Էներգետիկա
Էներգետիկան ժողովրդական տնտեսության հիմքն է։ Առանց էներգիայի ժողովրդական տնտեսությունը մեռած է։ Արտադրվող և օգտագործվող էներգիայի քանակով և որակով կարելի է որոշել երկրների և շրջանների տնտեսական զարգացման մակարդակը։ Ժողովրդական տնտեսության աշխարհագրությունը մեծ չափով կախված է էներգիայի աղբյուրների տեղաբաշխումից։ Էներգիայի հզոր աղբյուրների մոտ հառնում են արդյունաբերական հանգույցներ ու շրջաններ։ Էներգիայի փոխադրման տեխնիկայի զարգացումը հնարավորություն է տալիս էներգիայի աղբյուրներից հեռու գտնվող վայրերում ևս ստեղծելու արտադրություն, մի բան, որը նպաստում է արտադրության տեղաբաշխման ռացիոնալացմանը։
Էներգետիկան ընդգրկում է վառելիքային արդյունաբերությունը (վառելիքային արդյունահանումն ու վերամշակումը) և էլեկտրաէներգետիկան (էլեկտրաէներգիայի արտադրությունն ու այն սպառողին հաղորդելը) Վառելիքային ռեսուրսներից են քարածուխը, գորշ ածուխը, նավթը, այրվող գազերը, այրվող թերթաքարերը, տորֆը, փայտը։ Երկրի, տնտեսական շրջանի, մարզի և այլնի սահմաններում որոշակի ժամանակամիջոցում վառելիքի տարբեր տեսակների արդյունահանման և արտադրված էներգիայի (մուտք) և ժողովրդական տնտեսության մեջ դրանց օգտագործման (ելք) հարաբերակցությանը կոչվում է վառելիքաէներգետիկական հաշվեկշիռ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 57)։ |