Կոնստանդին Բրանկուզի
Կոնստանդին Բրանկուզի ռում.՝ Constantin Brâncuși | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 19, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Hobița, Peștișani, Gorj County, Ռումինիա |
Մահացել է | մարտի 16, 1957[4][5][1][…] (81 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ռումինացի[8] |
Կրթություն | Բուխարեստի ազգային արվեստների համալսարան և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Ուսուցիչ | Wladimir Hegel?[9], Dimitrie Gerota?, Յոն Գեորգեսկու, Antonin Mercié? և Օգյուստ Ռոդեն |
Ստեղծագործություն(ներ) | Bird in Space?, Անվերջ սյուն, The Kiss? և Sleeping Muse? |
Ոճ | մոդեռնիզմ, Tinerimea artistică? և կատալոնյան մոդեռնիզմ[8] |
Մասնագիտություն | քանդակագործ, լուսանկարիչ, նկարիչ և նկարազարդող |
Անդամություն | Ռումինական ակադեմիա |
Constantin Brâncuși Վիքիպահեստում |
Կոնստանդին Բրանկուզի (Բրինկուշի, Բրինկուշ) (ռում.՝ Brâncuşi/Brîncuşi, ֆր.՝ Brancusi, փետրվարի 19, 1876[1][2][3][…], Hobița, Peștișani, Gorj County, Ռումինիա - մարտի 16, 1957[4][5][1][…], Փարիզ[6]), ռումինական ծագումով ֆրանսիացի քանդակագործ, քանդակագործության մեջ աբստրակտ ոճի գլխավոր հիմնադիրներից, փարիզյան դպրոցի վառ ներկայացուցիչ, որ համաշխարհային ճանաչում ունի 20-րդ դարի ավանգարդ արվեստում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանդին Բրանկուզին ծնվել է 1876 թվականին ռումինական Խոբիցա գյուղում, ավանդական գյուղական ընտանիքում, որտեղ մեծացել է հինգ եղբայրների հետ: Հազիվ դպրոցն ավարտած` ընտանեկան համեստ եկամուտը համալրելու համար սկսել է աշխատել կավագործ առևտրականի հանձնակատար, ով զբաղվում էր տակառների և երկաթյա իրերի վաճառքով: Հենց այս տարիներին Կոնստանդինը ազատ ժամանակ սկսում է դանակով փայտից իրեր պատրաստել և աշխատել կավով: Երջանիկ պատահականության շնորհիվ` Կոնստանդինին հաջողվում է ընդունվել ու ավարտել Կրայովայի գեղարվեստի դպրոցը: Այնուհետև նա մեկնել է Բուխարեստ, որտեղ 1898-1902 թվականներին դասեր է առել Գեղարվեստի դպրոցում:
25 տարեկան հասակում, հուսահատված ծայրաստիճան աղքատությունից և իր արվեստի նկատմամբ հետաքրքրության բացակայության պայմաններում, Կոնստանդին Բրանկուզին լքում է հայրենիքը: 1902 թվականին նա` որպես իսկական գյուղական երիտասարդ, մախաղն ուսին, ոտքով գնում է նախ Մյունխեն, իսկ երկու տարի անց` Փարիզ (1904), որտեղ կրկին ընդունվում է Գեղարվեստի դպրոց (1904-1907): Երկու տարի նա եղել է Ռոդենի վարպետանոցի օգնական, սակայն հեռացել է այնտեղից` ասելով, որ «մեծ ծառի տակ ոչինչ չի աճի»[10]:
Կյանքի զգալի մասը (մինչև 1939) Կոնստանդին Բրանկուզին ապրել ու ստեղծագործել է Փարիզում, որտեղ համաշխարհային ճանաչում է ստացել ֆրանսիականացված Բրանկուզի ազգանունով, սակայն Փարիզում 35 տարի ապրելով` նա այդպես էլ չի ձուլվել: Նա անվերապահորեն սատարել է իր հայրենակիցներին, նրանց աշխատանք տվել, շփվել և ամեն ձևով օգնել` Փարիզում հաստատվելու: Նրա ընկերների լայն շրջանակը բաղկացած էր նկարիչ ավանգարդիստներից, ինչպես նաև երաժիշտերից, քանդակագործներից և ռումինական ծագումով այլ մարդկանցից:
Կոնստանդին Բրանկուզիի կյանքի ֆրանսիական շրջանում առանձին կարևոր դեր է զբաղեցրել ավանգարդ կոմպոզիտոր Էրիկ Սատին, որի հետ բարեկամությունը (1919-1925) Բարնկուզիին թույլ է տվել վերջնականապես հաստատվել Փարիզում և ինչ-որ չափով փոխել իր աշխարհայացքը: Նացիստական Գերմանիայի հետ պատերազմից քիչ առաջ, կարծես բնազդով ինչ-որ վտանգ զգալով, Բրանկուզին Փարիզից տեղափոխվել է ԱՄՆ` սկզբնական շրջանում հաստատվելով Նյու Յորքում, որտեղ վաղուց արդեն հայտնի էր: 1910-ական թվականներից նրա աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսներում, գնվել ինչպես մասնավոր հավաքածուների, այնպես էլ թանգարանների համար:
Կյանքի մեծ մասը Բրանկուզին եղել է շատ միայնակ: Ունենալով վառ, էքսցենտրիկ բնավորություն` նա դանդաղ ու դժվարությամբ է կապվել մարդկանց հետ` առավել դժվար տանելով նրանցից բաժանումը: Չնայած արտաքուստ շփվող ու մարդկանց կարեկից լինելուն` քիչ է հոգեպես խոր մտերմություն հաստատել նրանց հետ: Բրանկուզիի այդպիսի իսկական մտերիմներից է եղել Էրիկ Սատին: Չնայած այն բանին, որ Բրանկուզին ամենուր պահել ու դրսևորել է իր ազգային պատկանելությունը` ֆրանսիացիները նրան անվանել են «մեր Բրանկուզին» ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ում նրան համարում էին իրենցը` հարյուրտոկոսանոց ամերիկացի:
Կոնստանդին Բարնկուզին մահացել է խոր ծերության հասակում` 81 տարեկանում, թաղված է Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում:
Մահից մեկ տարի առաջ` 1956 թվականին, Բրանկուզին իր ստուդիան ամբողջ պարունակությամբ կտակել է Ֆրանսիայի Հանրապետությանը` այն թանգարան դարձնելու պայմանով[11]:
Պոմպիդու մշակութային կենտրոնում հենց նրա ձևավորման սկզբից եղել է «Բրանկուզիի սենյակ»:
Բրանկուզի և Էրիկ Սատի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ժամանակ իր հայրենիքից` Ռումինիայից ոտքով Փարիզ գալով` քառասնամյա քանդակագործը հաստատվել է Մոնպառնասի ծայրամասում` Ռոնսենի փակուղում, որտեղ հետագա 35 տարիների ընթացքում ապրել է «ինչպես ռումին ֆերմերը իր ռումինական ֆերմայում»[12]: Նրա վարպետանոցը` իր կոպիտ ինտերիերով, հիշեցնում էր նախապատմական բնանակար.
![]() |
Ծառերի ծուռ բներ, քարե հսկայական սալեր, մեծ վառարան, որտեղ տանտերը` հասարակ մի գյուղացի, քանդակագործի երկաթյա ճաղի վրա միս էր տապակում: Վարպետանոցի չորս անկյուններում տեղադրված էին ապատոզավրի չորս հսկայական ձու, իսկ փայլուն արձանները մեկը կյուսի հետևից դեպի իրենց էին գրավում չքնաղ ամերիկուհիներին, ինչպես թռչուններին: Սատիին դուր էր գալիս գտնվել այս կախարդական դեկորի շրջապատում[12]: - Ժան Կոկտո, “Pour la Tombe d’Erik Satie” Comoedia, XX, 4891, 17 mai 1926
|
![]() |
Բրանկուզիի փարիզյան կյանքի առաջին հինգ տարիները լուսավորվել են ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սատիի ջերմ մտերմությամբ, ով քանդակագործից մեծ էր ուղիղ տասը տարով: Գրող, թարգմանիչ Անրի-Պիեռ Ռոշեն նրան Մարսել Դյուշանի հետ Բրանկուզիի ստուդիա է բերել 1919 թվականի նոյեմբերյան մի երեկո: Այնուհետև Սատին ինքն է հաճախ վերադարձել այստեղ: Ճաշից հետո Բրանկուզին նրա համար ջութակ է նվագել` այն ժամանակ առ ժամանակ փոխանցելով երիտասարդ երաժիշտ Մարսել Միխալովիչին:
Ստեղծագործական երկու անհատականությունների նմանությունները բնական էին այնքան, որ դրանք համեմատությունների առիթ էին դառնում նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր ծանոթ չէին նրանց: Այսպես, ֆրանսիացի նշանավոր քննադատ, երաժշտագետ Անրի Կոլեն պատմական դարձած իր ծրագրային հոդվածում` նվիրված ֆրանսիական «Վեցյակի» հռչակագրին, գրել է միայն կոմպոզիտոր Էրիկ Սատիի մասին` նկատի ունենալով նրա ստեղծագործական արվեստը: Սակայն, ինքն էլ այդ մասին չկասկածելով, Սատիի կերպարի ներքո ներկայացրել է Կոնստանդին Բրանկուզիի պատկերը.
![]() |
Խորշելով ամեն տեսակ մշուշոտ, ոչ հստակ, հարդարված ժամանակակից հնարանքներից, որոնք հաճախ թաքցնում են տեխնիկայի շեշտմամբ, Սատին գիտակցված կերպով հրաժարվել է դրանցից, որպեսզի հնարավորություն ունենա փայտի ամբողջական կտորից մի մաս կտրելու և մնալու պարզ, հասարակ ու մաքուր[13]: - Անրի Կոլե, «Հզոր խմբակ, վեց ֆրանսիացի և Էրիկ Սատի», հունվարի 16, 1920
|
![]() |
Ֆոնտեբլոյում արված մի քանի լուսանկարները գոլֆ խաղի ժամանակ Սատիին արձանագրել են որպես խաղին հետևող և ոչ մասնակից[14]: Բրանկուզին նույնպես շատ է լուսանկարել Սատիին իր ստուդիայում և ոչ առանց դժվարությունների, քանի որ Սատին այնքան ուժեղ է ծիծաղեցրել նրան, որ քանդակագործի ձեռքերը դողացել են, ու լուսանկարչական ապարատը` ցնցվել[12]: Չնայած դրան` լուսանկարները հաջող են ստացվել. դրանցից մեկը Սատին երախտագիտությամբ օգտագործել է Ռուարի հրատարակության գովազդային բացիկի վրա և պատվիրել մեծ չափի օրինակներ` դրանք որպես հուշանվեր բաժանելով իր լավագույն ընկերներին:
Բրանկուզին ուրախությամբ է հաճախել Սատիի բոլոր համերգներին ու ներկայացումներին, որոնք կայացել են 1920-1924 թվականներին, խնդրում էր, միշտ կանչել իրեն և շատ նեղանում էր, երբ ինչ-որ պատճառով իրեն տոմս չէր հասնում[15]: Էրիկ Սատիի «Սոկրատ» դրամայի (1920) ուղղակի ազդեցությամբ Բրանկուզին կերտել է Պլատոնի, Սոկրատի քանդակները և Սոկրատի գավաթի շատ տարբերակներ չոր փայտից (1922), որոնք նրա լավագույն ստեղծագործություններից են: Իր կողմից Սատին Ռոբեր Կաբիին ասել է, որ Բրանկուզիի «Անվերջ սյունաշարում» գտել է «Պոլ և Վիրգինիա» օպերայի բանալին, որը նա գրել է 1921 թվականին[12]:
![]() |
Բարի', սիրելի' դրուիդ <…> Ինձ պատմում են, որ Դուք թախծում եք: Սիրելի' Բարեկամ, ճիշտ է արդյոք դա: Եթե դա իսկապես այդպես է, ապա ես ուզում եմ գալ և բարի օր մաղթել Ձեզ` մարդկանցից լավագույնին, որ այդքան բարի ու մեծ եք, ինչպես Սոկրատը, որին Դուք եղբայրացել եք: Պետք չէ չափից ավելի թախծել, Բարի Ընկեր: Ձեզ շատ սիրում են, Դուք չպետք է մոռանաք այդ մասին: Գիշեր ու ցերեկ թքած ունեցեք տխմարների վրա. դա Ձեր սրբազան իրավունքն է: Հիշե'ք, որ Դուք ունեք ընկերներ, որոնք սիրում են Ձեզ և հիանում են Ձեզանով, իմ հրաշալի' ծերուկ: <…> Բարեկամաբար Ձեր` ES, ապրիլի 16, 1923[16] - Էրիկ Սատի, Յուրի Խանոն «Հիշողություններ` հետին թվով»
|
![]() |
1920 թվականի փետրվարի 25-ին Էրիկ Սատին Մոնպառնասի արտիստական հասարակության շատ ներկայացուցիչների հետ ստորագրել է պետիցիան` ընդդեմ այն բանի, որ Բրանկուզիին մերժել են իր «Իշխանուհի Բիբեսկոյի դիմանկարը» ներկայացնել Անկախների սալոնում` պատճառաբանելով, որ քանդակն ուղղակի ասոցիացիա է առաջացնում ֆալոսի հետ: Գրեթե նույն ժամանակին է վերաբերում Սատիի հայտարարությունը, որը նպատակ ուներ արագացնելու մաքսային պաշտոնական թղթաբանությունը` Բրանկուզիի` սպիտակ մարմարից թռչնի քանդակի վերադարձը ԱՄՆ-ից արագ կատարելու համար. քանդակը մնացել էր ինչ-որ տեղ սահմանից դուրս: Բացի այդ, Էրիկ Սատին բարյացակամորեն օգնություն է ցուցաբերել իր կարպատյան ընկերոջն ամեն անգամ, երբ հարկ է եղել ֆրանսերենի տիրապետել:
Վերջին կես տարին, երբ հիվանդ Սատին պառկած էր հիվանդանոցում, Բրանկուզին պարբերաբար այցելել է նրան` նրան տանելով սեփական ձեռքերով պատրաստած արգանակ[12]: Նա խորապես ցնցվել էր ընկերոջ մահից: Քանդակագործական վարպետանոցի նրա հավատարիմ օգնականները` Ալեքսանդր Իստրատին ու Նատալյա Դումիտրեսկոն, պատմել են, որ Բրանկուզիի սենյակից նրանք հաճախ էին լսում նրա մրմունջները. «Սատի' Սատի, ինչու՞ այստեղ չես»:
Բրանկուզին ցանկացել է Էրիկ Սատիի մահարձանը դնել կամ առնվազն դրա վրա բարձրաքանդակ պատկերել, ինչպես արել է Անրի Ռուսոյի համար: Սակայն կոմպոզիտորի միակ ժառանգորդի` նրա եղբայր Կոնրադի հետ եղած տարաձայնությունները (Կոնրադը ծանր, մարդատյաց խառնվածք ուներ) խանգարել են այդ որոշումն իրականություն դարձնելուն[12]: Էրիկ Սատիի` հետագայում ցավալիորեն ոչնչացված նկարներից շատերը պահպանվել են շնորհիվ Կոնստանդին Բրանկուզիի, ով հասցրել է «երաժշտության կոմպոզիտորի» մահից հետո առաջին տարվա ընթացքում լուսանկարել դրանք:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրանկուզին կիրառել է ոճային ուրվագծեր, ամբողջական ծավալներ, տարբեր նյութեր` ընդհանուր սիմվոլիկ կերպարների ստեղծման համար («Համբույր», քար 1908, «Պրոմեթևս», մարմար, բրոնզ, 1911, «Թռչունը տարածության մեջ» շարք, բրոնզ, 1912—1940)` ժամանակի հետ ուժեղացնելով լակոնիզմը և ձևերի երկրաչափական շեղումը: Սկանդալային ճանաչում է ստացել նրա «անպատշաճ» քանդակը` «Իշխանուհի Բիբեսկուի դիմանկարը». հեռվից նայելիս երիտասարդ կնոջ կիսանդրին առնանդամ էր հիշեցնում: Այս քանդակը մի քանի անգամ առգրավվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից, իսկ Բրանկուզին` հետապնդվել անբարոյականության մեղադրանքով:
Նրա մի շարք գործեր եվրոպական քանդակագործության մեջ դարձել են աբստրակցիոնիզմը սկզբնավորող քանդակներ: Գլխավոր ստեղծագործություններում` ռումինական Տիրգու Ժիու քաղաքի` Հերոսների փողոցի քանդակային համալիրը (1937-1938, «Անվերջ սյուն», ոսկեջրած մետաղ), «Լռության սեղան», «Համբույրի դարպասներ» (երկուսն էլ քարից), նա հասել է արձանագրայնության ձևերի պարզության` կիրառելով ռումինական ժողովրդական արվեստի ավանդույթները:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Delarge J. https://www.ledelarge.fr/24403_artiste_BRANCUSI_Constantin (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. Turner — OUP, 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Constantin Brancusi
- ↑ 5,0 5,1 5,2 Luminous-Lint — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118673076 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ https://www.moma.org/artists/738
- ↑ 8,0 8,1 https://www.britannica.com/biography/Constantin-Brancusi
- ↑ Academia de Belle Arte din București - 150 de ani
- ↑ Eric Shanes Constantin Brancusi. — Abbeville Press, 1989. — P. 12. — 128 p. — ISBN 9780896599246
- ↑ Долинина К. Скульптуры в своем окружении // Коммерсантъ. — 2010. — 13 авг.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Eric Satie Correspondance presque complete. — Paris: Fayard / Imec,, 2000. — Т. 1. — С. 700—701. — 1260 с. — 10 000 экз. — ISBN 2 213 60674 9
- ↑ Жан Кокто «Петух и Арлекин». — М.: «Прест», 2000. — С. 113. — 224 с. — 500 экз.
- ↑ Ornella Volta Erik Satie. — второе. — Paris: Hazan, 1997. — С. 103. — 200 с. — 10 000 экз. — ISBN 2-85025-564-5
- ↑ Эрик Сати, Юрий Ханон Воспоминания задним числом. — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 561. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8
- ↑ Эрик Сати, Юрий Ханон «Воспоминания задним числом». — СПб.: Центр Средней Музыки & Лики России, 2010. — С. 552—553. — 682 с. — ISBN 978-5-87417-338-8
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Цигаль В. Константин Бранкуси // «Творчество». — 1968. — № 8.
- Lewis D. Constantin Brancusi. — L., 1957.
- Hăulică D. Brâncuşi. — Buc., 1968.
- Radu Varia Brancusi: Revised Edition. — Rizzoli, 2003. — ISBN 0-8478-2525-6
- Раппапорт А. Бранкузи и Джадд (ГЦСИ).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոնստանդին Բրանկուզի» (կենսագրական էսսե Հանոգրաֆ կայում)
- Կոնստանդին Բրանկուզի: Մինիմալիզմ մինչև մինիմալիզմ (Մինիմալիստական քանդակ)
- Կոնստանդին Բրանկուզի // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Բրանկուզիին նվիրված հղումների հավաքածու(ռում.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոնստանդին Բրանկուզի կատեգորիայում։ |
|