Մեքսիկայի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիաչիները նվագում են Տենամպայում, Մեխիկո

Մեքսիկայի երաժշտություն (իսպ.՝ Mosica de México), մեքսիկական երաժշտությունը բազմազան է և տարբերակվում է ըստ երաժշտական ժանրերի և կատարողական ոճերի։ Երաժշտության վրա ազդել են տարբեր մշակույթներ. էական է Մեքսիկայի բնիկների և եվրոպացիների ազդեցությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությունը մեծ տեղ է գրավել Մեքսիկայի բնիկների, հատկապես հին ացտեկների կյանքում։ Մի շարք քաղաքներում գոյություն են ունեցել հատուկ դպրոցներ, ուր երաժշտություն են սովորեցրել։ Երգերը կապված են եղել ծեսերի, աշխատանքի հետ։

Երաժշտական գործիքներից էին բազմազան թմբուկները, զանգակները, քսիլոֆոնները, ծովային խեցիները։ Ժամանակակից Մեքսիկայի տարածքի մեծ մասում կենցաղավարում է հնդկացիական երաժշտությունը, որը կրել է իսպանական և կրեոլական երաժշտական մշակույթի ներգործությունը։

Կրեոլական ֆոլկլորի առավել տարածված երգ-պարային ձևերն են՝

  • սոնը
  • խարաբեն
  • ուապանգոն
  • հաբաներան

երգայինները՝

  • կանսիոնը
  • կոռիդոն

Ավանդական ժողովրդական նվագարանը կիթառն է (տարբերակները՝ կիթառոնը և խարանիտան), մասսայական են ջութակն ու տավիղը։ 16-րդ դարի սկզբից զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 1523 թվականին վանական Պ․ դե Գանտեն Տեսկոկոյում հիմնել է երկրում առաջին երաժշտական դպրոցը, ուր հնդկացիներին սովորեցրել են եկեղեցական երաժշտություն։ 1527 թվականին երաժշտական դպրոց է բացվել Մեխիկոյում։ 19-րդ դարի սկզբից մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բեմադրվել են իտալացի կոմպոզիտորների օպերաներ։ 1825 թվականին Մեխիկոյում կոմպոզիտոր և դիրիժոր Մ․ էլիսագան հիմնել է երկրում առաջին երաժշտական ակադեմիան, 1826 թվականին՝ սիմֆոնիկ նվագախումբ։ 1866 թվականին բացվել է կոնսերվատորիա (1877 թվականից՝ Ազգային կոնսերվատորիա)։

19-րդ դարի կեսից, առավելապես օպերայի ժանրում, ստեղծագործել են ազգային կոմպոզիտորներ Ս․ Պանիագուա ի Վասկեսը, Ա․ Օրաեգան, Մ․ Մորալեսը, որոնց ստեղծագործությունը կրում էր եվրոպական օպերային արվեստի ուժեղ ազդեցությունը։ Եվրոպական կողմնորոշում ունեին նաև 19-րդ դարի վերջի — 20-րդ դարի 1-ին կեսի կոմպոզիտորները՝ Ռ․ Կաստրոն, Ռ․ Տելիոն, Խ. Կարիլիոն, Խ․ Ռոլոնը։ Մ․ Պոնսեն մեքսիկացի կոմպոզիտորներից առաջինը դիմեց ազգային երաժշտական ֆոլկլորին։ Ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներն են Ս․ Ռևուելտասը և Կ․ Չավեսը (XX դ․ 1-ին կես)։ Մեքսիկական երաժշտական մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն կոմպոզիտորներ Մ․ Բ․ Իփմենեսը, Պ․ Մոնկայոն, երաժշտագետներ Վ․ Գ․ Մենդոսան, Օ․ Մայեր Սեռան։ Երաժշտական առաջատար գործիչներից են (1973) կոմպոզիտորներ Լ․ Մանդին, Դ․ Այալան, Բ․ Դալինդոն, Ռ․ Ալֆտերը, դիրիժոր Լ․ էռերա դե լա Ֆուենտեն, ջութակահար Գ․ Շերինգը, դաշնակահարներ Կ․ Բարախասը և Մ․ Տ․ Կաստրիլիոնը, կիթառահար Ա․ Բրիբիեսկան, երգչուհի Խ. Արայան, ժողովրդական երգերի կատարող Է․ Կասանովասը։

Մեխիկոյում գործում են Ազգային սիմֆոնիկ նվագախումբը, համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը, Ազգային օպերան, համալսարանին առընթեր Բարձրագույն երաժշտական դպրոցը։ Սիմֆոնիկ նվագախմբեր կան մի շարք քաղաքներում։ Մեծ մասսայականություն են վայելում ժողովրդական երաժշտություն՝ կատարող բազմաթիվ վոկալ-գործիքային անսամբլներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 513
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի երաժշտություն» հոդվածին։