Ռումինիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անտիկ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի տարածքում մարդու բնակության հնագույն հետքերը վերաբերում են ստորին հին քարի դարի ժամանակաշրջանին։ Նոր քարի դարի ժամանակաշրջանում այստեղ զբաղվել են պարզունակ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին Հյուսիսային Մերձսևծովյան շրջանից և Կենտրոնական Եվրոպայից խաշնարած ցեղերի ներխուժումը Ռումինիայի տարածք արագացրել է անցումը բրոնզի դարին, ամրապնդվել են ցեղային կազմակերպությունները։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի սկզբին տեղի է ունեցել անցում հերկովի երկրագործությանը։ Երկաթի ձուլման յուրացմանը նպաստել են մ․ թ․ ա․ 6-րդ դարում այստեղ եկած սկյութները, ինչպես նաև մ․ թ․ ա․ մոտ 3-րդ դարում Տրանսիլվանիայում հայտնված կելտերը, որոնք, ինչպես և սկյութները, հետագայում ձուլվել են տեղի թրակիական ցեղերի հետ։

Մ․ թ․ ա․ 7-6-րդ դարերը Դոբրուջայի տարածքում և Սև ծովի առափնյա մասում հիմնվել են հունական քաղաք-պետություններ՝ Իստրիեն, Կալլատիսը, Տոմիսը, որոնք մ․ թ․ ա․ 2-րդ դարի վերջին ընկել են Պոնտոսի թագավորության, իսկ մ․ թ․ ա․ 1-ին դարում՝ հռոմեացիների տիրապետության տակ։ Մ․ թ․ ա․ 1-ին դարի կեսին կազմավորվել է գետադակիական ցեղային միավորումը, որը հետագայում պետականության ստեղծման հիմք է ծառայել։ Մ․ թ․ 1-ին դարում Տրանսիլվանիայում կազմավորվել է դակիական վաղստրկատիրական պետություն՝ Սարմիզեգետուզա կենտրոնով։

Ք. հ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ դարի սկզբին, չնայած դակերի բազմամյա համառ դիմադրությանը՝ Դեցեբալ թագավորի գլխավորությամբ, պետության տարածքն ընկել է հռոմեական տիրապետության տակ (մինչև 271 թվականը) և կոչվել է Դակիա հռոմիական պրովինցիա։ 3-րդ դարի վերջին Դակիա են սկսել թափանցել հոները, լանգոբարդները, ավարները։ 6-7-րդ դարերում Ռումինիայի տարածքում բնակություն են հաստատել սլավոնները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել տեղի բնակչության նյութական ու հոգևոր մշակույթի վրա, կարևոր դեր խաղացել նրա պետականության զարգացման գործում։ 8-րդ դարի վերջին և 10-րդ դարում Ռումինիայի տարածքի մեծ մասը մտել է Բուլղարական Առաջին թագավորության կագմի մեջ։ 11-12-րդ դարերում Ռումինիայի տարածք են ներխուժել սլեչենեգները, պոլովցիները, իսկ 13-րդ դարում՝ թաթար-մոնղոլները։ 11-րդ դարից մինչև — 12-րդ դարը Տրանսիլվանիան ընկել է Հունգարական թագավորության իշխանության տակ։

14-րդ դարում կազմավորվել են Վալաքսիա և Մոլդովա անկախ իշխանությունները՝ հոսպոդարների գլխավորությամբ։ Իշխանությունների ստեղծումը նպաստել է Ռումինիայի տարածքում ֆեոդալական հարաբերությունների հետագա զարգացմանը։ 13-րդ դարից մինչև 16-րդ դարերը ֆեոդալական լծի ուժեղացումը առաջ է բերել մի շարք գյուղացիական ապստամբություններ (1437 և 1514 թթ.-ին՝ Տրանսիլվանիայում, 14901492 թթ.-ին՝ Մոլդովայում և այլն)։ 14-րդ դարում, չնայած համառ դիմադրությանը, սկզբում Վալախիայի, ապա Մոլդովայի իշխանությունը կախման մեջ են ընկել Օսմանյան կայսրությունից։ 1526 թվականի Սոխալի ճակատամարտից և Հունգարական թագավորության անկումից հետո կազմավորվել է (1541 թ.) համեմատաբար ինքնուրույն Տրանսիլվանիա իշխանությունը, որը նույնպես ընդունել է թուրքական սուլթանի գերիշխանությունը։ Հենվելով ժողովրդի աջակցության վրա՝ Վալախիայի հոսպոդար Միհայ Քաջը ջարդել է թուրքական զորքերին և 14-րդ դարի վերջին, կարճ ժամանակով, միավորել Վալսփփան, Մոլդովան և Տրանսիլվանիան։

Թուրքական տիրապետությունը կաշկանդում էր իշխանությունների տնտեսական առաջընթացը, խոչընդոտում արտադրողական ուժերի զարգացմանը։ 17-րդ դարում Տրանսիլվանիան ազատագրվել է թուրքական կախումից, բայց դարի վերջին միացվել է Հաբսբուրգների տիրույթներին (մինչև 1918 թվականը)։ 16-րդ դարի վերջից օսմանյան ագրեսիայի դեմ ընդհանուր պայքարում ամրապնդվել են մոլդովա-վալախա-ռուս քաղաքական կապերը։ 17-րդ դարից մինչև 18-րդ դարի սկիզբը Վ․ Լուպու, Մ․ Բասարաբ, Գ․ Շտեֆան, Կ․ Բրընկովյանու հոսպոդարները սերտ քաղաքական հարաբերությունների մեջ էին Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Հոսպոդար Դ․ Կանաեմիրը դաշնակցային պայմանագիր է կնքել Պետրոս I Սեծի հետ։ 18-19-րդ դարերին ռուս-թուրքական պատերազմները նպաստեցին Մոլդովայի և Վալախիայի ժողովուրդների ազատագրական պայքարին և թուրքական լծի թուլացմանը։

Մոլդովացիների և վալախների կամավորական ջոկատները բանակի կողմում մասնակցում էին Թուրքիայի դեմ ռազմական գործողություններին։ 1812 թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով, որով ավարտվեց 1806—1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը, Բեսարաբիան ազատագրվեց թուրքական լծից և մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ 1828—1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո կնքվեց 1829 թ.Ադրիանապոլսի հաշտության պայմանագիրը, համաձայն որի Մոլդովան և Վալախիան ստացան ինքնավարություն։

1829 թվականին թուրքական առևտրական մենաշնորհի վերացումը նպաստեց իշխանությունների տնտեսական վերելքին՝ զարգացավ արհեստավորական մանուֆակտուրային արտադրությունը, ընդլալնվեց առևտուրը, առաջացավ առևտրական բուրժուազիա։ Առավել ամրապնդվեցին երկու իշխանությունների ժողովուրդների կապերը, որոնք հիմնված էին լեզվի, մշակույթի և տնտեսական զարգացման ընդհանրության վրա։ Երկու իշխանություններում էլ աճում էր միավորվելու ձգտումը, որը հատկապես ուժեղացավ Վալախիայում 1848 թվականի բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից և Մոլդովայում ու Տրանսիլվանիայում 1848 թվականի հեղափոխական ելույթներից հետո։ Միավորումը տեղի ունեցավ 1859 թվականին, հակառակ Թուրքիայի և եվրոպական մի շարք տերությունների ընդդիմության, երբ երկու իշխանություններն ընտրեցին ընդհանուր հոսպոդար՝ Ա․ Կուզային։ Նոր ստեղծված պետությունը 1862 թվականին կոչվեց Ռումինիա (Ռումինական իշխանություն), երբ Մոլդովայի և Վալախիայի օրենսդիր ժողովների միացյալ նիստում ընտրվեց միասնական կառավարություն։ 1864 թվականին հրապարակվեց դեկրետ գյուղացիական ռեֆորմի մասին, գյուղացիները ազատվում էին ճորտական կախումից, բայց հողի 2/3-ը մնում էր կալվածատերերի ձեռքում։ Ռեֆորմից դժգոհ հետադեմ բոյարների ու խոշոր բուրժուազիայի (այսպես կոչված «Հրեշավոր կոալիցիա») ճնշման տակ Կուզան հարկադրված էր հրաժարվել գահից (1866)։ Ռումինիայի իշխան դարձավ Հոհենցոլերն դինաստիայի արքայազն Կարլը (Կարոլ I)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png