Մեքսիկայի գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքսիկական գրականությունը իսպանալեզու գրականությունների մեջ առավել բեղմնավոր և ազդեցիկ է՝ ի տարբերություն Իսպանիայի, Արգենտինայի և Կուբայի գրականությունների[փա՞ստ]։ Համաշխարհային ճանաչում ունեն այնպիսի գրողներ, ինչպիսիք են Խուան Ռուլֆոն, Օկավիո Պասը, Կառլոս Ֆուենտեսը, Ամադո Ներվո և այլք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուանա Ինես դե լա Կրուս (1648-1695), մեքսիկացի գրող, փիլիսոփա, կոմպոզիտոր և բանաստեղծ

Գրականությունը Իսպանական նվաճումից առաշ Մեքսիկայի տարածքում գոյություն է ունեցել բնիկների լեզուներով (հիերոգլիֆ գրերով) գրականություն։ 16-րդ դարից սկսած Մեքսիկայի գրականությունը զարգացել է իսպաներեն։ Առաջինը իսպաներեն գրել են կոնկիստադորները։

17-րդ դարի սկզբներին երևան է եկել մեքսիկական առաջին սեփական գեղարվեստական ստեղծագործությունը՝ Բ. դե Վալբուենայի (1568-1627) «Մեքսիկայի շքեղությունը» (1604) պոեմը։ 17-րդ դարում հայտնի է բանաստեղծուհի և դրամատուրգ Խուանա Ինես դե լա Կրուսը (1651-1695)։

Ուսյալ պոեզիային զուգընթաց զարգացել է ժողովրդական բանավոր պոեզիան։ Նրան հատուկ երգիծականությունն ուժեղացել է XVIII դարի վերջին, երբ երկրի քաղաքական ու հոգևոր կյանքի բոլոր բնագավառներում հասունացել էր Իսպանիայի գաղութային ռեժիմի դեմ ուղղված բողոքը։ Ազգային ինքնահաստատման միտումն արտահայտվել է նաև գրականության մեջ (Ռ․ Լանդիվարի (1731-1793) «Գյուղական Մեքսիկան» (1781) պոեմը, Ֆ․ Կլավիխերոյի (1731-1787) «Մեքսիկայի հին պատմությունը» (1780-1781))։

Անկախության համար պայքարի շրջանում (1810-1824) վերելք ապրեցին հրապարակախոսությունն ու հայրենասիրական պոեզիան, որը ներկայանում է Ա․ Կինտանա Ռոոյի (1787-1851)՝ ազգային հիմնի հեղինակի բանաստեղծություններով։ Հակաիսպանական պատերազմի թեժ պահին հրատարակվեց Խ․ Խ․ Ֆերնանդես դե Լիսարդիի «Պերիկիլիո Սարնիենտո» (առաջին մասը 1816 թվականին) մեքսիկական առաջին վեպը, որտեղ երգիծական ձևով պատկերված էր գաղութային հասարակարգը։

Անկախ Մեքսիկայի գրականության մեջ առաջին գեղարվեստական ուղղությունը եղել է ռոմանտիզմը (բանաստեղծներ Մ․ Ակունիա (1849-1873), Գ․ Պրիետո (1818-1897)։ Իրենց վեպերում անկախ Մեքսիկայի ազգային իրականությունն են պատկերել Մ․ Պայնոն (1810-1894), Լ․ Ինկլանը (1816-1875), Տ․ դե Կուելյարը (1830-1894)։ Այս շրջանում մեծ դեր է խաղացել վիպագիր, հասարակական գործիչ Ի․ Մ․ Ալտամիրանոն (1834-1893), որն առաջ է քաշել մեքսիկական գրականությունը եվրոպականից անկախ դարձնելու պայքարի ծրագիր։

19-րդ դարի վերջին տասնամյակներին մեքսիկական պոեզիայում երևան եկավ մոդեռնիստական ուղղությունը (բանաստեղծներ Մ․ Խ․ Օտոն (1858-1906), Մ․ Գոափերես Նախերա (1859-1895), Մ․ Դիաս Միրոն (1835-1928), Ա․ Ներվո (1870-1919))։ XIX դ․ վերշին, Պ․ Դիասի բռնատիրության շրջանում, Մեքսիկայի արձակում երևան եկան ռեալիստական միտումներ (Ռ․ Դելգադո, Խ․ Լոպես Պորտիլիո ի Ռոխաս, Ֆ․ Գամբոա)։ Սոցիալական խիստ քննադատականությամբ են հատկանշվում նաև է․ Ֆրիասի (1870-1925) և Ա․ դել Կամպոյի (1868-1908) գործերը։

Մեքսիկական գրականության զարգացման նոր փուլը կապված է 1910-1917 թվականների բուրժուա- դեմոկրատական հեղափոխության հետ։ Մ․ Ասուելան (1873-1952) «Ներքևինները» (1916) վեպով սկզբնավորեց այսպես կոչված հեղափոխության վեպը։ Այս ոգով են գրված Մ․ Գուսմանի (1887), Գ․ Լոպես ի Ֆուենտեսի (1897-1966), Խ. Ռոմերոյի վեպերը, Ռ․ Մունիոսի (1899), Ն․ Կամպոբելիոյի (1909) տարբեր ժանրի գործերը։ Մասամբ այս հոսանքի հետ է կապված Մ-Խ․ Մանսիսիդորի (1895- 1956) ստեղծագործությունը։

20-րդ դարի մեքսիկացի խոշորագույն բանաստեղծներն են Ռ․ Լոպես Վելարդեն (1888- 1921), է․ Գոնսալես Մարտինեսը (1871-1952), Կ․ Պելիսերը (1899)։ Ազգային ինքնաարտահայտման և ինքնահաստատման գաղափարը, որ իշխող է դարձել Մեքսիկայի 1920-1930-ական թթ․ գրականության մեջ, մշակվել է փիլիսոփա Ի․ Վասկոնսելոսի (1882-1959), բանաստեղծ, փիլիսոփա- էսսեիստ Ա․ Ռեյեսի (1889-1959) և ուրիշների երկերում։ Հետագայում այդ գաղափարը շարունակել է ուսումնասիրել ու հարստացնել բանաստեղծ Օ․ Պասան (1914)։ Մեքսիկական արձակի նոր վերելքն սկսվել է 1950-ական թթ․ կեսերից։ Այս փուլը, որ սկզբնավորվել է Ա․ Յանիեսի (1904) «Տեղատարափից առաջ» (1947) վեպով, ներկայացվում է նաև Խ. Ռուլֆոյի (1918), Կ․ Ֆուենտեսի (1928), Ռոսարիո Կաստիլիանոսի (1925), Ս․ Գալինդոյի (1926) վեպերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 511