Սեբաստիայի ժողով 1562, Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու նպատակով հրավիրված գաղտնի խորհրդակցություն։ Կայացել է գարնանը, Սեբաստիայի Սուրբ Նշան եկեղեցում՝ Միքայել Ա Սեբաստացու նախագահությամբ։ Մասնակցել են մոտ 30 բարձրաստիճան հոգևորականներ և առևտրա-արհեստավորական խավերի ներկայացուցիչներ։ Հայաստանի ազատագրության միակ հնարավոր ուղին համարելով արևմտաեվրոպական տերությունների օժանդակությունը՝ Սեբաստիայի ժողովը վճռել է դիմել Հռոմի Պիոս IV պապին։ Այդ կապակցությամբ քննվել է նաև հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերության հարցը, որոշվել, հանուն օտար լծից ազատագրման, ընդունել Հռոմի եկեղեցական գերիշխանությունը։ Գրվել են Պիոս IV-ին հղված երկու ծածկագիր փաստաթուղթ, առաջինը՝ հավատարմագրական (Հայոց եկեղեցու հպատակության հավաստումը), երկրորդը՝ քաղաքական (եվրոպական երկրների ռազմական օգնությամբ Հայաստանի ազատագրման ծրագիրը) բնույթի։ Վերջինիս կցված էր մանրամասն տեղեկագիր Հայաստանի բնակավայրերի, եկեղեցիների, վանքերի, բնական հարստությունների, ինչպես նաև հայ ժողովրդի մասին։ Դիմումները Հռոմ տանելու համար Սեբաստիայի ժողովն ընտրել է հատուկ պատվիրակություն՝ Աբգար Թոխաթեցու, նրա որդի Մուչթանշահ Աբգարյան Թոխաթեցու և Ալեքսանդր երեցի մասնակցությամբ։ Պատվիրակության կշիռն ու հեղինակությունը բարձրացնելու համար Սեբաստիայի ժողովն Աբգար Թոխաթեցուն վկայագիր է տվել, որ իբր նա սերում է արքայական տոհմից։ 1564 թվականի աշնանը Սեբաստիայի ժողովի դիմումները հանձնվել են Պիոս IV պապին։ Վերջինիս պահանջով Աբգար Թոխաթեցին և Ալեքսանդր երեցը գրել և նրան են ներկայացրել նաև Հայոց եկեղեցու դավանագիրը։ Սկսված բանակցությունները շարունակելու համար պապն անհրաժեշտ է համարել անձամբ տեսակցել Հայոց կաթողիկոսին։ Աբգար Թոխաթեցուն հանձնարարվել է պապի նվիրակի հետ վերադառնալ Հայաստան և Հայոց կաթողիկոսին առաջնորդել Հռոմ։ Սակայն պապի նվիրակը ճանապարհին (Կիպրոսում) մահացել է և բանակցություններն ընդհատվել են։ Հայաստանը արևմտաեվրոպական տերությունների օժանդակությամբ ազատագրելու փորձերն արդյունք չեն տվել, որովհետև Հռոմի պապին ու կաթոլիկ Եվրոպային հետաքրքրում էին ոչ թե Հայաստանի ազատագրման, այլ հայերի դավանանքի ու եկեղեցական միության հարցերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 258)։