Հայ գաղթականներ
Հայ գաղթականներ, Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջանների բնիկները, որոնք, ենթարկվելով թուրքական իշխանությունների հալածանքներին, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ հարկադրված լքել են իրենց հայրենի բնակավայրերը և ապաստան փնտրել օտարության մեջ։ Գաղթականության առաջին ալիքը բարձրացավ 19-րդ դարի վերջին, երբ թուրքական կառավարությունը, ճնշելով 1894 թվականի Սասունի ապստամբությունը, ձեռնամուխ եղավ հայերի զանգվածային կոտորածների։ Մուշից, Վանից, Կարինից, Բիթլիսից, Խնուսից, Կոստանդնուպոլսից, Տրապիզոնից և այլ վայրերից գաղթածները հիմնականում բնակություն են հաստատել Նախիջևանի, Երևանի, Սուրմալուի, Էջմիածնի գավառներում, Կարսի մարզում, Սևծովյան երկրամասում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Բաքվում, Նուխիում, Ելիզավետպոլում, Բաթումում, Նովոռոսիյսկում, Եկատերինոդարում, մի զգալի մասն անցել է ավելի հեռու Անդրկասպյան երկրամաս, Հարավային Ռուսաստան, մի զգալի մասն էլ՝ Ֆրանսիա, Գերմանիա, ԻտալիաՖինլանդիա և եվրոպական այլ երկրներ։ Միայն Վասպուրականից այդ ժամանակաշրջանում այլ երկրներ են գաղթել 40000 հայեր։ Արևմտահայերի հարկադիր արտագաղթը շարունակվել է նաև հետագա տարիներին։ 1900-ական թվականների սկզբին ուժեղացել է գաղթը Քըղիի, Գյումուշխանեի, Տրապիզոնի, Սամսունի կողմերից՝ դեպի Բաթում, Սուխում և Կովկասի այլ քաղաքներ։ Ընդհանուր առմամբ 19–րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանից և Թուրքիայի հայաբնակ շրջաններից Ռուսաստան, Պարսկաստան, Բալկանյան երկրներ, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Արգենտինա, Կանադա և այլ երկրներ են գաղթել մոտ 290 հազար հայեր։ Գաղթականների մեծ մասը հայտնվել է թշվառ ու անօգնական վիճակում, առանց գոյության միջոցների։ Նրանց օգնելու նպատակով ինչպես Անդրկովկասում և Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրների հայաբնակ վայրերում կազմակերպվել են բարեգործական ընկերություններ։ Հատկապես շոշափելի աշխատանք է կատարել Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը, որն իր բաժանմունքներն ուներ երկրամասի հայաշատ քաղաքներում։ Հանգանակություններ են կազմակերպվել Կոստանդնուպոլսում, Վարշավայում, Գալիցիայում, Բուկովինայում, Պետերբուրգում, Ալեքսանդրիայում, Իտալիայում։ Արևմտյան Հայաստանում, որտեղ չկային բարեգործական ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, օժանդակությունը գաղթականներին իրականացվել է հայ հոգևոր առաջնորդարանների միջոցով։ Օգնել են նաև Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում հաստատված կաթոլիկ և բողոքական միսիոներներն ու նրանց կազմակերպությունները։ Ռուսաստանի կառավարությունը որոշ օժանդակություն է ցույց տվել իր կայսրության սահմաններում տեղավորված և ռուսահպատակություն ընդունած գաղթականներին։ Միևնույն ժամանակ չի խոչընդոտել իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալ ցանկացողներին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը առաջին ալիքի գաղթած զգալի թվով հայեր վերադարձել են Արևմտյան Հայաստան։ Սակայն Օսմանյան կառավարությունը հարուցել է բազում դժվարություններ՝ խափանելու հայերի սահմանն անցնելը։ Այդ առթիվ արևմտահայ գաղթականները բազմիցս դիմում–բողոք են ներկայացրել մեծ տերությունների կառավարություններին ու խնդրել նրանց օգնությունը։
Գաղթականության նոր, հզոր ալիքը պայմանավորված էր 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի պայման ներում երիտթուրքական կառավարության ձեռնարկած՝ հայերի զանգվածային ջարդերով ու տեղահանությամբ (տես Մեծ եղեռն)։ Բազմաթիվ արևմտահայեր և պարսկահայեր գաղթեցին ինչպես Մերձավոր ու Միջին Արևելքի և եվրոպական երկրներ, այնպես էլ ռուս, պետության ներքին շրջաններ։ Առաջին Գ. էին 1914-ի նոյեմբ. 22-24-ին Բասենի թուրք, շրջաններից Բասենի ռուս, տարածք տեղափոխվածները։ Մինչև 1914ի վերջը մեծ թվով հայեր թողեցին Նարիմանի, Բայազետի, Դիադինի, Կարաքիլիսայի. Ալաշկերտի, Բաշկալեի գավառները, ինչպես նաև Կարսի մարզը (Կաղզվան, Արդահան, Օլթի և Արդվին). Անդրկովկասում ապաստանեցին համապատասխանաբար 33078 (2124 տուն) և 9534 (1411 տուն) Գ.։ Ռազմ, անբարենպաստ պայմանների հետե վանքով, Ատրպատականի ռուս, զորամասի նահանջի ժամանակ, գործող բանակի հետ միասին գաղթեց նաև Պարսկաստանի քրիստոնյա ազգաբնակչության մի մասը՝ թվով 44 հազար հոգի, որից 24 hq-ը՝ հայեր։ Սակայն ռուս, սահմանն անցան և արևելյան Հայաստանում հանգրվանեցին 7226 (1281 տուն) հայ Գ.։ 1915-ի հունվ. 30-ի գաղթականական վիճակագրության համաձայն, 1914- ի վերջին և 1915-ի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և Թուրքիային սահմանակից շրջաններից, Երևանի և Թիֆլիսի նահանգների 10 գավառներ են գաղթել շուրջ 49, 8 հազար հայեր։ Սակայն, ռուս. զին. պաշտոնական տվյալների համաձայն, գաղթածներից միայն 30 հազար է մնացել Կովկասում, մնացածները կրկին վերադարձել են իրենց բնակության վայրերը։ Կովկասյան ճակատում ռազմական դրության փոփոխությունը պատճառ դարձավ արևմտահայերի նոր զանգվածային գաղթի։ 1915-ի փետր-մայիս ամիսներին ռուս, բանակի գործողությունները ընթանում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։ Հետապնդելով նահանջող թշնամուն՝ ռուս, բանակը գրավեց Մանազկերտը, Բաշկալեն, Շատախը, Կոտուրը, Արճեշը և Վանը։ Սակայն շուտով ռուս. Կովկասյան 4-րդ բանակը, անհասկանալի պատճառներով, նահանջեց դեպի Ալաշկերտի հովիտը, ինչի հետևանքով կոտորածներից մազապուրծ հարակից շրջանների (գլխավորապես Վան-Վասպուրականի) հայ բնակիչները հարկադրված, վերստին բնավեր, ռուս, զորքի հետ իրենք էլ նահանջեցին։ Հուլիսյան այդ դժնդակ օրերին գաղթեցին շուրջ 271888 արևմտահայեր (ըստ Անրի Բարբիի տվյալների՝ 207473 հոգի)։ Գ-ի 55%-ը՝ իգական, 10%-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ էին, 30%-ը՝ երեխաներ, 5%-ը՝ ծերեր։ 1916-ի ամռանը տեղահան եղան Վասպուրականի, Մուշի, Բիթլիսի և Արևմտյան Հայաստանի այլ շրջանների ևս 50 հազար Գ., որոնց գումարվեցին 1916-ի նոյեմբ. գաղթած 16 հազար հայերը։ 1914 ի մի շարք գաղթերի հետևանքով Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչության. որն արդեն նոսրացել էր ջարդերի ու տեղահանության հետևանքով, թվաքանակը ավելի նվազեց։ Ըստ էության, Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ բնակչությունից՝ հայերից։ 1916-ի դեկտ. վիճակագրությամբ, Կովկասում ապաստան էին գտել 373553 Գ.։ Օգնություն կազմակերպելու նպատակով, պատերազմի տարիներին ստեղծվեցին բազմաթիվ գաղթականական կոմիտեներ, շատ բարեգործական կազմակերպություններ էլ վերակազմեցին իրենց գործունեությունն այդ ուղղությամբ։ 1916- ի օգոստ. 30-ին ցարական կառավարությունը հրապարակեց մի օրինագիծ, որը գործողության մեջ դրեց «Գաղթականների վիճակի ապահովման միջոցառումների վերաբերյալ կանոնադրությունը»։ 1915-ի հոկտ. 19-ին, Կովկասի փոխարքային կից ստեղծվեց Կովկասյան ճակատի Գ-ի տեղավորման գլխավոր լիազորի հատուկ գրասենյակ։ 1915-ի հոկտ. 29-ին հրապարակվեց ներքին գործերի նախարարության հաստատած՝ «Կայսրության ներսում գաղթականների տեղավորման գլխավոր լիազորների հրամանը», որը 1915ի նոյեմբ. 5-ին վավերացրեց Կովկասի փոխարքա գեն-համհարգ Նիկոլայ Նիկոլաեիչը։ գլխավոր լիազոր նշանակվեց գեն-մայոր Ա. Թամամշևը (Թամամշյան)։ Սակայն ռուս, իշխանությունները ի վիճակի չէին (և չէին էլ ուզում) բավարարել գաղթականության բոլոր պահանջները։ Եվ Գ-ի բազմաթիվ և բազմաբնույթ կարիքներն ու հոգսերը հոգալու աշխատանքը հիմնականում կատարեցին հայկական բարեգործական և նման այլ կազմակերպություններ։ Նրանց բոլորի ջանքերը միավորելու նպատակով էջմիածնում (1915-ի մարտ) և Պետրոգրադում (1916-ի մայիս) հրավիրվեցին Հայ գաղթականների համագումարներ։ . 1917-ի մայիսին Երևանում հրավիրվեց Արևմտահայերի համագումար (առաջին), որն ընտրեց Արևմտահայ խորհուրդ և բյուրո։ 1914- ի Փետր. հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունն իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք փոքր-ինչ հնարավորություն ստեղծեցին արևմտահայ Գ-ի համար՝ վերադառնալու իրենց բնակության վայրերը։ Սակայն Հոկտ. հեղափոխությունից (1917) հետո ռուս, զորքերը թողեցին արևմտյան Հայաստանը, և թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը (1917), ամբողջ ճակատով անցան հարձակման՝ ոչ միայն արևմտյան Հայաստանը վերագրավելու, այլև ամբողջ Անդրկովկասը գրավելու մտադրությամբ։ Արշավանքի հետևանքով Գ-ի մի մասը, որոնք վերադարձել էին իրենց տները, նորից կոտորվեց, մի մասն էլ նորից փախավ։ Հայաստանի Հանրապետության տարածքում կուտակվել էին մի քանի հազար Գ. և որբեր, որոնք մահանում էին համաճարակներից, սովից ու զրկանքներից։ 1920- ի թուրք-հայկական պատերազմի ժամանակ թուրք, զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլի գավառը, որի բնակչության զգալի մասը և այնտեղ հավաքված Գ. փրկվելու համար ստիպված էին փախչել։ Գ-ի մի նոր ալիք էլ առաջացավ 1919-21-ին, երբ երիտթուրքական և քեմալական հայաջինջ քաղաքականության հետևանքով հայազրկվեց նաև Կիլիկիան։ Ֆրանսիայից լքված, բախտի քմահաճույքին հանձնված կիլիկեցի հայերի մի մասին կոտորեցին թուրքերը, փրկվածներն էլ հեռացան հարազատ վայրերից։ Թուրքական իշխանությունների իրագործած ջարդերի ու տեղահանությունների հետևանքով գաղթերից հետո արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, Թուրքիայի հայաբնակ շրջանները ամբողջովին զրկվեցին բնիկ հայ ժողովրդից։ Գ., որոնց թիվը կազմում էր շուրջ 800 հազար, սփռվեցին աշխարհով մեկ՝ ստվարացնելով տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքները։ Գ-ի կարգավիճակը քննվել է Ազգերի լիգայում (տես Ազգերի լիգան և Հայկական հարցը), որից հետո հայ Գ-ի մի մասը ստացել է այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեթ. 1920-40-ական թթ. ընթացքում շուրջ 150 հազար հայ հայրենադարձվել է խորհրդային Հայաստան։
«Հայ գաղթականներ» արտահայտությունը մեր օրերում կիրառվում է նաև 1988-1990 թվականներին Գարդմանքից, Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից և հայաշատ այլ վայրերից հայերի բռնագաղթածներին, որը կազմակերպել էին Ադրբեջանի իշխանությունները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ ժողովրդի պատմություն, հ. 6, ե., 1981։
- U Դ ո, Մեծ դեպքերը վասպուրականու մ 1914-1915 թթ, ե., 1917։
- Ի շ խ ա ն յ ա ն Բ., Աղետի և տառապանքի աշխարհից (այց թուրքահայ փախստականներին), Թ., 1915։
- В ա ո ո յ ա ն Կ., Արևմտահայ գաղթականությունը և նրա վիճակը 19-րդ դարի 90ական թվականների վերջերին և 20-րդ դարի սկզբներին, ԲՀԱ, 1974, N 3։
- Братская помощь пострадавшим в Турции армянам, М.. 1898;
- Асланян С., Среди беженцев (Личные впечатления), Астрахань, 1915;
- Руководящие положения по устройству беженцев, П., 1916.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |