Վեներա-10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա-10
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1975-054A[1]
NSSDCA ID1975-054A
SCN07947
Գործարկման ամսաթիվ1975 հունիսի 14, 03:00:31 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա[2]
Զանգված5033 կգ[1][2]

Վեներա 10 (ռուս.՝ Венера 10, կամ 4V-1 համար 661[2][3]), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ԱՄԿ, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։

Ուղեծրակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը մտավ Վեներայի ուղեծիր 1975 թվականի հոկտեմբերի 23-ին։ Նրա հիմնական առաքելությունն էր ծառայել որպես հաղորդակցության փոխանցող կայան իջեցվող սարքի և Երկրի միջև, նպատակ էր դրված նաև ուղեծրից ուսումնասիրել ամպերի շերտերն ու մթնոլորտային պարամետրերը մի քանի գործիքների և փորձերի միջոցով[4]։

Ուղեծրակայանը բաղկացած էր գլանաձև իրանից, որին երկու կողմերից ամրացված մարտկոցներ։ Կայանի կոր մակերեսին կցված էր նաև բարձր հզորացումով պարաբոլիկ ալեհավաք։ Շարժիչների համակարգը կրող շրջանաձև մոդուլը ամրացված էր կայանի ներքևի մասում, իսկ կայանի գլանի մյուս կողմին ամրացված էր իջեցվող սարքի 2,4 մետրանոց գունդը։ Ուղեծրակայանի վրա տեղադրված էին հետևյալ գիտական սարքերը՝ ինֆրակարմիր սպեկտրոմետր և ռադիոմետր, ուլտրամանուշակագույն լուսաչափ, Եռակողմ մագնիսաչափ, տեսախցիկներ, էլեկտրաստատիկ վերլուծիչ, իոնային թակարդ, ցածր էներգիայի պրոտոնններ / ալֆա մասնիկների դետեկտոր, ցածր էներգիայի էլեկտրոնների դետեկտոր, գազի արտանետման 2 հաշվիչ, չերենկովյան դետեկտոր[5]։

Վեներա հասնելու համար տիեզերանավը ուղևորվել է Երկրից դեպի մոլորակ հելիոկենտրոն ուղեծրով՝ 0,72 ԱՄ պերիհելիով, 1,02 ԱՄ ապոհելիով, 0,17 էքսցենտրիսիտետով, 2,3 աստիճանի թեքումով և 294 օր ուղեծրի պարբերությամբ։

Իջեցվող սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հոկտեմբերի 23-ին կայանի իջեցվող սարքը անջատվեց ուղեծրակայանից և հոկտեմբերի 25-ին ժամը 05:17 կատարեց վայրէջք մակերևույթին։ Իջեցվող սարքը կշռում էր 1560 կգ վայրէջքի սկզբում, իսկ մակերևույթին հասած պահին՝ 660 կգ[6]։ Կայանի ներսում հովացումը ապահովելու համար օգտագործվել է շրջանառվող հեղուկային համակարգ։ Այս համակարգը, գումարած նախնական սառեցումը նախքան մուտքը մթնոլորտ, թույլ տվեց ապահովել իջեցվող սարքի աշխատանքը և տվյալների փոխանցումը ուղեծրակայանին վայրէջքից հետո 65 րոպեի ընթացքում, դրանից հետո սարքի հետ ռադիոկապն ընդհատվեց, քանի որ ուղեծրակայանը դուրս եկավ ռադիոկապի տիրույթից։

Վեներա-10-ի իջեցվող սարքը վայրէջք կատարեց 15,42° հց․լայն․ 291,51° աե․ երկ․ կետից 150 կմ շառավղով տարածքում, Բետա և Հիլդա շրջանների սահմանագծի մոտ[7], Վեներա-9-ի իջեցվող սարքի վայրեջքից 3 օր անց, մոտ 2200 կմ հեռավորության վրա[6]։ Կայանի կատարած չափումները ցուց տվեցին, որ մակերևույթին մոտ քամու արագությունը կազմում էր 3,5 մ/վ։ Այլ չափումները ներառում էին մթնոլորտային ճնշումը տարբեր բարձրություններում, ջերմաստիճանը և լուսավորության մակարդակը։ Վեներա-10-ն երկրորդ զոնդն էր, որը ուղարկեց հեռուստատեսային (սև և սպիտակ) նկարներ Վեներայի մակերևույթից, որոնց վրա երևում էին նրբաբլիթի ձևի լավայի ժայռեր, որոնց միջև առկա էր լավա կամ այլ քայքայված ժայռաբեկորներ։ Պլանավորված 360 աստիճան համայնապատկերային լուսանկարը հնարավոր չի եղել ստանալ, քանի որ տեսախցիկի ոսպնյակների երկու կափարիչներից մեկը չհաջողվեց բացել, ինչը սահմանափակեց նկարները մինչև 180 աստիճան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Venera 10». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, DC: NASA History Program Office. էջեր 128–129. ISBN 978-1-62683-042-4. LCCN 2017059404. SP2018-4041.
  3. Zak, Anatoly. «Venera-9 and 10». Russianspaceweb.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Soviet Launches a 2D Spacecraft». The New York Times. Associated Press. 1975 թ․ հունիսի 15. էջ 23.
  5. Mitchell, Don P. «First Pictures of the Surface of Venus». Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  6. 6,0 6,1 Interplanetary Spacecraft
  7. LePage, Andrew (2015 թ․ հոկտեմբերի 22). «Venera 9 and 10 to Venus». Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]