Հոլանդիա (տարածաշրջան)
Հոլանդիա | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան և պատմական շրջան |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Նիդերլանդներ |
Վարչատարածք | Նիդերլանդներ |
Մակերես | 5488 կմ² |
Կազմված է | Հյուսիսային Հոլանդիա և Հարավային Հոլանդիա |
Հոլանդիան աշխարհագրական տարածաշրջան է [1] և նախկին վարչական բաժանում Նիդերլանդների արևմտյան ափին։ [1] 10-ից մինչև 16-րդ դարերը Հոլանդիան եղել է միասնական քաղաքական շրջան Սրբազան Հռոմեական կայսրության կազմում՝ որպես կոմսություն, որը ղեկավարվում էր Հոլանդիայի կոմսերի կողմից: 17-րդ դարում Հոլանդիա նահանգը վերածվել էր ծովային և տնտեսական տերության՝ գերիշխելով նորանկախ Միացյալ նահանգների Հանրապետության մյուս նահանգները։
Նախկին Հոլանդիայի կոմսության տարածքը մոտավորապես համընկնում է հոլանդական երկու ներկայիս վարչական բաժանումների ՝ Հյուսիսային Հոլանդիայի և Հարավային Հոլանդիայի հետ, և որոնք միասին ներառում են Նիդերլանդների երեք խոշոր քաղաքները՝ մայրաքաղաքը (Ամստերդամ), Եվրոպայի ամենամեծ նավահանգիստը (Ռոտերդամ) և կառավարության նստավայրը (Հաագա): Հոլանդիան ունի 6,583,534 բնակչություն 2019 թվականի նոյեմբերի տվյալներով, և բնակչության խտությունը՝ 1203/կմ 2։
Հոլանդիա անվանումը հաճախ օգտագործվում է խոսակացական լեզվով ՝ ամբողջ Նիդերլանդներին մատնանշելու համար: [1] Այս ձևը օգտագործում են սովորաբար այլ երկրներում, սակայն շատ հոլանդացիների կողմից նույնպես օգտագործվում է: [2] Այնուամենայնիվ, Նիդերլանդներում ոմանք (հատկապես Հոլանդիայից դուրս գտնվող շրջաններից) խեղաթյուրում են համարում այդ տերմինն ամբողջ երկրի համար օգտագործելը: [3] 2020 թվականի հունվարին Նիդերլանդները պաշտոնապես դադարեցրեց իր աջակցությունը Հոլանդիա բառին ամբողջ երկրի համար, որը ներառում էր լոգոյի վերափոխում, «Holland»-ից «NL»-ի: [4]
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիա անվանումն առաջին անգամ հայտնվել է Հաառլեմի շրջակայքում և 1064 թվականին օգտագործվել է որպես ամբողջ շրջանի անվանում: Տասներկուերորդ դարի սկզբին Հոլանդիայի բնակիչները լատիներեն տեքստով կոչվում էին Հոլանդի։ [5] Հոլանդիան առաջացել է հին հոլանդերեն holtlant («փայտ-հող») տերմինից: [6] Այս ուղղագրական փոփոխությունը գործածության մեջ մնաց մինչև մոտ 14-րդ դարը, այդ ժամանակ անունը կայունացավ և դարձավ Հոլանդիա: Հանրաճանաչ, բայց սխալ ժողովրդական ստուգաբանությունը պնդում է, որ Հոլանդիան առաջացել է հոլ լանդ-ից (հոլանդերեն՝ «սնամեջ երկիր»), որը ենթադրաբար ներշնչված է երկրի ցածրադիր աշխարհագրությունից: [6]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Հոլանդիան Սրբազան Հռոմեական կայսրության հեռավոր անկյունն էր: Աստիճանաբար, նրա տարածաշրջանային նշանակությունը մեծացավ, մինչև այն սկսեց գերիշխող ազդեցություն ունենալ Նիդերլանդների պատմության վրա:
Հոլանդիայի կոմսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 12-րդ դարի սկիզբը հետագա Հոլանդիա տարածաշրջանի բնակիչները հայտնի էին որպես ֆրիզներ։ Տարածքն ի սկզբանե մտնում էր Ֆրիզիայի կազմի մեջ։ 9-րդ դարի վերջում Արևմտյան Ֆրիզիան դարձավ Սրբազան Հռոմեական կայսրության առանձին կոմսություն։ Առաջին կոմսը, որի գոյությունը հաստատվել է պատմաբանների կողմից, Դիրկ I-ն է, որը կառավարել է 896-931 թվականներին: Նրան հաջորդեցին Հոլանդական տոհմի կոմսերի երկար շարքը (որոնք հայտնի էին որպես Ֆրիսիայի կոմսեր մինչև 1101 թվականը)։ Երբ 1299 թվականին Ջոն I-ը անզավակ մահացավ, և շրջանը ժառանգեց Հայնոտի կոմս Ջոն II-ը։ 14-րդ դարի երկրորդ կեսին Հոլանդիայի կոմսը նաև Հայնոտի և Զեյլանդի կոմսն էր։
1287 թվականին Սուրբ Լուսիայի ջրհեղեղից հետո նվաճվեց Ֆրիզիայի այն մասը, որը գտնվում էր ավելի ուշ Զյոդեր Զեից արևմուտք՝ Արևմտյան Ֆրիզիայում։ Արդյունքում՝ Հոլանդիայի և Արևմտյան Ֆրիզիայի նահանգները միավորվեցին: Հուկի և Կոդի պատերազմները սկսվեցին մոտավորապես այս ժամանակաշրջանում և ավարտվեցին, երբ Հոլանդիայի կոմսուհին՝ Ժակլինը 1432 թ․-ին ստիպված եղավ զիջել Հոլանդիան բուրգունդացի Ֆիլիպ III-ին, որը հայտնի էր որպես Ֆիլիպ Բարի։
1432 թվականին Հոլանդիան դարձավ Բուրգունդյան Նիդերլանդների, իսկ 1477 թվականից՝ Հաբսբուրգյան տասնյոթ նահանգների մի մասը։ 16-րդ դարում Հոլանդիան դարձավ Եվրոպայի ամենաուրբանիզացված շրջանը, որտեղ բնակչության մեծ մասը բնակվում էր քաղաքներում։ Բուրգունդյան Նիդերլանդներում Հոլանդիան գերիշխող նահանգն էր հյուսիսում։ Հոլանդիայի վերջին կոմսը Ֆիլիպ III-ն էր, ավելի հայտնի որպես Ֆիլիպ II, Իսպանիայի թագավոր: Նա գահընկեց արվեց 1581-ին Միացյալ նահանգների հանրապետության անկախության ակտով, չնայած Իսպանիայի թագավորները շարունակում էին կրել Հոլանդիայի կոմս անվանումը մինչև 1648-ին ստորագրված Մյունստերի խաղաղությունը:
Միացյալ Նահանգների հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութսունամյա պատերազմի ընթացքում Հաբսբուրգների դեմ հոլանդական ապստամբության ժամանակ ապստամբների ռազմածովային ուժերը՝ Գյոզերը, 1572 թվականին հիմնեցին իրենց առաջին մշտական բազան Բրիլե քաղաքում։ Այս կերպ Հոլանդիան դարձավ ապստամբության կենտրոնը: Այն դարձավ Միացյալ նահանգների հանրապետության մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնը (հոլ.՝ Verenigde Provinciën), 17-րդ դարում, Նիդերլանդական ոսկե դարում աշխարհի ամենահարուստ երկիրը: Այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորը պաշտոնանկ արվեց որպես Հոլանդիայի կոմս, գործադիր և օրենսդիր իշխանությունը պատկանում էր Հոլանդիայի նահանգներին, որոնք ղեկավարվում էին Մեծ Պենսիոնարի կողմից:
Միացյալ նահանգների հանրապետության ամենամեծ քաղաքները գտնվում էին Հոլանդիայի նահանգում, ինչպիսիք են Ամստերդամը, Ռոտերդամը, Լեյդենը, Ալկմարը, Հաագան, Դելֆտը, Դորդրեխտը և Հաառլեմը: Հոլանդիայի մեծ նավահանգիստներից հոլանդացի վաճառականները նավարկում էին ամբողջ Եվրոպայում, և ամբողջ Եվրոպայի առևտրականները հավաքվում էին առևտուր անելու Ամստերդամում և Հոլանդիայի այլ առևտրային քաղաքներում:
Շատ եվրոպացիներ Միացյալ նահանգների հանարպետությունը տեսնում էին որպես Հոլանդիա, այլ ոչ թե որպես Նիդերլանդների Յոթ Միացյալ նահանգների Հանրապետություն: Հոլանդիայի մասին ուժեղ տպավորություն էր ստեղծվել այլ եվրոպացիների մտքում, որը անդրադառնում էր ամբողջ հանրապետության վրա։ Բուն մարզերում տեղի ունեցավ մշակութային աստիճանական դանդաղ գործընթաց, որը հանգեցրեց մյուս գավառների «հոլանդականացմանը» և ամբողջ հանրապետության համար ավելի միասնական մշակույթի: Գրական լեզու դարձավ քաղաքային Հոլանդիայի բարբառը:
Ֆրանսիական տիրապետության տակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական հեղափոխությունից ոգեշնչված Բատավիայի Հանրապետության ձևավորումը հանգեցրեց ավելի կենտրոնացված կառավարության: Հոլանդիան դարձավ ունիտար պետության պրովինցիա: Նրա ինքնավարությունը ավելի կրճատվեց 1798 թվականին իրականացված վարչական բարեփոխմամբ, որի արդյունքում նրա տարածքը բաժանվեց մի քանի մասերի՝ Ամստել, Դելֆ, Տեքսել և Շելդե ան Մաասի։
1806-ից 1810 թվականներին Նապոլեոնն ստեղծեց նոր վասալ պետություն, որը ղեկավարվում էր իր եղբայր ՝ Լյուդովիկ Բոնապարտը և կարճ ժամանակ անց Լյուդովիկի որդին՝ Նապոլեոն Լյուդովիկ Բոնապարտը, այս պետությունն անվանվեց «Հոլանդիայի թագավորություն»: Այս թագավորությունը ներառում էր ժամանակակից Նիդերլանդների մեծ մասը: Անվանումը ցույց է տալիս, թե որքան բնական էր այդ ժամանակ Հոլանդիան հավասարեցնել Նիդերլանդներին որպես ամբողջություն: [7]
Այն ժամանակաշրջանում, երբ Նիդերլանդները ամբողջովին միացվեցին Ֆրանսիական կայսրությանը (1810-1813 թվականներին), Հոլանդիան բաժանվեց Զյոդեր Զեի և Բուշե-դե-լա-մյոզի գավառների[8] 1813 թվականին հոլանդացի բարձրաստիճան պաշտոնյաները հռչակեցին Միացյալ Նիդերլանդների Ինքնիշխան Իշխանությունը:
Նիդերլանդների Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1815 թվականին Հոլանդիան վերականգնվեց որպես Նիդերլանդների Միացյալ Թագավորության նահանգ։ 1840 թ․-ին Հոլանդիան բաժանվել է ներկայիս Հյուսիսային Հոլանդիայի և Հարավային Հոլանդիայի նահանգների։ 1850 թվականից տեղի ունեցավ ազգի ձևավորման ուժեղ գործընթաց, Նիդերլանդները մշակութային առումով միավորվեց և տնտեսապես ինտեգրվեց արդիականացման գործընթացով, որի կենտրոնը Հոլանդիայի քաղաքներն էին: [9]
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիան գտնվում է Նիդերլանդների արևմուտքում։ Հոլանդիան ծովային շրջան է, որը գտնվում է Հյուսիսային ծովի վրա՝ Հռենոսի և Մաասի գետաբերանում: Այն պարունակում է բազմաթիվ գետեր և լճեր, ունի ընդարձակ ներքին ջրային համակարգ։ Հարավում Զեյլանդն է: Տարածաշրջանը արևելքում սահմանակից է Այսելմիերին և Նիդերլանդների չորս նահանգներին։
Հոլանդիան պաշտպանված է ծովից ափամերձ դյուների երկար գծով: Հոլանդիայի ամենաբարձր կետը՝ մոտ 55 մետր է ծովի մակարդակից բարձր։[10] Դյուների հետևում գտնվող ցամաքային տարածքի մեծ մասը ունի շատ ցածր բացարձակ բարձրություն: Ներկայումս Հոլանդիայի ամենացածր կետը Ռոտերդամի մոտ գտնվող պոլդերն է, որը մոտ 7 մետր է ծովի մակարդակից ցածր: Հոլանդիան ջրհեղեղից զերծ պահելու համար անհրաժեշտ է շարունակական ջրահեռացում: Ավելի վաղ դարերում հողմաղացներն էին օգտագործվում այս գործի համար։ Լանդշաֆտը ծածկված է եղել (և տեղ-տեղ դեռևս ծածկված է) խիտ հողմաղացներով, որոնք դարձել են Հոլանդիայի խորհրդանիշը:
Հոլանդիան 7494 կմ քառակուսի է, ներառյալ հողը և ջուրը, ինչը կազմում է Նիդերլանդների տարածքի մոտավորապես 13%-ը: Միայն ցամաքին նայելով՝ այն ունի 5488 կմ քառակուսի տարածք: Բնակչության ընդհանուր թիվը 2018 թվականին կազմում էր 6,5 միլիոն։
Հոլանդիայի հիմնական քաղաքներն են Ամստերդամը, Ռոտերդամը և Հաագան։ Ամստերդամը պաշտոնապես համարվում է Նիդերլանդների մայրաքաղաքը և նրա ամենամեծ քաղաքն է։ Ռոտերդամի նավահանգիստը Եվրոպայի ամենամեծ և կարևոր նավահանգիստն է: Հաագան Նիդերլանդների կառավարության նստավայրն է։ Այս քաղաքները, Ուտրեխտի և այլ փոքր համայնքների հետ միասին, արդյունավետորեն կազմում են մեկ կոնութբացիա, որը կոչվում է Ռանդստադ:
Ռանդստադի տարածքը Եվրոպայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է: Այնտեղ գործում են խիստ գոտիավորման օրենքներ: Բնակչության ճնշումները ահռելի են, գույքի արժեքը՝ բարձր, իսկ ծայրամասերում մշտապես կառուցվում են նոր բնակարաններ: Այնուամենայնիվ, տարածաշրջանի մեծ մասը դեռևս ունի գյուղական բնույթ։ Գյուղատնտեսական հողերը և բնական տարածքները բարձր բգնահատված և պաշտպանված են: Վարելահողերի մեծ մասն օգտագործվում է ինտենսիվ գյուղատնտեսության համար, ներառյալ այգեգործությունը և ջերմոցային ագրոբիզնեսը:
Հողամասի մելիորացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիան աշխարհագրորեն «կայուն» չի եղել նախապատմական ժամանակներից։ Արևմտյան ափամերձ գիծը տեղափոխվեց մինչև 30կմ դեպի արևելք, և փոթորիկների ալիքները պարբերաբար ճեղքեցին ափամերձ դյուների շարքը: Ֆրիզական կղզիները, որոնք ի սկզբանե միացած էին մայրցամաքին, դարձան անջատված կղզիներ հյուսիսում: Հիմնական գետերը՝ Հռենոսը և Մաասը, պարբերաբար վարարում էին և անընդհատ կտրուկ փոխում իրենց ընթացքը։
Հոլանդիայի բնակիչները հայտնվել էին անկայուն, ջրային միջավայրում։ Նիդերլանդների ափին գտնվող դյուների հետևում տորֆից կազմված բարձր սարահարթ էր աճել, որը բնական պաշտպանություն էր ծովից։ Տարածքի մեծ մասը ճահիճ էր և տորֆային հող: Տասներորդ դարում բնակիչները ձեռնամուխ եղան այս հողի մշակմանը` ցամաքեցնելով այն: Այնուամենայնիվ, ցամաքեցումը հանգեցրեց հողի ծայրահեղ կծկման՝ իջեցնելով հողի մակերեսը մինչև 15 մետրի:
Սկսած մոտ 16-րդ դարից, հոլանդացիները անցան կտրուկ քայլերի և սկսեցին հողերի մելիորացման ծրագրեր՝ լճերը, ճահճային տարածքները և հարակից սելավները վերածելով պոլդերների: Սա շարունակվեց մինչև 20-րդ դարը։ Արդյունքում միջնադարյան Հոլանդիայի պատմական քարտեզները քիչ նմանություն ունեն ներկայիս քարտեզների հետ։
Ջուրը տիրապետելու այս շարունակական պայքարը կարևոր դեր խաղաց Հոլանդիայի՝ որպես ծովային և տնտեսական տերության զարգացման մեջ։ Այն նաև ավանդաբար համարվում էր նրա բնակիչների ենթադրյալ բնավորությունների(համառ, հավասարազոր և խնայող) աղբյուրը:
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիայի կարծրատիպային կերպարը վարդակակաչների, հողմաղացների, Էդամ պանրի և այլ ավանդույթների հորինված միաձուլումն է, որը հեռու է առօրյա Հոլանդիայի իրականությունից: Այս կարծրատիպերը միտումնավոր ստեղծվել են 19-րդ դարի վերջին պաշտոնական «Holland Promotion»-ի կողմից՝ զբոսաշրջիկներին գրավելու համար։
Լեզուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիայում խոսվող գերակշռող լեզուն հոլանդերենն է: Հոլանդացիները երբեմն հոլանդերենը անվանում են «Hollands» [11] «Nederlands» ստանդարտ տերմինի փոխարեն։ Բելգիայի և Նիդերլանդների այլ նահանգների բնակիչները օգտագործելով «Hollands» բառը, նկատի ունեն հոլանդական բարբառ կամ ուժեղ առոգանություն:
Ստանդարտ հոլանդերենը հիմնականում հիմնված էր Հոլանդիայի կոմսության բարբառի վրա՝ ներառելով բազմաթիվ հատկանիշներ, որոնք առաջացել են նախկինում նույնպես շատ հզոր Բրաբանտի և Ֆլանդրիայի բարբառներից։ Նիդերլանդներում և Բելգիայում դեռևս առկա է բարբառային ուժեղ տատանումներ: Այսօր, հենց Հոլանդիան այն տարածաշրջանն է, որտեղ բնօրինակ բարբառները ամենաքիչն են խոսում, շատ տարածքներում ամբողջությամբ փոխարինվել են ստանդարտ հոլանդերենով։ [12]
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Հոլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիայի նահանգն իր անունը տվել է մի շարք գաղութային բնակավայրերի, որոնք կոչվում էին Nieuw Holland կամ Նոր Հոլանդիա: [1] Նոր Հոլանդիան առաջին անգամ կիրառվել է Ավստրալիայի վրա 1644 թվականին հոլանդացի ծովագնաց Դիրկ Հարթոգի կողմից որպես լատիներեն Նովա Հոլանդիա, և մնաց միջազգային օգտագործման մեջ 190 տարի: Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանի հայտնաբերումից հետո Նոր Զելանդիան նույնպես կոչվել է Նիդերլանդների Զեյլանդ նահանգի անունով: Նիդերլանդներում Nieuw Holland-ը կմնա Ավստրալիայի անվանումը մինչև 19-րդ դարի վերջը. այն այժմ այլևս չի օգտագործվում այնտեղ, հոլանդական անվանումն այսօր Australiё է:
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 G. Geerts & H. Heestermans, 1981, Groot Woordenboek der Nederlandse Taal.
- ↑ Netherlands vs. Holland Արխիվացված 2020-11-24 Wayback Machine, Netherlands Board of Tourism & Conventions
- ↑ «Holland or the Netherlands?». Dutch Embassy in Sweden. Արխիվացված է օրիգինալից 27 October 2016-ին. Վերցված է 15 December 2012-ին.
- ↑ Romano, Andrea (January 7, 2020). «The Netherlands Will No Longer Be Called Holland». Travel + Leisure (անգլերեն). Վերցված է 2022-02-05-ին.
- ↑ Antheun Janse, "Een zichzelf verdeeld rijk" in Thimo de Nijs and Eelco Beukers (eds.), 2003, Geschiedenis van Holland, Vol.
- ↑ 6,0 6,1 Oxford English Dictionary, "Holland, n. 1," etymology.
- ↑ Willem Frijhoff, "Hollands hegemonie" in Thimo de Nijs and Eelco Beukers (eds.), 2002, Geschiedenis van Holland, Vol.
- ↑ C.F. Gijsberti Hodenpijl (1904) Napoleon in Holland, pp. 6–7.
- ↑ Hans Knippenberg and Ben de Pater, "Brandpunt van macht en modernisering" in Thimo de Nijs and Eelco Beukers (eds.), 2003, Geschiedenis van Holland, Vol.
- ↑ «Highpoints of the Netherlands». Արխիվացված օրիգինալից 20 September 2015-ին.
- ↑ Dutch: An Essential Grammar, p. 15 Արխիվացված 2015-05-20 Wayback Machine, William Z. Shetter, Esther Ham, Routledge, 2007
- ↑ Sijs, Nicoline van der, 2006, De geschiedenis van het Nederlands in een notendop, Amsterdam, Uitgeverij Bert Bakker, pp. 127–128