Ռուբեն Մանասերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մանասերյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Լևոնի Մանասերյան
Ռուբէն Լևոնի Մանասերեան
Ծնվել էմարտի 19, 1956
Լենինգրադ (այժմ` Սանկտ-Պետերբուրգ), ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՀայոց պատմություն,
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտՀայոց պատմություն և Մերձավոր Արևելքի պատմություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1998)
Ինչով է հայտնի«Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64 թթ.» գիտական ուսումնասիրություն

Ռուբեն Լևոնի Մանասերյան (մարտի 19, 1956(1956-03-19), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր,[1][2], Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։[1] Աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի և մ.թ.ա. IV - մ.թ. IV դդ. Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների պատմությանը:[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի մարտի 19-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ): 1973–1978 թթ., սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ 1982–2017 թթ., Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի, ապա՝ Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող: Պատմական գիտությունների դոկտոր (1998):

Գիտական հետազոտությունների ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի և մ.թ.ա. IV - մ.թ. IV դդ. Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունների պատմությանը:
  • Լուսաբանել է Տիգրան Ա-ի և Սրտավազդ Ա-ի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը:
  • Ուսւոմնասիրել է նաև I-III դդ. հայ-հռոմեական հարաբերությունների գաղափարաբանական և իրավական հիմնախնդիրները և դրանց շրջանակում Տրդատ Գ-ի կողմից քրիստոնեությունը պետական կրոն դարձնելու գաղափարաբանական նպատակները:

Տիգրան Մեծի արտաքին քաղաքականության վերաբերյալ ներդրումը հայագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ.Լ. Մանասերյանն իր աշխատություններով, հատկապես Տիգրան Մեծի արտաքին քաղաքականության և ռազմաքաղաքական պայքարի վերաբերյալ իր հայտնի աշխատությամբ, որը երկու հրատարակություն է ունեցել[3][4], զգալի ներդրում է կատարել հայագիտության և, մասնավորապես, Տիգրան Մեծի արտաքին քաղաքականության և մղած պատերազմների վերաբերյալ: Հայ պատմագիտության ներկայացուցիչները բարձր են գնահատել Մանասերյանի այդ աշխատությունը և ընդհանրապես, նրա ուսումնասիրությունները այդ ոլորտում: Ստորև կներկայացվի հայ հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Արտաշեսի Տիրացյանի կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդեսում» և, դրանով իսկ, հավանության արժանացել հայ մասնագետների ամենաբարձր շրջանակների կողմից։ Ըստ բազմաթիվ հայ բարձրակարգ մասնագետների, այդ թվում՝ դոկտոր Գևորգ Տիրացյանի, Ռ. Լ. Մանասերյանի «Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ» աշխատությունը ներդրում Է ոչ միայն հայ ժողովրդի, այլև հելլենիստական ու հռոմեական Արևելքի պատմության ուսումնասիրության ասպարեզում: Ընդ որում, մանագիտական շրջանակներում ցանկալի է համարվել, որ տվյալ աշխատությունը հրատարակվի նաև այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն[5]։

Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեծարժեք աշխատությունը բաղկացած է ներածությունից, սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների տեսությունից, վեց գլուխներից և վերջաբանից։[3]

Բարձրացված հիմնահարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծի Հայկական տերության՝ կայսրության պատմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է որոշել Նրա արտաքին քաղաքական գլխավոր ակցիաների ժամանակագրական ստուգված հաջորդականությունը, Տիգրանի հելլենիստական տերության կազմավորման գործընթացը ու նրա հասարակական-տնտեսական հիմքերը, Տիգրանի օրոք Հայկական պետության խաղացած դերը հելլենիստական Արևելքի ճակատագրում: Հենց այս հարցերն են, որ իրենց պատասխաններն են գտնում Մանասերյանի սույն աշխատության մեջ։[3]

Հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծի տերությունը պատմական թատերաբեմում հանդես եկավ այն ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում սկսեց որոշակիորեն ուրվագծվեք արևմուտքից ու արևելքից սպառնացող վտանգը՝ ի դեմս Հռոմեական լեգեոնների ու պարթևական հեծելազորի։ Երկու գերհզոր ուժերի՝ Հռոմի և Պարթևստանի առաջն առնելու միակ, աոաջին ու վերջին փորձը կապված է Տիգրան Բ-ի տերության, Տիգրանի վարած արտաքին քաղաքականության հետ։ Այս հանգամանքը փայլուն կերպով ցույց է տրված աշխատության մեջ։ Համաձայն հեղինակի ելակետային տեսակետի, Տիգրանը դեռևս մ. թ. ա. 93 թ. իրեն խնդիր է դրել կանխել Մերձավոր Արևելքում Հռոմեական և պարթևական աշխարհակալությունների՝ Հայոց թագավորության անկախության համար վտանգավոր հաստատումը։ Այս նպատակը Տիգրանը փորձեց իրագործել հզոր տերության մեջ հելլենիստական Արևելքի իշխող դասակարգերը համախմբելու ճանապարհով։[3]

Հայ-հռոմեական մրցակցություն, հայ-պարթևական պատերազմ և հայ-պոնտական դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատության սկզբում խոսվում է Հռոմի էքսպանսիայի դեմ Կապադովկիայում 93—91 թթ. Տիգրանի վարած պայքարի և մ. թ. ա. 92 թ. հռոմեա֊պարթևական բանակցությունների մասին (էջ 31-58)։ Այստեղ համոզիչ կերպով քննված են Հռոմի առաջխաղացման հանգամանքների ու պոնտական տերության նպատակների հետ շաղկապվող այն դրդապատճառները, որոնք Տիգրանին ստիպեցին Ծոփքը միացնելուց հետո անցնել Եփրատը և միջամտել հարևան Կապադովկիայի գործերին։ Հայկական, պոնտական և հռոմեական դրածոների հերթափոխը լավ Է բացահայտում Կապադովկիայով շահագրգռված հարևանների մղումները։ Մ. թ. ա . 92 թ. Կապադովկիայում հայերի դեմ պրոպրետոր Սուլլայի տարած հաղթանակներին հաջորդեցին նրա հանդիպումները պարթևական տերության ներկայացուցիչների հետ Եփրատի ափին, որով հիմքեր դրվեցին շուրջ մեկ հազարամյակ տևող հռոմեա֊պարթևական ու բյուզանդա-սասանյան առճակատմանը Առաջավոր Ասիայում, որի աոաջին զոհը լինելու Էր Հայք-Հայաստանը։ Ինչպես ճիշտ նկատում Է Ռ.Լ.Մանասերյանը, գահընկեց անելով Կապադովկիայում հռոմեասեր Արիոբարզանին և նրա տեղը դնելով Գորդիոսին, Տիգրանը իր առաջին փորձն Էր կատարում կասեցնելու հռոմեական առաջխաղացումը դեպի Արևելք՝ իր ու Հռոմի միջև մի բուֆերային պետություն ստեղծելու միտումով: Հռոմի և Պարթևստանի միջև կնքվող ընդհանուր համաձայնագիրը և պարթևական կողմի առաջարկը Հռոմին Հայաստանի դեմ սիմմախիա՝ ռազմական դաշինք կնքելու մասին ավելի քան պարզ Էր դարձնում Մեծ Հայք պետությանը սպառնացող նոր վտանգը (Էջ 46), ուստի կապադովկյան դեպքերին հաջորդող Տիգրանի մյուս քայլը պետք Է Պարթևստանի սանձահարումը լիներ, որը Նա մեծ հաջողությամբ իրագործեց 86—85 թթ. ռազմական կամպանիաների ընթացքում։[3]

Տիգրան Բ-ի կայսրության կազմավորումը և դրան սպառնացող արտաքին ու ներքին վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատության ծանրակշիռ, հիմնական մասերից մեկն են կազմում Տիգրան Բ-ի տերության կազմավորման գործընթացին նվիրված Էջերը (Էջ 59-116)։ Հռոմեական վտանգի առաջն առնելու միակ միջոցը նրա ճանապարհին հզոր ռազմաքաղաքական պատնեշի ստեղծումն Էր: Տիգրանի կողմից կառուցվող այդ պատնեշի ավարտական քայլը հայկական տերության կազմի մեջ արևելամիջերկրական մի շարք երկրների ներգրավումն Էր: Մ. թ. ա. 83 թ. Տիգրանը իրեն ենթարկեց Ասորիքը (Սիրիան), Փյունիկիան և Կիլիկիան։ Ասորիքում Տիգրանի հաստատմանը նախորդած ժամանակաշրջանում Ասորիքի գահի տարբեր հավակնորդների միջև ծավալված անդադրում կռիվների հետևանքով երկրում ծայր առած քաղաքական անմխիթար վիճակը նկարագրելուց հետո հեղինակը անցնում Է հելլենիստական Արևելքի սոցիալ-տնտեսական հարցերի քննարկմանը և հանգում այն եզրակացության, որ Հայկական ու սելևկյան-սիրիական վերնախավի միջև կնքվել Է հատուկ դաշինք, որը փաստորեն հանգել Է Ասորիքի սելևկյան և Տիգրանի հայկական պետությունների ունիային։ Այս տեսակետից շատ կարևոր Է Ասորիքի սելևկյան քաղաքների դերի բացահայտումը միավորման այս գործընթացում։ Հեղինակը իրավացիորեն ուշադրություն Է դարձնում Ասորիքի քաղաքների միջև դրսևորված, եզակի նշանակություն ունեցող համախության՝ ՙՙհոմոնոյայի՚՚ մասին Ստրաբոնի բերած վկայության վրա (էջ 68), Այն ինչ-որ բարոյաէթիկական հասկացություն չէր, այլ քաղաքների միջև գոյություն ունեցող իրական դաշինք, որը ենթադրում է ընդհանուր ժողովներ և համընդհանուր որոշումներ։ Բերված նյութից երևում է, որ կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում քաղաքները ձգտում էին համախմբման և երբ պատմիչ Հուստինոսը ասում է, որ Ասորիքի «ժողովուրդը»` populus֊ը դիմել է Տիգրանին ստանձնելու սելևկյան թագավորությունր, նա նկատի ունի քաղաքների համայնքա-քաղաքացիական համախմբված կոլեկտիվներ (էջ 72—73)։ Աշխատության մեջ ցույց է տրված, թե ինչու ասորիները գերադասեցին Տիգրանի Մեծ Հայք-Հայաստանը Եգիպտոսից, Հռոմից, Պարթևստանից, Պոնտոսից և թե' հետևապես ինչու այս ունիան ձեռնտու էր հավասարապես թե' մեկ և թե' մյուս թագավորությանը։ Այս տեսակետից հատկապես ուսանելի են Տիգրանի և Ասորիքի սելևկյան քաղաքների միջև հաստատված հարաբերությունները։ Տվյալներ կան, որոնք վկայում են արքայի բարյացակամության մասին քաղաքների նկատմամբ և քաղաքների նվիրվածության մասին՝ արքայի նկատմամբ։ Արքան քաղաքներին շնորհում է «ազատություն», ապաստանի կամ անձեռնմխելիության իրավունք («ասիլիա»), սրբազան կոչվելու իրավունք (ֆինանսական իմունիտետ)։ Հայաստանը և Ասորիքը դառնում են բնական դաշնակիցներ Հռոմի և պարթևների դեմ մղվող պայքարում։ Սակայն մ. թ. ա. 70-ական թթա երկրորդ կեսից այնտեղ գլուխ են բարձրացնում ընդդիմադիր ուժերը, որոնց համար Տիգրանի քաղաքական լուծումներն ընդունելի չէին։ Հայաստանում ապստամբություն է բարձրացնում նրա երիտասարդ որդի Տիգրանը, Ասորիքում ապստամբում են հարավի քաղաքները Կլեոպատրա-Սելենե թագուհու գլխավորությամբ: Այս հարցը Ռ.Լ.Մանասերյանըը կապակցում է անտիկ դարաշրջանը լուսաբանող պատմագիտական երկերում հանդիպող Տիգրան Բ-ի չեզոքության հարցին Միհրրդատյան երրորդ պատերազմի ընթացքում (73-71 թթ.)։ Ինչպես հայտնի է, Տիգրան Բ-ի արդի քննադատները և աոաջին հերթին Թեոդոր Ռեյնաքը Տիգրանի բռնած դիրքը համարել են «ճակատագրական սխալ», «դաշնակցային պարտականությունների մեջ թերացում», «քաղաքական կարճատեսություն», «պարզունակ լավատեսություն»։ Վերջին որակումը պատկանում Է Հ. Մանանդյանին։ Ռ. Մանասերյանը ցույց Է տալիս, որ Տիգրանի քաղաքական դիրքորոշման պատճառները խարսխված Էին տերության մեջ տիրող իրավիճակում. կապված նրա հարավային իշխանություններից մեկի՝ Գորդիենայի (Կորդոլքի) անջատողական ձգտումների, սիրիական Սելևկիա քաղաքի ընդվզման, սեփական արքունիքում ծայր առնող հակապետական խմորումների հետ և, որ կարևորն Է՝ հակահայկական այն գործողությունների հետ. որոնք ծավալվել Էին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում սելևկյան Կլեոպատրա-Սելենե թագուհու գլխավորությամբ։ Սանձահարելու համար այս բոլոր շարժումները Տիգրանը պետք Է չեզոքություն պահպաներ, մանավանդ, որ Հռոմը միջամտում Էր Ասորիքում։ Այս կապակցությամբ շատ կարևոր են Գայուս Վերոսի գործի կապակցությամբ Կիկերոնի արտասանած ճառում պարունակված և Տիգրանի՝ մեզ ժամանակակից՝ 20-րդ դարի երկրորդ կեսի - 21 -րդ դարի առաջին երկու տասնամյակների քննադատների կողմից անտեսված տեղեկությունները Ասորիքում Հռոմի ունեցած կոնկրետ ակնկալությունների մասին։ Չեզոքության գնով պետք Էր խաղաղեցնել տերությունը վերահաս պատերազմի նախօրյակին։[3]

Տիգրան Բ-ի դիրքորոշումը Հռոմեական հանրապետության նվաճողական քաղաքականության նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ. Մանասերյանի ուսումնասիրության նորություններից Է 71—69 թթ. Հռոմի հանդեպ Տիգրանի դիրքորոշման լուսաբանումը։ Ապացուցվում է, որ մ. թ. ա. 71 թ. Տիգրանը նպատակ ուներ վերականգնել հռոմեացիների կողմից նվաճված Պոնտոսը և այդ նկատառումով ապաստան տվեց Միհրդատ VI-ին (Էջ 130—144)։ Այս առթիվ ուշագրավ են Կիկերոնից բերված մեջբերումները, որոնք բացահայտում են Տիգրանի դիրքորոշումը Միհրդատ VI-ի նկատմամբ (Էջ 134)։ Սակայն հռոմեացիներին հաջողվեց կանխել Տիգրանի ու Միհրդատի նախապատրաստվող պատերազմական ելույթը։ Տիգրանակերտի աղետին հաջորդեց Արածանիի hաղթանակը։ Մեծ ուշադրություն Է հատկացվում կողմերի գործողությունների, Տիգրանի ռազմական ղեկավարման լուսաբանմանը։ Քննելով առավել օբյեկտիվ ու անկախ աղբյուրների, մասնավորապես՝ պատմիչ Ապպիանոսի տվյալները, հեղինակը հանգում Է ուշագրավ եզրակացության, որ Արածանիի ճակատամարտից հետո մինչև Մծբինի անկումը, մ. թ. ա. 68 թ., ուշ աշնանը հայկական և հռոմեական զորքերի միջև տեղի Է ունեցել նոր մեծ ճակատամարտ, որի ժամանակ Տիգրանին հաջողվեց շրջապատել հռոմեացիներին և նոր, ծանր պարտության մատնել նրանց այրուձին (էջ 180—187): Այսպիսով, հայկական բանակը հաջողությամբ ետ մղեց հռոմեական հարձակումը, սակայն Ասորիքի հետ ունիան քայքայված Էր և տերությունը անհնարին Էր վերականգնել: 67—66 թթ. Պոմպեոսի զորքերի վերահաս հակահարձակման և պարթևների սպասվող ներխուժման վտանգի առաջ մնում Էր պահպանել այն, ինչ բուն հայկական Էր։ Բացահայտվում է Տիգրանի ճկուն դիվանագիտական գործելակերպը, որի առանձնահատուկ կողմն Էր Հռոմի և պարթևների միջև ծագող հակասությունների հմուտ օգտագործումը, իսկ այդ հանգամանքը պայմանավորեց Պոմպեոսի հետ, իսկ այնուհետև պարթև Արշակունիների հետ բանակցությունների բարեհաջող արդյունքը (էջ 212—221, 225—234):[3]

Տիգրան Բ-ի արտաքին քաղաքականության արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտության համար շատ կարևոր և, ընդ որում, հիմնավորված է համարվում Ռ.Լ. Մանասերյանի այն կարծիքը, որ Հռոմի հետ հաշտությունը չի եղել Հայաստանի ռազմական կապիտուլյացիա։ Տիգրան Մեծի գործունեության կարևորագույն արդյունքներից մեկն է ներկայացվում այն, որ մ.թ.ա. 68 — 64 թթ. ռազմա-դիվանագիտական համառ պայքարում, չնայած մեծ տերության քայքայմանը, Տիգրանր պահպանեց իր բնական սահմանների մեջ ամփոփված Հայաստանը, զերծ պահելով այն գերհզոր երկու հարևանների՝ Հռոմի և պարթևների նվաճողական նկրտումներից։[3]

Տիգրան Բ-ի արտաքին քաղաքականության որոշ հարցերի հետագա պարզաբանման կարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ. Մանասերյանի աշխատությունը պարունակում Է հարցեր, որոնք գուցե կարոտ են ավելի հանգամանալի պարզաբանման։ Ավելի մեծ ուշադրության են արժանի Տիգրանի արքունիքում մշակվող քաղաքական տեսությունները, նրանց նպատակամղվածությունը։ Ըստ պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տիրացյանի՝ այդ տեսությունները ստորադասված Էին առանցքային՝ տերության հզորության մեծապետական գաղափարին, որով տոգորված Էին արքայի և նրա շրջապատի իղձերն ու ձգտումները։ Նրանց գաղափարական պատշաճ հիմնավորում տալու համար կոչված Էր հելլենիստական ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում տարածում գտած աքեմենականության տեսությունը։ Այն պետք Է հիմնավորեր այս կամ այն պետության գոյության իրավունքը, պաշտպաներ նրա մշակութային ինքնուրույնությունը, ապահովեր այս կամ այն տոհմի իշխելու կամ թագավորելու օրինականությունը, Բայց նաև արդարացներ այս կամ այն պետության մեծապետական նկրտումները։ Տիգրան Բ-ի պատմության հետ առնչվող մի շարք մանրամասներ կարծես վկայում են, որ նա դիմել Է Աքեմենյաններին, նրանց օրինակին, անգամ՝ նրանց խորհրդանշաններին՝ իր իրագործվող քաղաքական միջոցառումներին գաղափարական հիմնավորում տալու ակնկալությամբ:[3]

Տիգրանի հեռահար քաղաքականությունը Միջերկրական ծովի ավազանում և Իտալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռ. Մ.Մանասերյանը հետաքրքիր վարկած է առաջ քաշել Միջերկրական ծովի ավազանի երկրներում և, մասնավորապես, Իտալիայում Տիգրան Բ-ի վարած հեռահար քաղաքականության վերաբերյալ: Սպարտակի նշանավոր ապստամբության մասին հետազոտություններում պատշաճ լուսաբանություն չի տրվել այն հարցին, թե ի՞նչ հեծելազոր է ժամանել օգնելու Սպարտակին: Այդ հեծելազորի ժամանման մասին պատմում է Ապպիանոսը, նշելով, թե այն ժամանեց, երբ Սպարտակի բանակը փաստացի շրջափակված էր հռոմեական զորքերի կողմից Բրուտտիական թերակղզում: Վերլուծելով Ապիանոսի տեղեկությունները և քննարկվող ժամանակահատվածում Իտալիայի հարավում ու Միջերկրական ծովի արևելքում՝ այդ թվում Փոքր Ասիայում ու Պոնտոսում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, դոկտոր Ռ.Մանասերյանը եզրակացնում է, որ Սպարտակին օգնական հեծելազոր ուղարկելու հարցում շահագրգռված ուժերից, մասնավորապես՝ 1. Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Զ Եվպատոր և 2. Մեծ Հայքի և Արևելքի Արքայից Արքա Տիգրան Բ Մեծ, միայն վերջինս էր այդ ժամանակ ի վիճակի Իտալիայում մարտնչող Սպարտակի բանակին ուղարկելու նման ռազմական օգնություն: Ընդ որում, նպատակը եղել է Սպարտակի բանակի` ծովով փոխադրումը հարավային Իտալիայից դեպի Հունաստան, ինչը երկրորդ և շատ վտանգավոր ճակատ կստեղծեր Պոնտոսի դեմ մարտնչող Հռոմեական տերության զորքերի համար: Ինքը Տիգրանը այդ ժամանակ՝ մ.թ. ա. 72 — 69 թթ. զբաղված էր Փյունիկիայում և Կելիսիրիայում ապստամբությունների դեմ պայքարով, որոնք հրահրվել և խրախուսվում էին Հռոմեական հանրապետության կողմից: Ռ.Մանասերյանը, վերլուծելով ժամանակի մարտավարությունը և հեծելազորի կիրառման հնարավորությունները, եզրակացնում է, որ Միջերկրական ծովով, որտեղ հռոմեացիները չէին կարողանում վերահսկել ծովային ուղիները, օգնության ուղարկված զորքը եղել է հայկական բանակի հեծյալ նետաձիգների զորամաս, որն իր դերը փայլուն կատարեց՝ օգնելով Սպարտակի բանակին ճեղքելու հռոմեական զորքերի կառուցած շրջափակիչ ամրությունները և անցնելու դեպի Բրունդիզիում: Սակայն, Սպարտակի բանակին փոխադրելու չեկան Կիլիկյան ծովահենների նավերը, որի պատճառով նա դարձյալ հայտնվեց շրջափակման մեջ, և հռոմեական գերակշիռ ուժերը կարողացան այս անգամ հաղթանակ տանել: Ի դեպ, հռոմեացիներին այդպես էլ չհաջողվեց պարզել օգնության եկած հեծյալ զորամասի էթնո-քաղաքական պատկանելությունը: Իսկ այդ զորամասը իր դերը խաղալուց հետո մինչև վերջ բաժանեց Սպարտակի բանակի ողբերգական ճակատագիրը, մինչև վերջին մարդը զոհվելով մ.թ.ա 71 թ. մարտին տեղի ունեցած վերջին ճակատամարտում, որտեղ կողմերը, իրենց սովորության համաձայն, գերիներ չէին վերցնում և տեղի ունեցավ պարզապես հակառակորդի բանակի բոլոր զինվորների թրատում մարտում, որի արդյունքում հնարավոր չէր տարբերել սպանվածներից որևէ մեկի ինքնությունը[6]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուբեն Լևոնի Մանասերյան, Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64 թթ., «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1987: Առաջին հրատարակություն՝ Ակադեմիկոս Սուրեն Տիգրանի Երեմյանի խմբագրությամբ[7]։
  • Ռուբեն Լևոնի Մանասերյան, Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64 թթ., «Լուսակն» հրատարակչություն, Երևան, 2007: Երկրորդ հրատարակություն՝ Մ. Միքայելյանի; Ա. Մարտիրոսյանի խմբագրությամբ[7][8]։
  • Ռուբեն Լևոնի Մանասերյան, Հայաստանը Արտավագդից մինչև Տրդատ Մեծ, «Արեգ» հրատարակչություն, Երևան, 1997:[9]
  • Ռուբեն Լևոնի Մանասերյան, Սպարտակի մոտ ժամանած հեծելազորի հարցի շուրջ (վարկած՝ Սպարտակի հետ Տիգրան Մեծի ռազմական կապերի վերաբերյալ). ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդես, № 3, 2004: Ռուբեն Լևոնի Մանասերյան, Սպարտակի մոտ ժամանած հեծելազորի հարցի շուրջ (վարկած՝ Սպարտակի հետ Տիգրան Մեծի ռազմական կապերի վերաբերյալ):
  • Ռուբեն Լևոնի Մանասերյան, Հայաստանի քաղաքների բնակչության դավանանքի հարցի մասին (մ.թ. I դ. — մ.թ. IV դ.), ՀԽՍՀ ԳԱ Պատմաբանասիրական Հանդես, 1989, թ. 2: Ռուբեն Լևոնի Մանասերյան, Հայաստանի քաղաքների բնակչության դավանանքի հարցի մասին (մ.թ. I դ. — մ.թ. IV դ.)
  • Процесс образования державы Тиграна II, ВДИ, М., 1982, № 2;
  • Р.Л. Манасерян. Борьба Тиграна против римской экспансии в Каппадокии, ВДИ, М., 1985, № 3;
  • Р.Л. Манасерян. Международные отношения на Переднем Востоке в 80-70-гг. до н. э. Тигран II и войска с берегов Аракса, ВДИ, М., 1992, № 1;
  • Р.Л. Манасерян. К вопросу о вероисповедании населения городов Армении. (I в. до н.э.—IV в. н.э.) Р.Л. Манасерян: К вопросу о вероисповедании населения городов Армении. (I в. до н.э.—IV в. н.э.)
  • R.L.Manaseryan. Roi d՝Armenie et empereur romain: Les aspects ideologuques de leurs relations et la conversion au Christianisme, Roma-Annenia, R., 1999:
  • R.L. Manaseryan. Les fondements ideologiques de la souverainete royale des Bagratides le roi et Dieu - Ani, capitale de 1՝Armenie en Fan mil. P., 2001.

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցել է ՀՀ ԳԱԱ Արևելագիության ինստիտուտի գիտական խորհրդին։ Խոսում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, կարդում և թարգմանում է հին հունարենից և լատիներենից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տե՛ս ՀՀ Գիտությունների Ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ: Պաշտոնական կայք: [1]
  2. 2,0 2,1 Տե՛ս Անուններ կայք
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ռուբեն Լևոնի Մանասերյան, Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64 թթ., «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1987: Առաջին հրատարակություն՝ Ակադեմիկոս Սուրեն Տիգրանի Երեմյանի խմբագրությամբ:
  4. Ռուբեն Լևոնի Մանասերյան, Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ մ.թ.ա. 94-64 թթ., «Լուսակն» հրատարակչություն, Երևան, 2007: Երկրորդ հրատարակություն՝ Մ. Միքայելյանի; Ա. Մարտիրոսյանի խմբագրությամբ
  5. Գ.Ա. Տիրացյան: «Ռ. Լ. Մանասերյանի Տիգրան Մեծ. Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ» աշխատության մասին. Պատմա-բանասիրական հանդես, 1987թ., № 4 [2]
  6. Ռուբեն Լևոնի Մանասերյան, Սպարտակի մոտ ժամանած հեծելազորի հարցի շուրջ (վարկած՝ Սպարտակի հետ Տիգրան Մեծի ռազմական կապերի վերաբերյալ). ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդես, № 3, 2004:
  7. 7,0 7,1 Հայաստանի Ազգային գրադարանի կայք
  8. Պատմաբանասիրական հանդես, Նոր գրքեր: 2008
  9. ՀԱՅ ԳԻՐՔ. Armenian Book. ՀՀ Ազգային գրադարանի կայք: Նվիրվում է հայ գրքի տպագրության 500-ամյակին (1512-2012թթ.), հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության 350-ամյակին (1666-2016թթ.) և հայ տպագրիչներին։[3]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Ով ով է. Հայեր", կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005:
  • Ռուսաստանի պետական գրադարան: Российская Государственная Библиотека. [4]