Jump to content

Գայ Ֆոքսի դիմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցող ցույցի մասնակիցը դեմ է ACTA օրինագծին։ «Գայ Ֆոքսի դիմակը», որն առաջին անգամ օգտագործվել է 2008 թվականին Անոնիմուսի կողմից, դարձել է համացանցային մեմ և անոնիմուս համայնքի խորհրդանիշներից մեկը[1]:

Գայ Ֆոքսի դիմակ (անգլ.՝ Guy Fawkes mask), նույնպես հայտնի է որպես Անոնիմուսի դիմակ[2], Վենդետտա դիմակ կամ ուղղակի դիմակ V, բողոքի և կոռուպցիայի, ցուցարարների համար Արևմուտքի ներկայիս կարգի և իշխանության բացասական բարեփոխումների դեմ պայքարի առանցքային խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև ամենահայտնի համացանցային մեմերից մեկը[1][3]։ Առաջին անգամ հայտնվել է «V նշանակում է Վենդետտա» կոմիքսում, որտեղ այն կրել է գլխավոր հերոսը՝ V-ն։ Կերպարի և դիմակի ձևավորման հեղինակը Դևիդ Լլոյդն է՝ կոմիքսի պատկերազարդողը։

Այս դիմակը նաև Անոնիմուս խմբավորման առանցքային խորհրդանիշն է, որը նրանք օգտագործել են սայենտոլոգիայի եկեղեցու դեմ բողոքի գործողությունների ժամանակ[1][4]՝ կոտրելով մի շարք կայքեր[5]։

V նշանակում է Վենդետտա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ դիմակն իր ժամանակակից տեսքով հայտնվել է «V նշանակում է Վենդետտա» կոմիքսում։ Գործողությունը տեղի է ունենում այլընտրանքային նացիստական Մեծ Բրիտանիայում, որտեղ բացակայում է ազատ խոսքը։ Այլ ազգությամբ, դավանանքով մարդիկ հետապնդվում են օրենքով, և նրանց ուղարկում են համակենտրոնացման ճամբարներ։ Ռեժիմի դեմ ապստամբում է դիմակ V-ով խորհրդավոր մի մարդ։ Նա, որպես պարտիզան, պայքարում է իշխանության դեմ և, մեռնելով, երկիրը ազատում է ամբողջատիրությունից՝ դառնալով ազգային հերոս։ Մինչև վերջ սյուժեն այդպես էլ չի բացահայտում V անձի գաղտնիքը։ Մինչև ֆիլմի ստեղծումը դիմակը լայն ժողովրդականություն չէր վայելում։

Խորհրդանիշի առաջացման նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գայ Ֆոքսի դիմակ հագած քաղաքացիները խարույկի գիշերվա ընթացքում, 1864 թվական

Դիմակը պատկերում է անգլիացի ազնվական Գայ Ֆոքսին, որը հայտնի է դարձել 1605 թվականի նոյեմբերին Հակոբ Ա-ի դեմ ահաբեկչական գործողությանը՝ Վառոդյան դավադրությանը մասնակցելու շնորհիվ։ Չնայած այն բանին, որ նա եղել է դավադրության շատ մասնակիցներից միայն մեկը, հետագայում ձերբակալել են հենց նրան, և խոշտանգումների տակ Գայ Ֆոքսը հանձնել է իր բոլոր հանցակիցներին, որոնք այնուհետև մահապատժի են ենթարկվել։

Կոմիքսի ստեղծողները կարծում էին, որ հենց նա կդառնա V-ի համապատասխան նախատիպը, քանի որ նման՝ իշխանության դավաճանի և միայնակ ահաբեկչի դեր է կատարել։ Հատկանշական է, որ ֆիլմի եզրափակչում V-ն պայթեցնում է բրիտանական խորհրդարանը [նոյեմբերի 5-ին], հենց այն, ինչ ցանկացել է անել Գայ Ֆոքսը, բայց չի կարողացել։ Ինչպես նաև ֆիլմի հենց սկզբում ցուցադրվել է Գայ Ֆոքսի մահապատժի տեսարանը։ Ֆիլմում հատուկ մթնոլորտը Գայ Ֆոքսին ներկայացնում է ոչ թե որպես ստոր և վախկոտ դավաճանի (ինչպես նրան ավանդաբար համարում էին Մեծ Բրիտանիայում դարեր շարունակ), այլ որպես մի մարդու, որը մարտահրավեր է նետել իշխանություններին և պայքարել է մինչև վերջ իր ճշմարտության համար, թեև պարտվել է արդյունքում։

V-ի առանցքային արտահայտություններից մեկը, որը կարելի է լսել նաև ֆիլմի հենց սկզբում, հնչում է այսպես․ «Հիշում ենք, հիշում ենք, որ իզուր չէր նոյեմբերի հինգերորդ օրը և վառոդյան դավադրությունը։ Թող դրա մասին հիշողությունը գիշեր ու ցերեկ միշտ մնա քեզ հետ»[6]։

Դավադրությունից հետո Բրիտանիայի բնակիչները հաճախ զանգվածայնորեն այրում էին վառոդյան դավադրության մասնակիցների, այդ թվում՝ Գայ Ֆոքսի արձանիկները։ Հայտնի է, որ 18-րդ դարի վերջին քաղաքների փողոցներում սկսել են հայտնվել անօթևան երեխա մուրացկաններ՝ Գայ Ֆոքսի դիմակներ հագած[7]։ Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ սկսել է Գայ Ֆոքսի գիշերը նոյեմբերի 5-ին տոնելու ավանդույթը, որն այն ժամանակ հայտնի է եղել որպես «Խարույկների գիշեր»[8]։ Տոնակատարության ժամանակ քաղաքացիները Գայ Ֆոքսի հագուստներ և ինքնաշեն դիմակներ էին կրում և հրկիզում Գայ Ֆոքսի խրտվիլակը[9]։ Բրիտանական The Lancet ամսագրում 1847 թվականին հրապարակվել է Գայ Ֆոքսի դիմակով և կոստյումով մի տղայի տեսնելուց սարսփած և վախից մահացած երկու տարեկան մի երեխայի դեպքի մասին[10]։ 20-րդ դարի սկզբին, ամեն աշուն կոմիքսներով ստվարաթղթե դիմակները մեծ քանակներով վաճառվում էին երեխաներին[11][12]։ 1980-ականներին նրանց ժողովրդականությունը գնալով փոխարինվեց Հելոուինով[13]։ Սակայն Գայ Ֆոքսի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է նվազել 1980-ական թվականներին՝ Հելոուինի ժողովրդականացման շնորհիվ[14]։

Դիմակը երկրորդ անգամ ժողովրդականության է արժանացել «V նշանակում է Վենդետտա» կոմիքսի հիման վրա նկարահանած լիամետրաժ ֆիլմի շնորհիվ[15]։

Ժողովրդականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայ Ֆոքսի դիմակը դարձել է համացանցում ամենահայտնի մեմերից մեկը, որը մարմնավորում է օգտատիրոջ անանունությունը։ Համացանցում երկար ժամանակ հայտնի է եղել Epic Fail Guy (կամ EFG) մեմը, որը պատկերում է Գայ Ֆոքսի դիմակով մարդու պարզունակ կերպարը[16]։

Նյու Յորք Թայմսի տվյալներով՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում «Rubies Costume» ընկերության կողմից վաճառվել է Գայ Ֆոքսի ավելի քան 100 հազար դիմակ։ Գնված օրինակների քանակով դիմակը գերազանցել է գրեթե բոլոր ռեկորդները՝ առաջ անցնելով Բեթմենի և Հարրի Փոթերի դիմակները, սակայն Դարթ Վեյդերի դիմակը դեռևս առաջին հորիզոնականն է զբաղեցնում, թեև ըստ կանխատեսումների՝ այն իր տեղը զիջելու է Գայ Ֆոքսի դիմակին։ 2011 թվականի բողոքի ակցիաների ժամանակ դիմակը հասանելի է եղել «Amazon.com» կայքում և դարձել է այդ պահին ամենավաճառվող ապրանքը։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում վաճառվել են հարյուր հազարավոր օրինակներ։ «Time Warner» ընկերությունը՝ լինելով դիմակի ձևավորման իրավատերը, վաճառքներից հսկայական եկամուտներ է ստացել[17]։

Դիմակ՝ համացանցի անանուն օգտատերի խորհրդանիշ

Ցուցարարների խոսքով՝ դիմակը նախևառաջ դարձել է կորպորացիաների ագահության դեմ իրենց շարժման, ինչպես նաև ազատության և արդարության խորհրդանիշը։ Շատերը, սակայն, այդ թվում կոմիքսների մասնագետ Ռիչ Ջոնսոնը, որը մասնակցել է ֆիլմի ստեղծմանը, վստահ են, որ դիմակը մարմնավորում է նախևառաջ ահաբեկչությունը և իշխանության տապալումը բռնի ճանապարհով, ինչը կարող է բացասական ասոցիացիաներ առաջացնել շատ մարդկանց մոտ[5]։

Դիմակի կերպարի ստեղծող Դևվիդ Լլոյդը շատ դրական է արտահայտվում դիմակի ներկայիս ժողովրդականության մասին։ Նրա խոսքով՝ դիմակն արդեն ի սկզբանե խորհրդանշում էր իսթեբլիշմենթի դեմ պայքարը, և նա նույնիսկ այն համեմատել է արգենտինացի հեղափոխական Չե Գևարայի հայտնի լուսանկարի հետ, որը երկար ժամանակ երիտասարդության բողոքի գլխավոր խորհրդանիշն էր։ Նա անձամբ այցելել է «Գրավիր Ուոլ Սթրիթը» ակցիան, որպեսզի տեսնի, որ մարդիկ փողոցներով շրջում են «իր» դիմակներով[5]։

Դիմակ և բողոքի ցույցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայենտոլոգիայի եկեղեցու դեմ բողոքի ժամանակ։ Գրությունն ասում է. «Սայենտոլոգիան կյանքեր է ոչնչացնում»

Առաջին անգամ դիմակն օգտագործվել է հաքերների հայտնի ենթամշակույթի՝ անոնիմուսների կողմից։ Բողոքելով սայենտոլոգիայի եկեղեցու գործունեության դեմ՝ 50 դիմակավոր անձինք պիկետ են կազմակերպել Բոստոնի եկեղեցու մոտ[1][4]։

Ավելի ուշ շատ ուսանողներ դիմակներ են հագել 2009 թվականի մայիսի 13-ի փողոցային ցույցերի ժամանակ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ծախսերի մասին աղմկահարույց սկանդալից հետո[18][19], որի համաձայն բրիտանացի նախկին նախարար և պատգամավոր Էլիոթ Մորլին 2004-2007 թվականներին ապօրինաբար ավելի քան 30 հազար ֆունտ է ստացել[20]։

Երբ Ամերիկայում տեղի էին ունենում «Գրավիր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիաները, հազարավոր մարդիկ երթեր էին անցկացնում Գայ Ֆոքսի դիմակով։ Դա դիմակների առաջին իսկապես զանգվածային օգտագործումն էր, որի շնորհիվ այն հայտնի է դարձել ոչ միայն որպես «դիմակ ֆիլմից»։

Այն հագել է նաև ՎիքիԼիքս համացանցային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը «Գրավիր լոնդոնյան բորսան» ցույցի ժամանակ, սակայն շուտով նա ստիպված է եղել հանել դիմակը ոստիկանության պահանջով[5]։

Այդ իրադարձություններից հետո դիմակները սկսել են լայնորեն օգտագործել արևմուտքում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Դրանք օգտագործվել են նաև համացանցային ծովահենության դեմ պայքարելու համար առաջարկված SOPA և ACTA օրինագծերի դեմ բողոքների ժամանակ։

2012 թվականի հունիսի 10-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում հարյուրավոր ուսանողներ սև հագուստով և դիմակներով հավաքվել էին Ազադ Մայդանի մոտ՝ բողոքելով համացանցում գրաքննություն մտցնելու Հնդկաստանի կառավարության որոշման դեմ[21]։

2012 թվականի հուլիսի 1-ին Հոնկոնգում զանգվածային ցույցեր են անցկացվել Չինաստանում ժողովրդավարական ազատության համար։ Ըստ գնահատականների՝ ակցիաներին մասնակցել է 65 հազարից մինչև 400 հազար մարդ։ Մասնակիցները դեմ էին խոսքի ազատության սահմանափակմանը, տեղական դպրոցներում հայրենասիրական դասերի ներդրմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական շերտավորմանը։ Դրանց ընթացքում բազմաթիվ ուսանողներ և այլ երիտասարդներ Գայ Ֆոքսի դիմակներ են կրել[22][23]։

2012 թվականի հուլիսի 21-ին Մադրիդում տեղի են ունեցել գործազուրկների, ուսանողների, ինչպես նաև Գայ Ֆոքսի դիմակներով դպրոցականների զանգվածային հանրահավաքներ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի քաղաքական և կոռուպցիոն գործունեության դեմ այն բանից հետո, երբ նա հայտարարել է 65 միլիոն եվրոյով քաղաքացիական բնակչության եկամուտների ընդհանուր կրճատման մասին[24]։

2012 թվականի հուլիսի 27-ին Ուկրաինայում «ռուսաց լեզվի կարգավիճակի մասին» նոր օրինագծի ընդունման ժամանակ, որով նախատեսվում էր ռուսերենը պաշտոնական դարձնել Ուկրաինայի արևելյան շրջաններում, հարյուրավոր երիտասարդ ցուցարարներ 13 տարբեր քաղաքներում (Լվով, Ռովնո, Իվանո-Ֆրանկովսկ, Կրոպիվնիցկի, Սումի, Խարկով, Խմելնիցկի, Չեռնովցի, Օդեսա, Նիկոլաև, Դնեպրոպետրովսկ, Տերնոպոլ) ի նշան բողոքի Գայ Ֆոքսի դիմակներով պիկետել են Ռեգիոնների կուսակցության գրասենյակները։ Բողոքի ակցիաները կազմակերպվել են ուկրաինա-բելառուսական «Ուկրաինական տուն» ազգային շարժման կողմից։ Ակցիայի մասնակիցների մեծ մասը ձերբակալվել է իրավակարգի ծառայությունների կողմից իրենց դիմակների թափանցիկության պատճառով, քանի որ այդ պահին վաճառքում սպիտակ դիմակներ չեն եղել[25]։

Ժամանակի ընթացքում դիմակը դարձել է անոնիմուսների խորհրդանիշ, ուստի տարբեր կայքերի վրա բազմաթիվ հարձակումներից հետո խումբը թողել է սև ֆոնի վրա դիմակի պատկերով պարզ նկար՝ «Մենք Անոնիմուսն ենք։ Մենք Լեգիոն ենք։ Մենք չենք ներում։ Մենք չենք մոռանում։ Սպասեք մեզ» գրվածքով։ Այսպես, այդ ընթացքում հարձակումներ են իրականացվել Լեհաստանի, Ավստրիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Վատիկանի, Ուկրաինայի կառավարական կայքերի, ինչպես նաև պետական ռազմակայանների կայքերի, քաղաքական գործիչների միջև բանակցությունների տեղեկատվության և խոշոր ընկերությունների վրա[26]։

Ֆրանսիական «Early Flicker» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է «գողանալ» Գայ Ֆոքսի դիմակը՝ որպես անոնիմուս հաքերների հայտնի և խոշորագույն խմբի նոր խորհրդանիշ՝ գրանցելով դա որպես առևտրանիշ։ Սակայն ենթամշակույթի ներկայացուցիչները հոլովակ են տեղադրել ՅուԹյուբում, որտեղ սպառնացել են, որ ի նշան վրեժխնդրության համացանցի միջոցով զանգվածային հարձակումներ են կատարելու ընկերության համակարգի վրա և այն քանդելու են ներսից[27]։

2013 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայի կառավարությունը Գայ Ֆոքսի դիմակն օրենքից դուրս է հայտարարել և էմբարգո է մտցրել երկիր դրա մատակարարումների վրա։ Իսլամի հարցերով նախարարության ներկայացուցիչները՝ վախենալով տապալումից, դա բացատրել են այն բանով, որ դիմակը «վրեժի և անջատողականության» խորհրդանիշ է և նախազգուշացրել են, որ «դիմակը կարող է ապակայունացնել երկրի քաղաքական իրադրությունը և քաոս սերմանել»[28]։ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կրոնական ոստիկանությունն արգելել է դիմակ կրել փողոցում՝ Սաուդյան Արաբիայի 83-րդ ազգային օրվանից մեկ օր առաջ[29]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 John S. Forrester (2008 թ․ փետրվարի 11), Dozens of masked protesters blast Scientology church. Web-based foes guard IDs, assert risk of retribution, The Boston Globe
  2. Angus Griffin, "A History of the Anonymous Mask", Dazed.com, 14 June 2013. Retrieved 27 September 2019
  3. BBC News — V for Vendetta masks: Who’s behind them?
  4. 4,0 4,1 «V for vague: Occupy Sydney's faceless leaders], Glenda Kwek, October 14, 2011». The Sydney Morning Herald. 2011 թ․ հոկտեմբերի 14.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Рози Уэйтс (2011 թ․ հոկտեմբերի 21). «Маски V стали новым символом протестного движения?» (ռուսերեն). Русская служба Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Фрагмент одной из версий стихотворения-баллады, которое до сих пор читается во время празднования Ночи Гая Фокса на 5 ноября.
  7. House of Commons Information Office (2006 թ․ սեպտեմբեր), The Gunpowder Plot (PDF), parliament.uk at web.archive.org, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ փետրվարի 15-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին
  8. BBC:Festivals and Events Արխիվացված 2013-12-17 Wayback Machine. Accessed 9 November 2012
  9. Chambers Books of Days, 1864, pp. 549—550
  10. The London Lancet: A Journal of British and Foreign Medical and Chemical Science, Criticism, Literature and News. — Burgess, Stringer & Company, 1847. — С. 37.
  11. 'Whoopee comic, 1983
  12. [1]Whizzer and Chips comic, 1969
  13. Cannadine, David (2005 թ․ նոյեմբերի 4), «Halloween v Guy Fawkes Day», news.bbc.co.uk, Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին, Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին
  14. Cannadine, David (2005 թ․ նոյեմբերի 4), «Halloween v Guy Fawkes Day», news.bbc.co.uk, Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 12-ին, Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին
  15. Nickelsburg, Monica. «A Brief History Of the Guy Fawks Mask». The Week. The Week. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. «Epic Fail Guy». knowyourmeme. 2006. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  17. Carbone, Nick (2011 թ․ օգոստոսի 29). «How Time Warner Profits from the 'Anonymous' Hackers». Time. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  18. «Скандал о расходах в Парламенте Великобритании], echo.msk.ru, 25 ноября 2011, 18:20». эхо москвы. 2009 թ․ մայիսի 23. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  19. House of Commons Information Office (2006 թ․ սեպտեմբեր), The Gunpowder Plot (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ փետրվարի 15-ին, Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին
  20. «Flashmob protest at MPs' expenses], BBC.com news report, Saturday, 23 May 2009 16:49 UK». BBC News. 2009 թ․ մայիսի 23. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. Anonymous India to use RTI in fight against Internet censorship Արխիվացված 2012-06-13 Wayback Machine retrieved 24 June 2012
  22. «Гай Фокс и маска Анонима». nibler.ru. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  23. «Гонконг: акция протеста против уроков патриотизма». голос Америки. 2012 թ․ հուլիսի 29.
  24. «Spanish protests swell as jobless march on Madrid». 2012 թ․ հուլիսի 21. {{cite news}}: Text "http://wkzo.com/news/articles/2012/jul/21/spanish-protests-swell-as-jobless-march-on-madrid/" ignored (օգնություն)
  25. «В Луганске сторонники украинского языка "предупредили" регионалов». 2012 թ․ հուլիսի 27.
  26. «Anonymous: метки». ТАСС-Текеком. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  27. «У хакеров Anonymous отняли логотип». vesti.ru. 2012 թ․ օգոստոսի 2.
  28. Riyadh Bureau, Saudi Arabia Bans Import of V for Vendetta Masks, 30 May 2013 Արխիվացված 8 Հունիս 2013 Wayback Machine. Retrieved 29 June 2013
  29. «Saudi religious police confiscate Guy Fawkes masks ahead of National Day». Al Arabiya. 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայ Ֆոքսի դիմակ» հոդվածին։