Jump to content

Մարիներ-10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիներ-10
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1973-085A[1]
NSSDCA ID1973-085A
SCN06919
Գործարկման ամսաթիվ1973 նոյեմբերի 3, 05:45:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս Կենտավր
Զանգված502,9 կգ[1][2]
Տրամագիծ1,39 մետր[3]
Կայքjpl.nasa.gov/missions/mariner-10(անգլ.)

Մարիներ 10 (անգլ.՝ Mariner 10), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մերկուրի և Վեներա մոլորակների մոտով անցնելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի վերջին տաներորդ կայանն էր։ Մարիներ 10 կայանը նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Սա առաջին տիեզերական սարքն էր, որը թռիչք կատարեց բազմաթիվ մոլորակների մոտով[4]։

Մարիներ 10 կայան
Մարիներ 10 ստացված և մշակված տվյալները թույլ տվեցին ստանալ Մերկուրիի այս պատկերը։

Մարիներ 10-ը արձակվել է Մարիներ 9-ից մոտավորապես երկու տարի անց և եղել է Մարիներ ծրագրի վերջին տիեզերանավը։ (Մարիներ 11-ը և Մարիներ 12-ը հատկացվել են «Վոյաջեր» ծրագրին և վերանշանակվել են Վոյաջեր 1 և Վոյաջեր 2

Առաքելության նպատակներն էին հետազոտել Մերկուրիի միջավայրը, մթնոլորտը, մակերեսը և մոլորակի բնութագրերը, ինչպես նաև կատարել նմանատիպ հետազոտություններ Վեներայի համար։ Երկրորդական նպատակներն էին փորձեր կատարել միջմոլորակային տարածքում և փորձ ձեռք բերել երկու մոլորակների մոտով անցման գրավիտացիոն աջակցության առաքելության մասով։ Մարիներ 10-ի գիտական թիմը ղեկավարում էր Բրյուս Ք. Մյուրեյը Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայում[5]։

Կայանը և հետագիծը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիներ 10 կայանի առաքելությունն առաջինն էր, որի ընթացքում օգտագործվեց գրավիտացիոն աջակցությունը մեկ մոլորակից (այս դեպքում՝ Վեներա) մեկ այլ մոլորակ հասնելու համար։ Այն օգտագործեց Վեներան՝ իր թռիչքի ուղին թեքելու և իր պերիհելին իջեցնելու Մերկուրիի ուղեծրի մակարդակին[6][7]։ Այս մանևրը, ոգեշնչված իտալացի գիտնական Ջուզեպպե Կոլոմբոյի ուղեծրային մեխանիկայի հաշվարկներով, կայանը դուրս բերեց ուղեծիր, որը բազմիցս անցնում էր Մերկուրիի մոտով։ Մարիներ 10-թռիչքի ժամանակ արևային ճառագայթման ճնշումն արևային մարտկոցների և ալեհավաքի վրա օգտագործեց որպես թռիչքի ժամանակ դիրքի վերահսկման միջոց՝ առաջին տիեզերանավը, որն օգտագործեց արևի ճնշման միջոցով ակտիվ կառավարումը։

Մարիներ 10-ի բաղադրիչ մասերը կարելի է դասակարգել ելնելով իրենց ընդհանուր գործառույթից՝ Արևային մարտկոցներ, էներգասնուցման ենթահամակարգ, դիրքի կառավարման ենթահամակարգ և համակարգիչ, Նավիգացիոն համակարգը, ներառյալ հիդրազին վառելիքով հրթիռային շարժիչ, ալեհավաքներ և գիտական գործիքներ։

Մարիներ 10-ի տարբեր բաղադրիչներն ու գիտական գործիքներն ամրացված էին կենտրոնական հանգույցին, որը մոտավորապես ութանկյուն պրիզմայի տեսք ուներ։ Հանգույցը պահում էր տիեզերանավի ներքին էլեկտրոնիկան[1][8][9]։ Մարիներ 10 տիեզերանավը կառուցվել է Բոինգի ընկերությունում[10]։ ՆԱՍԱ-ն 98 միլիոն ԱՄՆ դոլարի խիստ սահման է սահմանել Մարիներ 10-ի ընդհանուր արժեքի համար, որն առաջին անգամն է, երբ գործակալությունը առաքելությունը ենթարկում է բյուջեի ոչ ճկուն սահմանափակումների։ Բյուջեի ոչ մի գերազանցում չէր հանդուրժվում, ուստի առաքելությունը պլանավորողները հաշվի են առել ծախսերի արդյունավետությունը տիեզերանավի գործիքները նախագծելիս[11]։ Ծախսերի օպտիմալացումը հիմնականում իրականացվել է աշխատանքի մեկնարկը մոտեցնելով արձակման ամսաթվին, ինչը թույլ տվեց նվազեցնել անհրաժեշտ աշխատաժամանակը։ Չնայած խիստ գրաֆիկին, շատ քիչ ժամկետներ են խախտվել[12]։ Առաքելությունն ավարտվեց մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար բյուջի խնայողությամբ[13]։

Մերկուրիի մոտով անցնող թռիչքը մեծ տեխնիկական մարտահրավերներ առաջացրեց գիտնականների համար։ Մերկուրիի Արեգակին մոտ լինելու պատճառով Մարիներ 10-ը պետք է դիմանա 4,5 անգամ ավելի շատ արեգակնային ճառագայթման, քան այն ժամանակ, երբ հեռանում էր Երկրից։ Համեմատած Մարիներների նախորդ առաքելությունների հետ՝ տիեզերանավերի մասերը ջերմությունից լրացուցիչ պաշտպանության կարիք կար։ Հիմնական թափքի վրա տեղադրվել են ջերմային արևապաշտպան ծածկոցներ։ Արևապաշտպան կտորի նյութի հնարավոր տարբերակները գնահատելուց հետո, ընտրվեց բետա կտոր, ալյումինացված կապտոնի և տեֆլոնով մշակված ապակե մանրաթելերի համադրություն[14]։ Այնուամենայնիվ, արևային պաշտպանությունն անիրագործելի էր Մարիներ 10-ի որոշ այլ բաղադրիչների համար։ Մարիներ 10-ի երկու արևային վահանակները պետք է աշխատեին 115 °C ջերմության պայմաններում։ Վահանակները ծածկելը հնարավոր չէր։ Լուծումը պանելների կարգավորելի թեքության ապահովումն էր, որպեսզի հնարավոր լիներ կառավարել դեպի արևը ուղղվածությունը։ Վահանակները կարող էին պտտվել առավելագույնը 76°[9][15]: Բացի այդ, Մարիներ 10-ի հիդրազինային շարժիչի վարդակը պետք է ուղղված լիներ Արեգակին, սակայն վարդակը ջերմային պաշտպանական շերտով ծածկելը մերժվեց, որպես անհուսալի լուծում։ Փոխարենը, հատուկ ներկ է կիրառվել շարժիչի բաց մասերի վրա, որպեսզի նվազեցնի ջերմության հոսքը դեպի տիեզերանավի նուրբ գործիքները[16]։

Վեներայի գրավիտացիոն աջակցության ճշգրիտ կատարումը ևս մեկ խոչընդոտ առաջացրեց[17]։ Եթե Մարիներ 10-ը պետք է պահպաներ ուղղությունը դեպի Մերկուրի, նրա հետագիծը կարող էր շեղվել Վեներայի մերձակայքում գտնվող կրիտիկական կետիցոչ ավելի, քան 200 կմ[18]։ Սա ապահովելու համար, եռապատկվել էր հիդրազինային վառելիքի քանակը, ինչպես նաև կայանը համալրվել էր ազոտային գազով մղիչներիհիմնա վրա շարժիչներով։ Այս փոփոխությունները վճռորոշ նշանակություն ունեցան Մերկուրիի մոտով երկրորդ և երրորդ թռիչքները հնարավոր դարձնելու համար[19]։

Այս առաքելության համար չէր արձակվել պահուստային կայան։ Սովորական էր, երբ կայանները արձակվում էին զույգերով՝ մեկի կամ մյուսի խափանումից պաշտպանվելու համար[20]։ Բյուջեի սահմանափակումը բացառեց այս տարբերակը։ Թեև առաքելությունը պլանավորողները բավականաչափ բյուջեի հատկացրեցին պահեստային կայանի կառուցման համար, բյուջեն թույլ չտվեց երկուսն էլ միաժամանակ արձակել։ Երկրորդ կայանը նախատեսվում էր արձակել միայն այն դեպքում, եթե առաջինը վթարվեր, և հետագա երկուսուկես շաբաթում պարզվեր և ուղղվեր վթարի պատճառը։ Նախատեսված արձակման օրերն էին 1973 թվականի նոյեմբերի 3-ը և նոյեմբերի 21-ը[19][21]։ Չօգտագործված կայանը ուղարկվել է Սմիթսոնյան թանգարան՝ ցուցադրության համար[22]։

Առաքելության մեկնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիներ 10-ի Երկրի և Լուսնի լուսանկարները հեռանալիս
Մարիներ 10-ի մեկնարկը

Բոինգն ավարտեց կայանի կառուցումը 1973 թվականի հունիսի վերջին, և Մարիներ 10-ը Սիեթլից տեղափոխվեց ՌՇԼ-ի կենտրոնակայան Կալիֆորնիայում, որտեղ ՌՇԼ-ն համակողմանիորեն փորձարկեց կայանը և դրա բաղադրիչ մասերը։ Փորձարկումների ավարտից հետո կայանը փոխադրվել է Ֆլորիդա՝ արձակման վայր։ Տեխնիկները տիեզերանավի բաքը լցրեցին 29 կիլոգրամ հիդրազին վառելիքով և տեղադրեցին այն կրող հրթիռի վրա, մեկնարկից տաս օր առաջ[23][24]։ Վեներայում ծրագրված գրավիտացիոն օգնությունը հնարավոր դարձրեց ավելի հզոր, բայց ավելի թանկ Տիտան IIIՑ-ի փոխարեն օգտագործել Ատլաս Կենտավր հրթիռը[25][26]։ Մեկնարկը ներկայացնում էր Մարիներ 10 առաքելության ձախողման ամենամեծ վտանգներից մեկը. Մարիներ-1-ը, Մարիներ-3-ը և Մարիներ-8-ը վթարվել էին մեկնարկից րոպեներ անց ինժեներական սխալների կամ Ատլաս հրթիռների անսարքությունների պատճառով[21][27][28]։ Առաքելությունն ուներ արձակման մոտ մեկ ամիս տևողությամբ պատուհան՝ 1973 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 21-ը։ ՆԱՍԱ-ն ընտրեց նոյեմբերի 3-ը որպես մեկնարկի ամսաթիվը[26]։

1973 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 17:45-ին, Ատլաս Կենտավր հրթիռը Մարիներ 10 կայանով մեկնարկեց Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանի 36Բ հարթակից[29]։ Մեկնարկն անցավ անթերի։ Երկրի ուղեծրում Կենտարվր վերին աստիճանի կրկնակի այրման միջոցով Կայանը ուղղվեց դեպի Վեներա։ Հետագայում կայանն անջատվեց հրթիռից, որը շեղվեց ուղղուց հետագա բախման հնարավորությունից խուսափելու համար[30][31]։

Թռիչքի առաջին շաբաթվա ընթացքում Մարիներ 10-ի տեսախցիկի համակարգը փորձարկվել է՝ լուսանկարելով Երկրի հինգ և Լուսնի վեց խճանկար։ Այն նաև ստացել է Լուսնի հյուսիսային բևեռային շրջանի լուսանկարներ, որոնք նախկինում չէին հետազոտվել։ Այս լուսանկարները հիմք են հանդիսացել քարտեզագրողների համար՝ թարմացնելու լուսնային քարտեզները[32]։

Թռիչք դեպի Վեներա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիներ 10-ի հետագիծը՝ մեկնարկից՝ 1973 թվականի նոյեմբերի 3-ին, մինչև Մերկուրիի մոտով առաջին անցումը 1974 թվականի մարտի 29-ին։

Մարիներ 10-ի եռամսյա ճամփորդությունը դեպի Վեներա լի էր պատահարներով և տեխնիկական անսարքություններով[33]։ Կառավարման թիմի աշխատակիցներից մեկը նշում է՝ «Թվում էր, թե մենք միշտ միայն կարկատում էինք Մարիներ 10-ը, այնքան, որպեսզի այն հասնի մինչև հաջորդ փուլ, հաջորդ ճգնաժամ»[34]։ 1973 թվականի նոյեմբերի 13-ին կատարվեց հետագծի ուղղման մանևր։ Անմիջապես դրանից հետո ուղղորդող աստղը կորավ աստղացույցի դիտակի տարածքից։ Անվտանգության ավտոմատացված արձանագրությունը վերականգնեց Կանոպուսի դիրքը, սակայն այս խնդիրը կրկնվեց ողջ առաքելության ընթացքում։ Կայանի համակարգիչը նաև երբեմն ենթարկվում էր չպլանավորված զրոյացման, ինչը պահանջում էր վերակաանգնել ժամացույցը և ենթահամակարգերը։ Թռիչքի ընթացքում առաջացել են նաև ալեհավաքի հետ կապված պարբերական խնդիրներ։ 1974 թվականի հունվարի 8-ին էլեկտրաէներգիայի ենթահամակարգում տեղի ունեցավ անսարքություն, որի պատճառը գնահատվեց դիոդի կարճ միացումը[25]։ Արդյունքում, հիմնական շարժիչի կարգավորիչը և ինվերտորը խափանվեցին՝ կայանը թողնելով երկրորդական կարգավորիչի աշխատանքից կախման մեջ[35]։

1974 թվականի հունվարին Մարիներ 10-ը կատարեց Կոհուտեկ գիսաստղի ուլտրամանուշակագույն դիտարկումները։ Մեկ այլ միջանկյալ ուղեծրի ուղղում կատարվել է 1974 թվականի հունվարի 21-ին։

Անցում Վեներայի մոտով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիներ 10-ը անցավ Վեներայի մոտով 1974 թվականի փետրվարի 5-ին, ամենամոտ մոտեցումը՝ 5768 կիլոմետր, տեղի է ունեցել ժամը 17:01-ին: Այն տասներկուերորդ տիեզերանավն էր, որը հասավ Վեներա և ութերորդը, որը վերադարձրեց տվյալներ մոլորակից[36], ինչպես նաև առաջին առաքելությունը, որին հաջողվեց հեռարձակել Վեներայի պատկերները դեպի Երկիր[37]։ Երբ Մարիներ 10-ը անցնում էր Վեներայի մոտով, մոլորակի գիշերային կողմից դեպի ցերեկային կողմը, տեսախցիկները նկարահանեցին Վեներայի առաջին պատկերը, որը ցույց տվեց հյուսիսային բևեռի վրա ամպերի լուսավոր աղեղը։ Մտավախություն կար, որ աստղադիտակը կարող է շփոթել շատ ավելի պայծառ Վեներան Կանոպուսի հետ՝ կրկնելով նախկինում ծագած խնդիրները։ Սակայն այս անգամ անսարքություններ տեղի չունեցան։ Երկրի խավարումը կայանից տեղի ունեցավ 17:07-ից մինչև 17:11, որի ընթացքում տիեզերանավը փոխանցել է ռենտգենային ռադիոալիքներ է փոխանցել Վեներայի մթնոլորտի միջով՝ ինչը թույլ տվեց տվյալներ հավաքել մոլորակի ամպերի կառուցվածքի և ջերմաստիճանի մասին[38][39]։ Չնայած Վեներայի ամպային ծածկույթը գրեթե առանձնահատկություններ չունի տեսանելի լույսում, պարզվեց, որ ամպի լայն մանրամասներ կարելի է տեսնել Մարիների ուլտրամանուշակագույն տեսախցիկի ֆիլտրերի միջոցով։ Երկրից կատարված ուլտրամանուշակագույն դիտարկումները ցույց էին տվել որոշ անորոշ բծեր, սակայն Մարիներ 10-ից ստացված մանրամասները անակնկալ էին։ Կայանը շարունակեց լուսանկարել Վեներան մինչև 1974 թվականի փետրվարի 13-ը[40]։ Արդյունքում ձեռք բերված 4165 ձեռք բերված լուսանկարները ցույց տվեցին խիտ և հստակ նախշերով մթնոլորտ, որը կատարում է մոլորակի շուրջ ամբողջական պտույտը չորս օրը պարբերությամբ[41], ճիշտ այնպես, ինչպես ենթադրում էին Երկրից արված դիտարկումները[42]։

Առաքելությունը բացահայտել է Վեներայի մթնոլորտի բաղադրությունը և օդերևութաբանական բնույթը։ Ռադիոգիտական փորձի տվյալները չափում էին մթնոլորտով անցնող ռադիոալիքների բեկման աստիճանը, որն օգտագործվում էր տարբեր բարձրության վրա մթնոլորտի խտությունը, ճնշումը և ջերմաստիճանը հաշվարկելու համար[43]։ Ընդհանուր առմամբ, մթնոլորտի ջերմաստիճանը աճում էր մոտենալով մոլորակի մակերեսին, սակայն Մարիներ 10-ը հայտնաբերեց է չորս բարձրություններ, որտեղ օրինաչափությունը խախտվում էր, ինչը կարող էր վկայել ամպերի շերտի առկայությունը[44]։ Այս բարձրություններն էին 56, 61, 63 և 81 կմ մակարդակներում[45], այս դիտարկումները հաստատում էին Մարիներ-5-ից ստացված տվյալները[43]։ Ուլտրամանուշակագույն սպեկտրոմետրերը հայտնաբերեցին Վեներայի մթնոլորտը կազմող քիմիական նյութերը[46]։ Մթնոլորտի վերին շերտում առավելապես գրանցվել էր ատոմային թթվածին։

1974 թվականի փետրվարի 5-ին, ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած չորս ժամվա ընթացքում տեղի ունեցավ Մարիներ 10-ի գրավիտացիոն աջակցման մանևրը, ինչի արդյունքում կայանի հելիոկենտրոն արագությունը 37,008 կմ/վրկ-ից իջավ մինչև 32,283 կմ/վ[47]։ Սա փոխեց կայանի էլիպսաձև ուղեծրի ձևը Արեգակի շուրջ[37], այնպես որ պերիհելին այժմ համընկնում է Մերկուրիի ուղեծրի հետ[47]։

Առաջին անցումը Մերկուրիի մոտով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիներ 10-ը երեք անգամ անցավ Մերկուրիի մոտով։ Մերկուրիի մոտով առաջին անցումը տեղի է ունեցել 1974 թվականի մարտի 29-ին ժամը 20:47-ին, 703 կիլոմետր հեռավորության վրա, անցումը տեղի ունեցավ ստվերային կողմով[6]։

Երկրորդ անցումը Մերկուրիի մոտով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ անգամ Արեգակի շուրջը պտտվելուց հետո, Մերկուրիի երկու ուղեծրի ընթացքում, Մարիներ 10-ը նորից անցավ Մերկուրիի կողքով 1974 թվականի սեպտեմբերի 21-ին, հարավային կիսագնդից 48,069 կմ հեռավորության վրա[6]։

Երրորդ անցումը Մերկուրիի մոտով

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի հոկտեմբերին կայանը կառավարումը կորցնելուց հետո երրորդ և վերջին անգամ անցավ մոլորակի մոտով՝ ամենամոտ հանդիպումը տեղի ունեցավ 1975 թվականի մարտի 16-ին, 327 կիլոմետր հեռավորության վրա։ Կայնն անցավ հյուսիսային բևեռի վրայով[6]։

Առաքելության ավարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիներ 10-ը երրերդ անցումից հետո գրեթե չուներ գազ մանևրներ կատարելու համար։ Աշխատանքը կայանի հետ շարունակվեց մինչև 1975 թվականի մարտի 24-ը[6], երբ ազոտի պաշարի վերջնական սպառումը հանգեցրեց չծրագրավորված շրջադարձի։ Կայանին անմիջապես ուղարկվեց հաղորդիչի անջատման հրաման, որից հետո կայանի ռադիոազդանշանները դեպի Երկիր դադարեցվեցին։

Ենթադրաբար, Մարիներ 10-ը դեռևս պտտվում է Արեգակի շուրջը, թեև նրա էլեկտրոնիկան հավանաբար վնասվել է Արեգակի ճառագայթումից[48]։

Մարիներ 10-ը Վեներայի վրայով թռչելու ժամանակ հայտնաբերել է պտտվող ամպերի և շատ թույլ մագնիսական դաշտի առկայությունը։ Օգտագործելով գրեթե ուլտրամանուշակագույն ֆիլտր՝ այն լուսանկարել է Վեներայի շերտավոր ամպերը և կատարել այլ մթնոլորտային ուսումնասիրություններ։

Կայանը երեք անգամ անցավ Մերկուրիի մոտով։ Իր ուղեծրի երկրաչափության շնորհիվ՝ նրա ուղեծրի շրջանը գրեթե երկու անգամ գերազանցում էր Մերկուրիին։ Մերկուրին Արեգակին է ուղղված միշտ միևնույն կողմով, ուստի կայանը հնարավորություն ունեցավ լուսանկարել միայն մոլորակի 40–45%-ը՝ կատարելով ավելի քան 2800 լուսանկար։ Այն բացահայտեց քիչ թե շատ Լուսնի նման մակերես։ Քարտեզագրված շրջանները ներառում էին Շեքսպիրի, Բեթհովենի, Կոյպերի, Միքելանջելոյի, Տոլստոյի և Դիսքովերի քառանկյունների մեծ մասը, Բախի և Վիկտորիայի քառանկյունների կեսը և Պերսեփոնեյի, Լիգուրիայի և Բորեալիսի քառանկյունների փոքր հատվածները[49]։

Մարիներ 10-ը նաև հայտնաբերեց, որ Մերկուրին ունի թույլ մթնոլորտ, որը հիմնականում բաղկացած է հելիումից, ինչպես նաև մագնիսական դաշտ և մեծ երկաթով հարուստ միջուկ։ Նրա ռադիոմետրերի տվայալները ցույց են տվել, որ Մերկուրիի գիշերային կողմի ջերմաստիճանը կազմում է −183 °C, իսկ ցերեկային կողմի առավելագույն ջերմաստիճանը՝ 187 °C։

Մարիներ 10-ի հիշատակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիներ 10-ի պահեստային տարբերակը
Մարիներ 10 տիեզերական կայանի նամականիշ, թողարկում 1975 թ․

1975 թվականին ԱՄՆ փոստային բաժանմունքը թողարկեց հիշատակի նամականիշ, որտեղ պատկերված էր Մարիներ 10 տիեզերական կայանը։ 10 ցենտ արժողությամբ Մարիներ 10 հուշանվերային նամականիշը թողարկվել է 1975 թվականի ապրիլի 4-ին Փասադենայում, Կալիֆորնիա[50]։

Քանի որ պահեստային կայանը երբեք չի արձակվել, այն ցուցադրվել է Սմիթսոնյան ինստիտուտի ազգային օդային և տիեզերական թանգարանում[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Mariner 10». National Space Science Data Center. National Aeronautics and Space Administration. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. «Mariner 10». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. https://web.archive.org/web/20140219012506/http://solarsystem.nasa.gov/missions/profile.cfm?MCode=Mariner_10&Display=ReadMore
  4. Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, D.C.: NASA History Program Office. էջ 1. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  5. Schudel, Matt (2013 թ․ օգոստոսի 30). «Bruce C. Murray, NASA space scientist, dies at 81». The Washington Post. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Mariner 10». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  7. Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, D.C.: NASA History Program Office. էջ 1. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
  8. Clark 2007, pp. 22–23
  9. 9,0 9,1 Strom and Sprague 2003, p. 16
  10. «Mariner 10 Quicklook». Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
  11. Reeves 1994, p. 222
  12. Biggs, John R.; Downhower, Walter J. (June 1974), «Mariner Venus/Mercury '73: A Strategy of Cost Control», Astronautics & Aeronautics, New York: The American Institute of Aeronautics and Astronautics, 12 (5): 48–53
  13. Murray and Burgess 1977, p. 142
  14. Dunne and Burgess 1978, pp. 32–33
  15. Murray and Burgess 1977, p. 21
  16. Dunne and Burgess 1978, pp. 30–32
  17. Reeves 1994, p. 242
  18. Dunne and Burgess 1978, p. 56
  19. 19,0 19,1 Murray and Burgess 1977, pp. 25–26
  20. Strom and Sprague 2003, p. 14
  21. 21,0 21,1 Murray and Burgess 1977, p. 38
  22. 22,0 22,1 «Spacecraft, Mariner 10, Flight Spare». Smithsonian National Air and Space Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  23. Dunne and Burgess 1978, p. 42
  24. Murray and Burgess 1977, pp. 36-37
  25. 25,0 25,1 Paul, Floyd A. (15 January 1976). Technical Memorandum 33-759: A Study of Mariner 10 Flight Experiences and Some Flight Piece Part Failure Rate Computations (PDF) (Report). Jet Propulsion Laboratory. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-09-ին. Վերցված է 23 June 2015-ին.
  26. 26,0 26,1 Strom and Sprague 2003, pp. 14–16
  27. «Mariner 1». National Space Science Data Center. National Aeronautics and Space Administration. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  28. «Mariner 3 Failure Laid to Shroud», The Spokesman-Review, էջ 21, 13 November 1964, Վերցված է 22 August 2015-ին
  29. «Mariner 10 Launch and Trajectory Information». NASA Space Science Data Coordinated Archive. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  30. Bowles, Mark D. (2004). Taming Liquid Hydrogen: The Centaur Upper Stage Rocket 1958–2002. Washington D.C.: Government Printing Office. էջեր 131–133. ISBN 9780160877391.
  31. Dunne and Burgess 1977, pp. 45–46
  32. Dunne and Burgess 1978, pp. 47–53.
  33. Murray and Burgess 1977, p. 55
  34. Shirley 1998, p. 91
  35. Dunne and Burgess 1978, p. 55
  36. Williams, David R. (2014 թ․ մայիսի 29). «Chronology of Venus Exploration». National Space Science Data Center. National Aeronautics and Space Administration. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  37. 37,0 37,1 Ulivi and Harland 2007, p. 181
  38. Murray and Burgess 1977, pp. 61–64
  39. Dunne and Burgess 1978, pp. 61–63
  40. Murray and Burgess 1977, p. 79
  41. Reeves 1994, p. 244
  42. Dunne and Burgess 1978, p. 68
  43. 43,0 43,1 Howard, H. T.; Tyler, G. L.; Fjeldbo, G.; Kliore, A. J.; Levy, G. S.; Brunn, D. L.; Dickinson, R.; Edelson, R. E.; Martin, W. L.; Postal, R. B.; Seidel, B.; Sesplaukis, T. T.; Shirley, D. L.; Stelzried, C. T.; Sweetnam, D. N.; Zygielbaum, A. I.; Esposito, P. B.; Anderson, J. D.; Shapiro, I. I.; Reasenberg, R. D. (1974 թ․ մարտի 29). «Venus: Mass, Gravity Field, Atmosphere, and Ionosphere as Measured by the Mariner 10 Dual-Frequency Radio System». Science. American Association for the Advancement of Science. 183 (4131): 1297–1301. Bibcode:1974Sci...183.1297H. doi:10.1126/science.183.4131.1297. JSTOR 1737501. PMID 17791371. S2CID 30582061.
  44. Dunne and Burgess 1978, p. 65
  45. Giberson and Cunningham 1975, p. 726
  46. Giberson and Cunningham 1975, p. 725
  47. 47,0 47,1 «Bulletin No. 18: Mariner 10 Enroute to Mercury - Continues Query of Venus» (PDF). Mariner Venus/Mercury 1973 Project Office. 1974 թ․ փետրվարի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  48. Elizabeth Howell, SPACE.com Contributor Article on mariner-10 at space.com
  49. Schaber, Gerald G.; McCauley, John F. Geologic Map of the Tolstoj (H-8) Quadrangle of Mercury (PDF). U.S. Geological Survey. USGS Miscellaneous Investigations Series Map I–1199, as part of the Atlas of Mercury, 1:5,000,000 Geologic Series. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
  50. Piazza, Jill (2008 թ․ սեպտեմբերի 8). «10-cent Mariner 10». Arago. Smithsonian National Postal Museum. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]