Սիլիցիումի երկօքսիդ
Սիլիցիումի երկօքսիդ, սիլիկահող, SiO2, սիլիցիումի և թթվածնի միացությունը սիլիկաթթվի անհիդրիդն է։ Անգույն, դժվարահալ, պինդ նյութ է, հալվում է +1728 °C-ում, չի լուծվում ջրում և թթուներում։ Լուծվում է ֆտորաջրածնական թթվում, շատ դանդաղ՝ նաև ալկալիներում։ Խառնուրդներ պարունակող սիլիցիումի երկօքսիդը գունավորված է։ Առաջացնում է պոլիմորֆային ձևափոխություններ՝ քվարց, տրիդիմիտ, կրիստոբալիտ, կոեսիտ, ստիշովիտ, կիտիտ, մանրաթելային սիլիկա հող։ Հալված սիլիցիումի երկօքսիդը պնդանում է՝ առաջացնելով ամորֆ ձևափոխություն՝ քվարցե ապակի։ Սիլիցիումի երրկօքսիդը անօրգանական պոլիմեր է՝ բաղկացած է թթվածնի ընդհանուր ատոմներով իրար միացած [SiO4]4 քառանիստերից (ստիշովիտը՝ [SiOe]8՜ օկտաէդրներից)։ Բնության մեջ հանդիպում է քվարց, տրիդիմիտ և կրիստոբալիտ, նաև ջուր պարունակող օպալ կիզելգուր միներալների ձևով և կազմում է երկրակեղևի զանգվածի 12%։ Սիլիցիումի երկօքսիդը օգտագործվում է սիլիկատների (ապակի, խեցեղեն, հղկափոշի, բետոն, աղյուս են) արտադրության մեջ և ռադիոտեխնիկայում։
Քվարց
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվարցի թափանցիկ անգույն բյուրեղներն անվանում են վանակն (լեռնային բյուրեղապակի)։ Քվարցը բնության մեջ խառնված է լինում տարբեր նյութերի հետ, այդ պատճառով ունենում է զանազան երանգներ։ Լեռնային բյուրեղապակու բյուրեղներն անգույն են ու խոշոր։ Քվարցն ունի տարբեր անվանումներ։ Նրա տարատեսակների ամենակարևոր առանձնահատկությունը բյուրեղացանցի կառուցվածքի տարբերություններն են, չնայած պատմականորեն քվարցի տարատեսակների անունները տրվել են ըստ գույների։
Ամեթիստ (մեղեսիկ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեթիստը մանուշակագույն քվարցն է՝ մուգից մինչև հազիվ տեսանելի երանգով։ Արեգակի լույսի տևական ազդեցությունից ամեթիստը գունատվում է։
Ավանտյուրին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա քվարցի մանրահատիկ տարատեսակն է։ Կարող է լինել սպիտակ, վարդագույն, դեղին, բալի կարմիր, կանաչ կամ կապույտ (շատ հազվագյուտ)։ Օգտագործվում է զարդեր, մոմակալներ, դանակների և պատառաքաղների կոթեր, փոքրիկ սկահակներ պատրաստելու համար։ Արդյունահանման հիմնական վայրերն են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմիայի 12-րդ դասարանի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի դասագիրք (Առլիկ Խաչատրյան, Լիդա Սահակյան)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլիցիումի երկօքսիդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |