Ակադեմիան հիմնադրվել է 1866 թվականին որպես Ռումինական գրական ընկերակցություն։ 1867 թվականին գրական ընկերակցությունը վերանվանվել է Ռումինիայի ակադեմիական հասարակության, 1879 թվականին՝ Ռումինիայի ակադեմիայի։ Ռումինիայի կոմունիստական կուսակցության իշխանության անցնելուց հետո կազմակերպությունը վերակազմավորվել է և 1948 թվականից կոչվել է Ռումինիայի Ժողովրդական Հանրապետության ակադեմիա։ 1965 թվականից մինչև 1989 թվականի Ռումինիական հեղափոխությունը հաստատությունը կոչվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության ակադեմիա[2]։
2011 թվականի տվյալներով Ռումինիայի ակադեմիան ունեցել է 181 իսկական անդամներ, որոնք ընտրվում են ցմահ։ Համաձայն իր կանոնադրության՝ Ակադեմիայի հիմնական նպատակն է ռումիներեն լեզվի և ռումինական գրականության պահպանումը, Ռումինիայի ազգային պատմության ուսումնասիրությունն ու հետազոտությունը հիմնական և կիրառական գիտությունների բնագավառներում։ Ռումինիայի ակադեմիայի առավել հայտնի հիմնարար աշխատանքներից են Ռումիներեն լեզվի բառարանը, Ռումինական գրականության բառարանը, ինչպես նաև ռումին ժողովրդի պատմության տրակտատը։ Ռումինիայի ակադեմիայի գլխամասը գտնվում է Բուխարեստում։