Հայարտուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայարտուն, Հայ արվեստի տուն, գրական մշակութային հասարակական կազմակերպություն (1920-1930-ական թթ․)։ Հայարտներ են ստեղծվել հիմնականում Հայաստանից դուրս՝ հայաշատ քաղաքներում, որոնց նպատակն էր նպաստել տեղի հայ գրողների և արվեստագետների ստեղծագործությանն ու արվեստների տարածմանը, հայ բնակչության գեղագիտական դաստիարակությանը՝ կապելով նրանց մայր հայրենիքի մշակութային կյանքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Հայարտունը կազմակերպվել է Երևանում, 1921 թ. հունվարին (գործել է մի քանի ամիս, ունեցել թատերական, երաժշտական ստուդիաներ)։

Թիֆլիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիֆլիսի Հայարտան ղեկավար Հովհաննես Թումանյանը

Նույն թվականի մարտին հիմնադրվել է Թիֆլիսի Վահան Տերյանի անվան Հայարտուն (գործել է մինչև 1930-ական թթ․ կեսը, նախագահ՝ Հովհաննես Թումանյան)։ Մասնաճյուղերը ղեկավարել են Դերենիկ Դեմիրճյանը (գրականություն), Ռոմանոս Մելիքյանը (երաժշտություն), Գրիգոր Շարբաբչյանը (նկարչություն), Ստեփան Քափանակյանը (թատերական ստուդիան՝ Արշակ Բուրջալյանը)։ Կազմակերպվել են գրական դատեր, արվեստի և գրականության թեմաներով դասախոսություններ, ներկայացումներ և քննարկումներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն։

Կ․ Պոլիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլսի Հայարտան ղեկավար Երվանդ Օտյանը

1921 թ. դեկտեմբերից գործել է Կ․ Պոլսի Հայարտունը (ատենապետ՝ Երվանդ Օտյան, ապա՝ Վահան Թեքեյան)։ Մասնաճյուղերի ղեկավարներն էին՝ Կոստան Զարյանը (գրականություն), Գրիգոր Սյունին (երաժշտություն), Փանոս Թերլեմեզյանը (նկարչություն), Արշավիր Շահխաթունին (թատրոն), Աստվածատուր Խաչատրյանը (քննախոսություն)։

Բաթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923-ին բացվել է Բաթումի Հայարտունը (վարչության նախագահ՝ Ս․ Մելիք-Սահակյան)։ Մասնաճյուղերը գլխավորել են Գ․ Գրիգորյանը (գրականություն), Դ․ Ղազարյանը (երաժշտություն), Տ․ Տեր-Մինասյանը (նկարչություն), Մ․ Սաֆարյանը (թատրոն)։ Մասնաճյուղերն ունեցել են ստուդիաներ։

Բաքու[խմբագրել | խմբագրել կոդը]

1925-1930-ական թթ․ կեսին գործել է Բաքվի Ա․ Մարտունու (Մյասնիկյանի) անվ․ Հայարտունը՝ գրական, թատերական, երաժշտական, նկարչական մասնաճյուղերով և ստուդիաներով։ Թատերական ստուդիան ղեկավարել է Պահարեն (1926-1927), ապա՝ Լևոն Քալանթարը, երաժշտականը՝ Անտոն Մայիլյանը (ստուդիայի բազայի վրա ստեղծված Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն՝ 1926-1934-ին)։ Հայարտան գործունեությանը մասնակցել են գրողներ, արվեստագետներ՝ նկարիչ Մուշեղ Սաղյանը, դերասաններ Լևոն Երամյանը, Վահրամ Փափազյանը, Եկատերինա Դուրյան-Արմենյանը և ուրիշներ։ Հրատարակվել է «Հայարտուն» (1925) հանդեսը։

Համանման գործունեություն է ծավալել նաև Մոսկվայի հայ մշակույթի տունը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 154