Շամբալա
| Այծառվույտ | |
Այծառվույտ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Papilionoideae |
| Տրիբա | Trifolieae |
| Ցեղ | Հացհամեմ (Trigonella) |
| Տեսակ | Այծառվույտ (T. foenum-graecum) |
| Միջազգային անվանում | |
| Trigonella foenum-graecum | |
Այծառվույտ, շամբալա, հացհամեմ, հունական խոտ, հոռոմ-չաման[1], բլթենի[2] (լատիներեն՝ Trigonella foenum graecum), բակլազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս։
Ցողունը կանգուն է, ճյուղավորված, 50-70 սմ բարձրությամբ։ Տերևները եռմասնյա բարդ կոթունավոր են։ Վերգետնյա օրգանները թավոտ են։ Ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, ինքնափոշոտվող, մեկական նստած տերևածոցերում։ Պտուղը՝ ունդ, պարունակում է 10-16 սերմ։ Շամբալան ջերմասեր բույս է։ Հնագույն մշակովի բույսերից է։ Մշակվում է Իսպանիայում, Հարավային Ամերիկայում, Եթովպիայում, Հնդկաստանում են, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Սպիտակուցներով հարուստ արժեքավոր կերային բույս է․ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 52 կերային միավոր։ Օգտագործվում է նաև կանաչ պարարտացման համար։ Շամբալան հողը հարստացնում է ազոտով։ Մշակվում է ցածրադիր գոտում (Էջմիածին), սերմերն օգտագործվում են որպես չաման։ Երբեմն ցանքերում հանդիպում է որպես մոլախոտ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղիղ ցողունով, եռամասնյա տերևներով, ուժեղ յուրահատուկ հոտով (կումարինի հոտ), միամյա 10-70 սմ բարձրությամբ խոտաբույս է։ Երկարավուն հակաձվաձև տերևիկների վերին մակերեսը մերկ է, ստորինը՝ մազապատ։ Սպիտակավուն, երբեմն մանուշակագուն երանգով նստադիր ծաղիկները աճում են տերևանութներում։ 10 առէջներից 9-ը միաձուլված են առէջաթելերով։ Ամուր, դեղին, 10-20 սերմերով երկար, բազմասերմ, գլանաձև պտուղը թեքված ունդ է[3]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի պայմաններում աճում է միջին և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ավազոտ կամ կավային հողերում, հաճախ նաև ցանքսերում որպես մոլախոտ։ Երբեմն աճեցվում է Երևանի շրջակայքում։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի մարզերում։ Աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում[3]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են հացհամեմի սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր (մոտ 30%), ճարպային յուղեր, սպիտակուցներ, դաբաղանյութեր, ալկալոիդ տրիգոնելին, նիկոտինաթթու, խոլին, եթերային յուղ և այլն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - 715». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Հանրագիտարան». translator.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
- 1 2 3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբալա» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբալա» հոդվածին։ |
| ||||||||||||||
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 440)։ |