1920-1930-ական թվականների հայ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Թումանյան

1920-1930-ական թվականների հայ գրականություն

Զարգացման նոր շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականությունը զարգացման նոր շրջան թևակոխեց Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Քսանական թվականների հենց սկզբից ծայր առավ գրականության բովանդակության ու ձևերի հարստացման, իրականության արտացոլման գեղարվեստական նոր սկզբունքների մշակման բարդ ընթացք։

Զարգացման արդյունավետ ուղիներ և դրանց կողքին՝ բազում խաչուղիներ ու զիգզագներ։ Ռոմանտիկ խանդավառությունը նոր գրականության գալիքի հանդեպ և տարակուսանքներ՝ նորի ստեղծման կապակցությամբ։ Տասնյակ տեսակետներ և հարցադրումներ՝ միմյանց լրացնող ու միմյանց հերքող։ Այսպիսի հակասական իրադրության մեջ սկսվեց քսանական թվականների գրական շարժումը։

Ժողովրդի կյանքում կատարված արմատական հեղաշրջումը թելադրում էր սոցիալիստական գրականության գաղափարական բովանդակության ու գեղարվեստական որոնումների մի նոր ընթացք։ Հոգևոր կյանքի ամենակարևոր խնդիրներից մեկը դարձավ գեղարվեստ, գրականության նոր դիմագծի ձևավորումը։ Մինչ որոշ տեսաբաններ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը գերազանցապես գյուղացիական երկիր է, ժխտում էին պրոլետարական գրականության զարգացման հնարավորությունը, գրականության կենդանի ընթացքը ի հայտ էր բերում իր նոր կառուցվածքի ներքին ու հարուստ պաշարները։

Հայ խորհրդային գրականությանյան սկզբնավորման շրջանի ամենահրատապ խնդիրը, ինչպես և պետք էր սպասել, նրա ստեղծագործական անձնակազմի խնդիրն էր, մասնավորապես, «Անցյալի գրողների»՝ դասականների վերաբերմունքը նոր իրականության հանդեպ։

Լավագույն ստեղծագործողներ։ Նախահեղափոխական շրջանի գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովհաննիսյանը, Հովհաննես Թումանյանը, Նար–Դոսը և այլք ողջունեցին «մուրճ ու մանգաղի» իշխանությունը, նրա մեջ տեսնելով հարազատ ժողովրդի վերածննդի և հայրենի մշակույթի բարգավաճման գրավականը։ Տարագրությունից հայրենիք վերադարձան Ալեքսանդր Շիրվանզադեն և Ավետիք Իսահակյանը։ Դասականների կողքին էին նախահեղափոխական տարիներին ճանաչման հասած գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Խնկո–Ապերը (1875–1935), Վահան Թոթովենցը (1894–1938), Ստեփան Զորյանը, որոնք հետագայում մկրտվեցին «ուղեկիցներ» անունով։ Նորագույն գրականության անձնակազմի առաջին ներկայացուցիչները 1905-ի հեղափոխության բոցերում կոփված գրողներն ու հրապարակախոսներն էին՝ Հ․ Հակոբյան, Շ․ Կուրղինյան, Մ․ Արագի, Մ․ Պետրոսյան, Ա․ Վարդանյան և ուրիշներ։

Քաղաքացիական կռիվների բովով անցած գրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Մահարի

Մյուս խումբը քաղաքացիական․ կռիվների բովով անցած գրողներն էին Եղիշե Չարենց, ԱզատՎշտունի, և այլք։ Եվ, վերջապես, հիմնական զանգվածը գործարաններից, գյուղերից, որբանոցներից եկած երիտասարդությունն էր՝ Ակսել Բակունց (1899–1937), Գուրգեն Մահարի (1903–1969), Վահրամ Ալազան (1903–1966), Նաիրի Զարյան (1900–1969), Գեղամ Սարյան (1902–1976), Հմայակ Սիրաս (1902–1984), Սարմեն (1901–1984), Արաքս (1903–1978), Սողոմոն Տարոնցի (1905–1971), Մկրտիչ Արմեն (1906–1972)։

Պրոլետարական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղիշե Չարենց

Հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանում և հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու, Մոսկվա, Դոնի–Ռոստով) ծավալվում է պրոլետարական գրական լայն շարժում, որը կյանքի է կոչում պրոլետարական գրական խմբակցություններ։ Մինչ դրանց ձևավորումը հայ իրականության մեշ արդեն կազմավորվել էին կուլտուր–լուսավորական հիմունքներով գործող օջախներ՝ Թիֆլիսի Հայարտունը կից «Հայ գրչի մշակների միությունը» (1921–1923), Երևանի «Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը» (1921–22)։

Շարժման ամենանշանակալից երևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլետարական գրական շարժման ամենանշանակալից երևույթը «Երեքի»՝ Չարենցի, Աբովի, Վշտունու խմբակն էր․ այն 1922 թ․ հունիսի 14-ին «Խորհրհրդային Հայաստան» օրաթերթում հրապարակեց իր գեղագիտական հանգանակը՝ «Դեկլարացիա երեքի»-ն, որը խիստ քննադատվեց գեղագիտական մի շարք սխալ դրույթների համար։ «Երեքի» հիմնական սխալն այն էր, որ, ինչպես պրոլետկուլ-տականներն ու ձախ ֆուտուրիստները, նրանք ևս խաչ էին քաշում անցյալի գեղարվեստական ժառանգության վրա։

Դեկլարացիայի «Ռացիոնալ հատիկը» գեղարվեստը հեղափոխական այժմեականությանը՝ կյանքին ի սպաս դնելու միտումն էր։ «Երեքի» պառակտվելուց հետո պրոլետարական գրական շարժումն արդեն հունավորվեց պրոլետկուլտական խմբակներում, որոնք համախմբվեցին «Մուրճ» (Երևան, 1922– 1923), «Դարբնոց» (Թիֆլիս, 1922–1923), «Քուրա» (Մոսկվա, 1923), «Վիշկա» (Բաքու, 1925), «Մուրճ և մանգաղ» պարբերականների շուրջը։ Այս խմբակները ռուս իրականության մեջ հայտնի «Кузница» պրոլետկուլտական խմբակցության հայկական․ տարատեսակներն էին, արտահայտում էին գեղարվեստի ինքնավարության և «Ցեխային» հոգեբանության դավանանքը։

Գրական խմբակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոլետարական գրական խմբակների և նրանց պարբերականների գործունեության առանցքը մասսայական գրականության ստեղծումն էր։ Այդպիսի դեր էր ստանձնել նաև Հայաստանի պրոլետ, գրողների ասոցիացիան (1922–26)։ 20-ական թթ․ սկզբին առաջնահերթ նշանակություն ուներ նորագույն գրկ–յան նյութական հնարավորությունների խնդիրը։ Թեև նոր իշխանությունը մեծ դժվարությունների առջև էր կանգնած, բայց միջոցներ չէր խնայում գրականության զարգացման համար։ Չնայած հրատարակչական լայն հնարավորությունների բացակայությանը, տարեցտարի Սովետական Հայաստանում ավելանում էր հրատարակվող գրքերի ցանկն ու տպաքանակը։ Մեկը մյուսի ետևից լույս էին տեսնում գրական–գեղարվեստ․, քաղաքական–հասարակական հանդեսներ։ Պրոլետարական գրական շարժումը նախնական՝ ինքնորոշման շրջանից (1921–1924) թևակոխում է գրական դիրքերի ամրացման շրջանը։

Պրոլետարական գրողների ասոցիացիան դառնում է մասսայական կազմակերպություն՝ իր բաժանմունքները ստեղծելով Լենինականում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Կիրովական), Ալավերդիում, էջմիածնում և Հայաստանի այլ բնակավայրերում։ 1925-ին ստեղծվեց պրոլետարական նոր միություն՝ «Նոյեմբերը» (գլխավոր դեմքերն էին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը), իսկ 1926 թ․ դեկտեմբերին՝ Հայաստանի պրոլետարական գրողների միությունը։ Այդ միությանը զուգահեռ գործում էին «Հայ գրական ընկերությունը» (1926 թվականից) և «Հայ աշխատավորական գրողների միությունը» (1927 թվականից)։

Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ձևավորվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան (պաշտոնական օրգանն էր «Նոր ուղի» ամսագիրը)։ 1920–1930-ական թվականներին խմբակային ինքնամեկուսացումը դարձել էր գրականության զարգացման լուրջ արգելակ։ Այս իրադրության մեջ հրապարակվեց գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման վերաբերյալ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի ապրիլի 23-ի որոշումը, որի համաձայն Հայաստանում ևս գրողները միավորվեցին մի միասնական կազմակերպության մեջ։

1934 թվականի օգոստոսի 1–ից 8-ը կայացավ Հայաստանի գրողների առաջին համագումարը, որտեղ ձևավորվեց գրողների միությունը։ Խորհրդային բազմազգ գրականության գաղափարական միասնության համար բացառիկ կարևոր նշանակություն ունեցավ խորհրդային գրողների համամիութենական I համագումարը (1934-ի օգոստոս), որի պատմական նշանակությունը Մաքսիմ Գորկին գնահատեց իբրև «Բոլշևիզմի հաղթանակ»։

Հայ ժողովրդի կյանքին ու մշակույթին ծանոթանալու նպատակով 20–30-ական թվականներին Հայաստան են գալիս նաև արտասահմանյան մի շարք առաջադեմ գրողներ։ 30-ական թվականների սկզբին որոշ շրջադարձ է նկատվում գրական ժառանգության գնահատման հարցում։ Անցյալի գեղարվեստ, հուշարձանների գնահատման բարձրակետը եղավ «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը (1939)՝ համամիութենական շրջագծով։ Հայ մշակույթի տարեգրության նշանակալից իրադարձություններ էին նաև հայ արվեստի (1939) և հայ գրականության (1941) տասնօրյակները Մոսկվայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։