Օդիշա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Օդիշա


Seal of Odisha.png
ORISSA SECRETARIAT.jpg
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԲհուբանեշվար
Օրենսդրական մարմինՕդիշայի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներօրիա
Բնակչություն41 974 218 մարդ (2011)[1]
Տարածք155 707 կմ²
Orissa in India (disputed hatched).svg
Հիմնադրված էապրիլի 1, 1936 թ.
Սահմանակցում էԱրևմտյան Բենգալիա, Ջարկխանդ, Չհատիսգարխ և Անդհրա-Պրադեշ
ISO 3166-2 կոդIN-OR
odisha.gov.in

Օդիշա նահանգ Հնդկաստանի արևելքում: Վարչական կենտրոնը Բհուբանեշվար քաղաքն է: Բնակչությունը 41 947 358 է: 2011 թվականի տվյալներով նահանգը բնակչության թվով 11-րդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանում: 2011 թվականի նոյեմբերի 4-ին նահանգի անվանումը պաշտոնապես Օրիսայից փոխարինվեց Օդիշայի:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի քարտեզը

Օդիշայի տարածքը կազմում է 155.707 կմ²: Մեծությամբ 9-րդ նահանգն է Հնդկաստանում: Ըստ ֆիզիկական և աշխարհագրական բնութագրերի՝ նահանգը կարելի է բաժանել հինգ շրջանի՝ 1. արևելքում՝ ափամերձ հարթավայրերը, 2. միջին բարձրունքները, 3. կենտրոնական սարահարթը, 4. արևմտյան բարձրավանդակը և 5. գետի հիմնական հովիտները: Ծովափնյա հարթավայրը ձգվում է Բենգալյան ծոցի ամբողջ ափով: Այն ներառում է ափամերձ բազմաթիվ խոշոր գետերի ու լճերի դելտաները: Արևելյան Գաթեր լեռնաշղթայի միջին լեռնային շրջանները և բարձրությունները զբաղեցնում են նահանգի տարածքի երեք չորրորդ մասը: Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 900 մետր: Արևմտյան լեռնաշխարհը մի փոքր ցածր է և ունի ընդամենը 153-ից 305 մ բարձրություն ծովի մակարդակից:

Նահանգի ամենամեծ գետը Մահանադին է: Սկիզբ է առնում Չաթիսգար նահանգից, հոսում է Օդիշայի տարածքով և թափվում է Բենգալյան ծոց: Երկարությունը 860 կմ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդիշան համարվում է Հնդկաստանի Կալինգա նահանգի առանցքը ու այն սակավաթիվ նահանգներից մեկը, որը Չանդրագուպտա Մաուրյայի նվաճումների ու արշավանքների ժամանակաշրջանում պահպանել է իր անկախությունը: Ավելի վաղ ժամանակաշրջանի պատմության մասին տեղեկություններ կարելի է գտնել «Փղերի քարանձավ» կոչված վայրից: Տեղեկություններ կան Կալինգա նահանգի թագավոր Նանդարաջայի մահապատժի մասին: Ըստ արձանագրության՝ Նանդարաջան համարվում է «Նանդա» դինաստիայի ժառանգորդ, և որ նա կռվել է Ալեքսանդր Մակեդոնացու դեմ նրա Հնդկաստան կատարած արշավանքի ժամանակ:

Ամեն դեպքում մ.թ.ա. III դարի երկրորդ քառորդում Օդիշան համարվում էր անկախ: Մաուրյան պետության թագավոր Աշոկան պատերազմ է սկսել իր կառավարման ութերորդ տարում[2]՝ մ.թ.ա 261 թվականին և նվաճել է Կալինգան[3]: Ըստ աղբյուրների՝ պատերազմի հետևանքով սպանվել է 100 հազարից ավելի մարդ, ներառյալ կանայք և երեխաներ: Ասվում է, որ պատերազմի արդյունքում տեղի ունեցած արյունահեղություններն ու սպանությունները մեծապես ազդել են Աշոկայի վրա[2][4]: Օդիշա նահանգի քաղաքներից Բրահամպուրը եղել է Պուրավայան դինաստիայի մայրաքաղաքը մ.թ.ա 4-րդ դարի վերջերին: Մ.թ.ա 4-րդ դարից այլևս Պուրավյան դինաստիայի վերաբերյալ տեղեկությունները սակավ են: Կա վարկած, որ նվաճվել է Յաուդհեյա պետության կողմից: Նրանք իրենց ներկայացնում էին որպես Մաուրյաններ: Ավելի ուշ, Սովմասշյան արքայատոհմի արքաները սկսել են միավորել շրջանի նահանգները: Յայաթ 2-րդ թագավորի օրոք տարածաշրջանը ինտեգրվել է մեկ թագավորության մեջ: Ենթադրաբար հենց Յայաթ 2-րդ թագավորն է կառուցել Բհուբանեշվարի հայտնի Լինգարաջայի տաճարը: Սովմաշյան դինաստիային փոխարինել է Արևելյան Գանգայի դինաստիան: Տոհմի ուշագրավ թագավորներն են եղել Անանտավարման Չոդագանգան, որը վերակառուցել է Պուրի քաղաքի հայտնի Ջագաննաթ տաճարը, Նարասինգա Դևա Առաջինը, որը կառուցել է Կոնարակի արևի տաճարը և այլն: Արևելյան Գանգայի դինաստիային հաջորդել է Գաջաբաթիի թագավորությունը: Գաջաբաթիի թագավորությունը դիմակայել է Մեծ մողոլների կայսրության նվաճողական արշավանքներին մինչև 1568 թվականը, երբ պարսկական Մուղալի կայսրությունը գրավեց այն: Մուկունդա Դևան, որը համարվում է Կալինգայի վերջին անկախ թագավորը, պարտվել և մարտում սպանվել է ապստամբ Ռամաչանդրա Բհանջայի կողմից[5]: 1751 թվականին Բենգալի Ալիվարդի խանը շրջանը հանձնեց Մարատհական կայսրությանը: Բրիտանացիները օկուպացրել են Հյուսիսային Կիրկասի շրջանը, այնուհետև 1760 թվականին «Կարանտիկյան երկրորդ պատերազմի» արդյունքում աստիճանաբար Օդիշան և հարակից շրջանները միացվեցին Մադրասի նախագահության մեջ[6]: 1803 թվականին անգլո-մարաթական պատերազմի արդյունքում բրիտանացիները հեռացրեցին իրենց զորքերը Օդիշայի տարածքից: Օդիշայի հյուսիսային և արևմտյան շրջանները ներառվեցին Բենգալի նախագահության կազմում[7]: 1866 թվականին Օդիշայում բռնկված սովի պատճառով մահացել է ավելի քան 1 միլիոն մարդ: Սովից հետո ձեռնարկվեցին ոռոգման լայնածավալ ծրագրեր: 1936 թվականի ապրիլի 1-ին Բիհարը և Օրիսան բաժանվել են առանձին նահանգների: Հնդկաստանի անկախացումից հետո՝ 1947-ի օգոստոսի 15-ին, արքայական 27 իշխանություն ստորագրել են Օրիսայի՝ Հնդկաստանին միանալու փաստաթուղթը[8]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին շրջանը անցյալի մասին հիշողություն է պահում պատմական մի շարք հուշարձաններում: Նահանգի տարածքում կան շատ տեսարժան վայրեր, առավել հայտնի են Կոնարակի արևի տաճարը, Ջագաննաթի տաճարը Պուրի քաղաքում, Լինգարաջա տաճարը Բհուբանեշվարում և այլն: Նահանգն ունի բավականին հետաքրքիր ճարտարապետական ավանդույթ[9]: Օդիշի կրոնական շենքերի համար օգտագործվում է «Դեուլա» (Deuḷa) բառը: Առանձնացվում են տաճարների երեք ոճական տիպեր ՝ Ռեխա Դեուլան, Պիդա Դեուլան՝ կապված Վիշնուի, Շիվայի և Սուրիայի խորհրդանիշների հետ: Հիշելով «Անտառապատ լեռներ» ընդհանուր բնութագրական հինդու ոճը՝ Կալինգայի տաճարները կապված են նաև մարդու մարմնի անատոմիայի հետ, որն արտացոլվում է ինչպես դասավորության, այնպես էլ տերմինաբանության մեջ: Հին Կալինգյան թագավորության վարպետների մշակույթն ու գործը ներթափանցել են Շաքիզմի գաղափարախոսություն:

Լինգարաջա տաճար

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդիշայի խոհանցը ունի դարերից եկած ավանդույթներ: Շրի Ջագաննաթ տաճարի խոհանոցը աշխարհում ամենամեծն է՝ ավելի քան 1000 խոհարարով[10][11]: Այնտեղ կան 752 կավե օջախ, որոնք նախատեսված են կերակրելու օրական 10․000 մարդու: Օդիշայում օշարակից պատրաստում են հատուկ աղանդեր՝ «Ռասգուլլա», որը ճանաչված է ամբողջ աշխարհում: «Չեննապոդան» նույնպես տարածված ուտեստ է Օդիշայում:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլնիցա տաճար

Ըստ 2011 թվականին Հնդկաստանում իրականացված մարդահամարի՝ Օդիշա նահանգի բնակչությունը կազմում է 41.974․218 մարդ, որից 21.212.136 (50.54%) տղամարդիկ են, իսկ 20.762.082-ը (49,46%)՝ կին: Բնակչության խտությունը կազմում է մեկ կիլոմետրում 270 մարդ: 2011 թվականի տվյալների համաձայն՝ գրագիտության մակարդակը կազմում է 73%, ընդ որում ՝ տղամարդկանց 82% -ը, իսկ կանանց 64% -ը:

2004-2005 թվականներին աղքատության մակարդակը նահանգում կազմել է 57,15%: 2005 թվականից սկսած պետությունը միջոցներ է ձեռնարկել և կտրուկ իջեցրել է աղքատության մակարդակը՝ հասցնելով 24,6 % -ի: Վերջին տվյալների համաձայն՝ աղքատության մակարդակը կազմում է 32,6 %[12][13]: 1996–2001 թվականների տվյալները ցույց են տվել, որ նահանգում կյանքի միջին տևողությունը 61,64 տարի է: Ծնելիության մակարդակը նահանգում կազմում է յուրաքանչյուր 1000 մարդու համար մեկ տարում 23,2 %: Մահացության մակարդակը յուրաքանչյուր 1000 մարդու համար տարեկան 9,1 %:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը ունի ածխի, երկաթի հանքաքարի, բոքսիտի, քրոմիտի և ալյումինի զգալի պաշարներ: Զարգացած են մետալուրգիան և նավթաքիմիական արդյունաբերությունը: Նահանգի համար կարևոր դեր են խաղում բարենպաստ աշխարհագրական, տրանսպորտային դիրքը և հսկայական առափնյա գիծը: Նահանգը գրավիչ է շատ ներդնողների համար, հատկապես հանքաարդյունաբերության և մետաղագործության ոլորտում: Զարգանում է նաև տեղատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արդյունաբերությունը:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է Հինդուիզմ: Բնակչության որոշակի հատված էլ դավանում է Շիվայիզմ, Շատկիզմ, Վիշնուիզմ և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.censusindia.gov.in/pca/DDW_PCA0000_2011_Indiastatedist.xlsx
  2. 2,0 2,1 Mookerji Radhakumud (1995)։ Asoka։ Motilal Banarsidass։ էջ 214։ ISBN 978-81-208-0582-8։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2015 
  3. Hermann Kulke, Dietmar Rothermund (2004)։ A History of India։ Routledge։ էջ 66։ ISBN 9780415329194։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է նոյեմբերի 12, 2012 
  4. Sailendra Nath Sen (հունվարի 1, 1999)։ Ancient Indian History and Civilization։ New Age International։ էջ 153։ ISBN 978-81-224-1198-0։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2015 
  5. Sen Sailendra (2013)։ A Textbook of Medieval Indian History։ Primus Books։ էջեր 121–122։ ISBN 978-93-80607-34-4 
  6. Sailendra Nath Sen (2010)։ An Advanced History of Modern India։ Macmillan India։ էջ 32։ ISBN 978-0-230-32885-3։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է փետրվարի 3, 2015 
  7. Devi Bandita (January 1992)։ Some Aspects of British Administration in Orissa, 1912–1936։ Academic Foundation։ էջ 14։ ISBN 978-81-7188-072-0։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2016 
  8. B. Krishna (2007)։ India's Bismarck, Sardar Vallabhbhai Patel։ Indus Source։ էջեր 243–244։ ISBN 978-81-88569-14-4։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 5, 2016-ին։ Վերցված է փետրվարի 3, 2015 
  9. детальнее см. англоязычный очерк "Kalinga Temples (Deula)"
  10. National Association on Indian Affairs, American Association on Indian Affairs (1949)։ Indian Affairs։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 6, 2013-ին։ Վերցված է հունիսի 23, 2012 
  11. S.P. Sharma, Seema Gupta (հոկտեմբերի 3, 2006)։ Fairs & Festivals of India։ Pustak Mahal։ էջեր 103–։ ISBN 978-81-223-0951-5։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 8, 2013-ին։ Վերցված է հունիսի 23, 2012 
  12. «India States Briefs – Odisha»։ World Bank։ մայիսի 31, 2016։ Վերցված է հուլիսի 12, 2019 
  13. «NITI Aayog report: Odisha tops in poverty reduction rate among other states»։ Pragativadi: Leading Odia Dailly։ հուլիսի 30, 2017։ Վերցված է հուլիսի 12, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]