Հայաստանի բնապահպանություն և բնօգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլիջան ազգային պարկ

Վերջին տասնամյակներում ձևավորվել և բուռն զարգացում է ապրել գիտությունների մի ամբողջ համակարգ՝ Երկիր մոլորակի բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ։ «Մարդկության ինքնաոչնչացման վտանգ», «բնապահպանական և բնօգտագործման հիմնախնդիր» հասկացությունները դարձել են համայն մարդկությանը հուզող հարցեր։ Մարդը գոյատևում և ապահովում է իր հասարակական առաջընթացը՝ օգտվելով բնության բարիքներից։ Մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել է սպառողական, բայց այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ է ընդունել, որ խախտվել է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում)։

Հայաստանում բնաշխարհի վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում Է բարձր քաղաքակենտրոնացված (ուրբանացված) և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին ու նկատելիորեն բարձր է հարևան երկրներից։ Հանրապետության բնակչության 96%-ը կենտրոնացած է մինչև 2000 մ/բարձրությամբ բնակավայրերում, որը կազմում է երկրի տարածքի 60%-ը, որտեղ բնակչության խտությունը 171 մարդ/կմ² է, բնակավայրերի խտությունը' մոտ 6 բնակավայր 100 կմ² վրա, ճանապարհային (երկաթուղային և ավտոմոբիլային) ցանցի խտությունը՝ 0, 85 կմ/կմ²։

Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։

Հողային ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածոտնի դաշտեր

Հողի սեփականաշնորհումից հետո (1992) Հայաստանի հողային ֆոնդը բաժանված է շուրջ 334 հազար գյուղացիական տնտեսությունների ու մի քանի հարյուր պետական ու մասնավոր ոչ գյուղատնտեսական կազմակերպությունների միջև։ Համապատասխան բնապահպանական միջոցառումներ չիրականացնելու դեպքում այդ հողերին սպառնում են քայքայումն ու բերրիության անկումը։ Երկրագործական նպատակներով օգտագործվում են մինչև 2200 մ բարձրությունների և մինչև 16° թեքության լանջերի հողերը։ Այդ ցուցանիշներին բավարարում է հանրապետության հողային ֆոնդի մոտ 40%-ը։

Հողերի քայքայման բնական և մարդահարույց պատճառները բազմազան են՝ Էրոզիա, հողերի պնդացում, աղակալում, սողանքներ, աղտոտվածություն, արոտավայրերի գերարածեցում և այլն։

Գյուղատնտեսական հողահանդակների գրեթե 60%-ը կազմում են արոտավայրերը և խոտհարքները, որոնց հիման վրա զարգանում Է անասնապահությունը։ Հայաստանի նման լեռնային երկրի համար բնորոշ է արոտային անասնապահության վարման վերընթաց գոտիական համակարգը։

Բնապահպանական տեսակետից անասնապահության սխալ կազմակերպումը (հիմնականում արոտավայրերի գերարածեցումը և մուտքային ու ելքային բազմաճյուղ ճանապարհների առաջացումը, որոնց պատճառով տրորվում և ոչնչանում է բուսածածկույթը) էական բացասական ազդեցություն են թողել Հայաստանի բնական ու մշակովի կենսահամակեցությունների (ալպյան ու մերձալպյան մարգագետնային, անտառային, տափաստանային և այլն) և դրանց կենսաբազմազանության վրա։

Մարդու ազդեցությունը բնական համակարգերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադեր Պարզ լճում

Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը (հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը։

Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բնադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը։ Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։

Անտառների հատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտի հատած անտառները

Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ (օրինակ՝ կզաքիսը, հնդկական մացառախոզը, գորշ արջը, մուֆլոնը, անտառային կատուն և այլն) լքել են իրենց բնական կենսավայրերը։

Հայաստանում անտառները պետական սեփականություն են, և պետությունն է ապահովում անտառների պահպանությունը, օգտագործումը, վերականգնումն ու նոր անտառային տարածքների ստեղծումը։ Օրենքով անտառհատում թույլատրվում է միայն անտառվերականգնման, սանիտարական և խնամքի նպատակներով։

Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։ Անտառային հողերում ջրի պակասի պատճառով տեղի են ունենում առավել խոնավասեր խոտան ծառատեսակների քանակական ու որակական փոփոխություններ։ Սկսվում է անտառային հողերի կենսահամակեցությունների մարդահարույց հաջորդափոխություն (սուկցեսիա) և անտառների վերջնական դեգրադացիան՝ բնական անտառ → երկրորդային անտառ → դիֆուզ ցրված գաճաճ ծառատեսակներ → թփուտներ → անապատացում սխեմայով։

Արդյունաբերական բնօգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտամշակում

Հայաստանում մեծ մասշտաբների է հասել նաև արդյունաբերական բնօգտագործումը։ 1920-ականների 2 տասնյակ փոքր ու միջին ձեռնարկությունների փոխարեն ներկայումս ավելի քան 200 բնակավայրում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք տեղադրված են մինչև 2000-2100 մ բարձրության լանդշաֆտային տարածքներում։ Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ՝ հիմնականում էքստենսիվ զարգացման ու բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, իսկ էկոլոգիական խնդիրները չեն կարևորվել։ Հետևանքը եղել է այն, որ օտարվել են նոր հողատարածքներ, դեգրադացվել բնական լանդշաֆտներ, աղտոտվել են հողերը, օդային և ջրային ավազանները։

1987 թվականին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները մթնոլորտ են արտանետել առնվազն 245 հզ. տ շուրջ 50 տեսակի վնասակար նյութեր, որոնցից պինդ մասնիկներ՝ 54, 4 հզ. տ, գազային ու հեղուկ մասնիկներ՝ 190, 6 հզ. տ։ Գազային արտանետումներում մեծ տոկոս են կազմել ծծմբի երկօքսիդը (58%), ազոտի օքսիդները (15%) և ածխածնի մոնօքսիդը (14%)։

Ներկայումս (2006) արդյունաբերական ձեռնարկությունները գործում են իրենց հզորությունների 10-30%-ի չափով, որի հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը կտրուկ նվազել է և կազմում Է տարեկան 15-20 հզ. տ։

Լեռնահանքային արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգալի բացասական ազդեցություն է գործում լեռնահանքային արդյունաբերությունը. այդ նպատակով տրամադրված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 9, 7 հզ. հա, խախտված հողերինը՝ 8, 275 հզ. հա, թափոնապահեստներին հատկացված հողերինը՝ 1, 425 հզ. հա.: Այս ճյուղի բացասական ազդեցությունը լանդշաֆտի և կենսաբազմազանության վրա դրսևորվում Է հիմնականում.

  • դատարկ ապարի ու թափոնների կուտակումով և շրջապատում տարածումով,
  • բաց հանքերի շահագործման հետևանքով բնական լանդշաֆտների ու էկոհամակարգերի խախտումով, որը հանգեցնում է լանդշաֆտի դեգրադացման,
  • ստորգետնյա ջրերի ջրաբանական ռեժիմի, ֆիզիկական և քիմիական բաղադրությունների փոփոխություններով։

Ներկայումս շահագործվող ավելի քան 130 խոշոր ու միջին հզորության հանքերի գերակշիռ մասը բաց է։ Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³:

Օդային ու ջրային ավազաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոշ լիճ, Դիլիջան

Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։ Կան ջրավազաններ (օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերի), որոնց ջրային բուսական ու կենդանական աշխարհները խիստ աղքատացել են գետը թափվող արդյունաբերական ջրերից։ Իրենց բացասական ազդեցությամբ աչքի են ընկնում արդյունաբերության հատկապես մետաղաձուլական և քիմիական ճյուղերը։ Չնայած վերջին շրջանում դրանց ծավալները զգալիորեն նվազել են, սակայն երկրի լանդշաֆտներին ու կենսաբազմազանությանը հասցրած վնասը զգալի է։

Գունավոր մետաղաձուլություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ. Դրանց պարունակությունը, մասնավորապես Ալավերդու տեխնածին գոտում, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է շուրջ 20-40 անգամ։ Իսկ «Նաիրիտ» ԳԱՄ-ի ուժեղ աղտոտման գոտում բույսերի տերևների վրա նկատվել են քլորոզ, մեռուկացում, աճի և զարգացման դանդաղում, ծաղկավիժում և այլն։ Ֆտորը, որն արտանետվում է ալյումինի գործարաններից, հատկապես ազդում է ծիրանենու վրա. պտուղները չեն հասունանում, պնդանում են, չորանում ու դառնահամանում են։

Ցեմենտի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբազմազանության վրա զգալի բացասական ազդեցություն է թողնում ցեմենտի արտադրությունը։ Հրազդան և Արարատ քաղաքներն ու դրանց մերձակա տարածքները չափազանց աղտոտված են ցեմենտի փոշով, որն ազդում է հատկապես ագրոկենսաբազմազանության ու անտառային կենսահամակարգի վրա։

Բնական լանդշաֆտների վրա գնալով աճում է նաև ծավալվող շինարարության բացասական ազդեցությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթումի-Երևան գնացք

Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։ Ճանապարհային շինարարությունն այսօր սպառնում է նաև հատուկ պահպանվող տարածքներին (Շիկահողի արգելոց և այլն)։ Մյուս կողմից՝ ճանապարհներին մերձակա սանիտարական գոտում կենսաբազմազանությունն աճում է, կատարվում են ծառատնկումներ ու կանաչապատումներ։

Անհամեմատ աճել են ավտոմեքենաների գազային արտանետումները (164, 4 հզ. տ․ 2004 թվականին)՝ ազոտի օքսիդները (12, 82 հզ. տ), ածխածնի մոնօքսիդը (119, 8 հզ. տ), ցնդող օրգանական միացությունները (30, 97 հզ. տ), մուրը (0, 46 հզ. տ), ծծմբի երկօքսիդը (0, 36 հզ. տ) և այլն։ Վերջին 6 տարում ավտոտրանսպորտից արտանետումների ծավալն աճել է 17%-ով։

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ջէկերի բաժինը։

ՀԱԷԿ-ը հատկապես վտանգավոր է շահագործման տեխնոլոգիական ռեժիմի հնարավոր շեղումների առումով և թափոնների առավել վտանգավորությամբ (վերջիններս կուտակվում ու պահպանվում են տեղում՝ հատուկ ռեժիմով)։ Անցյալի էներգետիկական խնդիրներով պայմանավորված՝ 1950-ականներին 19 մ-ով իջեցվել է Սևանա լճի մակարդակը, որի հետևանքով խախտվել է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռությունը։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնաշխարհին զգալի վնաս են հասցնում նաև անկազմակերպ զբոսաշրջությունը, բուսական պաշարների (դեղաբույսեր, սնկեր և այլն) չկարգավորված հավաքն ու օգտագործումը, որոնց հետևանքով զանգվածաբար ոչնչանում են բուսական ու կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, շրջակա միջավայրն աղտոտվում է կենցաղային աղբով և այլն։ Այս խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակներից մեկը բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության բարելավումն է, մարդկանց մեջ բնական միջավայրի հանդեպ հոգածու վերաբերմունքի մշակումը։

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ

Հայաստանում և հատկապես Երևանում խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության գերկենտրոնացման և դրա վտանգավոր հետևանքների դեմ համաժողովրդական պայքարի ալիք բարձրացավ 1980-ականների վերջին։ Այդ ալիքի ճնշման տակ փակվեցին հանրապետության քիմիական արդյունաբերության հսկա «Նաիրիտ» ԳԱՄ-ը (1990), ՀԱԷԿ-ը (1991) և այլ ձեռնարկություններ։

Չնայած հետագայում հարկ եղավ դրանք վերաբացել, բայց նաև հաջողվեց հանրապետությունում առաջին պլան մղել բնապահպանական խնդիրները և խթանել բնապահպանական կազմակերպությունների ստեղծումը։

Բնության պետական պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բնօգտագործման և բնապահպանական հարցերը կարգավորում է պետությունըՀՀ Աժ-ը, իր ընդունած օրենքներից բացի, վավերացնելով համապատասխան միջազգային համաձայնագրեր, միանում է դրանց և պատասխանատվություն ստանձնում երկրում այդ համաձայնագրերի պահանջների իրականացման համար։

Երկրում բնապահպանական խնդիրները լուծելու, կենսաբազմազանության պահպանության ու կենսապաշարների խելամիտ օգտագործման նպատակով մշակվում է նաև ՀՀ կենսաբազմազանության պահպանության ռազմավարություն։ Այն խիստ բազմակողմանի ու ծավալուն փաստաթուղթ է, որը ներառում է ինչպես բնաշխարհի վրա մարդահարույց վնասակար գործոնների նվազեցման, էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների ներդրման, էկոլոգիական կրթության ու գիտության զարգացման, հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման, այնպես էլ այդ ոլորտի օրենսդրական դաշտի հետագա ամբողջացման ու կատարելագործման հարցեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։