Կառլ Ֆրիդրիխ Մայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Ֆրիդրիխ Մայ
Karl May edit.jpg
Ծննդյան անունգերմ.՝ Karl Friedrich May
Ծնվել էփետրվարի 25, 1842(1842-02-25)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրHohenstein-Ernstthal, Zwickau, Սաքսոնիա
Վախճանվել էմարտի 30, 1912(1912-03-30)[1][2][3][4][5][6][7][8] (70 տարեկանում)
Վախճանի վայրRadebeul, Meissen, Սաքսոնիա[9]
Մասնագիտությունվիպասան, մանկագիր և սցենարիստ
Լեզուգերմաներեն[1]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[5]
Ժանրերpop novel
Ուշագրավ աշխատանքներՎինետու
ԱմուսինEmma Lina Pollmer և Klara May
May.gif
Կայքkarl-may-gesellschaft.de/kmg/sprachen/englisch/index.htm
archive.org/wayback/available?url=http://www.geluck.com/[5]
Karl May Վիքիպահեստում

Կառլ Ֆրիդրիխ Մայ (գերմ.՝ Karl Friedrich May, փետրվարի 25, 1842(1842-02-25)[1][2][3][4][5][6][7][8], Hohenstein-Ernstthal, Zwickau, Սաքսոնիա - մարտի 30, 1912(1912-03-30)[1][2][3][4][5][6][7][8], Radebeul, Meissen, Սաքսոնիա[9]), գերմանացի գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր: Բացառապես հայտնի է պատանիների համար նախատեսված արկածային վեպերով, որոնցից շատերը էկրանավորվել են:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Մայը ծնվել է ջուլհակի աղքատ ընտանիքում, որտեղ մեծանում էին 14 երեխա: Նրանցից շատերը մահացել են մանուկ հասակում: Մանկության տարիներին Կառլ Մայը սիրում էր երևակայության գիրկն ընկնել, սովորել էր երաժշտական տարբեր գործիքներ նվագել, հասկանում էր երաժշտության հիմնական հիմունքները: Իր առաջին գումարը վաստակել է 12 տարեկանում ` ծառայություններ մատուցելով կեգլի խաղացող մեծահասակներին: Այնտեղ նա ծանոթացել էր ԱՄՆ-ից եկած մի մարդու հետ և հետաքրքրությամբ լսում էր նրա արկածների մասին պատմությունները:

1856 թվականից սովորել է Վալդենբուրգի ուսուցչական սեմինարիայում: 1859 թվականին հեռացվել է նշված հաստատությունից` վեց հատ մոմ թաքցնելու համար: Շուտով նրան արժանացրել են ներման և թույլ տվել ուսումը շարունակել Պլաուենի ուսուցչական սեմինարիայում: 1861 թվականին, որպես թեկնածու` առաջադրվել է Սաքսոնիայում գտնվող Խեմնից քաղաքի գործարանային դպրոցներում ` ուսուցչի պաշտոնին, սակայն իր սենյակային ընկերոջ գրպանի ժամացույցը գողանալու պատճառով հրաժեշտ է տվել առաջարկվող պաշտոնին և ազատազրկվել վեցշաբաթյա կալանքի: Հաջորդ երկու տարիները անցկացրել է օրինական ճանապարհով հաց վաստակելու ուղիներ փնտրելով: Իր հարազատ քաղաքում տվել է մասնավոր դասեր, գրել է պատմվածքներ, հորինել երաժշտություն և համապատասխան գումարի դիմաց ասմունքել: Այդ բոլոր զբաղմունքները ոչ միշտ էին եկամուտ բերում նրան և արդյունքում շենքերի պատերին հայտնվեց Կառլ Մայի նկարը, որի վրա գրված էր, որ նրան որոնում է ոստիկանությունը` խարդախությունների և գողությունների համար: Բացի այդ, Լայպցիգի փողոցներից մեկում, անարդար ճանապարհով և ուրիշի անվան տակ նա ստացել էր մորթե վերարկու և տասը թալերով այն հանձնել գրավատուն:

1865 թվականին չորս տարով Կառլ Մայը ուղարկվել է աշխատանքային տուն: Այդ տարիների մեծ մասը նա անց է կացրել Ցվիկաու քաղաքի տաժանակիր աշխատանքային բանտում: Լավ վարքի պատճառով նշանակվել է բանտային գրադարանի վարիչ և հնարավորություն ունեցել շատ կարդալու: Նրան հատկապես դուր էին գալիս ճանապարհորդությունների մասին գրքերը: Բանտում նա թողել էր իր համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների ցանկը, որոնք նա կարող էր օգտագործել իր գրական աշխատանքներում:

Ազատվելուց հետո Կառլ Մայի երազանքները` ապրել արդար կյանքով, ավաղ չիրականացան: Նա կրկին վերադարձավ նախկին զբաղմունքներին` խարդախություններին և գողություններին: 1869 թվականին, նոր ձերբակալությունից հետո, բանտարկյալներին տեղափոխելու ժամանակ, նա փախուստի է դիմել: 1870 թվականին կալանավորվել է Չեխիայում ` թափառաշրջիկության համար: Ոստիկանատանը նա ներկայացել է Ալբին Վադենբախ անունով, հավաստիացրել, որ հարուստ կալվածատիրոջ որդի է, եկել է Մարտինիկայից, իսկ արտասահմանյան անձնագիրը կորցրել է: Սակայն ոստիկանությունը շուտով պարզել է, որ իրենց առջև մանր հանցագործությունների համար հետախուզվող Կառլ Մայն է, ով պետք է ուղարկվի Սաքսոնիա` իր հետագա պատիժը կրելու համար: 1870-1874 թվականներին Կառլ Մայը եղել է Վալդհայմի բանտում: Ինչպես հաստատում է գրողը, իր ներաշխարհում փոփոխություններ է զգացել, երբ ծանոթացել է բանտային կատեխիստի հետ:

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին ազատվելով բանտից, Կառլ Մայը վերադարձել է իր ծնողների մոտ և անմիջապես զբաղվել գրական աշխատանքով: Նույն թվականին լույս է տեսել նրա «Էռնսթհալի վարդը» պատմվածքը: Նրա համար հաջողություն էր այն հանգամանքը, որ այդ ժամանակ Գերմանիայում նկատվում էր որոշակի բեկում հրատարակչական գործում: Գրագիտության աճը, արդյունաբերության զարգացումը և մասնագիտությունների ազատ ընտրության հնարավորությունը բերեցին նրան, որ հայտնվեցին նոր հրատարակչություններ, որոնք պահանջարկ ունեին նոր թեմաների` հատկապես ժամանցային բնույթի: Կառլ Մային հաջողվեց զբաղեցնել հանքափորների համար նախատեսված «Հանք և լեռնային գործարան» ամսագրի խմբագրի պաշտոնը: Կյանքում առաջին անգամ կարելի էր արդեն չմտածել սնվելու մասին: Նա խմբագրում էր տարաբնույթ ժամանցային թերթոններ, որոնց համար գրում և մշակում էր հոդվածներ և իր անունից, և անանուն:

Որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց մեկ այլ դրեզդենյան հրատարակչատուն և շուտով դարձավ ազատ գրող: Իր ընկերուհու` Էմմա Պոլմերի հետ միասին, նա հաստատվեց Դրեզդենում: Այնուամենայնիվ, հրատարակությունից եկած եկամուտը չէր բավարարում, առաջացել էին պարտքեր և Կառլ Մայը չէր կարողանում վճարել բնակարանի վարձավճարը: 1879 թվականին, բանտից ազատվելուց հինգ տարի անց, Կառլ Մայը երեք շաբաթ անցկացրեց Շտոլբերգի բանտում: Նա մեղադրվում էր պաշտոնատար անձի լիազորություններ իրեն վերագրելու համար: Էմմա Պոլմերի հետ ամուսնությունից մեկ տարի առաջ, նա հետաքննություն էր անցկացնում իր հարբեցող հորեղբոր մահվան հանգամանքները պարզելու համար: Այդ ընթացքում նա ներկայանում էր որպես լիազորված անձ: Արդյունքում` իր հասցեին հնչած մեղադրանքները նա համարում էր ստահոդ:

1879 թվականին Կառլ Մայը առաջարկ ստացավ Ռեգենսբուրգի կաթոլիկական «Գերմանական գանձարան» շաբաթաթերթից, որը նրան հնարավորություն էր տալիս առաջինը հրատարակել իր պատմվածքները: 1880-1888 թվականներին այդ շաբաթաթերթում առանց դադարի հրատարակվեցին Կառլ Մայի պատմվածքների «Արևելյան շարքը»: Նրա «Արկածային ճանապարհորդություն Քրդստանում», «Մահվան քարավանը» և «Ստամբուլ» պատմվածքները հրատարակվել են 1881-1887 թվականներին: Դրան զուգահեռ Կառլ Մայը աշխատում էր նաև այլ թերթերի և ամսագրերի հետ, հանդես էր գալիս տարբեր գրական կեղծանուններով, հաճախ փոխում էր պատմվածքների վերնագրերը` կրկնակի հոնորարներ ստանալու նպատակով: 1882 թվականին կրկին պայմանագիր կապեց հրատարակիչ Հենրիխ Գոտհոլդ Մյունխմեյերի հետ և սկսեց աշխատել մեծածավալ «բուլվարային» «Das Waldröschen» վեպի վրա, որը նա հրատարակեց «Կապիտան Ռամոն Դիաս դե լա Էսկոզուրա» կեղծանունով: 1907 թվականին գրքի ընդհանուր տպաքանակը կազմում էր 100 000 նմուշ: Մյունխմեյերի հետ պայմանագիրը հանգեցրեց հեղինակային իրավունքի վերաբերյալ երկարատև վեճի:

Կառլ Մայի կյանքում բեկումնային էր հրատարակիչ Ֆրիդրիխ Էռնստ Ֆեզենֆելդի հետ ծանոթությունը, ով նրան առաջարկեց հավաքել «Գերմանական գանձարան» թերթում տպագրված բոլոր պատմվածքները և հրատարակել առանձին գրքով: 1892 թվականին, գրքի լույս տեսնելուց հետո Կառլ Մայը ձեռք բերեց ֆինանսական անկախություն և անդորր: Սակայն շուտով նա կորցրեց իրականության զգացողությունը, ավելի ու ավելի հրապուրվելով իր ստեղծած կերպարներից մեկի` Օլդ Շատերհենդի պատմությունով: Նա սկսում էր հավատալ, որ Օլդ Շատերհենդը ինքն է, որ կա և անձամբ ապրում էր նրա արկածներով: Կառլ Մայը նույնիսկ զինագործներին պատվիրեց այնպիսի հրացան, որն ուներ իր ստեղծած կերպարը: Ընթերցողները գրողին հաճախ էին նույնացնում նրա գրքի հերոսի հետ:

1897 թվականին Կառլ Մայը իր հակառակորդներին կրկին առիթ տվեց նոր հարձակումների` բոլորովին լրջորեն հայտարարելով, որ իբր գիտի 1200 լեզու ու բարբառ և որպես Վինետուի հաջորդ, ղեկավարել է 35 000 ապաչներից կազմված զորքին: Մոտավորապես 1875 թվականին նա պնդում էր, որ ունի դոկտորի գիտական աստիճան, չնայած կյանքում երբեք չէր հաճախել համալսարան և երբեք չէր ներկայացվել որևէ աստիճանի: 1898 թվականին «Դրեզդենի և շրջակայքի հասցեների գրքում» պատահականորեն չէր տպագրվել նրա դոկտորական աստիճանի մասին: Կառլ Մայը պահանջեց վերացնել այդ «սխալը» և խիստ դժգոհություն հայտնեց` երբ նրանից պահանջեցին փաստաթղթային ապացույց գիտական աստիճանի վերաբերյալ: Նա պնդում էր, որ դոկտորի աստիճան ինքն ստացել է Ռուանի համալսարանում: Այնուամենայնիվ նրան արգելվեց ներկայանալ որպես դոկտոր: 1902 թվականի աշնանը, նրա ապագա կինը` Կլարա Պլյոնը օժանդակեց նրան` ստանալ վկայական, որն արժեցավ մեծ գումարներ և Կառլ Մայը դարձավ Չիկագոյի Գերմանա-Ամերիկյան համալսարանի պատվավոր դոկտոր («Արծաթե առյուծի կայսրությունում» գրքի համար): Չանցած չորս օր, այդ փաստաթուղթը ճանաչվեց անվավեր, քանի որ այդ համալսարանը, ինչպես պարզվեց, կեղծ դիպլոմներ պատրաստելու գործարան էր:

Ճամփորդությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Կառլ Մայը ուղևորվեց ճանապարհորդելու Գերմանիայով և Ավստրիայով` դասախոսություններ կարդալով տարբեր քաղաքներում: 1895 թվականին Ցիլլեր եղբայրների շինարարական կազմակերպությունից որպես նվեր` Ալտ-Ռադեբոյլում ստացավ վիլլա (այժմ այնտեղ գործում է Կառլ Մայի թանգարանը): 1899-1900 թվականներին ճանապարհորդություն է կատարել դեպի Արևելք: Սկզբում նրան ուղեկցում էր ծառան` Սեիդ Հասանը: Նրանք հասել են մինչև Սումատրա: 1900 թվականին` ճանապարհին հանդիպել է իր կնոջը և ծանոթ ամուսնական զույգի: Նա ճանապարհորդությունների մասին օրագիր էր պահում, որից մինչ օրս հասել են միայն պատառիկներ:

Կառլ Մայի երկրորդ կինը հիշում էր, որ ճամփորդելու ժամանակ Կառլը երկու անգամ նյարդային խանգարում է ունեցել: Կառլ Մայի կենսագիրները եզրակացնում էին, որ այդ խնդիրները առաջացել էին նրա երևակայական աշխարհի և իրական կոպիտ աշխարհի անհամատեղելիության արդյունքում: Արևելքում նա տեսավ այն, ինչը չէր սպասում տեսնել: Կառլ Մայը ճգնաժամը հաղթահարում էր առանց բժիշկների օգնության:

Ճանապարհորդությունների ընթացքում Կառլ Մայը մամուլի կողմից ենթարկվում էր հալածանքների: Նրան հանդիմանում էին այն բանի համար, որ նա զբաղվում էր ինքնագովազդով, ստեղծելով մի ամբողջ պատմություն` Օլդ Շատերհենդի մասին լեգենդներով: Բացի այդ, Կառլ Մային համարելով բարոյազուրկ անձնավորություն, նրան մեղադրում էին կրոնական երեսպաշտության մեջ, քանի որ նա պատմություններ էր գրել Կույս Մարիամի մասին` հարմարեցնելով դրանք բողոքական օրացույցին: Նրան հիշեցնում էին նաև իր քրեական անցյալը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեզդենում աշխատելու տարիներին, հրատարակիչ Մյունխմեյերը մի քանի անհաջող փորձ կատարեց` Կառլ Մային ամուսնացնելու իր բարեկամուհու հետ: Առաջին ամուսնությունը փլուզվեց Կառլի ցանկությամբ: Նրա կինը` Էմմա Պոլմերը, իր ընկերուհու, հրատարակիչ Մյունխմեյերի այրու դրդմամբ այրել էր այն բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին բանավոր պայմանավորվածությունը հրատարակչության հետ` փոխարինել իրավաբանականով: 1903 թվականին Կառլ Մայը ամուսնացավ Կլարա Պլյոնի հետ: 1908 թվականին կնոջ հետ նա ուղևորվեց ԱՄՆ, որտեղ այցելել է Օլբանի, Բուֆֆալո, Նիագարայի ջրվեժ և Լորենսե:

Կառլ Մայը մահացել է 1912 թվականի մարտի 30-ին: Համաձայն մահվան վկայականի` մահացել է բրոնխային հեղձուկից:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառլ Մայը 12 տարի անցկացրել է Սաքսոնիայի բանտերում: Մինչ օրս շատերը կարծում են, որ նա իր վեպերը գրել է բանտում[10]:
  • 1893-1910 թվականներին Կառլ Մայը հրատարակել է իր ամենահայտնի վիպաշարը` հնդկացի Վինետուի մասին: 1895 թվականից սկսած, ամեն տարի վաճառվում էր ավելի քան 60000 գիրք:
  • Միայն 1908 թվականին է Կառլ Մայը եղել ԱՄՆ-ում, այն էլ Բուֆֆալոյից արևմուտք երբեք չի գնացել:
  • Կառլ Մայի գրչին են պատկանում նաև վեպեր, որոնց գործողությունները կատարվում են Մերձավոր Արևելքում ` Օսմանյան կայսրության տիրույթներում:
  • Կառլ Մայը հանդես է եկել նաև որպես կոմպոզիտոր և դրամատուրգ:
  • Հետաքրքիր է նաև այն, որ Կառլ Մայի վեպերը Ադոլֆ Հիտլերի սիրած գրքերն էին` երբ նա սովորում էր դպրոցում: Այդ պատճառով, Հայրենական մեծ պատերազմից հետո Կառլ Մայի ստեղծագործությունները չէին ուսումնասիրվում ԳԴՀ-ում և ԽՍՀՄ-ում[11]:
  • Կառլ Մայի պատվին, 1892 թվականին հայտնաբերված աստերոիդներից մեկը անվանվել է (348) Մայ:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինետուի մասին պատմող վիպաշարը

  • «Վինետուն»
  • «Վինետուի սպիտակ եղբայրը»
  • «Վինետուի ոսկին»
  • «Սև մուստանգը»
  • «Վինետուի ժառանգները»
  • «Սատանան և Իսկարիովտացին»

Վայրի Արևմուտքում

  • «Արջեր որսացողի որդին»
  • «Լյանո-Էստակադոյի ոգին»
  • «Արծաթե լճի գանձերը»
  • «Նավթային արքայազնը»
  • «Հավատարիմ ձեռքը»

Այլ ստեղծագործություններ

  • «Ստրկական քարավան. Կարա բեն Նեմզիի արկածները Աֆրիկայում»
  • «Անապատի միջով»
  • «Ճանապարհորդություն վայրի Քրդստանով»
  • «Բաղդադից Ստամբուլ»
  • «Բալկանների կիրճերում»
  • «Ալբանացիների երկրում»
  • «Երկյուղ»
  • «Ռոբեր Սյուրկուֆ»
  • «Ինկերի կտակը»
  • «Ռիո-Դե-Լա-Պլատայի վրա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://web.archive.org/web/20170323072931/http://jeugdliteratuur.org/auteurs/karl-may
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118818651 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. Виннету — сын Карла Мая
  11. «Радиопрограммы / Мифы и репутации Знак W.»։ Радио Свобода։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-18-ին։ Վերցված է 2011-07-19