Վեներա-9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա-9
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1975-050A[1]
NSSDCA ID1975-050A
SCN07915
Պտույտի ժամկետ48,3 ժամ
Գործարկման ամսաթիվ1975 հունիսի 8, 02:38 UTC[1][2][3]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա[2]
Զանգված4936 կգ[1][2]

Վեներա 9 (ռուս.՝ Венера 9, կամ 4V-1 համար 660[4]), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ԱՄԿ, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1][5]։ ԱՄԿ-ն առաջին կայանն էր, որը մուտք գործեց Վեներայի ուղեծիր, իսկ նրա իջեցվող սարքը առաջինն էր, որ վերադարձրեց լուսանկարներ մոլորակի մակերևույթից[6]։

Ուղեծրակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը մտավ Վեներայի ուղեծիր 1975 թվականի հոկտեմբերի 20-ին։ Նրա հիմնական առաքելությունն էր ծառայել որպես հաղորդակցության փոխանցող կայան իջեցվող սարքի և Երկրի միջև, նպատակ էր դրված նաև ուղեծրից ուսումնասիրել ամպերի շերտերն ու մթնոլորտային պարամետրերը մի քանի գործիքների և փորձերի միջոցով։ Ուղեծրակայանը իրականացրել է 17 հետազոտական ​​փորձ 1975 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 25-ը։

Ուղեծրակայանը բաղկացած էր գլանաձև իրանից, որին երկու կողմերից ամրացված մարտկոցներ։ Կայանի կոր մակերեսին կցված էր նաև բարձր հզորացումով պարաբոլիկ ալեհավաք։ Շարժիչների համակարգը կրող շրջանաձև մոդուլը ամրացված էր կայանի ներքևի մասում, իսկ կայանի գլանի մյուս կողմին ամրացված էր իջեցվող սարքի 2,4 մետրանոց գունդը։ Ուղեծրակայանի վրա տեղադրված էին հետևյալ գիտական սարքերը՝ ինֆրակարմիր սպեկտրոմետր և ռադիոմետր, ուլտրամանուշակագույն լուսաչափ, Եռակողմ մագնիսաչափ, տեսախցիկներ, էլեկտրաստատիկ վերլուծիչ, իոնային թակարդ, ցածր էներգիայի պրոտոնններ / ալֆա մասնիկների դետեկտոր, ցածր էներգիայի էլեկտրոնների դետեկտոր, գազի արտանետման 2 հաշվիչ, չերենկովյան դետեկտոր[7]։

Իջեցվող սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներայի մակերևույթի առաջին հստակ լուսանկարը, որն արվել է Վեներա-9 իջեցվող սարքից 1975 թվականի հոկտեմբերի 22-ին

1975 թվականի հոկտեմբերի 20-ին կայանի իջեցվող սարքը անջատվեց ուղեծրակայանից և հոկտեմբերի 22-ին ժամը 05:13 կատարեց վայրէջք մակերևույթին։ Վեներա 9-ը վայրէջք կատարեց 31,01° հց․լայն․ 291,64° աե․ երկ․ կետից 150 կմ շառավղով տարածքում, Բետա շրջանում մոտ, ժայռաբեկորներով պատված զառիթափ (20°) լանջի վրա (կասկածվում է, որ դա Այխիլու Չասմա տեկտոնական ռիֆտային հովտի լանջն էր)։ Իջեցվող սարքը կշռում էր 1560 կգ վայրէջքի սկզբում, իսկ մակերևույթին հասած պահին՝ 660 կգ[8]։

Իջեցվող սարքը ուներ գնդաձև պաշտպանիչ պարկուճ, մթնոլորտի շփման արդյունքում առաջացած ջերմությունից պաշտպանելու համար։ Այն մթնոլորտ մտնելուց հետո արգելակել է վայրկյանում 10,7 կիլոմետրից մինչև 150 մետր/վրկ արագություն։ Այնուհետև այս պարկուճը պայթեցվեց և գործարկվեց եռագմբեթ պարաշյուտ, որը դանդաղեցրեց վայրէջքի արագությունը մինչև 50 մետր վայրկյանում մոլորակից 63 կիլոմետր բարձրության վրա[9]։

Ամպային շերտի միջով իջնելը տևել է մոտ 20 րոպե, որի ընթացքում իջեցվող սարքը կատարել է մթնոլորտի պարամետրերի չափումներ և տեղեկությունները փոխանցել ուղեծրակայանին[9]։ Տաք մթնոլորտում իջնելիս իջեցվող սարքի վրա ջերմության ազդեցության վնասը նվազագույնի հասցնելու համար պարաշյուտը բաց է թողնվել 50 կիլոմետր բարձրության վրա, և սարքը վայր է ընկել արգելակելով օղակաձև աերոդինամիկ վահանով։ Վեներայի մթնոլորտն այնքան խիտ է մակերևույթի մոտ, որ այս վահանն ապահովեց վայրէջքի արագությունը 7 մետր վայրկյանում մակերևույթին դիպչելու պահին[9]։ Իջեցվող սարքի ստորին հատվածում տեղադրված սնամեջ օղակաձև հենքը մասամբ ջախջախվել է վայրէջքի հարվածային ազդեցության մեծ մասը վերցնելով իր վրա[9]։

Վեներա-9-ը առաջին տիեզերանավն էր, որը վերադարձրեց մեկ այլ մոլորակի մակերեւույթից լուսանկար։ Գիտական գործիքներից շատերը սկսեցին աշխատել անմիջապես հարվածից հետո, իսկ տեսախցիկները գործարկվեցին 2 րոպե անց։ Գործիքները բացահայտեցին հարթ մակերես՝ բազմաթիվ քարերով։ Իջեցվող սարքը չափել է մակերևույթին լուսավորության մակարդակը, որը կազմում էր 14000 լյուքս, սա նման է Երկրի ցերեկային լուսավորության մակարդակին առանց ուղղակի արևի ճառագայթների[9]։

Կայանի ներսում հովացումը ապահովելու համար օգտագործվել է շրջանառվող հեղուկային համակարգ։ Այս համակարգը, գումարած նախնական սառեցումը նախքան մուտքը մթնոլորտ, թույլ տվեց ապահովել իջեցվող սարքի աշխատանքը և տվյալների փոխանցումը ուղեծրակայանին վայրէջքից հետո 53 րոպեի ընթացքում, դրանից հետո սարքի հետ ռադիոկապն ընդհատվեց, քանի որ ուղեծրակայանը դուրս եկավ ռադիոկապի տիրույթից[7]։ Իջեցվող սարքի մոտ 2200 կմ հեռու վայրէջք է կատարել Վեներա-10 կայանի իջեցվող սարքը։

Վեներա 9-ի կատարած չափումները ցուց տվեցին, որ ամպերի հաստությունը կազմում էր 30–40 կմ, և դրանց հիմքերը գտնվում էին մակերևույթից 30–35 կմ բարձրության վրա։ Կայանը նաև չափել է մթնոլորտի քիմիական բաղադրությունը, և հայտնաբերել աղաթթու, ֆտորաջրածնական թթու, բրոմ և յոդ։ Այլ չափումները ներառում էին մոտ 9100 կիլոպասկալ (90 մթն․) մակերևութային ճնշում, 485 °C ջերմաստիճան և մակերևույթի լուսավորության մակարդակ, որը համեմատելի էր ամառային ամպամած օրերին Երկրի միջին լայնություններում։ Վեներա-9-ն առաջին զոնդն էր, որը ուղարկեց հեռուստատեսային (սև և սպիտակ) նկարներ Վեներայի մակերևույթից, որոնց վրա ստվերներ չկային, օդը պարզ էր առանց փոշու և մակորևույթը ծածկված էր 30-ից 40 սմ չափերով ժայռակտորներով, որոնք չունեին էռոզիայի հետքեր։ Պլանավորված 360 աստիճան համայնապատկերային լուսանկարը հնարավոր չի եղել ստանալ, քանի որ տեսախցիկի ոսպնյակների երկու կափարիչներից մեկը չհաջողվեց բացել, ինչը սահմանափակեց նկարները մինչև 180 աստիճան։ Այս ձախողումը կրկնվեց Վեներա-10-ի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Venera 9». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  4. «History of the Venera 75 project». RussianSpaceWeb.com.
  5. «Venera 9». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  6. «Solar System Exploration Multimedia Gallery: Venera 9». NASA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  7. 7,0 7,1 Mitchell, Don P. «First Pictures of the Surface of Venus». Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  8. Interplanetary Spacecraft
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Keldysh, M. V., 1977: "Venus Exploration with the Venera 9 and Venera 10 Spacecraft", Icarus, 30: 605-625.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]