Միզորամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Միզորամ

Զինանշան
Seal of Mizoram.svg
Seal of Mizoram.svg
Champhai, Mizoram, from south, with Zotlang in the foreground.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԱիջալ
Օրենսդրական մարմինՄիզորամի օրենսդիր ժողով
Բնակչություն1 097 206 մարդ (2011)[1]
Տարածք21 081 կմ²
Mizoram in India (claimed and disputed hatched).svg
Հիմնադրված էփետրվարի 20, 1987 թ.
Սահմանակցում էԱսսամ, Տրիպուրա, Մանիպուր, Բանգլադեշ և Մյանմա
ISO 3166-2 կոդIN-MZ
Ավտոմոբիլային կոդMZ
mizoram.nic.in
Միզորամը և հյուսիս-արևմտյան Հնդկաստանի նահանգները

Միզորամ (հինդի՝ मिज़ोरम; անգլ.՝ Mizoram), փոքր տարածքով նահանգ Հնդկաստանի արևելքում։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը՝ Աիջալն է։ Բնակչությունը՝ 1.091.014 մարդ (նահանգների շրջանում 29-րդ տեղը՝ 2011 թվականի տվյալներով)։ Պաշտոնական լեզուներն են միզոն, անգլերենը։ Տարածքի մակերեսը 21.081 կմ² է (24-րդ հորիզոնական)։

Նահանգը ձևավորվել է 1987 թվականի փետրվարի 20-ին՝ անջատվելով՝ Ասսամից ինքնորոշման համար մղված երկարատև պայքարից հետո, որի արդյունքում տարածքը ստացել է ավելի մեծ ինքնավարություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի ռելիեֆը կազմված է բլուրներից, որոնց հաջորդում են հովիտներ։ Նահանգի արևմուտքում բլուրների միջին բարձրությունը կազմում է մոտ 1000 մ՝ աստիճանաբար բարձրանալով մինչև 1300 մ՝ արևելքում։ Առանձին շրջանների բարձրությունը գերազանցում է 2000 մ-ը, նահանգի հարավ-արևելքում է գտնվում Փհավնգպույ Տլանգ լեռը (2210 մ)՝ Միզորամի ամենաբարձր կետը։

Նահանգի խոշորագույն գետը՝ Չհիմտույպույը (հայտնի է նաև որպես Կալադան), սկիզբ է առնում Մյանմարում, հոսում է միզորամական Սայխա և Լավնգթլալ շրջանների միջով և կրկին մտնում Մյանմարի տարածք, որտեղ էլ թափվում է Բենգալյան ծոցը։ Նահանգի մյուս առավել նշանակալի գետերը ներառում են Տլավնգը, Թուտը, Թույրիալը և Տույվավլը, որոնք հոսում են Միզորամի հյուսիսով և թափվում Բարաք գետը։ Նահանգի արևմտյան մասը ողողվում է Քհավտհլանգ Թույպույ գետի և նրա վտակների ջրերով։ Առավել նշանակալի լիճը Միզորամա-Պալակն է, որը գտնվում է Սայհա շրջանում և զբաղեցնում է մոտ 30 հա տարածք։ Նահանգի տարածքը գտնվում է երկու տեկտոնական սալերի (Հնդկական և Ավստրալիական) հանգույցի մոտ։

Միզորամն ունի մեղմ բարենպաստ կլիմա՝ ամռանը՝ 20-29 °C և ձմռանը՝ 11-21 °C ջերմաստիճաններով։ Տեղումները կախված են մուսսոններից, նրանց մեծ մասը թափվում է մայիսից մինչև սեպտեմբեր։ Միջին տարեկան տեղումների մակարդակը կազմում է միջինում 2540 մմ, Աիջալում՝ 2080 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով Միզորամի բնակչությունը կազմում է 1.091.014 մարդ, բնակչության խտությունը՝ 51,75 մարդ/կմ² (զգալիորեն ցածր է երկրի միջին 382 մարդ/կմ²-ից)։ Գրագիտության մակարդակը՝ 91,6 % (երկրում ամենաբարձր ցուցանիշը Քերալի նահանգի հետ միասին)։ Բնակչության մեծ մասը ներկայացված է միզո էթնիկ խմբի կողմից, որը բաժանված է առանձին ցեղերի։ Միզո լեզվով խոսում է բնակչության 73,22 %-ը. այլ լեզուները ներառում են. բենգալերեն (9,18 %), լաքհեր (3,91 %), պավի (2,8 %), կոկբորոկ (1,98 %), հմար (1,6 %), հինդի (1,2 %), նեպալերեն (1 %)։ Քրիստոնյաները կազմում են Միզորամի բնակչության 87 %-ը, բուդդայական է 6 %-ը` հինդուական՝ 3,6 %-ը, մահմեդականները՝ 1,1 %-ը, մնացած 2,3 %-ը դավանում է այլ կրոններ։ Շատ քրիստոնյաներ պրեսբիտերական են[2][3]։

Ժողովրդագրական շարժ.

  • 1951՝ 196 000 մարդ։
  • 1961՝ 266 000 մարդ։
  • 1971՝ 332 000 մարդ։
  • 1981՝ 494 000 մարդ։
  • 1991՝ 690 000 մարդ։
  • 2001՝ 889 000 մարդ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն նահանգը բաժանվում է 8 շրջանի։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մոտ 70 %-ը զբաղված է գյուղատնտեսությամբ։ Տնտեսության մեջ կարևոր դեր են խաղում տարբեր արհեստագործական և փոքր արտադրությունները։ Նահանգի ՀՆԱ-ն 2004 թվականին կազմել է 685 մլն $։ Միզորամում արտադրվում է ամբողջ հնդկական բամբուկի մինչև 40%-ը, որը մեծապես օգտագործվում է որպես շինարարական նյութ, վառելիք և այլն։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգն ունի մոտ 4000 կմ ավտոճանապարհ, գյուղական ճանապարհները հիմնականում առանց ծածկի են։ Հիմնական մայրուղիներն են № 54 և № 159 (Միզորամը կապում է Մանիպուր նահանգի հետ) և № 40A (կապում է Տրիպուրա նահանգի հետ) ազգային մայրուղիները։ Աիջալ քաղաքի մոտակայքում կա օդանավակայան (թռիչքը Կալկաթայից՝ մոտ 40 րոպե)։ Բացի այդ, նահանգ կարելի է հասնել Սիլչարի (Ասսամ նահանգ) օդանավակայանի միջոցով, որը Աիջալից 200 կմ հեռավորության վրա է։ Առկա է երկաթուղային ճյուղ՝ մինչև նահանգի հյուսիսում գտնվող Բարբի քաղաքը, սակայն այն օգտագործվում է միայն բեռնափոխադրումների համար։ Մոտակա ուղևորատար կայանը գտնվում է նույն ասամական Սիլչարում։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով բարենպաստ կլիմա, բնություն և մի շարք տեսարժան վայրեր, Միզորամը համարվում է հիանալի վայր զբոսաշրջության զարգացման համար։ Այնուամենայնիվ, չնայած՝ տեղական զբոսաշրջության նախարարության կողմից այս ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, նահանգը վանում է հավանական զբոսաշրջիկներին ենթակառուցվածքների և հարմարությունների բացակայության պատճառով։ Ներկայում նահանգի տարածք մուտք գործելու համար արդեն հնդկական իշխանություններից հատուկ թույլտվություն չի պահանջվում, սակայն Միզորամ ժամանելուց հետո անհրաժեշտ է գրանցվել զբոսաշրջական ոստիկանության հատուկ բաժնում։

Տեսարժան վայրեր.

  • Միզորամ նահանգի թանգարան
  • Սողոմոնի տաճար Աիջալայում
  • Ավանդական գյուղ Ռեյեկ՝ Աիջալից 12 կմ հեռավորության վրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 census of India
  2. «CHAPTER 2 SIZE, GROWTH RATE AND RURAL-URBAN DISTRIBUTION OF POPULATION IN MIZORAM»։ Registrar General & Census Commissioner, India։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 13, 2013-ին։ Վերցված է հունիսի 20, 2014 
  3. «Mizoram Profile»։ Registrar General & Census Commissioner, India։ Արխիվացված է օրիգինալից մարտի 24, 2016-ին։ Վերցված է հունիսի 20, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]