Ալեքսանդր Հարությունյան (կոմպոզիտոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հարությունյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Հարությունյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1920[1][2][3][…] Երևան, Հայաստան[1][4][3][…] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մարտի 28, 2012[5][2] (91 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[3] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[3] |
Կրթություն | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1941)[4] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն |
Պարգևներ | |
Կայք | alexanderarutiunian.com |
Alexander Harutyunyan Վիքիպահեստում |
Ալեքսանդր Գրիգորի Հարությունյան (սեպտեմբերի 23, 1920[1][2][3][…], Երևան, Հայաստան[1][4][3][…] - մարտի 28, 2012[5][2], Երևան, Հայաստան), Խորհրդային և հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարությունյանը ծնվել է Երևանում Գրիգոր և Էլեոնորա Հարությունյանների ընտանիքում։ Նրա հայրը զինվորական էր։ Վաղ հասակում Ալեքսանդրը հանդիպում է հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։
1927 թվականին Հարությունյանը դառնում է Երևանի պետական կոնսերվատորիայի մանկական խմբի անդամ, ապա, տասնչորս տարեկանում նրան թույլատրում են ուսանել կոնսերվատորիայի ստուդիայում՝ Օ. Բաբասյան (դաշնամուր) և Ս. Բարխուդարյան և Վ Տալյան (կոմպոզիցիա)։ Նա ավարտում է Երևանի կոնսերվատորիան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։
Ալեքսանդր Հարությունյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում։ 1954-1991 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ 1970-2008 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր)։
Ալեքսանդր Հարությունյանը Խորհրդային Միության և Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ էր։
1948 թ. Հայրենիք կանտատի համար նա պարգևատրվել է Ստալինյան մրցանակով, որի վերջին հատվածը գրել էր դեռ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող եղած ժամանակ։ Առաջին անգամ այն կատարեց ԽՍՀՄ Ռադիոյի երգչախումբը և նվագախումբը 1948 թվականի նոյեմբերին։
1949 թ. Հարությունյանը գրում է «Տոնական նախերգանք»-ը, որն առաջին անգամ կատարվում է Լենինգրադի ֆիլհարմոնիկի մեծ դահլիճում, Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ։ Մոսկվայի երաժշտական կոնգրեսի ընթացքում Արամ Խաչատրյանը ներկայացնում է նրան որպես խոստումնալից խորհրդային կոմպոզիտոր։
Նա շարունակում է իր ստեղծագործությունների հաղթական երթը հայրենիքում և արտերկրում, որոնցից շատերի համար ոգեշնչման աղբյուր էին հանդիսանում հայկական երաժշտության ազգագարական ավանդույթները[7]։
Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը։ 1940-50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն։ Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է։ Հայկական սիմֆոնիզմի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել Հարությունյանի մոնումենտալ և դրամատիզմով հագեցած Սիմֆոնիան։ Նրա գործերը կատարել են Եվգենի Մռավինսկին, Վալերի Գերգիևը, Օհան Դուրյանը և այլք։
«Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Օպերային բնորոշ են գունագեղ զանգվածային տեսարանները, երաժշտական լեզվի պարզությունը։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։ Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։ 1988 թվականին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։
Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի [«Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956), «Իմ ընկերոջ մասին» (1958), «Նահապետ» (1977), բոլորը՝ Հայֆիլմ] համար։
Հարությունյանն արժանացել է ԽՍՀՄ (1949 թ.), ՀՀ (1973), Պետական, ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1986) մրցանակների, Ալեքսանդր Ալեքսանդրովի անվան Ոսկե մեդալի (1977, Ռուսաստան), «Օրփեոս» դիպլոմի (1983, ԱՄՆ), ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1998) և ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2001), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպի (2004) շքանշանների, «Կոմիտաս» հուշամեդալի (2008)։
Գրել է «Հուշեր» (2000) գիրքը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 թ «Հայրենիք» կանտատ
- 1949 թ «Տոնական նախերգանք»
- 1950 թ «Շեփորի կոնցերտ»
- 1950 թ «Հայկական ռապսոդիա»
- 1951 թ Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտ
- 1957 թ Սիմֆոնիա
- 1961 թ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆ. պոեմ
- 1966 թ Սիմֆոնիետ
- 1968 թ «Սայաթ-Նովա» օպերա
- 1969 թ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատ (Հ. Թումանյանի տեքստերով)
- 1969 թ «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարք (Հ. Շիրազի տեքստերով)
- 1974 թ «Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար»
- 1974 թ Թավջութակի և նվագախմբի պոեմ
- 1977 թ. Ձոն Լենինին
- 1986 թ «Սասունցիների պարը»
- 1989 թ Ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ
- 1990 թ Շեփորի և նվագախմբի ռապսոդիա
- 1991 թ Տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ
- 1992 թ Տուբայի և նվագախմբի կոնցերտ
- 1998 թ Սյուիտ հոբոյի, եղջերափողի և դաշնամուրի համար
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստալինի մրցանակ (1949)
- Հայաստանի Պետական մրցանակ (1970)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)
- Արամ Խաչատրյան պատվավոր մրցանակի դափնեկիր(1986)[8]
- Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալ
- Մովսես Խորենացու մեդալ
- «Ալեքսանդրովի» ոսկե մեդալ (1976)
- Օրֆեյ մրցանակով (Կենտուկի, ԱՄՆ)[9]
- «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» եկեղեցական պարգև, Էջմիածին (2004)
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2005)[10]
- Պատվո շքանշան (2011)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Арутюнян Александр Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 5,0 5,1 5,2 Armenian composer Alexander Harutyunyan dies at 92
- ↑ CLASSICAL MUSIC AND DANCE GUIDE, The New York Times, August 4, 2000
- ↑ Moscow Music Congress Արխիվացված 2013-08-11 Wayback Machine, Time (magazine), April 15, 1957
- ↑ Arutiunian, Alexander(չաշխատող հղում), The International Who's Who, Europa Publications, 2004, p. 69
- ↑ Alexander Arutiunian, by Svetlana Sarkisyan,1997
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հարությունյան (կոմպոզիտոր)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Հարությունյան (կոմպոզիտոր)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 315)։ |
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- Խորհրդային դաշնակահարներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ դաշնակահարներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Օպերային կոմպոզիտորներ