningamerica ..!! "Whole Lotta Hits Tour" tickets @livenation livenation.com"». Instagram. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
  44. «A&E Network Greenlights New Documentary Special 'Biography: TLC' (WT)». AETV.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  45. Folk, Antwane (2023 թ․ մարտի 8). «'TLC Forever' Documentary to Premiere This Year». Rated R&B (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  46. «TLC Announce Dates For 2021 Tour In Celebration Of 'CrazySexyCool'». PR Newswire (Press release). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  47. «Official TLC on Instagram: "Guess who is playing @glastofest this summer?"». Instagram.
  48. «TLC & Shaggy Announce Hot Summer Nights 2023 Tour». Live Nation Entertainment (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 13. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]