Jump to content

Ռիֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Աֆրիկայի պառակտման համակարգի արբանյակային պատկերը

Ռիֆտ (անգլ.՝ rift - կիրճ, ճեղք), երկրակեղևի մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար կմ գծային բացվածքային ստրուկտուրաներ[1][2] ։ Սովորաբար կապվում են երկրակեղևի ձգման պրոցեսների ժամանակ առաջացած խզումնային խախտումների համակարգերի հետ։ Տեկտոնական պրոցեսների հետևանքով նշված խախտումների գոտիներով կատարվող շարժումներն առաջացնում են Ռիֆտային համակարգեր, որոնց մեջ մտնում են տարբեր կարգի համարյա զուգահեռ ձգվող աստիճանաձև վարնետվածքներ։ Վերջիններս պայմանավորում են գրաբենային հովիտների առաջացումն ու զարգացումը։ Ռիֆտի համար բնորոշ են ուժեղ ձգվածությունը (մինչև մի քանի հազար կմ), նեղությունը (30-70 կմ), խորությունը (5-7 կմ) և լանջերի թեքությունը (20-30°-ից մինչև 90°)։ Ռիֆտային ստրուկտուրաները սեյսմաակտիվ գոտիներ են և բնութագրվում են ալկալային և հազվադեպ թթու կազմի հրաբխականությամբ։ Հայտնի են և՛ մայրցամաքներում, և՛ օվկիանոսներում։

Մայրցամաքային ռիֆտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային ռիֆտերից ամենաբնորոշներն են Արաբա֊ Աֆրիկյան ռիֆտային գոտին, Բայկալյան, Հռենոսյան, Հյուսիսային Ամերիկայի լեռնաշղթաների և հովիտների մարզի կամ Մեծ Ավազանի ռիֆտերը։ Նշված ռիֆտերը առաջացել են հիմնականում նեոգենում և չորրորդական ժամանակաշրջանում։ Մայրցամաքային ռիֆտերն անհամեմատ բարդ եզրագծեր ունեն և սահմանափակվում են խախտման խոշոր գոտիներով։

Օվկիանոսային ռիֆտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսային ռիֆտերը լայն տարածում ունեն Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում։ Դրանց բնորոշ է ստորջրյա լեռնաշղթաների և իջվածքների առկայությունը։ Դրանք անհամեմատ նեղ, խիստ ձգված, խոր, V-աձև կտրածքով կիրճեր են։ Ի տարբերություն մայրցամաքային ռիֆտերի, օվկիանոսային ռիֆտերի հատակում բացակայում է երկրակեղևի բյուրեղացած հիմքը։ Օվկիանոսային ռիֆտերի կիրճերի հատակի ապարներն ունեն երկրի վերին պատյանի նյութի կազմ և այդ նյութի բարձրացման կամ արտավիժման արդյունք են։ Օվկիանոսային ռիֆտերից ամենանշանավորը Ատլանտյան ռիֆտի գոտին է։

Միջմայրցամաքային ռիֆտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջմայրցամաքային ռիֆտերը հիմնականում նման են օվկիանոսային ռիֆտերին։ Սրանք նույնպես զուրկ են մայրցամաքային հիմքից, տեղաբաշխվում են մայրցամաքների հարակցման գոաիներում (Կարմիր ծովի, Ադենի նեղուցի ռիֆտերը և այլն)։ Գոյություն ունեն ռիֆտերի առաջացման մի քանի հիպոթեզ։ Նորագույն տեկտոնիկայի դրույթների համաձայն ռիֆտերը առաջանում են Երկրի լիթոսֆերային սալերի հորիզոնական ուղղությամբ իրարից հեռանալու հետևանքով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rift valley: definition and geologic significance, Giacomo Corti, The Ethiopian Rift Valley
  2. Decompressional Melting During Extension of Continental Lithosphere, Jolante van Wijk, MantlePlumes.org

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Christiane Martin, Manfred Eiblmaier (Hrsg.)։ Lexikon der Geowissenschaften ։ in sechs Bänden, Heidelberg [u. a.]։ Spektrum, Akad. Verl., 2000-2002

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։