Շերպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
շերպեր
Sherpa.jpg
Flag of Nepal.svg
Ընդհանուր քանակ

520000[1]

Բնակեցում
Նեպալ Նեպալ [1]
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան (Տիբեթի ինքնավար շրջան) [1]
Բութան Բութան [1]
Հնդկաստան Հնդկաստան (Սիքիմ, Միզորամ, Մանիպուր, Արունաչալ Պրադեշ, Ասսամ, Դարջելինգ) [1]
Լեզու(ներ)
Տիբեթա-Բիրմանական լեզուներ, շերպերեն, նեպալերեն, կանգպո
Հավատք(ներ)
տիբեթական բուդդայականություն, հինդուիզմ, բոն, քրիստոնեություն

Շերպեր, եզ․ թիվ՝ շերպ կամ շերպա (տիբեթերեն՝ ཤར་བ་, վայլի՝ shar pa - արևելյան մարդիկ), ազգություն[2], որն ապրում է Արևելյան Նեպալում, Ջոմոլունգմա լեռան շրջանում, ինչպես նաև Հնդկաստանում: Ինքնանունը՝ շարկխոմբո։

Վերջին 30 տարիների ընթացքում շերպերի թիվը կտրուկ աճել է։ Այսպիսով, եթե 1975 թվականին նրանց թիվը կազմում էր շուրջ 25 հազար մարդ[3], ապա 2001 թվականին գրանցվել է այդ ազգի 154622 ներկայացուցիչ։ Շերպաների մեծ մասն ապրում է Նեպալի արևելյան շրջաններում, այնուամենայնիվ, ոմանք բնակություն են հաստատել ավելի արևմուտք՝ Ռոլվալինգի (Rolwaling) հովտում և Կատմանդուից հյուսիս գտնվող Հելամբու շրջանում։ Նեպալում շերպաների ամենահին գյուղը Թենգբոչենն է: Լեզուն՝ կանգպո, պատկանում է Տիբեթա-Բիրմանական լեզուների հարավային ճյուղին, սակայն զգալիորեն տարբերվում է տիբեթական մյուս լեզուներից: Մասնավորապես, շերպաների լեզուն Լհասայի տիբեթցիների համար անհասկանալի է[4]:

Շերպաները տիբեթցիների հետնորդներն են, ովքեր միջնադարում գաղթել են Գլխավոր Հիմալայան լեռնաշղթայի հարավից։ Ըստ ԴՆԹ անալիզի՝ մոտ 23,4 սերունդ: Շերպաներն ու տիբեթցիները կիսում են ընդհանուր «բարձր լեռնային» գեները[5]։

Նեպալում շերպաների ավանդական զբաղմունքը հողագործությունն է (կարտոֆիլի և վարսակի մշակություն) և անասնապահությունը (յակ) է։ Նախկինում նրանք առևտրում միջնորդներ էին Նեպալի և Տիբեթի միջև: Հնդկաստանում հիմնական զբաղմունքը առևտուրն էր և լեռնագնացությանը մասնակցելը, որտեղ գործնականում նրանք անփոխարինելի բարձր լեռնային բեռնակիր-ուղեկցորդներ էին: Շատ շերպաներ են մահացել, երբ մասնակցել են վերելքներին, եղանակային ծանր պայմանների, ձնահյուսերի, վնասվածքների և հիվանդությունների պատճառով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին շերպաները քոչվորներ են եղել, սկզբում տեղավորվել են Կխումբուում, ապա սկսել են բնակություն հաստատել դեպի արևմուտք՝ աղի առևտրի ճանապարհով։ Ըստ իրենց՝ շերպերի բանավոր ավանդույթների, տարբեր ժամանակներում Սոլուկումբուից գաղթել է չորս խումբ, որոնցից էլ կազմավորվել են շերպերի չորս հիմնական տոհմեր՝ Մինյագպա, Թխիմի, Սերտավա և Չավա: Հետագայում այդ խմբերը նորից են բաժանվել և ներկայումս գույություն ունեն շերպերի շուրջ 20 խմբեր։ Շուրջ 1840 շերպերի նախնիներ գաղթել են Կամայից։ Հնարավոր է, բուդդայականության երկու գլխավոր կրոնական ուղղություններից Մահայանայի հակամարտությունը նպաստել է 15-րդ և 16-րդ դարերում շերպերի գաղթին: Միգրանտ շերպերը Ու-Ցանգով են տեղափոխվել՝ նախքան Հիմալայները հատելը[2]։

Նեպալի որոշ էթնիկական խմբեր.շերպաներ,թակալի, գուրունգի,կիրաթի, Ռայ,լոխարունգի, պարալի,բախինգի,լիմբու,պախարի,թամանգի

1800 թվականներին նորաստեղծ Նեպալյան պետությունը Կխումբուի շերպերին ինքնավարություն է շնորհել: 1960-ական թվականներին Չինաստանի հետ Նեպալի հարաբերություններում աճել է լարվածությունը, և Նեպալի կառավարությունը նպաստել է շերպերի առաջխաղացմանը: 1976 թվականին Կխումբուն դարձել է ազգային պարկ, իսկ զբոսաշրջությունը նրա տնտեսության զգալի մասն է դարձել[2]:

Ըստ Օպպիտզայի տվյալների (1968 թվական), շերպերի միգրացիան արևելյան Տիբեթի Կամ շրջանից դեպի Նեպալ շարունակվել է նաև վերջին 300-400 տարիների ընթացքում[6]: Մյուս կողմից, Գաուտամը (1994 թվականին) պնդել է, որ շերպերը Նանգպա-Լա լեռնանցքով գաղթել են Տիբեթից շուրջ 600 տարի առաջ: Նա ենթադրում է, որ արևելյան Տիբեթի Կամ շրջանի մի խումբ մարդիկ, որոնք կոչվել են «Շյար Կխամբա» (մարդիկ արևելյան Կամից), բնակություն են հաստատել «Շյար Կխումբու» վայրում: Ժամանակի ընթացքում «Շյար Կխամբանները», որոնք ապրում էին Շյար Կխումբույում, կոչվել են շերպեր[7]:

Նեպալի Ազգագրական թանգարանի կատարված ոչ վաղ անցյալի ուսումնասիրություններից (2001 թվականին) պարզվել է, որ շերպերը միգրանտներ չեն եղել, որոնք հատել են Տիբեթա-Նեպալյան սահմանը, և, դեռ ավելին, ժամանակակից Նեպալ պետությունն այն ժամանակ դեռ գոյություն չի ունեցել: Միայն 1768 թվականին՝ Պ. Ն. Շահի իշխանության ներքո Հիմալայան շրջանի միավորումից հետո, շերպերի տարածքները դարձել են Նեպալի Թագավորության բաղկացուցիչ մասը: Հնագույն ժամանակներից ի վեր, ինչպես Կիրատիի մյուս վայրենի ցեղերը (նեպալական ցեղեր), շերպերն էլ Հիմալայան շրջանում տեղից տեղ են տեղափոխվել անասունների համար լավագույն արոտավայրեր և առևտրային նոր ուղիներ գտնելու համար[8]:

Լեռնագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերպերը լայնորեն հայտնի են լեռնագնացության ունակություններով և իրենց բարձր լեռնային տեղանքի լավ իմացությամբ: Նրանք անփոխարինելի օգնություն են ցույց տվել Հիմալայների վաղ հետազոտողներին և աշխատել են որպես լեռնային ուղեկցորդներ մեծ բարձրություններում, հատկապես Ջոմոլունգմա էքսպեդիցիաների ընթացքում: Եվ ներկայումս միջազգային հանրության կողմից բարձր են գնահատվում իրենց դիմացկունության, որակավորման և շատ մեծ բարձրությունների վրա արշավների, լեռնագնացության և ժայռամագլցման մեջ փորձի համար: Ենթադրվում է, որ նրանք ունեն բարձրության հարմարվողականության ժառանգական հատկանիշ, որը իր մեջ ներառում է հեմոգլոբինին կապող եզակի ֆերմենտներ և ազոտի օքսիդի կրկնապատկման առաջացում[9]:

Կամուրջ Կոսի գետ վրա
Նեպալ 1992

Ներկայումս օտարերկրյա զբոսաշրջիկները հաճախ «շերպ» են անվանում հիմալայան արշավախմբերի համար վարձված գրեթե ցանկացած լեռնային ուղեկցորդի կամ բեռնակրի (կամ պորտերա լատ․՝ portare «տանել, տեղափոխել»)՝ անկախ էթնիկ պատկանելությունից։ Այդ պատճառով, սլենգով «շերպ» բառը նշանակում է գիդ, էքսկուրսավար, ուղեկցորդ կամ կազմակերպիչ ոչ միայն լեռնային արշավների ժամանակ, այլև առհասարակ[10][11]:

Պեմ Դորջե Շերպա

Ձնահյուս-2014[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 18-ին Կխումբույի սառցե թեքադաշտի վրա գահավիժել է լեռնային սառցաբեկոր (ֆր.՝ sérac), որը հանգեցրել է սառույցի և ձյան մեծ ձնահոսքի։ Արդյունքում մահացել էին տասնվեց նեպալցի լեռնային ուղեկցորդներ, նրանց մեծ մասը շերպեր էին[12]։ Այդ ողբերգության և այն պատճառով, որ հաճախ շերպերին վարձողներն այդ վերելքների համար ոչ բավարար պատրաստվածություն ունեցող ալպինիստներ են լինում, և որոնք պնդում են, որ շերպերը ոչ խելամիտ (նույնիսկ մահացու) գործողություններ կատարեն լեռներում, ինչպես նաև, որ Նեպալի իշխանություններն անբավարար աջակցություն են ցուցաբերում լեռնային ուղեկցորդի իրենց պարտականությունը կատարելիս տուժած կամ մահացած շերպերին և նրանց ընտանիքներին, շատ շերպեր հեռացել են այդ աշխատանքից, և լեռնագնացության որոշ ընկերություններ այլևս դադարել են Ջոմոլունգմա արշավախմբերին լեռնագնացներ և բեռնակիրներ տրամադրել[13]:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերպերի գերթե 93%-ը բուդդայականներ են, 6.26% -ը՝ հինդուներ, 0,63%՝ քրիստոնյաներ և 0,20%-ը՝ բոնի հետևորդներ: Ինչպես վկայում են բուդդայական լեգենդները, սկզբնական գաղթը Տիբեթից եղել է Բեյուլ (Beyul) խորհրդավոր հովիտների կամ Շամբալայի թաքնված երկրի որոնումը:

Շերպերը տիբեթական բուդդայականության Նինգմա դպրոցի (կամ «Կարմիր գլխարկներ») հետևորդներն են: Սա, ըստ լեգենդի, Տիբեթի ամենահին բուդդայական դպրոցն է, հիմնադրվել է Պադմասաբհավայի կողմից (Գուրու Ռինպոչե) 8-րդ դարում, շեշտը դրվում է միստիցիզմի վրա և ներառում է նախաբուդդայական հավատամքների (բոն կրոն) և շամանության տարրեր: Մասնավորապես, շերպերը հավատացել են թաքնված կրոնական գանձերի (թերմա) և Բեյուլի հովիտների գոյությանը:

Թամե Գոմպան Նեպալի Թամե գյուղում

Նիգմա դպրոցի ավանդական հավատքը և փորձը տարածվում է աշխարհիկ հետևորդների չհամակարգված ցանցի միջոցով: Վանքերը, վանականները և միանձնուհիները, հոգևոր առաջնորդներին վերամարմնավորվելու հավատը՝ ավելի ուշ հարմարեցումներ են[2]:

Միևնույն ժամանակ, վանքերը (գոմպա) կարևոր դերակատարում ունեն շերպաների հոգևոր կյանքում: Նեպալի Սոլուկխումբու շրջանում ավելի քան քսան այդպիսի վանքեր կան: Սրանք լամաների կամ վանականների (երբեմն միանձնուհիներ) համայնքներ են, որոնք չամուսնանալու երդում են տալիս և ապրում են աշխարհիկ հասարակությունից խիստ մեկուսացված՝ հանուն ճշմարտության որոնման և նիրվանայի հասնելու: Նրանց կապն արտաքին աշխարհի հետ սովորաբար սահմանափակվում է վանական կրոնական պրակտիկաներով, ամենամյա կրոնական փառատոններով և թաղումների ժամանակ սուրբ տեքստեր կարդալով: Աշխարհիկ հավատացյալները հարգում են նրանց և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:

Շերպերը հավատում են ոչ միայն Բուդդային և բուդդայական հզոր աստվածներին, այլ նաև բազմաթիվ աստվածների և դևերի, որոնք բնակվում են ամեն սարում, քարանձավում և անտառում: Հիմալայան մեծ լեռներից շատերը սուրբ նշանակություն ունեն: Նրանցից ամենաբարձրի՝ Ջոմոլունգմայի անվանումը ծագում է շերպերի «Chomolungma» բառից։ Այդ լեռը շերպերիը պաշտում են որպես «Աշխարհի մայր»: Մակալու լեռը կապվում է Շանկարի (Շիվա) հետ: Շերպերի յուրաքանչյուր տոհմ հարգում է իր լեռնագագաթները, որոնցից ամեն մեկը կապված է որոշակի աստվածության հետ, և ապավինում է այդ աստվածների աջակցությանը և պաշտպանությանը:

Ներկայումս շերպերի ամենօրյա կրոնական կյանքը ղեկավարում են լամաներն ու գյուղերում բնակվող այլ կրոնական առաջնորդները: Գյուղական լաման կարող է լինել և վանական, և ամուսնացած աշխարհիկ: Կան նաև շամաններ (lhawa) և գուշակներ (mindung), որոնք միայն գործ ունեն գերբնական և հոգևոր աշխարհի հետ: Լամաները բնորոշում են կախարդներ (pem), մարդկանց են փոխանցում աստվածների և հոգիների խոսքերը, ախտորոշում են հոգեկան հիվանդությունները:

Փոքրաթիվ շերպեր դավանում են այլ կրոններ, ներառյալ հինդուիզմը և կաթոլիկությունը[2]:

Ավանդական հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավա Տենզինգ

Շերպա տղամարդկանց ավանդական հագուստը խալաթ է, որը իջնում է մինչև ծնկները, երկար թևերով, որոնք կոչվում են «kitycow»: Հագուստի մյուս տեսակը՝ «չհուբա» (chhuba), գոտկատեղին փաթաթում են «կարա» (kara) կոչվող կտորից գոտի, այնպես, որ գոտուց պայուսակ է ձևավորվում՝ «թոլունգ» (tolung), որի մեջ հնարավոր է մանր իրեր դնել: Ավանդական չհուբան պատրաստվում է խիտ տնայնագործ բրդից, որի մի տարբերակը կոչվում է «լոկպա» (lokpa), որը պատրաստվում է գառան կամ ոչխարի կաշվից: Չհուբան հագնում են բլուզի (raatuk) և տաբատի (kanam) վրայից։ Բլուզը գործված է լինում հում մետաքսից (bure)։ Վրայից հագնում են ժակետ, որը կոչվում է «թեթունգ» (tetung)։

Կանայք ավանդաբար կրում են երկար, մինչև հատակը հասնող, երկարաթև զգեստներ, որը պատրաստվում է հաստ բրդից: Շերպերին այդպիսի զգեստն անվանում են «թոնգոկ» (tongkok): Կա նաև նմանատիպ առանց թևքերի զգեստ՝ «էնգի» (engi), որը հագնում են ավելի տաք եղանակին՝ բլուզի (raatuk) վրայից: Զգեստի վրայից հագնում են վառ զոլավոր գոգնոց, որը առջից կոչվում է «մետիլ» (metil), իսկ հետևից՝ «ջևէ» (gewe)։ Դրանք իրար միանում են արծաթե դրոշմազարդ ճարմանդով, որը կոչվում է «քայեթիգ» (kyetig)[2]:

Շերպաների հագուստը նման է տիբեթցիների հագուստին։ Վերջին ժամանակներում տնանագործ բուրդը և մետաքսը փոխարինվել են գործարանայինով։ Շատ շերպեր այժմ հագնում են արևմտյան հագուստ՝ իրենց ավանդական հագուստի փոխարեն:

Ավանդական բնակարանաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերպերի գյուղական համայնքներում շինարարության մեջ ընդունված է փոխօգնությունը: Սկզբում երիտասարդ ընտանիքը հաստատվում է ամուսնու ծնողների տանը, երբ երեխաներ են ծնվում արդեն նեղվածք է լինում, սկսում են առանձին տան շինարարությունը։ Հարևանները հաճախ օգնում են տուն կառուցող ընտանիքներին սնունդով, խմիչքով և աշխատուժով։

Տները սովորաբար կառուցվում են միմյանցից բավականին հեռավորության վրա, որպեսզի նրանց միջև դաշտեր լինեն: Շինարարության յուրաքանչյուր էտապում կատարվում են որոշակի կրոնական արարողություններ: Շերպերի տանը տեղ է նախատեսված ոչ միայն մարդկանց համար, այլև աստվածների և կենդնիների համար ևս։

շերպաների ավանդական ճարտարապետության տուն, պողպատե տանիքով

Ընտանիքի կառուցած տները ժառանգաբար անցնում են հաջորդ սերունդներին և չեն վաճառվում։ Ճարտարապետական ոճը կախված է շինարարության վայրից։ Դրանք տարբեր կերպ են կառուցվում գետերի հին դարատուփերի, չորացած լճերի հատակին կամ լեռան լանջերին: Կարելի է հանդիպել քարից միահարկ, մեկուկես հարկանի (ձեղնահարկով) տներ (սովորաբար լանջերին), և երկհարկանի, կենդանիների համար նախատեված ընդարձակ տարածքով, ինչպես նաև կոմպոստի պատրաստման համար տարածքով, որը կարող էր լինել և՛ ներսում, և՛ դրսում։ Տանիքը բարձր է, ծածկված կամ տեղական բնական նյութերով կամ ներմուծված մետաղով:

Շատ հարուստ ընտանիքներ տանն ունեն իրենց սեփական սրբատեղերը: Սովորաբար սա առանձին սենյակ է՝ առանձնացված կրոնական նշանակությամբ։ Հաճախ այն կառուցված է լինում տան կողաշենքում։ Դրանք կահավորված են սրբազան արձաններով, սուրբ գրություններով և ծիսական առարկաներով[2]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շերպ Տենզինգ Նորգայը և նորզելանդացի Էդմունդ Հիլարին առաջին մարդիկ են, ովքեր հաղթահարել են Էվերեստի գագաթը: 1953 թվականին նրանք բարձրացել են այնտեղ որպես բրիտանական էքսպեդիցիայի անդամներ։
  • Արհեստավարժ շերպ ալպինիստներին է պատկանում Էվերեստը բարձրանալու ամենաշատ ռեկորդները[14]
  • Ապպա Տենզինգը 21 անգամ բարձրացել է գագաթ[15]։
  • 2018 թվականին Ապպա Տենզինգի ռեկորդը գերազանցեց շերպ Կամի Ռիտան, որը 2019 թվականի մայիսի 21-ի դրությամբ, գագաթ է բարձրացել 24 անգամ[16]։
  • Պեմբա Ջորջը գագաթ է հասել 8 ժամ 10 րոպեում։
  • Բաբի Չարին գագաթում մնացել է 21 ժամ։

Հայտնի շերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 POPULATION MONOGRAPH OF NEPAL VOLUME II (Social Demography)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Vajra Books, Vajra Publications - Vajra bookshop,Dharma book shop, Nepal book shop, Tibetan, Nepali & Bhutanese cultural, history and more books from Nepal. Buy online now»։ www.vajrabookshop.com։ Վերցված է 2020-12-05 
  3. «Шерпа»։ bse.sci-lib.com։ Վերցված է 2020-12-05 
  4. «Journée d'étude : Déserts. Y a-t-il des corrélations entre l'écosystème et le changement linguistique ?»։ web.archive.org։ 2012-03-18։ Վերցված է 2020-12-05 
  5. «Лучше гор могут быть только гены»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-12-04 
  6. Oppitz, Michael SUMMARY. Geschichte furu und Sozialordnung der Sherpa, Teil 1 (գերմ.) — Innsbrück and Munich, Germany: Universitäts-Verlag Wagner, 1968. — ISBN 978-3-7030-1039-2.
  7. «Tapting»։ tapting.org։ Վերցված է 2020-12-05 
  8. «Nepal Ethnographic Museum»։ web.archive.org։ 2012-03-11։ Վերցված է 2020-12-05 
  9. Kamler, K. (2004)։ Surviving the extremes: What happens to the body and mind at the limits of human endurance։ New York: Penguin։ էջ 212 
  10. Zuckerman, Peter, 1979- (2012)։ Buried in the sky : the extraordinary story of the Sherpa climbers on K2's deadliest day (1st ed ed.)։ New York: W.W. Norton & Co։ ISBN 978-0-393-07988-3։ OCLC 755704991 
  11. Educational media and technology yearbook. Volume 36, 2011։ New York, NY: Springer։ 2012։ ISBN 978-1-4614-1305-9։ OCLC 769129553 
  12. Krakauer Jon։ «Death and Anger on Everest»։ The New Yorker (en-us)։ Վերցված է 2020-12-05 
  13. «Injured Sherpa Explains Why He'll Never Climb Mount Everest Again»։ NPR.org (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  14. Непальский шерпа-рекордсмен в 21-й раз покорил Эверест 
  15. http://lenta.ru/news/2011/05/11/sherpa/
  16. West John B. (1998)։ «First Ascents of Mt. Everest»։ Springer New York։ էջեր 254–290։ Վերցված է 2020-12-05 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]