Jump to content

Ցեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեխոտ կոշիկներ

Ցեխը ջրի և ցանկացած հողակազմ տարբեր տեսակների (ավազակավային, տիղմային, կավային ևն) ջրիկ կամ մածուցիկ խառնուրդն է։ Այն առաջանում է մանրամասնիկ պինդ նյութերի և հեղուկի միախառնումից, ինչը միշտ չէ, որ տեղի է ունենում նստվածքային գործընթացների հետևանքով։ Սովորաբար այն ձևավորվում է ջրամբարների մերձակայքում կամ մթնոլորտային տեղումներից հետո։ Ցեխի հնագույն կուտակումները ժամանակի ընթացքում պնդանալով ձևավորում են նստվածքային ապարներ` կավային հերձաքար, ցեխաքար ևն։ Գետախորշերում հավաքվող ցեխի կուտակումները ժամանակի ընթացքում վերածվում են ծովեզրյա ցեխի կուտակումների։ Ստորջրյա ցեխը կլանում է թթվածինը[1]։ Դա կարող է հանգեցնել ջրի անօքսիայի, որը, սակայն, կարող է օդավորվել կենդանի օրգանիզմների շնորհիվ։ Ցեխերի որոշ տեսակներ օգտագործվում են ցեխաբուժության մեջ։

Հայերեն «ցեխ» բառը ծագում է շումերերեն 𒋞 (ճահիճ) բառից[2]։ Հայերենում «ցեխոտ» բառն օգտագործվում է նաև որպես «կեղտոտ» բառի հոմանիշ[3]։

Գիտական դասակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև ցեխ բառով անվանում են ցանկացած հողակազմի և ջրի խառնուրդը, գոյություն ունի ցեխերի գիտական դասակարգում։ Տարբերում են կավային, աղային, գիպսային, կրաքարային (կալցիումի կարբոնատով (CaCO3) հարուստ), որձաքարային (սիլիցիումի երկօքսիդով (SiO2) հարուստ), ռադիոլարիտային (ճառագայթավորների մնացորդներից բաղկացած), գլոբիգերինային (գնդակիրների մնացորդներից բաղկացած) և այլ ցեխեր[4][5]։

հարավային ծովափղի մատղաշը ցեխալոգանքի ժամանակ

Ցեխը կենսագոտի է բազմաթիվ կենդանիների համար, ինչպիսիք են, օրինակ` որդերը, գորտերը, խխունջները, կատարաոստրեները, խեցգետինները։ Այլ կենդանիներ, օրինակ` գետաձիերը, խոզերը, ռնգեղջյուրները, գոմեշները և փղերը ցեխալոգանքի միջոցով իրենց վրայից մաքրում են տարբեր մակաբույծների և/կամ պաշտպանվում են արևից։ Թաց ցեխի մեջ կարող են ծվադրել տարբեր միջատներ։

Ցեխը կարևոր դեր է խաղում ծովային էկոհամակարգի համար։ Հողափոր կենդանիների և ձկների գործունեության արդյունքում ծովեզրյա ցեխն անընդհատ շրջապտույտի մեջ է գտնվում, ինչի հետևանքով այն կատարվում է թթվածնի, պարարտանյութերի և հանքային աղերի անընդհատ շրջապտույտ և փոխանակություն ջրի և նստվածքի միջև[6]։

Ջրաբնակ որոշ տեսակներ ստեղծում են խորը ցանցանման փորվածքներ, որոնք կարող են միացված լինել իրար։ Դա պատճառ է դառնում, որ փորված ցեղը դառնա արդյունավետ կենսագոտի, որը հարուստ է սննդով և ապահովում է ապաստան ցեխաբնակ և ցեխի վրա ու դրա մեջ սնունդ հայթհայթող կենդանիների համար[6]։

Շինարարական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցեխածեփ տուն Պակիստանում
Արգ-է Բամ, Աշխարհի խոշորագույն ցեխակերտ շինություններից մեկը[7]
Ցեխից տուն Եմենի Ամրան քաղաքում

Ցեխը մարդկության օգտագործած հնագույն շինանյութերից է։ Հարավային Ասիայում հայտնաբերվել են ցեխակերտ տներով բնակավայրեր[8]։ Ցեխը լայն կիրառվել է հնդկական[8], միջագետքյան[9], մինոյան[10] և եգիպտական[11] քաղաքակրթությունների շինարարություններում։

Շինարարության մեջ կիսաջրիկ ցեխը կիրառվում է որպես շաղախ, սվաղ և խտածածկույթ։ Կախված խառնուրդի մեջ օգտագործվող նյութերից և դրանց հարաբերակցությունից այդ խառնուրդը կարող է տարբեր անվանումներ ունենալ։

Ցեխը, կավագլանը, ալիզը, կավը և այլ անվանումներն ավանդաբար օգտագործվել են բնորոշելու համար ջրի և ընդերքանյութերի խառնուրդը, որին հնարավոր է խառնել նաև քարեր, խիճ, ծղոտ, կիր կամ բիտում։ Ցեխային խառնուրդներն օգտագործվել են շինությունների պատեր, հատակներ և տանիքներ կառուցելու համար։ Աշխարհի տարբեր մասերում օգտագործվել են կավե աղյուսներ (թրծված կամ հում), մորճուկավ, հողապատ ևն։

Ցեխի և ջրի խառնուրդից հնարավոր է ստանալ ցեխաղյուս` ալիզ։ Այն ստացվում է ցեխը և ջուրն իրար խառնելուց և այդ խառնուրդը հատուկ կաղապարի մեջ լցնելուց հետո այն բացօթյա չորացնելուց հետո[12]։ Հաճախ նման աղյուսների մեջ օգտագործվում է ծղոտ։ Այն աղյուսների մեջ ստեղծում է հյուսվածք, ինչն ավելի ամուր է դարձնում դրանք։ Աղյուսների վրա գործադրվող ուժը ցրվում է ծղոտի միջոցով և դրանով նվազում է աղյուսների փշրվելու հնարավորությունը[13]։

Ցեխաշեն շինությունները պետք է լավ պաշտպանված լինեն հոսքային ջրերից։ Դա կարող է արվել քարով, թրծած կավով, շինարարական աղբով։ Անձրևաշատ տեղանքում նման շինությունները տեղումներից պաշտպանվում են կարկառով։ Չորային տեղանքում հարթ ցեխատանիքը պաշտպանվում է ցեխից խտածածկույթով, որը թրջվելով այն դարձնում է ջրադիմացկուն[14]։

Թրծած աղյուսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրծած աղյուսներն ավելի ամուր և դիմացկուն են, բայց դրանց արտադրությունը պահանջում է ավելի շատ ջանք։ Թրծած աղյուսները հիմնականում պատրաստում են կավային կամ կավային ու ավազային հումքից։

Ամրապնդված ցեխ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրապնդված ցեխը ցեմենտային կամ բիտումային շաղախ պարունակող ցեխն է։ Նման խառնուրդներն օգտագործվում են արագ ու էժան աշխատանքների կատարման ժամանակ, օրինակ` երկրորդական ճանապարհների կամ հողերի բարելավման ժամանակ։

Խեցեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեցեգործությունը կավի ու դրա հանքային հավելանյութերի խառնուրդների թրծումից պետքական տեսքի առարկաների ստանալու և դրանք հատուկ վառարաններում չորացնելու գործընթացն է։ Վառարանի միջոցով մշակելիս կավե իրերի մեջից դուրս է գալիս ավելորդ խոնավությունը, դրանք ստանում են հավելյալ կարծրություն և ավելի ընդգծված տեսք։ Կավե իրը կարող է զարդարվել նախքան վառարանում թրծելը, կամ դրանից հետո։ Նախքան հում կավին տեսք տալն այն պետք է կոլոլվի և հունցվի։ Դա թույլ է տալիս բաշխել դրա մեջի խոնավությունը և դուրս անել օդը։ Գոյություն ունեն նաև օդաքամիչ սարքեր կավի համար։ Հունցումից հետո կավե իրերին տալիս են տեսք։ Տեսքը տալուց հետո կավե իրը չորացնում են, ապա` թրծում։ Ջրիկ ցեխի պատրաստումը շատ կարևոր է խեցեգործության մեջ, քանի որ դրա ժամանակ առանձնացվում են խոշոր կտորները։

Դժվարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտոցիկլետը ցեխի մեջ Ռասպուտիցայի ժամանակ

Ցեխը կարող է խնդիրներ առաջացնել մոտորային տրանսպորտի համար, հատկապես բարձր խոնավության դեպքում, քանի որ տրանսպորտի ցանկացած գործառույթ, որը կապված է ուղղության և արագության փոփոխման հետ, կախված է անիվների և ճանապարհի շփումից։ Ցեխի շերտը ճանապարհի կամ անիվների վրա կարող է պատճառ դառնալ տրանսպորտի ջրասահման համար։

Հորդ անձրևները, ձնհալքը, կամ ապարային ջրերի բարձր մակարդակը կարող են առաջացնել հողի կամ ապարների շարժ, դառնալով սելավների, սողանքների, քարաթափումների, ձագարափոսերի պատճառ։

Հրաբխային տեղանքներում սելավները (լահարներ (ճավ. ꦮ꧀ꦭꦲꦂ)) լինում են ժայթքումներից հետո, երբ անձրևը տարածում է հրաբխային մոխիրը[15]։

Էլ Նինյոյի պատճառով ԱՄՆ-ի արևմտյան մասում երկար ժամանակ գերիշխում էին սելավները։

Հալած շոկոլադ

Հայերենում կան սննդի սխալ պատրաստման վերաբերյալ կոպտասացություններ, օրինակ` "ցեխ դառնալ" կամ "ցեխանալ": Վատահամ սնունդը երբեմն անվանում են "հողահամ":

Գոյություն ունեն «ցեխ» պատրաստելու մանկական բաղադրատոմսեր։ Դրանց հիմքում շոկոլադից կամ օսլայից շիլան է և դրանց բաղադրությունում բացակայում է որևէ տեսակի ցեխը[16]։

Հողակերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողակերությունը (հուն․՝ γεωφαγία) հող կամ հողանման նյութեր ուտելու երևույթն է։ Որոշ կենդանի օրգանիզմներ որպես սնունդ օգտագործում են տարբեր հանքային ապարներ, սակայն այդ երևույթը կարող է հանդիպել նաև մարդկանց շրջանում, հատկապես` գյուղական տեղանքների երեխաների և հղի կանանց[17]։

Սոցիալական և մշակութային կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեխաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեխաբուժությունը տարբեր ծագման բուժիչ ցեխերի և ցեխանման նյութերի կիրառումն է բուժական նպատակներով։ Ցեխերը բուժիչ նպատակներով օգտագործել են դեռևս Հին Հունաստանում ու Հռոմում[18] և Եգիպտոսում[19]։ Հնում Հայաստանում ցեխաբուժության կարևոր կենտրոններից են եղել Բաղանիք արքունականք, Վայոց ձորի, Վարշակի, Եղեգի ջերմուկները։ Ցեխաբուժության մի տեսակ է ցեխալոգանքը։

Ցեխի մարզաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեխն օգտագործվում է տարբեր մարզաձևերի տարատեսակների մեջ։ Դա արվում է մրցումը դժվարացնելու կամ ավելի զվարճալի դարձնելու համար։ Նման մարզաձևերից են ցեխավազքը[20][21][22], ցեխի ֆուտբոլը, ցեխի ըմբշամարտը, ցեխի վոլեյբոլը, ցեխի մոտոմրցումը, ցեխի ավտոմրցումը ևն։

Խաղեր և զվարճանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեխով խաղերը տարածված զբաղմունք են երեխաների համար։ Դա ոչ միայն զվարճալի զբաղմունք է, այլ նաև օգտակար[23]։

Հարավկորեական Պորյոնում ամեն տարի անցկացվում է ցեխի փառատոն։ Նման փառատոն կա նաև Բրազիլիայում[24]։ Ցեխային ավանդական արարողություններ են պահպանվել Չինաստանում, Ճապոնիայում, Հայիթիում և Օվկիանիայում[25]։

Հայերենում կան «ցեխ» բառով կազմված տարբեր դարձվածքներ[26].

  • «Ցեխ անել» - ուրիշի ունեցվածքը յուրացնել
  • «Ցեխը կոխել» - խայտառակել
  • «Ցեխը կոխ տալ» - վատ պարել
  • «Ցեխը քսել երեսին» - խայտառակել
  • «Ցեխն արևին» - մեռնել
  • «Ցեխն ընկնել» - վերանալ
  • «Ցեխն ընկածին տրորել» - տուժածին վնասել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Edwards, R. W. & H. L. J. Rolley (1965), Oxygen consumption of river muds. J. Ecol. 53: 1–19
  2. Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926, Հատոր 4, Էջ 454:
  3. Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1967, էջ 637
  4. Chemie.de
  5. Geowissenschaftliche Aspekte der Nutzung von ariden Gebieten
  6. 6,0 6,1 A summary of the ‘Burrowed Mud’ MPA search feature. (n.d.). Retrieved January 13, 2015, from http://webcache.googleusercontent.com/search?q=cache:4-c-IWKEf1kJ:www.scotland.gov.uk/Resource/0039/00394205.doc(չաշխատող հղում) &cd=3&hl=en&ct=clnk&gl=us
  7. Centre, UNESCO World Heritage. «Bam and its Cultural Landscape». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 Bricks and urbanism in the Indus Valley rise and decline, bricks in antiquity
  9. Mogens Herman Hansen, A Comparative Study of Six City-state Cultures, Københavns universitet Polis centret (2002) Videnskabernes Selskab, 144 pages 87-7876-316-9
  10. C. Michael Hogan, Knossos fieldnotes, Modern Antiquarian (2007)
  11. Kathryn A. Bard and Steven Blake Shubert, Encyclopedia of the Archaeology of Ancient Egypt, 1999, Routledge, 938 pages 0-415-18589-0
  12. «Mud brick». yourhome.gov.au. 2013 թ․ հուլիսի 29.
  13. Smith, Michael G. The Cobber’s Companion: How to Build Your Own Earthen Home. Cottage Grove: Cob Cottage, 1998. Print.
  14. «Preservation Brief 5: Preservation of Historic Adobe Buildings». nps.gov.
  15. "Mud on the Move." Earth: The Definitive Visual Guide. London: Dorling Kindersley, 2013. 98. Print.
  16. «Magic mud food recipe – Magic mud ingredients & cooking». Cookadvice.com. 2012 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. Abrahams PW (2003). «Human Geophagy: A Review of Its Distribution, Causes, and Implications». In Skinner HC, Berger AR (eds.). Geology And Health: Closing The Gap. Oxford University Press US. ISBN 0-19-516204-8.
  18. A brief history of spa therapy
  19. The Suitability of Some Egyptian Smectitic Clays for Mud Therapy
  20. «Mud Run – Obstacle Races – Tough Mudder». Tough Mudder. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  21. «Cerebrun – Get Mental». Cerebrun. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  22. «Warrior Dash – The World's Largest Obstacle Race Series». Warrior Dash. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  23. The Guardian, "Why our children need to get outside and engage with nature"
  24. «BFMTV, Բրազիլական ցեխի փառատոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  25. Performance, art et anthropologie (« Les actes »)
  26. Աշոտ Մուրադի Սուքիասյան եւ Սերգեյ Աշոտի Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1975, Էջ 568