Մեքսիկայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք մշակույթների հրապարակը

Մեքսիկայի մշակույթ, Մեքսիկայի մշակույթն արագ է զարգացել 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում։ Մեքսիկայի քաղաքներում ժամանակակից կենսակերպը նմանություններ ունի հարևան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, մինչդեռ մեքսիկական գյուղերում պահպանվում է հին կենսակերպը։

Մետրոպոլիտենյան տարածքներ Մեխիկոն, Գվադալահարան, Պուեբլա-Տլասկալա, իսկ գյուղական տարածքները ընդգրկում են փոքր վայրեր Չյապասում, Օահակայում, Գեռերոյում, Սոնորայում, Սինալոա ում, Տամաուլիպասում, Յուկատանում, Միչոականում։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակատեկաս տաճարի արտաքին տեսքը

Հին շրջանում (մինչև 15-րդ դար) Մեքսիկայի տարածքում զարգացել են հնդկացիների մի շարք գեղարվեստական մշակույթներ։ Ճարտարապետության վերելքն սկսվել է մ․ թ․ ա․ I հազարամյակում։ Կազմավորվել են կրոնական և մշակութային կենտրոններ, քաղաքներ կենտրոնական Մեքսիկայում Տեոտիուական, Տախին (տոտոնակների մշակույթ), Չոլուլա և Տոլյան (տոլտեկների մշակույթ), Տենոչտիտլան (ացտեկների մշակույթ)], երկրի հարավում [Մոնտե Ալբան (սապոտեկների և միշտեկների մշակույթ), Միտլա (միշտեկների մշակույթ)], հարավում և Յուկատան թերակղզում [Բոնամպակ, Պալենկե, Յաշչիլան, Մայապան, Ուշմալ, Չիչեն Իցա (մայաների մշակույթ)]։ Մեքսիկայի հին քաղաքաշինության մեջ մշակվել են երկրաչափական հատակագծման հնարներ։ Քաղաքներում կառուցվել են աստիճանաձև վիթխարի բուրգ-տաճարներ (Չոլուլայի բուրգի հիմքի կողը 440 մ է), կեղծ կամարներով շենքեր, ծիսական խաղերի հրապարակներ։

Կերպարվեստը, որի մ․ թ․ ա․ II հազարամյակի նմուշներից են արխաիկ մշակույթի արձանիկներն ու ձևավոր անոթները, մ․ թ․ ա․ I հազարամյակից սկսած յուրացրել է վաղ ստրկատիրական հասարակության մշակույթին հատուկ ձևերի ամբողջ հարստությունը (տոլտեկների և ացտեկների՝ մարդակերպ և ֆանտաստիկ կերպարներով քարե քանդակներ, մայաների դեկորատիվ բարձրաքանդակներ)։ Կյանքի անմիջական պատկերմամբ են առանձնանում հին Մեքսիկայի բոլոր ժողովուրդների մանր քանդակները։ Զարգացել են նաև որմնանկարչությունը, ոսկերչությունը, դրվագված կենցաղային խեցեղենի ու փետրե իրերի պատրաստումը։ Իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանեց հնդկացիների ինքնատիպ մշակույթը։ Սակայն բնիկների գեղարվեստական ավանդույթներն ազդեցին գաղութացման շրջանի արվեստի վրա, և երկու մշակույթների սինթեզը կանխորոշեց հետագայում Մեքսիկայի ազգային արվեստի ծաղկումը։

Գաղութացման շրջանում (16-19րդ դդ․ սկիզբ) առանձնապես բուռն զարգացել են ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը։ Շենքերը կառուցվել են իսպանական ճարտարապետական օրինակով, միաժամանակ դրսևորվել են տեղական յուրօրինակության գծեր։ Նոր քաղաքները կառուցվել են փողոցների ուղղանկյուն ցանցով։ Դրանց կենտրոնում սովորաբար գլխավոր հրապարակն էր ճոխ հարդարված շենքերով՝ տաճարով, կաոավարչի պալատով և ռատուշայով։ Միատեսակ բնակելի թաղամասերը կառուցապատված էին իսպանական տիպի 1 կամ 2-հարկանի տներով։ Այդ սկզբունքով է կառուցվել Մեքսիկայի մայրաքաղաքը՝ Մեխիկոն (ավերված Տենոչտիտլանի տեղում)։ Իսպանական քաղաքացիական վաղ շինությունները (Կորտեսի պալատը Կուեռնավակայում, 1530-1533) և կալվածատերերի դաստակերտները բերդի էին նման։ Առանձնապես ամրացվում էին վանքերը։ 16-րդ դ․ 2-րդ կեսին 17-րդ դ․ սկզբին կառուցվել են եռանավ, գլանային թաղերով, գմբեթներով և երկու բարձր աշտարակներով քաղաքային մեծ տաճարներ (տաճար Պուեբլայում, 1555-1649, տաճար Մեխիկոյում, 1563-1667)։ Մեքսիկայի ճարտարապետության մեջ թույլ դրսևորված Վերածնունդն արագ փոխարինվել է բարոկկո ոճով (տաճար Մորելիայում, 1640-1705, Ազգային պալատը Մեխիկոյում, 1692-1699), իսկ 18-րդ դարը՝ «ուլտրաբարոկկոյով»։ 18-րդ դարի վերջին Մեքսիկայի ճարտարապետության մեջ նկատելի են կլասիցիստական միտումներ (Մանուել Տոլսայի շինությունները)։ Գաղութացման ժամանակաշրջանի կերպարվեստի օրինակներ են վանքերի՝ հին մեքսիկական տեխնիկայով կատարված սև-սպիտակ (երբեմն այլ գույների օգտագործումով) որմնանկարները (XVI դ․), 16-րդ դ․ 2-րդ կեսի 17-րդ դ․ կրոնական հաստոցային գեղանկարչությունը (Խուարես և դե էլավե ընտանիքների վարպետներ), 18-րդ դարի առավել ինքնուրույն դիմանկարչությունը (Մ․ Կաբրերա)։

Գեղեցիկ արվեստների պալատ

Քանդակագործությունը հիմնականում զարգացել է որպես ճարտարապետական դեկորի ճյուղ։ 18-րդ - 19-րդ դդ․ սահմանագծին Մեքսիկայի գեղանկարչությունն ու քանդակագործությունը կրել են եվրոպական կլասիցիզմի ազդեցությունը։ 19-րդ դ․ Մեքսիկայի ճարտարապետությունը դանդաղ է զարգացել։ Առաջատար դեր են խաղացել իսպանական, իտալական և ֆրանսիական վարպետները, տեղացի ճարտարապետների պատրաստումն սկսվել է միայն 19-րդ դ․ 2-րդ կեսին։ Մայրաքաղաքի խոշոր կառույցների ճարտարապետության մեջ գերիշխել է ուշ կլասիցիզմը, որը 19-րդ - 20-րդ դդ․ սահմանագծին փոխարինվել է ճոխ էկլեկտիկայով (Գեղեցիկ արվեստների պալատը Մեխիկոյում, 1904-1934, ճարտ․ Ա․ Բոարի) և «մոդեռն» ոճով։ 19-րդ դ․ 2-րդ կեսին 20-րդ դ․ սկզբին Մեխիկոյում կառուցվել են նոր մայրուղիներ, կառուցապատվել են արվարձաններ։ 19-րդ դ․ վերջից շինարարության մեջ կիրառվել է մետաղ, բետոն, երկաթբետոն։ 1920-1930-ական թթ․ մայրաքաղաքի ճարտարապետությունը կողմնորոշվել է դեպի այսպես կոչված գաղութային ոճը, ինչպես նաև կլասիցիզմը, որի գլխավոր ներկայացուցիչն էր Կ․ Օբրեգոն Սանտասիլյան։ 1920-ական թթ․ կեսերից Մեքսիկայում ձևավորվել է ֆունկցիոնալիզմի ճարտարապետական դպրոցը (աշխարհում ամենահներից մեկը, իսկ Ամերիկայում առաջինը)՝ Խ. Վիլյագրան Գարսիայի գլխավորությամբ։ Մեքսիկայի արդի ճարտարապետության ամենահայտնի ներկայացուցիչը Մ․ Պանին է։ Մեխիկոյի համալսարանական քաղաքի վիթխարի անսամբլում (կառուցվել է 1949-1954 թվականներին, Կ․ Լասոյի ղեկավարությամբ և հարյուրից ավելի ճարտարապետների մասնակցությամբ) մարմնավորվել են 20-րդ դ․ կեսերի մեքսիկական ճարտարապետության լավագույն գծերը՝ հատակագծման և ծավալատարածական հորինվածքի վարպետություն, ռելիեֆի տարբեր մակարդակների օգտագործում, արհեստական և բնական նյութերի գեղեցիկ զուգակցում, ճարտարապետական և մոնումենտալ-դեկորատիվ արվեստի սինթեզի լայն կիրառում, դեկորի արտահայտչականություն։ Կողմնորոշումը դեպի պատմական ավանդույթները (որի կողմնակիցներն էին Կ․ Լասոն, Ա․ Արայը և Դիեգո Ռիվերան) 1950-1960-ական թթ․ մի շարք ճարտարապետների հարկադրեց դիմելու Լ․ Միսվան դեր Ռոեի դպրոցի հնարներին, օրգանական ճարտարապետության սկզբունքներին (Լ․ Բառագան, Խուան Օ՛Գորման), ճարտարապետության ձևաստեղծման մեջ աբստրակտ քանդակագործության սկզբունքների օգտագործմանը (Մեխիկոյի արբանյակ-քաղաքի մուտքի աշտարակների հեղինակ Մ․ Գյորիցի ստեղծագործությունը)։ 20-րդ դարի կեսերի ոչ միայն մեքսիկական, այլև համաշխարհային ճարտարապետության զարգացման վրա ազդել է Ֆ․ Կանդելայի ստեղծագործությունը, որն ստեղծել է ամենաբարդ հորինվածքային մտահղացումներն իրականացնելու հնարավորություն ընձեռող երկաթբետոնե բազմազան թաղթաղանթներ (գլխավորապես՝ թամբաձև)։ 1950-1960-ական թթ․ Մեքսիկայում ընդլայնվել է բազմահարկ բնակելի և հասարակական շենքերի շինարարությունը․ Մեխիկոյում 1968 թվականի օլիմպիադայի առթիվ կառուցվել են «Ացտեկա» ստադիոնը (ճարտարապետ՝ Պ․ Ռամիրես Վասկես), մարզապալատը (ճարտարապետ՝ Ֆ․ Կանդելա), թանգարանային շենքեր (ճարտարապետ՝ Պ․ Ռամիրես Վասկես), ծավալվել է շինարարությունը խոշոր արդյունաբերական (Գվադալախարա, Մոնթերեյ) և առողջարանային (Կուեռնավակա, Ակապուլկո) կենտրոններում, հիմնվել են նոր քաղաքներ (Սյուդադ Պեմեկս, Սանտա Ֆե)։

19-րդ դարի Մեքսիկայի կերպարվեստն աստիճանաբար ազատագրվել է գաղութացման շրջանի քարացած ավանդույթներից և սկսել ավելի արագ ընկալել Եվրոպայի գեղարվեստական մշակույթի ազդակները։ Եկվոր նկարիչներն ու տեղացի վարպետները հետևել են 19-րդ դարի լատինաամերիկյան ամբողջ արվեստի համար տիպական հոսանքին՝ կոստումբրիզմին։ 19-րդ դ․ կեսին երևան են եկել երգիծական փորագրությունն ու վիմագրությունը (Գ․ Վ․ Գաոնա և ուրիշներ), զարգացել է դիմանկարչությունը (Խ. Մ․ էստրադա, է․ Բուստոս և այլք)։ Հայրենի բնության ընդհանրացված պատկեր է ստեղծել բնանկարիչ Խ․ Մ․ Վելասկոն։ 19-րդ- 20-րդ դդ․ սահմանագծին մեքսիկական գեղանկարչության վրա ազդել են եվրոպական գեղարվեստական նոր հոսանքները («մոդեռն», իմպրեսիոնիզմ), այդ ժամանակ էլ գեղանկարիչներ Խ․ Մուրիլիոն և Ս․ էռանն առաջ են քաշել մեքսիկական արվեստը վերածնելու, ժամանակակից ազգային ոճ ստեղծելու գաղափարը, իսկ Խ. Գ․Պոսադան հանդես է եկել որպես ժողովրդական գեղարվեստական ավանդույթների հետ ամուր կապված հեղափոխական-դեմոկրատական երգիծական գրաֆիկայի հիմնադիր։ 1910-1917 թվականների բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և կոմունիստական շարժման վերելքը ոգեշնչել են Դ․ Ռիվերային, Խ․ Կ․ Օրոսկոյին, Դ․ Սիկեյրոսին և ուրիշ վարպետների՝ ստեղծելու ազգային-դեմոկրատական հեղափոխական բովանդակությամբ ներթափանցված մոնումենտալ որմնանկարչություն (նրանք օգտագործել են նախաիսպանական ժամանակաշրջանի որմնանկարչական տեխնիկան, իսկ 1930-ական թվականներից անցել սինթետիկ ներկերով գեղանկարչությանը)։

Գեղարվեստական առաջավոր շրջաններում ձևավորվել է ստեղծագործությունն իբրև քաղաքային պայքար ըմբռնող և սեփական գործունեությունը մեքսիկական կոմունիստական կուսակցության հետ կապող նկարչի նոր տիպ։ Սիկեյրոսի նախաձեռնությամբ 1922 թվականին կազմավորվել է «Տեխնիկայի և արվեստի աշխատողների հեղափոխական սինդիկատը»։ 1922 թվականին Ռիվերան, Օրոսկոն, Սիկեյրոսը սկսել են Մեխիկոյի Ազգային նախապատրաստական դպրոցի որմնանկարները, ապա անցել նաև այլ քաղաքներ։

1950-1960-ական թթ․ Մեքսիկայի մոնումենտալ գեղանկարչության մեջ գերակշռել են ճարտարապետական նոր կառույցների հետ սինթեզված ստեղծագործությունները (0’Գորմանի և N․ Չավես Մորադոյի դեկորատիվ խճանկարները, Սիկեյրոսի խճանկարային թեմատիկ ռելիեֆները, Ռիվերայի և 0’Գորմանի որմնանկարները)։ Ճարտարապետության, քանդակագործության և գեղանկարչության սինթեզի օրինակ է Սիկեյրոսի «Պոլիֆորում» մոնումենտալ-դեկորատիվ կառույցը (1971) Մեխիկոյում։ 1930-ական թվականներից Մեքսիկայում տարածվել է նաև մոդեռնիստական հաստոցային և մոնումենտալ գեղանկարչությունը (Ռ․ Տամայո և ուրիշներ)։ Նույն թվականների վերջից սկսվել է քաղաքական հրապարակախոսականությամբ ներթափանցված մեքսիկական գրաֆիկայի ծաղկումը (հիմնականում լինոփորագրություն ու վիմագրություն)։ «Ժողովրդական գրաֆիկայի արվեստանոցում» միավորված նկարիչները հանդես են եկել հակաֆաշիստական և հակաիմպերիալիստական աշխատանքներով (Լ․ Մենդես, Պ․ 0’Հիգգինս, Ա․ Բելտրան, Ա․ Գարսիա Բուստոս և ուրիշներ)։

Ժամանակակից քանդակագործությունը Մեքսիկայում զարգացած է ավելի քիչ, քան գեղանկարչությունն ու գրաֆիկան, նրանում նկատելի է աբստրակտ ձևերով հրապուրվելը (Խ. Կուետո), բայց առանձնապես հատկանշական է հին մեքսիկական արձանագործության ավանդույթներին դիմելը (Կ․ Բրաչո, Ֆ․ Սունյիգա)։ Առավել արտահայտիչ են ճարտարապետության հետ կապված քանդակագործական աշխատանքները (Ռ․ Արենաս Բետանկուր, Ֆ․ Սունյիգա)։ Մեքսիկայի ժողովրդական արվեստում միահյուսված են հնդկացիների և իսպանացիների արվեստի ավանդույթները։

Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի պարարվեստի հիմքում պարային ֆոլկլորն է, որը զուգակցում է հնդկացիների հնագույն պարերը և իսպանական պարարվեստի ավանդույթները։ Ժամանակակից բեմական պարը սկսել է ձևավորվել 1930-ական թթ․՝ ամերիկյան «մոդեռն» պարի ազդեցությամբ։ Ֆոլկլորի և «մոդեռն» պարի զուգորդման հետևանքով առաշացել են յուրօրինակ ազգային ձևեր։ 1947 թվականին կոմպոզիտոր Կ․ Չավեսը Գեղեցիկ արվեստների ազգային ինստիտուտին առընթեր կազմակերպել է Մեքսիկական պարի ակադեմիա (որը գլխավորել է Ա․ Մերիդայի և Գ․ Բրավոյի հետ միասին)։ 1947-1963 թվականներին գործել է Գեղեցիկ արվեստների բալետ խումբը (ֆինանսավորվել է պետության կողմից)։ 1947 թվականից գոյություն ունի Ազգային բալետը, որ ստեղծել են Բրավոն և Խ․ Լավալիեն։ 1970-ական թվականների սկզբի կոլեկտիվներից են Մեքսիկական պարի ակադեմիայի ժամանակակից բալետը (բալետմայստեր՝ Բ․ Խենկել), Անկախ բալետ խումբը (հիմնադրվել է 1966 թվականին) և այլն։ Ֆոլկլորային բալետ կոլեկտիվը հիմնադրվել է 1952 թվականին (բալետմայստեր՝ Ա․ էռնանդես, 1965 թվականին հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում, 1968 թվականից կոչվել է Հինգ մայր ցամաքների բալետ, 1971 թվականից՝ Միշազգային ֆոլկլորային բալետ)։ 1966 թվականից Մեխիկոյում անց են կացվում պարի ամենամյա մրցույթներ։ Եվրոպական բալետի նկատմամբ հետաքրքրություն առաշացել է միայն 1950-ական թվականներիմ։ 1952-1968 թվականներին գործել է Համերգային բալետ խումբը (1970-ական թթ․ սկզբից կոչվել է «Դասական բալետ»)։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի թատերարվեստի հիմքը հին հնդկացիների պաշտամունքային ծեսերն են։ 1597 թվականից Մեխիկոյում գոյություն է ունեցել «Կոմեդիայի տուն» թատրոնը, 1670 թվականին բացվել է «Կոլիսեո» առաշին մշտական թատրոնը, 1735 թվականին կառուցվել «Նուևո Կոլիսեո»-ն։ Մշտական թատրոններ են ստեղծվել նաև Գվադալախարա (1758), Վերակրուս (1787) և այլ քաղաքներում։ Բեմադրվել են միայն իսպանացի հեղինակների երկեր, ելույթ ունեցել իսպանացի դերասաններ։ Անկախության համար մղվող պայքարի շնորհիվ XIX դ․ Մեքսիկայի թատրոնը աստիճանաբար ազատագրվել է իսպանական ազդեցությունից, ձեռք բերել ազգային գծեր։ 1823 թվականին բացվել է «Տեատրո դել պալենկե դե լոս գալիոս» առաշին թատրոնը ժողովրդի համար։ Դերասաններ են պատրաստել Ազգային կոնսերվատորիայի դրամատիկական բաժանմունքը (1877 թվականից), «Մեխիկոյի լիցեյ»-ը (հիմնադրվել է 1867 թվականին), Երաժշտության և ասմունքի կոնսերվատորիան (1875)։ 1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխությունը նպաստել է ազգային թատրոնի զարգացմանը։ Բեմադրվել են XIX դ․- XX դ․ սկզբի դրամատուրգներ Մ․ է․ Գորոստիսայի, Ֆ․ Գամբոայի, Խ․ Խ․ Ռուեդայի, Մ․ Դավալոսի և այլոց պիեսները։ Թատերական կյանքի ակտիվացմանը նպաստել է դերասանուհի և ռեժիսոր Վ․ Ֆաբրեգասի 1917 թվականին կազմակերպած թատերախումբը։ 1923 թվականին հիմնվել է Դրամատուրգ¬ ների միությունը, 1946 թվականին՝ Գեղեցիկ արվեստների ազգային ինստիտուտը (Մեխիկոյում), որին կից բացվել է դերասաններ և ռեժիսորներ կրթող դպրոց։ 1950-ական թվականներից մեծ տարածում է գտել համալսարանական թատրոնների շարժումը։ Մեխիկոյում գործում են «Իփմենես Ռուեդա», «Հիդալգո», «խոլա», «Ռեֆորմա», «Ինսուրխենտես», մանկական, ինչպես և տիկնիկային «Գինյոլ» թատրոնները, Ազգային թատերական թանգարանը։ Բեմադրվում են ազգային դրամատուրգների և համաշխարհային դասականների պիեսներ։ Թատերական գործիչներից են Մ․ Դուգլասը, Ի․ Լոպես Տարսոն, Դ․ դել Ոփոն, ի․ Ռեաեսը, Սեկի Սանոն և ուրիշներ։

Ազգային տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունվարի 1 - Նոր տարի] (Año Nuevo)
  • Հունվարի 5 - Մոգերի օր (Reyes Magos)
  • Փետրվարի 5 - Սահմանադրության օր (Día de la Constitución)
  • Փետրվարի 14 - Սուրբ Վալենտինի օր] (Día de San Valentín)
  • Ապրիլի 30 - Երեխաների օր (Día del Niño)
  • Մայիսի 5 - «Մեքսիկայի անկախության օր» («Cinco de Mayo»)
  • Մայիսի 10 - Մայրերի օր (Día de las Madres)
  • Մայիսի 23 - Ուսանողության օր (Día del estudiante)
  • Հունիսի 3-րդ կիրակին - Հայրերի օր (Día del Padre)
  • Սեպտեմբերի 16 - Անկախության օր (Día de Independencia)
  • Նոյեմբերի 1 կամ 2 - Մեռյալների օր (Día de los Muertos)
  • Նոյեմբերի 20 - Հեղափոխության օր (Día de la Revolución)
  • Դեկտեմբերի 12 - Սուրբ Գվադալուպեի օր (Día de la Virgen de Guadalupe)
  • Դեկտեմբերի 25 - Սուրբ Ծնունդ (Navidad)

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական բանահյուսությունը ունի շատ լեգենդներ ու առասպելներ։ Մեքսիկական բանահյուսության ամենահայտնի կերպարներից են «Լացող կինը» (La Llorona) և Չուբակաբրան (Chupacabras)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 511