Գիտությունը Մեքսիկայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկայի տիեզերական գործակալությունը նպատակ ունի համակարգել տիեզերական գործողությունները, որոնք իրականացվում են երկրում, ինչպիսիք են Պուեբլա նահանգում գտնվող Մեծ միլիմետր աստղադիտակի շուրջ մշակված գործողությունները

Գիտությունը Մեքսիկայում, գիտության և տեխնիկայի պատմությունը ձգվում է տարիներ ի վեր։ Բնիկ Մեզոամերիկյան քաղաքակրթությունները զարգացրել են մաթեմատիկան, աստղագիտությունը, օրացույցը և լուծել են ջրի կառավարման տեխնոլոգիական խնդիրները գյուղատնտեսության և հեղեղումների դեմ Կենտրոնական Մեքսիկայում։

1521 թվականին իսպանական նվաճումից հետո Նոր Իսպանիան (գաղութային Մեքսիկա) մտել է գիտության և տեխնիկայի եվրոպական ոլորտ։ Մեքսիկայի թագավորական և պապական համալսարանը, որը հիմնադրվել է 1551 թվականին, ավելի քան մեկ դար եղել է գաղութային Մեքսիկայի մտավոր և կրոնական զարգացման կենտրոն։ Մեքսիկայում իսպանական-ամերիկյան լուսավորության ժամանակ գաղութը զգալի առաջընթաց է գրանցել գիտության մեջ, սակայն տասնիններորդ դարասկզբի անկախության պատերազմից և քաղաքական անկայունությունից հետո առաջընթացը կանգ է առել։

19-րդ դարի վերջին Պորֆիրիո Դիասի վարչակարգի ժամանակ Մեքսիկայում սկսվել է արդյունաբերականացման գործընթացը։ Մեքսիկական հեղափոխությունից հետո, տասնամյա քաղաքացիական պատերազմի շրջանում, Մեքսիկան զգալի առաջընթաց է գրանցել գիտության և տեխնիկայի բնագավառում։ 20-րդ դարի ընթացքում Մեքսիկայում ստեղծվել են նոր համալսարաններ, ինչպիսիք են Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտը, Մեքսիկայի տեխնոլոգիական ինստիտուտը և գիտահետազոտական ինստիտուտները, ինչպիսիք են Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Մեքսիկան Լատինական Ամերիկայի բարձր տեխնոլոգիական ապրանքների խոշորագույն արտահանողն է (Բարձր տեխնոլոգիաների արտահանումը արտադրված ապրանքներ են, որոնք ներառում են գիտահետազոտության բարձր ինտենսիվություն, օրինակ՝ օդատիեզերական ոլորտում, համակարգիչներ, դեղագործություն, գիտական գործիքներ և էլեկտրական մեքենաներ)՝ 40,7 միլիարդ դոլոր արժողությամբ բարձր տեխնոլոգիական ապրանքներ 2012 թվականի ընթացքում[1]։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2012 թվականին Մեքսիկայի բարձր տեխնոլոգիաների արտահանումը կազմել է երկրում արտադրված բոլոր ապրանքների 17%-ը[2]։

Գիտությունը և գիտական հիմնարկները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական և տեխնիկական գիտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորելոս I մեքսիկական առաջին արհեստական արբանյակը, որը արձակվել և ուղեծիր է դուրս եկել 1985 թվականին: Ներկայումս այն տիեզերական աղբ է
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտությունների ֆակուլտետի Tlahuizcalpan շենքի մուտքը

Հին շրջանում (մինչև իսպանական գաղութացումը (16-րդ դար)) Մեքսիկայի տարածքում բնիկ ժողովուրդների (հնդկացիներ) մեջ իրենց բնագիտական գիտելիքներով աչքի են ընկել մայաները։ Նրանք օգտվել են հաշվարկման համակարգից, գաղափար են ունեցել զրոյի մասին։ Մայաներն ստեղծել են արեգակնային օրացույց և թվականության համակարգ, մեծ ճշգրտությամբ հաշվել են արեգակնային տարվա ու լուսնային ամսվա տևողությունը, կանխորոշել Արեգակի և Լուսնի խավարումները։ Նրանց հայտնի են եղել մոլորակները։ Բավական բարձր մակարդակի է հասել բժշկությունը, հատկապես ախտորոշման, վիրաբուժության, դեղաբանության բնագավառում։ Բուժական պրակտիկայում օգտագործվել են թմրամիջոցներ, ավելի քան 400 բույս։ Գաղութատիրության շրջանում (16-րդ դար- 19-րդ դարի սկիզբ) բնական գիտությունները զարգացել են հիմնականում եվրոպացի (գլխավորապես իսպանացի) գիտնականների շնորհիվ, որոնցից շատերը երկար ժամանակ ապրել են Մեքսիկայում, զգալի ավանդ ներդրել երկրի բնության հետազոտման գործում և իրավամբ համարվում են մեքսիկական բնագիտության ներկայացուցիչներ։

16-րդ դարի 1-ին կեսին հիմնվել են առաջին ուսումնական հաստատությունները՝ Մանտա Կրուս դպրոցը (1536), Մեխիկոյի համալսարանը (1551)։ 17-րդ դարում մեքսիկական գիտության առավել խոշոր դեմքերից է աստղագիտությանը, աշխարհագրությանը, գեոդեզիային, քարտեզագրությանը, մայաների ու ացտեկների պատմությանը վերաբերող մի շարք աշխատությունների հեղինակ, Կեպլերի, Գալիլեյի, Դեկարտի գաղափարների պրոպագանդիստ, արքունական տիեզերագետ Կ․ դե'Սիգուենսաի Գոնգորան։ Գիտական կյանքը, որ 17-րդ դարի սկզբից որոշ անկում էր ապրել, նորից աշխուժացել է միայն 18-րդ դարի 2-րդ կեսին՝ կապված Իսպանիայում էկոնոմիկայի և գիտության վերելքի և Մեքսիկայում կապիտալիստական հարաբերությունների ձևավորման հետ։ Այդ շրջանում են հիմնադրվել Վիրաբուժության թագավորական դպրոցը (1768), Բուսաբանական այգին (1788), Լեռնագործության թագավորական դպրոցը (1792) և այլն։ 1801 թվականին Ա․ Մ․ դել Ռիոն հայտնագործել է վանադիումը, որն անվանել է էրիտրոնիում։ Շարունակվել են աշխարհագրական, աստղագիտա-գեոդեզիական, բուսաբանական և բժշկական հետազոտությունները։

18-րդ-19-րդ դարերի սահմանագծին Մեքսիկայում աշխատել է Ա․ Հումբոլդտը, որը նպաստել է երիտասարդ մեքսիկական գիտության ներգրավմանը համաշխարհային բնագիտության համակարգի մեջ։ Անկախության համար մղված պայքարը, ազգային արդյունաբերության ստեղծումը նպաստել են գիտության զարգացմանը 19-րդ դարում։ Հիմնադրվել է Մեքսիկայի բուսական և կենդանական աշխարհների թանգարան (1822), կազմվել է բույսերի անվանացանկ («Բուսաբանական աղյուսակներ, 1825 թվական), ուսումնասիրվել են մշակովի բույսերի հիվանդությունները։ 1889 թվականին կազմվել է Մեքսիկայի օգտակար հանածոների քարտեզը։ 1878 թվականին հիմնադրվել է Ազգային աստղադիտարանը (Ֆ․ Դ․ Կովառուբիասի ղեկավարությամբ), 1891 թվականին՝ Երկրաբանության ինստիտուտը։ 20-րդ դարի սկզբին, հատկապես 1910-1917 թվականների բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո, գիտության զարգացումը նոր թափ է ստացել, ընդլայնվել են ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բնագավառի հետազոտությունները, կազմակերպվել են նոր, մասնագիտացված գիտական կենտրոններ․ այսուհանդերձ, առաջատար դերը պահպանել են կենսաբանությունը, բժշկությունը և երկրաբանությունը։ Կենսաբանական հետազոտություններն ընդգրկում են մանրէաբանությունը, ճիճվաբանությունը, հիդրոկենսաբանությունը, միջատաբանությունը, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, գենետիկան և այլն (Ի․ Օչոտերենա, Ռ․ Լյամաս, Մ․ Մարտինես և ուրիշներ)։ Արժեքավոր հետազոտություններ են կատարվել բժշկության մի շարք ճյուղերում՝ սրտաբանություն (Ի․ Չավես, Ա․ Ռոզենբլյուտ), մաշկաբանություն (Ռ․ Սիսերո, Գ․ էռիխոն), ակնաբուժություն (Ի․ Օչետերեն), նյարդավիրաբուժություն (Կ․ Ռոբլես) և այլն։ Մեքսիկայում ստացվել են ցորենի բարձր բերքատու սորտեր, որոնց տարածումը զարգացող երկրներում սկիզբ է դրել, այսպես կոչված, կանաչ հեղափոխությանը (Ն․ է․ Բոռլոուգ, Խաղաղության նոբելյան մրցանակ, 1970 թվական)։ Երկրի վերաբերյալ գիտությունների շարքում առավել նշանակալի են նավթի և գազի երկրաբանության, ուրանի հանքավայրերի հետախուզման բնագավառի աշխատանքները։ Մեքսիկացի և ամերիկյան գիտնականների ջանքերով Մեքսիկայում ստեղծվել է մաթեմատիկայի ազգային դպրոց, բացվել է Մաթեմատիկայի ինստիտուտ (1942)։ Տեսական և փորձարարական ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները կենտրոնացված են Ֆիզիկայի ինստիտուտում (1938) և Պոլիտեխնիկական ինստիտուտի հետազոտական կենտրոնում, աստղաֆիզիկական աշխատանքները՝ Տոնանասինտլայի ատղաֆիզիկայի ինստիտուտում (1942)։ 1970 թվականից գործում է Մեքսիկայի Ատոմային կենտրոնը՝ իր ռեակտորով, արագացուցիչով, հաշվողական կենտրոնով։

Քիմիական հետազոտությունները տարվում են Քիմիայի ինստիտուտում (1941) և արդյունաբերական լաբորատորիաներում։ Կարևոր աշխատանքներ են կատարվում նաև արդյունաբերական էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների, տեխնիկական կիբեռնետիկայի և կապի տեսության, կիրառական քիմիայի, նավթաքիմիայի, մետալուրգիայի, հիդրոէներգետիկայի և այլ բնագավառներում։

Հասարակական գիտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայում փիլիսոփայական և գիտական գիտելիքի սաղմերն առկա են եղել հնդկացիների մշակույթում։ Նախագաղութացման շրջանում արդեն դիցաբանության շրջանակներում ձևավորվել են փիլիսոփայական պատկերացումներ և հասկացություններ։ Այսպես, աշխարհի մասին ացտեկների ուսմունքում առաջ է քաշվել 4 նախատարրերի (հուր, ջուր, հող, քամի) գաղափարը, պայքարի հասկացությունը։ Գաղութացման շրջանում բուն փիլիսոփայական հայացքները Մեքսիկայում ձևավորվել են եվրոպական գաղափարախոսության (հատկապես սխոլաստիկայի) ազդեցությամբ։ Մեքսիկայի սոցիալ- տնտեսական և քաղաքական զարգացմանը համապատասխան տարածվել են հումանիզմի (16-րդ -17-րդ դարեր), ֆրանսիական լուսավորականության (անկախության համար պայքարի շրջանում), պոզիտիվիզմի (1854-1860 թվականների բուրժուական հեղափոխությունից հետո) գաղափարները։ 19-րդ դարի I-ին կեսին Մեքսիկայում շարունակվում էր սխոլաստիկայի և ռացիոնալիստական, մատերիալիստական գաղափարների պայքարը։

19-րդ դարի 2-րդ կեսին մատերիալիստական և պոզիտիվիստական միտումներին հակադրվել է կաթոլիկական փիլիսոփայությունը։ 19-րդ-20-րդ դարերի սահմանագծին պոզիտիվիզմը դառնում է տիրապետող ուսմունք, սկսում է տարածվել մատերիալիզմը (Ֆ․ էռնանդես, է․ Օ․ Արագոն), հետազոտվում են Մեքսիկայի փիլիսոփայական մտքի պատմությունը (Ա․ Ռիվերա, է․ Տելիես)։ 19-րդ դարի 70-ական թվականներին տարածվում են մարքսիստական գաղափարները։

20-րդ դարի 1-ին կեսին պոզիտիվիզմին փոխարինում են ինտուիտիվիզմը, նեոկանտականությունը, էկզիստենցիալիզմը։ Ուժեղանում է թոմիզմի ազդեցությունը։ Այս շրջանի հայտնի իդեալիստ փիլիսոփաներն են Ա․ Կասոն, Խ․ Վասկոնսելոսը, Ս․ Ռամոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ևս Մեքսիկայում տարածվել են բուրժուական փիլիսոփայության տարբեր հոսանքներ։ 1963 թվականին Մեքսիկայում տեղի է ունեցել 13-րդ միջազգային փիլիսոփայական կոնգրեսը։ Մեքսիկայի մարքսիստները քննարկում են երկրի հասարակական զարգացման, բանվոր դասակարգի հեղափոխական շարժման և ազգային-ազատագրական պայքարի խնդիրները։

Մեքսիկայի հայտնի մարքսիստներից են Է․ դե Գորտարին, Ա․ Մ․ Վասկեսը և ուրիշներ։ Մեքսիկայի մի շարք համալսարաններ ունեն փիլիսոփայական ֆակուլտետներ։ Ազգային ինքնավար համալսարանին կից գործում են փիլիսոփայական ֆակուլտետը և փիլիսոփայության ուսումնասիրությունների ինստիտուտը։ Հրատարակվում են փիլիսոփայական ամսագրեր։

Պատմագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայում պատմագիտությունն սաղմնավորվել է 18-րդ դարի վերջին, երբ երևան են եկել ճիզվիտ հայրեր Ֆ․ Ալեգրեի, Ա․ Կավոյի, Ֆ․ Կլավիխերոյի պատմական առաջին աշխատությունները, ուր բարձր է գնահատվել հին հնդկացիների մշակույթը։ 19-րդ դարի 1-ին կեսին լույս են տեսել լիբերալ-բուրժուական պատմաբաններ Կ․ Մ․ Բուստամանտեի, Լ․ դե Սավալայի, Խ․ Մորայի աշխատությունները, որոնք հայրենասիրական դիրքերից լուսաբանել են 1810-1824 թվականների անկախության պայքարը Մեքսիկայում։ Գաղութային վարչակարգն իդեալականացրած պահպանողական Լ․ Ալամանի և նրա հետնորդների դեմ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հանդես են եկել արմատական ուղղության ներկայացուցիչներ Վ․ Ռիվա Պալասիոն, Խ․ Սարատեն, Ի․ Մ․ Ալտամիրանոն և ուրիշներ։

20-րդ դարի 20-30-ական թվականներին ստեղծվեցին գիտական նոր հիմնարկներ և ընկերություններ՝ Պատմության և աշխարհագրության ազգային ակադեմիան (1925), Պատմության մեքսիկական ակադեմիան (1940) ։ Պատմագիտության մեջ տիրապետում էր կղերա-պահպանողական ուղղությունը, որը մոտ էր Ալամանի հայացքներին (Տ․ էսկիվել Օբրեգոն, Ա․ Կառենյո, Ռ․ Գարսիա Գրանադոս և ուրիշներ)։ 1940-ական թվականներին բարձրացավ պատմական հետազոտությունների գիտական մակարդակը։ 1943 թվականին հիմնվեց Մեքսիկական պատմական ընկերությունը, 1946 թվականին նրա հիմքի վրա՝ Մեքսիկայի պատմության ուսումնասիրման միավորումը, 1949 թվականին՝ Պատմության ուսումնասիրման մեքսիկական ընկերությունը։ 1950-1960-ական թվականներին հրատարակվեցին 1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխության պատմության բազմաթիվ փաստաթղթեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զարգացավ Մեքսիկայի պատմագիտության դեմոկրատական ուղղությունը, որը շարունակեց և խորացրեց 19-րդ դարի- 20-րդ դարի սկզբի լիբերալ պատմաբանների լավագույն ավանդույթները։ Նրա որոշ ներկայացուցիչներ մոտ են պատմության մատերիալիստական ըմբռնմանը։ Սոցիալ-տնտեսական հարցերին են նվիրված Ա․ Կուե Կանովասի, Լ․ Չավես Օրոսկոյի և այլոց ուսումնասիրությունները։ 1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխության վերաբերյալ աշխատությունների մեջ առանձնանում են Ռ․ Բլանկո Մոենոյի, Խ․ Ռոմերո Ֆլորեսի, Մ․ Գոնսալես Ռամիրեսի և ուրիշների գրքերը։ Մեքսիկայում պատմության ուսումնասիրման և պատմական փաստաթղթերի ժողովման կարևոր կենտրոններ են Պատմության ազգային թանգարանը (1822), Ազգային գլխավոր արխիվը (1823), Ազգային գրադարանը (1833) և այլն։ Ազգային ինքնավար համալսարանին կից կան Պատմական հետազոտությունների ինստիտուտը, Հասարակական հետազոտությունների ինստիտուտը, Քաղաքական և հասարակական գիտությունների ազգային դպրոց։ 1953 թվականին հիմնվել է Մեքսիկական հեղափոխության պատմության ուսումնասիրման ազգային ինստիտուտը։ Հրատարակվում են պատմական հանդեսներ, տարեգիրք։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հայացքների ամբողշական համակարգ ձևավորվել է 19-րդ դարի 1-ին կեսին։ Առավել զարգացել է 20-րդ դարում, առաջին տասնամյակներին ընդգրկել օտարերկրյա (հատկապես հյուսիս-ամերիկյան) մոնոպոլիաների ճնշման դեմ պայքարի, ֆեոդալիզմի մնացուկների վերացման, տնտեսական զարգացման տեմպերի արագացման խնդիրները։ Տնտեսագիտության մեշ 1960-1970-ական թվականներին կազմավորվել է երեք հիմնական ուղղություն։

Առաջին ուղղության ներկայացուցիչները (Լ․ Սոլիս, Դ․ Իբառա, Վ․ Լ․ Ուրկիդի և ուրիշներ) մշակում են Ինստիտուցիոն- հեղափոխական կուսակցության պաշտոնական տնտեսական ուսմունքը։ Նրանք կրում են քեյնսականության ու տնտեսական զարգացման բուրժուականժամանակակից տեսությունների խիստ ազդեցությունը և կողմ են լատինաամերիկյան զարգացման (կամ դեսառոլիզմի, < իսպ․ desarrollo - զարգացում) տեսությանը։ Էկոնոմիկայի արագ զար¬ գացման համար կարևորում են օտարերկրյա կապիտալի կիրառումը, պետական կապիտալիստական սեկտորի ընդլայնումը, տնտեսական ծրագրավորումը, Էկոնոմիկայի խառը սեկտորը՝ իշխող կապիտալիստական արտադրաեղանակի շրշանակներում։

Երկրորդ, լիբերալ-դեմոկրատական ուղղության կողմնակիցներն իրենց հետազոտություններում ինչ-որ չափով բացահայտում են երկրի տնտեսական զարգացման արատներն ու թերությունները, բայց դրանց վերացումը կապում են մասնակի բարենորգումների ու կապիտալիստական կարգերի պահպանման հետ։ Գյուղատնտեսության տեխնիկական կատարելագործումը, հողերի ոռոգումը համարում են ագրարային (Է․ Պադիլիա Արագոն, Օ․ Ֆլորես դե լա Պենյա, Ա․ Բոնիլյա և ուրիշներ), իսկ կալվածատիրական լատիֆունդիաների վերացումը, օտարերկրյա կապիտալի ներհոսքի սահմանափակումը, Էկոնոմիկայի պետական սոլորտի ըստ ամենայնի զարգացումը՝ ընդհանուր տնտեսական (Ռ․ Ստավենխագեն, Կ․ Կարդենաս, Մ․ Գոմես Ագիլերա U ուրիշներ) խնդիրների լուծման ուղի։

Երրորդ, առաջադիմական ուղղության ներկայացուցիչները (Խ․ Լուիս Սեսենյա, Ռ․ Ռամիրես Գոմես, Ա․ Ագիլար Մոնտեվերդե և ուրիշներ) հանդես են գալիս ամերիկյան մոնոպոլիաներից Մեքսիկայի Էկոնոմիկայի անկախության, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, տնտեսական խորը վերափոխումների պահանջներով։ Նրանց աշխատություններում, թեև ոչ միշտ հետևողականորեն, օգտագործվում է մարքսիստական մեթոդաբանությունը։

Վերջին տասնամյակների հետազոտություններում կարևոր տեղ են գրավում տնտեսության ու տնտեսագիտական մտքի զարգացման պատմությանը նվիրված աշխատությունները (Խ. Սիլվա Էրսոգ, Ա․ Կուե Կանովաս, Խ․ Ռեյես էրոլես և ուրիշներ)։ Տնտեսագիտության կենտրոններն են՝ համալսարանների, Ազգային պոլիտեխնիկական, Մոնթերեյի տեխնոլոգիայի ու բարձրագույն կրթության, Մեքսիկայի տեխնոլոգիական ինքնավար ինստիտուտների տնտեսագիտության ֆակուլտետները, Ազգային ինքնավար, ինչպես նաև Նուևո Լեոն նահանգի համալսարանին առընթեր տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնները։ Լույս են տեսնում տնտեսագիտական պարբերականներ։

Գիտական հիմնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբներին Մեքսիկայում կար ավելի քան 200 գիտահետազոտական հիմնարկ։ Պետական առաջատար գիտահետազոտական կազմակերպություններն են՝

  • Ատոմային էներգիայի ազգային հանձնաժողովի գիտահետազոտական համալիրը (հիմնադրվել է 1956 թվականին, միավորում է 15 լաբորատորիա և ատոմային կենտրոնը)
  • Տիեզերական տարածության յուրացման ազգային հանձնաժողովի հետազոտական կենտրոնը (1962 թվական, ունի հրթիռակայան և իոնոլորտային խոշոր կայան)
  • Գյուղատնտեսության ազգային ԳՀԻ (1960)
  • Գիտությունների ազգային ակադեմիա (1884)
  • Իրավաբանական գիտությունների ակադեմիա (1889)
  • Պատմության մեքսիկական ակադեմիա (1940)
  • Պատմության և աշխարհագրության ազգային ակադեմիա (1925)
  • Լեզվի մեքսիկական ակադեմիա
  • Բժշկության ազգային ակադեմիա (1864)

Խոշոր ԳՀԻ-ներ ունեն Ազգային ինքնավար համալսարանի (Մեխիկո, 20-ից ավելի) և Ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի (10-ից ավելի) գիտահետազոտական կենտրոնները։ Խոշորագույն անկախ գիտահետազոտական հիմնարկ է Տեխնոլոգիական հետազոտությունների մեքսիկական ինստիտուտը (1950), որտեղ հետազոտություններ են կատարվում պետության և մասնավոր ֆիրմաների հետ կնքված պայմանագրերով։ Միջազգային գիտահետազոտական կազմակերպություններից են Քիմիայի պանամերիկյան ինստիտուտը, Ռեգիոնալ հաշվողական կենտրոնը, Ախտաբանական անատոմիայի հարցերի ռեգիոնալ ինֆորմացիոն կենտրոնը։ Մեքսիկայում կա (1973) 100-ից ավելի գիտական ընկերություն, որոնցից հնագույններն են՝ աշխարհագրության և վիճակագրության (1833), բնապատմության (1868), աստղագիտական (1902), երկրաբանական (1904) և այլն։ Մեքսիկան ավելի քան 30 միջազգային գիտական կազմակերպությունների անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «High-technology exports (current US$) - Data». data.worldbank.org.
  2. «High-technology exports (% of manufactured exports) - Data». data.worldbank.org.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։