Մեթյու Բրայզա
Մեթյու Բրայզա | |
Կրթություն՝ | Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց[1] և Սթենֆորդի համալսարան[2] |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 16, 1964 (60 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Զեյնո Բարան |
Մեթյու Ջեյմս Բրայզա (անգլ.՝ Matthew James Bryza, փետրվարի 16, 1964), ամերիկացի նախկին դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ։ Միացյալ Նահանգների արտաքին դիվանագիտական ծառայությունում նրա վերջին պաշտոնը եղել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, որը Բրայզան զբաղեցրել է 2010-2011 թվականներին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայզան ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան։ 1988 թվականին Թաֆթսի համալսարան Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ստացել է իրավունքի և դիվանագիտության մագիստրոսական աստիճան[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտական ծառայության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթյու Բրայզան ԱՄՆ պետքարտուղարությունում դիվանագիտական աշխատանքի է անցել 1988 թվականի օգոստոսին։ 1989-1991 թվականներին աշխատել է Լեհաստանում, սկզբում Պոզնանում գտնվող ամերիկյան հյուպատոսությունում, իսկ այնուհետ Վարշավայում գտնվող ամերիկյան դեսպանությունում, որտեղ ամերիկյան իշխանությունների համար լուսաբանել է Համերաշխություն շարժումը, Լեհաստանի անվտանգության ծառայության բարեփոխումները և տարածաշրջանային քաղաքականությունը։ 1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և Ռուսաստանի հետ հարաբերությունների վարչությունում։ 1995-1997 թվականներին Բրայզան գործուղվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանություն՝ սկզբում զբաղեցնելով դեսպան Թոմաս Փիքերինգի հատուկ օգնականի, իսկ այնուհետ քաղաքական պաշտոնյա, որը լուսաբանում էր ՌԴ Պետական դուման, Կոմունիստական կուսակցության գործունեությունն ու Հյուսիսային Կովկասում և Դաղստանում ընթացող իրադարձությունները[3]։ Նրան Մոսկվայից հետ են կանչել այն բանից հետո, երբ նա, իբր, 1997 թվականի օգոստոսին վրաերթի էր ենթարկել հետիոտնին[4]։ 1997-1998 թվականներին Բրայզան եղել է դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հատուկ խորհրդականը, որը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում համակարգում էր Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրերը։ 1998 թվականի հուլիսից սկսած եղել է Կասպյան ավազանում էներգետիկ դիվանագիտության հարցերով ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի հատուկ խորհրդականի տեղակալ, որը համակարգում էր ամերիկյան կառավարության միջգերատեսչական ջանքերը՝ Կասպյան տարածաշրջանում նավթատարների և գազատարների ցանցի զարգացման ուղղությամբ[3]։
Եվրոպական և եվրասիական հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի ապրիլին Բրայզան միացել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդին՝ զբաղեցնելով Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տնօրենի պաշտոնը։ Վերջինս պատասխանատու էր Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Կասպյան տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության համակարգման համար։ 2005 թվականի հունիսին Բրայզան ստանձնել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը։ Նա պատասխանատու էր Կովկասի և Հարավային Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների համակարգման և այդ երկրների ուղղությամբ վարվող քաղաքականության մշակման համար։ Նա նաև համակարգել է Միացյալ Նահանգների ջանքերը խաղաղության հասնելու և կարգավորելու հիմնախնդիրները Արցախում, Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Ի հավելումն, նա նաև համակարգել է Սևծովյան և Կասպյան տարածաշրջաններում ամերիկյան էներգետիկ քաղաքականությունը և եվրոպական երկրների հետ աշխատել հանդուրժողականության, սոցիալական ինտեգրման և իսլամի հիմնախնդիրների ուղղությամբ[3]։
Համաձայն ամերիկյան դիվանագիտական հեռագրերի արտահոսքի՝ Բրայզան Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին 2008 թվականի մայիսին զգուշացրել է, որ պատերազմը վատ տարբերակ կլինի Վրաստանի համար[5]։
2009 թվականի օգոստոսին Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյան նամակ է ուղարկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ ընդգծելով Ամերիկայի հայ համայնքի մտահոգությունները, ինչպես նա է նշում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ «Մեթյու Բրայզայի կողմնակալ դիտարկումների» մասին, որն ի պաշտոնե պարտավորվում էր նպաստել Արցախյան հակամարտության կարգավորմանն ու հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացմանը[6]։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսին Սպիտակ տունը Բրայզային առաջադրեց Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում[7]։ 2010 թվականի սեպտեմբերի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց նրա դեսպանական նշանակումը և ուղարկեց Սենատի հաստատմանը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվանական քվեարկության ժամանակ, դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի) և Բարբարա Բոքսերը (Կալիֆոռնիա), որոնք հայկական հանձնախմբի անդամներ էին, փորձեցին արգելափակել Բրայզայի նշանակմանը՝ դեմ քվեարկելով նրա թեկնածությանը։ 2010 թվականի դեկտեմբերի 29-ին նախագահ Բարաք Օբամայի կողմից Բրայզայի նշանակումը հաստատվեց Սպիտակ տան կողմից որպես ժամանակավոր նշանակում[8][9]։ Նա Ադրբեջանում ամերիկյան դեսպանի պաշտոնն սկսեց զբաղեցնել 2011 թվականի փետրվարից։
2012 թվականի հունվարին Բրայզան լքեց դեսպանի պաշտոնն ու դիվանագիտական ծառայությունը, քանի որ Սենատը չհաստատեց դեսպանի պաշտոնում նրա առաջադրումը։ Բրայզայի նշանակմանը դեմ էին ԱՄՆ-ում հայկական լոբիստական խմբերն ու մի քանի սենատորներ։ Պատճառն այն էր, որ Բրայզան ուներ ադրբեջանամետ դիրքորոշում ու կողմնորոշումներ և կասկածվում էր ադրբեջանցի պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ[10]։ Ադրբեջանական Azadliq թերթում լրագրողներ Գանիմաթ Զահիդի և Ագիլ Խալիլի հրապարակած հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի այն ժամանակվա տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաևը վճարել է Ստամբուլում Բրայզայի հարսանիքի ծախսերի մեծ մասը։ Հոդվածի համար թե՛ Զահիդին, և թե՛ Խալիլին դատի տվեցին, իսկ Ագիլ Խալիլի նկատմամբ տեղի ունեցավ չորս մահափորձ, որի պատճառով ադրբեջանցի լրագրողն ստիպված եղել մեկնել Ֆրանսիա[11]։
The Washington Post-ի խմբագիր Ֆրեդ Հայաթը, որը Բրայզայի աջակիցներից մեկն էր, նրա հետկանչն անվանել է «վառ օրինակ այն բանի, թե ինչպես ԱՄՆ խոշոր ազգային շահը կարող է դառնալ հատուկ շահերի մանիպուլյացիայի և քաղաքական փոխզիջման զոհ»[10]։
Հետդիվանագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայզան աշխատում է որպես բիզնես և ժողովրդավարական զարգացումների հարցերով խորհրդական։ Թուրքիայում նա մի քանի մասնավոր ընկերությունների խորհրդի անդամ է[12]։ 2012 թվականի հունիսին Բրայզան նշանակվեց Turcas Petrol-ի խորհրդի անդամ, որը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) դուստր ընկերությունն էր[13]։ Բրայզան նաև NEQSOL Holding-ի խորհրդի անդամ է։ Վերջինս էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում ադրբեջանական խոշոր ընկերություն է[14]։
2012 թվականի մարտի 1-ին Բրայզան նշանակվել է Պաշտպանական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն, որը Տալլինում տեղակայված ուղեղային կենտրոն է[15][16]։ 2012 թվականի օգոստոսին նա դարձել է նաև Jamestown Foundation-ի խորհրդի անդամ[12]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայզան 2004 թվականին արժանացել է Ֆլեթչերի երիտասարդ շրջանավարտի մրցանակ (անգլ.՝ Fletcher Young Alumni Award), 2009 թվականին՝ Ոսկե գեղմի շքանշան (Վրաստան), 2010 թվականին՝ Մարիամի երկրի խաչի շքանշան (IV աստիճան, Էստոնիա)[17]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա առաջին ամուսնությունն ավարտվել է բաժանմամբ։ 2007 թվականի օգոստոսի 23-ին նա ամուսնացել է թուրք քաղաքագետ Զեյնո Բարանի հետ, որից ունի մեկ դուստր։ Ընտանիքի հետ միասին բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում[18]։
Բրայզան վարժ տիրապետում է լեհերենին և ռուսերենին, խոսում է նաև գերմաներեն և իսպաներեն։ Խոսակցական մակարդակով տիրապետում է նաև ադրբեջաներենին[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://ballardpartners.com/the-team/matthew-bryza/
- ↑ 2,0 2,1 https://2001-2009.state.gov/p/eur/rls/or/48913.htm — 2008.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Biography of Matthew J. Bryza. Bureau of European and Eurasian Affairs». July 2005. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «U.S. Envoy in Moscow Recalled After His Car Hits Pedestrian». Los Angeles Times. 1997 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «'Terrible Losses Overnight': Cables Track US Diplomatic Efforts to Avert Russian-Georgian Conflict».
- ↑ «Official Press Release of A.N.C.A.». Armenian National Committee of America and Hairenik Press. 2009 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Shahin Abbasov (2010 թ․ մայիսի 21). «Matthew Bryza Named New US Ambassador to Azerbaijan». Eurasia.net. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «President Obama Announces Recess Appointments to Key Administration Posts». whitehouse.gov. 2010 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին – via National Archives.
- ↑ «Matthew Bryza appointed U.S. Ambassador to Azerbaijan». Today.az. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 10,0 10,1 Solash, Richard (2011 թ․ դեկտեմբերի 29). «U.S. Ambassador To Azerbaijan Leaving Post». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «JULLIARD & LE COZ: Emissary entanglements: Nominee has ties to intensifying autocracy». The Washington Times. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 12,0 12,1 «Matthew Bryza Joins Jamestown Board» (Press release). Jamestown Foundation. 2012 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Matthew Bryza to work at SOCAR's Turcas Petrol company». Azerbaijan Press Agency. 2012 թ․ հունիսի 7. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «MATTHEW BRYZA: NEQSOL PAID $ 61 MILLION TO BUY A STAKE IN CAUCASUS ONLINE». Business Media Georgia. 2020 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «After Azerbaijan Matthew Bryza begins working in Estonia». Vestnik Kavkaza. 2012 թ․ մարտի 3. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ Rikken, Kristopher (2012 թ․ մարտի 2). «Veteran US Envoy to Post-Communist Europe Becomes Director of Think Tank». Eesti Rahvusringhääling. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Matthew J. Bryza, F88». Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Armenian lobby made me their 'target' - Bryza». News.az. 2012 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Ambassador». American Embassy in Baku. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Բրայզա» հոդվածին։ |
|