Տեկտոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեկտոնիկա (հունարեն՝ τεκτονικός-կառույց, շինարարություն, կառուցվածքաբանություն, շինարվեստ), գեոտեկտոնիկա, երկրաբանության (լայն առումով՝ մոլորակաբանության) առաջատար բաժիններից, որն ուսումնասիրում է Երկրի (մոլորակների) արտաքին պինդ թաղանթի կառուցվածքը, դեֆորմացիաներն ու շարժումները, նրանց դրսևորման, բաշխման, առաջացման, առնչությունների ու զարգացման օրինաչափությունները՝ կապված Երկրի ընդհանուր էվոլյուցիայի հետ։ Դասական տեկտոնիկայի հիմնական խնդիրներն են՝ լեռնակազմության, ցամաքազանգվածների ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի, ծալքերի, խզվածքների ու շարիաժների առաջացման բացատրությունը, ծովերի ու ցամաքների գրաված տարածությունների փոփոխությունների ու տեկտոնական շարժումների ընդհանուր պատճառների բացահայտումը։ Այդ հարցերի առանձին ասպեկտներ պարզունակ ձևով արծարծել են տակավին անտիկ աշխարհի բնախույզներն ու փիլիսոփաները, սակայն դրանց գիտական հիմնավորում տրվել է ավելի ուշ շրջանում՝ Դեկարտի ու Նյուտոնի (XVII դարի․ առաջին կես) տիեզերագիտական կոնցեպցիաների դիրքերից, աստղաբաշխության, մեխանիկայի, հիդրոդինամիկայի, թերմոդինամիկայի, երկրաբանության ու երկրաֆիզիկայի նորագույն նվաճումների լույսի ներքո։ Ֆիզիկայի տեսանկյունով տեկտոնիկան լիթոսֆերայի մեխանիկան է՝ նրա երեք բաժիններով հանդերձ, ստատիկան, որն ուսումնասիրում է լիթոսֆերան կազմող դեֆորմացիոն ստրուկտուրաների առկա վիճակը, դինամիկան հետազոտում է դեֆորմացիոն ստրուկտուրաներն առաջացնող ուժերի բաշխումն ու ծագումը, կինեմատիկան (լայն առումով)՝ դեֆորմացիոն ստրուկտուրաների առաջացման պատմությունը, այդ դեֆորմացիաներն ուղեկցող շարժումների նկարագրությունը։ Ըստ որում կինեմատիկայի ուրույն խնդիրներից է լիթոսֆերայի և նրա հատվածների խոշոր տեղաշարժերի (դրեյֆ, էպեյրոգենեզ, ինվերսիա, օրոգենեզ, սուբդուկցիա, սպրեդինգ և այլն) նկարագրությունը՝ դրա հիման վրա տեկտոնական շարժումների մեխանիզմի մոդելների ստեղծումը։ Տեկտոնասֆերայի ակնթարթային շարժումները և նրանց կապը տեկտոնիկայի հետ ուսումնասիրում է երկրաբանության մի այլ բաժին՝ սեյսմոտեկտոնիկան։ Տեկտոնիկայի ուսումնասիրության ոլորտը Երկրի արտաքին՝ մոտ 700 կմ հաստություն ունեցող թաղանթն է (տեկտոնասֆերա) և առաջին հերթին այդ թաղանթի վերին մասը՝ լիթոսֆերան, որի հաստությունը Երկրի տեկտոնացման ենթարկված մարզերում մոտ 70 կմ է։

Ժամանակակից երկրաբանությունը տեկտոնական պրոցեսների գլխավոր պատճառները համարում է Երկրի ծավալի, բևեռային կծկվածության (պտտման արագության), առանցքային դիրքի և ընդերքի զանգվածների տեղաբաշխման (կոնվեկցիա, գրավիտացիոն դիֆերենցիացիա և այլն) տևական փոփոխությունները։ Տեկտոնական ընդհանրացումների համար դիֆերենցիացիայի հիմնական աղբյուր են ծառայում դաշտային կառուցվածքաերկրաբանական հանույթները, գեոմորֆոլոգիական, երկրաքիմիական, պատմաերկրբանական, արբանյակային, գեոդեզիական, ռադիոաստղագիտական հետազոտությունները և մոդելումը, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտելու երկրակեղևի և տեկտոնասֆերայի ինֆրաստրուկտուրան, նրանց ամբողջականությունը խախտող խզվածքները (տեկտոնական լինեամենտները), երկրակեղևում գտնվող նշանակալից անհամասեռությունները, լարումների դաշտերը, շեղումները իզոստատիկ հավասարակշռության վիճակից և այլն։

Այդ տվյալների հիման վրա կատարվում է երկրակեղևի և նրա առանձին մարզերի տեկտոնական տիպականացում ու շրջանացում և կազմվում տեկտոնական քարտեզ, որի վրա արտահայտվում են երկրակեղևի գլխավոր կառուցվածքային տարրերը (միավորները) ըստ տիպերի, հասակների, ֆորմացիոն կազմի և այլն։

Տեկտոնական հետազոտությունների հիմքում ընկած են աքսիոմաների բնույթ կրող հետևյալ դրույթները՝ ա․ շերտաձև այն ապարները, որոնք առաջացել են ծովային ավազաններում և այժմ գտնվում են ծալքավորված կամ ճմլված վիճակում, անցյալում ունեցել են հորիզոնական կամ ողորկ դիրք (Ստենոյի սկզբունք),բ․ ծալքավոր կոմպլեքսի կտրվածքում տեղադրված յուրաքանչյուր տեկտոնական հարկ կամ ծածկոց տվյալ դիրքը գրավել է ավելի ուշ, քան նրա տակ գտնվող հարկը կամ ծածկոցը (տեկտոնական ծածկոցների կամ հարկերի սուպերդիրքի սկզբունք),գ․ հիմնական ծալքավոր կառուցվածքների առանցքները և նրանց թևերի վրա առաջացած երկրորդական ծալքերի առանցքները միմյանց նկատմամբ զուգահեռ են, դ․ տեկտոնական դեֆորմացիաների ժամանակ առավելապես առաջանում են այնպիսի ծալքեր, որոնք ունեն գլանային մակերևույթ (սինուսոիդալ և այլն) և, հետևաբար, իրենց առաջացման համար պահանջում են նվազագույն էներգիա, ե․ լիթոսֆերայի և նրա առանձին հորիզոնների ու մարզերի անհամասեռության հետևանքով տեղի ունի լարումների և դեֆորմացիաների կենտրոնացում անհամասեռությունների սահմանում, խգվածքային դիսլոկացիաների տարածքում և հզորությունների շեշտակի փոփոխությունների գոտիներում, զ․ լիթոսֆերայի բլոկները և նրանց հիմքում տեղադրված հոսուն քվազիմագմատիկ զանգվածները անվերջորեն ձգտում են գտնվել միմյանց հետ հիդրոստատիկ (իզոստատիկ) հավասարակշռության վիճակում, որի դեպքում համակարգի պոտենցիալ էներգիան ձգտում է նվազագույնի, է․ դեֆորմացիոն պրոցեսները տեկտոնացման ենթարկվող տվյալ մարզում ձգտում ունեն ժառանգաբար շարունակվելու, ըստ որում նոր դեֆորմացիոն կառուցվածքներ առաջանում են հների տեղում կամ նրանց հարևան թևերում (Բոլցմանի ժառանգվող միջավայրերի սկզբունք

Տեկտոնիկայի տվյալները լայնորեն կիրառվում են գործնական նշանակություն ունեցող հարցերի լուծման համար։ Մասնավորապես հայտնի է, որ երկրակեղևի խզման գոտիների հեա կապված են ինտրուզիվ զանգվածներ և օգտակար հանածոների բազմազան հանքավայրեր (առավելապես մետաղական), ջրերի ու գազերի կուտակումներ, երկրաշարժերի ու հրաբուխների օջախներ։ Անտիկլինալ ծալքերի, գմբեթների ու սեպաձև փակուղիների հետ կապված են նավթի ու գազի կուտակումներ, սինկլինալների ու միջլեռնային իջվածքների հետ՝ արտեզյան ջրեր և այլն։ Տեկտոնիկայի տվյալները կարևոր դեր են խաղում նաև հանքավայրերի որոնման, հետախուզման ու շահագործման, շինարարական կառույցների ու կապի միջոցների նախագծման ու շահագործման, երկրաշարժերի ու հրաբուխների կանխագուշակման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 644 CC-BY-SA-icon-80x15.png