Jump to content

Այրուձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այրուձի, Հայոց հեծելազորի տեսակ հին և միջին դարերում։ Պեղածո նյութերն ու սեպագիր արձանագրությունեները հավաստում են, որ մ.թ.ա. 1-ին հազարամյակում Հայկական լեռնաշխարհի բնակիչները պատերազմներում օգտագործում էին ինչպես մարտակառքեր, այնպես էլ այրուձի։ Ըստ Քսենոփոնի, Երվանդունիներն ունեին 8 հազարանոց այրուձի։ Հայոց այրուձին ավելի մեծացվեց և կանոնավորվեց Արտաշեսյանների օրոք։

Հայոց այրուձիի կորիզը Հին աշխարհում հռչակված ծանրազեն զրահավոր հեծելազորն էր, որի համար ընտրվում էին առավել մարմնեղ և ուժեղ ձիեր։ Հեծեկամարտիկները կրում էին ծանր հանդերձանք, մետաղե թիթեղներով պատած կամ մետաղե զրահներ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրունքակալ, լանջապանակ, սռնապան, կրծքակալ և այլն)։ Գլխավոր զենքը երկար նիզակն էր։ Զրահավոր այրուձին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժն էր, որը գրոհում էր սեպաձև խիտ շարքերով։

Թեթևազեն այրուձին, որի համար ընտրվում էին համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում։ Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր։ Թեթևազեն այրուձին կատարում էր բանակի մարտակարգի թևերն ու թիկունքը պաշտպանելու, գլխավոր ուժերի ծավալմանը սպասարկելու, ցրված ուժերը կենտրոնացնելու, հակառակորդին հետապնդելու, հետախուզելու և այլ պարտականություններ։ Հարձակվում էր ցրիվ շարքերով։

Հայոց այրուձին կարևոր դեր էր կատարում պարթև-հռոմեական մրցակցությունում. նրա անցումը մեկի կամ մյուսի կողմը հաճախ ունենում էր վճռական նշանակությունը Հռմը մարտունակ հեծելազոր չուներ։ Այդ պատճառով ահեղ հեծելազորատեր Պարթևստանի դեմ մղվող պատերազմներում ձգտում էր շահել Հայաստանի դաշնակցությունը։ Արշակուիների ժամանակ այրուձին, մասնավորապես ծանազենը, համալրվում էր ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության մասն էր կազմում ձիավարժությունը։

Պատերազմի ժամանակ ցածր խավերից նյունպես ստեղծվում էր առանձին հեծելագունդ, ո րը կոչվում էր «ռազմիկ այրուձի»։ Այրուձիի գերագույն հրամանատարը կոչվում էր «ասպետ», որը միաժամանակ «թագադիր» կամա «թագակապ» իշխան էր։ Այդ պաշտոնը Բագրատունիների տոհմի մենաշնորհն էր։ Արշակունիները այրուձիի խիստ մեծացրեցին հատկապես 3-4-րդ դարերում, երբ Հայաստանի անկախությանն սպառնաց Սասանյան Պարսկաստանը։ Այրուձիի զինվորական աստիճանների, հրահանգների, կանոնադրությունների, զինանշանների, դրոշների մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Աղբյուրներում հիշատակվում են «բյուրավորք», «հազարավորք», «գումապետք», «հարդարի մարտի», «աղեղնադրոշք», «ասպարախաղք» կամ «ասպախաղք», «դրոշակակիրք», «վառնունիք», «ճակատամուղք» ստորրաբաժանումների անուններ[1]։

Ընդհանուր տեղեկություններ այրուձիու մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական լեռնաշխարհի բնակիչները մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են ռազմակառքեր, ունեցել են հեծյալ զորախմբեր։ Մ.թ.ա. 6-րդ դարում Երվանդունիներն ունեցել են 8 հզ. հեծելազոր ու 40 հզ. հետևակ, իսկ Գավգամելայի ճակատամարտում (մ. թ. ա. 331 թվական) Ալեքսանդր Մակեդոնացու դեմ պարսից բանակի կազմում կռվել է Մեծ Հայքի 7-հզ-անոց այրուձին։ Արտաշիսյանների (մ. թ. ա. 189–181 թվականներ) օրոք ստեղծվել են հեծելազորային միավորումներ, որոնց կորիզը ծանրազեն կամ սպառազեն հեծելազորն էր։ Հեծելամարտիկները կրել են մետաղե թիթեղներով պատած կամ մետաղե զրահ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրնքակալ, լանջապանակ, սռնապան և այլն)։ Զրահով պաշտպանված էին նաև ձիու մարմնի առավել խոցելի տեղերը։ Գլխավոր զենքը նիզակն էր։ Հայկական բանակի գլխավոր հարվածային ուժը զրահակիր հեծելազորն էր։ Թեթևազեն հեծելազորը, որի համար ընտրել են համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում, ապահովում էր բանակի մարտակարգը, հետապնդում թշնամուն, հետախուզում և կատարում այլ պարտականություններ։ Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր։ Արշակունիների (66–428 թվականներ) օրոք այրուձին, մասնավորապես ծանրազենը, համալրվել է ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության անքակտելի մասն էր ձիավարժությունը։ Համաձայն հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին հրովարտակի, որը կոչվում էր Զորանամակ, IV դարում 86 նախարարություն ներկայացրել է 84 հզ. ձիավոր մարտիկ, իսկ արքայականը 40 հզ. էր։ Արշակունիների անկումից հետո հայկական այրուձիու թիվը նվազել է։ Մարզպանական Հայաստանում (V–VII դարեր) այրուձին 30 հզ-ից չէր անցնում։ 529 թվականին հատուկ հրովարտակով Հուստինիանոս I կայսրը Հայաստանի բյուզանդական մասում արգելել է նախարարներին հեծյալ ուժեր ունենալ (արգելքը տևել է մինչև արաբական նվաճումները՝ 7-րդ դարի կես)։ 652 թ-ի հայ-արաբական պայմանագրի համաձայն՝ Հայաստանը կարող էր պահել 15-հզ-անոց այրուձի (նախկին 30 հզ-ի փոխարեն), որի ռոճիկը վճարելու էին արաբները։ Այս կարգը պահպանվել է մինչև Աբդուլլահ խալիֆի (750–775 թվականներ) իշխանությունը։ Բագրատունիների (885–1045 թվականներ) օրոք նույնպես այրուձին համալրել են գերազանցապես ազատները։ Գագիկ Ա-ի (989–1020 թվականներ) ժամանակ արքունական զորագնդերում հաշվվում էր 55 հզ., իսկ իշխանականում՝ 45 հզ. զինվոր։ XII–XIII դարերում հայկական հեծելագնդերը Զաքարյան իշխանների գլխավորությամբ մեծապես օգնել են վրացական պետության հզորացմանը և սելջուկյան թուրքերից հայկական հողերի ազատագրմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 354