Վիեննայի ազգագրության թանգարան (անգլ.՝ Museum of Ethnology, գերմ.՝ Museum für Völkerkunde), Ավստրիայի ամենամեծ ազգագրական թանգարանն է։ Գտնվում է Վիեննայում։ Հիմնադրվել է 1876 թվականին։ Թանգարանը տեղավորված է Հոֆբուրգում[2]։
Հավաքածուն ներառում է քառորդ միլիոն ազգագրական և հնագիտական նմուշներ Ասիայից, Աֆրիկայից, Օվկիանիայից և Ամերիկայից։ Կարևոր հավաքածուները ներառում են մեքսիկական արտիֆակտներ, այդ թվում եզակի ացտեկական փետուրե աշխատանքներ, Ջեյմս Կուկի Պոլինեզիայան և Հյուսիսարևմտյան ափի մշակույթների հավաքածուների մի մասը (ձեռք է բերվել 1806 թվականին), Բենինյան բրոնզե աշխատանքներ, Չարլզ ֆոն Հյուգելի հավաքածուն ձեռք բերված Հնդկաստանից, Հարավարևելյան Ասիայից, Չինաստանից, ինչպես նաև Ավստրո-բրազիլական արշավախմբի հավաքածուներից, SMS Novara -ի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում ձեռք բերված նմուշներ և ռոնգոռոնգո դեռևս մնացած հուշատախտակներից երկուսը։
Թանգարանի ամենահայտնի նմուշն ացտեկների առաջնորդ Մոնթեսումա II-ի փետուրե գլխանոցն է, որը տարաձայնությունների պատճառ է դարձել Մեքսիկայի և Ավստրիայի կառավարությունների միջև։ Չնայած այն 16-րդ դարում իսպանացիները Մեքսիկայից տարել են որպես պատերազմական ավար, Ավստրիան 1880 թվականին այն իրավաբանորեն ձեռք է բերել Ֆրանսիայից։
Վիեննայի ազգագրության թանգարանը չպետք է շփոթել Ավստրիայի ֆոլկլորային թանգարանի հետ (Österreichisches Museum für Volkskunde), թեև գերմաներենում նրանք նույն անունն ունեն, ֆոլկլորային թանգարանի հավաքածուն կենտրոնանում է եվրոպական նմուշների վրա։