Ադրբեջանի ավանդույթներ և սովորույթներ
Ադրբեջանի ավանդույթներ և սովորույթներ, ունի երկար պատմություն, որը սկիզբ է առնում հենց ադրբեջանական ժողովրդի ձևավորումից։ Ադրբեջանում, կախված շրջաններից, մի քանի սովորույթներ և ավանդույթներ տարբերվում են[1]։
Ընտանեկան ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուրընկալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական ժողովրդի հյուրընկալությունն աչքի է ընկնում տարբեր սովորույթների առկայությամբ։ Ըստ ավանդույթի՝ հյուրերն առանց ընթրիքի տնից չեն հեռանում։ Հյուրերին ընդունելով սեղանի մոտ՝ մատուցում են ամենանրբաճաշակ ճաշատեսակներ։ Հին Ադրբեջանում կար սովորույթ, եթե սպասավորը հյուրին բերում է ճանապարհի համար նախատեսված մթերքներով լի պայուսակը, դա ակնարկ է այն մասին, որ արդեն հյուրի վերադառնալու ժամանակն է[2]։
Թեյախմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանցիների համար հատուկ նշանակություն ունի թեյը։ Ցանկացած ադրբեջանական տան հյուրին առաջին հերթին առաջարկում են թեյ։ Խնջույքը միշտ սկսվում է թեյով և թեյով էլ ավարտվում։ Թեյ խմելու համար ազգային սպասքը «արմուդու» բաժակն է, որն իր կառուցվածքով հիշեցնում է տանձ (այլ աղբյուրներով՝ արևելյան կնոջ դասական կազմվածք)[3]։
Հյուրերին թեյ մատուցելը Ադրբեջանի հնագույն ավանդույթներից մեկն է։ Ադրբեջանցի ժողովուրդը, որպես կանոն, թեյի մեջ շաքար ավելացնելու փոխարեն նախընտրում է թեյի մեջ շաքարի կտոր թաթախել, ապա ևս մի կտոր և դանդաղ խմել։ Հյուրընկալության խորհրդանիշ է համարվում հիմնական կերակուրից անմիջապես առաջ տարբեր տեսակի մուրաբաներով (ելակ, թուզ, ծիրան, մոշ, բալ, հունական ընկույզ), քաղցրավենիքներով և մրգային աղանդերով թեյի մատուցումը։ Թեյի սեղանն ամբողջական չէ առանց կիտրոնի։ Տաք թեյը մատուցվում է գավաթներով կամ Armudi բաժակներով (տանձաձև ապակի)։ Armudi բաժակը թեյի արարողության խորհրդանիշն է։ Թեյ պատրաստելու գործընթացում գլխավորը եռացող ջրի տեխնիկան է։ Թարմ ինքնաեռ (ինքնաեռ՝ ջրի եռալու համար մետաղե աման) թեյի հոտն ու համը եզակի է և չի կարող համեմատվել այլ թեյերի հոտերի հետ։ Չորս մարդուց բաղկացած ադրբեջանական ընտանիքը մեկ ամսում օգտագործում է շուրջ 500 գ թեյ, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 6-8 կգ։
Ադրբեջանում թեյը մատուցվում է ցանակացած արարողության ժամանակ՝ լինի թաղում կամ հարսանիք։ Թեյը քաղցր է, թե առանց շաքարի, ցույց է տալիս աղջկա ծնողների որոշումը կամ առնվազն կարծիքը ամուսնության մասին խնամախոսության գործընթացում։ Շաքարը նրանց համաձայնության առանցքային ցուցիչն է։
Կերակրատեսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական կերակրատեսակները, որոնք սովորաբար հյուրասիրում են հյուրերին, «աշ»-ն (փլավ) է, ընդ որում, եթե ամառանոցում կամ բակով տանն եք, կան կերակուրների շատ տարատեսակներ՝ տոլմա և քաբաբ (խորոված)։
Ամուսնություն և հարսանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական ավանդույթների մեծ մասը վերաբերում է հարսանիքին։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական ընտանիքի հարսանիքը հանդիսավոր միջոցառում է, որն ուղեկցվում է մի քանի փուլերով և որոնցից յուրաքանչյուրն ունի իր սովորույթներն ու կանոնները[4]։
Նախնական ծանոթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փուլը հենց ծնողների և ազգականների ծանոթությունն է։ Բայց մինչ այս փուլը, կողմերից յուրաքանչյուրը ընդհանուր ծանոթների միջոցով ապագա ազգականների մասին իմանում է բոլոր հնարավոր տեղեկությունները։
Հետո փեսացուի կին ազգականները գնում են ծանոթանալու ապագա հարսնացուի և նրա մոր հետ։ Երկու ընտանիքների կանանց ծանոթությանը հաջորդող փուլը խնամախոսությունն է[5]։
Խնամախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնամախոսությանը հնուց մասնակցել են միայն երկու ընտանիքներից մի քանի տղամարդ։ Այս փուլում խնամախոսությանը լինում են նաև կանայք։ Այս փուլում փեսացուի կողմը հարսնացուի հորից ստանում է վերջնական պատասխան, և եթե պատախանը դրական է, ուրեմն ստանում է «հերի» (այո) և մատուցվում է քաղցր թեյ։ Շատ դեպքերում մատանին դնում են հարսնացուի ձախ ձեռքի մատնեմատին[6]։
Նշանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանադրությունը տեղի է ունենում հարսնացուի ընտանիքի կողմից համաձայնություն ստանալուց հետո։ Համաձայն երկու ընտանիքների համատեղ որոշման՝ տեղի է ունենում կամ ամենամտերիմ հարազատների հետ փոքր արարողություն, կամ էլ մեծ տոնակատարություն (հարսանիքի նախօրինակը)։ Փեսացուի ընտանիքը բերում է մատանի, գլխաշոր, շատ «խոնչի» (սկուտեղ) և այլ նվերներ ու քացրավենիքներ։ Մինչև նշանադրություն, փեսացուի ընտանիքը հարսնացուի համար կատարում է գնումներ և այդ ամենը բերում է սկուտեղներով։ Արարողության ժամանակ հարսնացուի մատին դնում են մատանի և գլուխը ծածկում գլխաշորով[7]։
Սովորություններ
Նշանադրությունից հետո սովորաբար հարսնացուն իր աջ ձեռքը դնում է չամուսնացած աղջիկների գլխին, ինչը նշանակում է «ցանկանում եմ քեզ նման երջանկություն»։ Հետո հարսնացուն տալիս է իր մատանին փորձելու այլ աղջիկների, խոսակցությունների համաձայն՝ նրանցից ում մատին համապատասխանեց մատանին, նա էլ առաջինը կամուսնանա։
Կա նաև սնահավատություն, որ եթե չամուսնացած աղջիկը հարսանիքի արարողության տոնական սեղանից քաղցրավենիք կծի և դրա կեսը դնի իր բարձի տակ, ապա երազում կտեսնի իր ապագա փեսացուին։
«Հնա յախտի»
Հարսանիքից մեկ շաբաթ առաջ հարսնացուի ընտանիքը հանդիսավոր միջոցառում է կազմակերպում, որին մասնակցում են երկու ընտանիքների բոլոր կանայք։ Այս արարողությունը տևում է ամբողջ երեկոյի ընթացքում, որի ավարտին հարսի ձեռքերը ներկում են հինայով։ Հինայով իրենց ձեռքերին նախշեր են նկարում նաև մյուս աղջիկները։ Փեսացուի ընտանիքը հարսին նվեր է բերում «խոնչի» (սկուտեղներ) քաղցրավենիքով և նվերներով լի, որոնք արարողության ընթացքում բացվում և ցուցադրվում են բոլոր հյուրերին[8]։
Ամուսնության կնքում
Նշանադրության ավարտից հետո գալիս է առավել հանդիսավոր փուլը՝ հարսանիքը։ Հարսանիքի նախապատրաստությունները տևում են շատ երկար։ Եվ կողմերից յուրաքանչյուրը կատարում է իր պարտականությունները։ Այս փուլում ընտանիքները հաճախ այցելում են միմյանց և ավելի մոտիկից ծանոթանում։ Վարձվում է հանդիսությունների տուն, որտեղ հավաքվում են երկու ընտանիքների բոլոր բարեկամներն ու ընկերները։ Հարսանիքի ժամանակ սովորաբար հարսնացուի կողքից տանում են հայելի (ճակատագրի հայելին) և երկու մոմ, որոնք կրում են աղջիկները՝ մեկը փեսացուի ընտանիքից, մյուսը՝ հարսնացուի։
Փեսացուի կողմ
Փեսայի ընտանիքն այս փուլում պատրաստվում է ընդունել օժիտը, այսինքն զբաղվում է բնակարանի վերանորոգմամբ և մաքրությամբ, հարսնացուի զարդերի և հագուստների գնումներով։
Հարսնացուի կողմ
Հարսնացուի ընտանիքը պատրաստվում է հարսնացուի օժիտը։ Սովորաբար ադրբեջանական ընտանիքում օժիտը հավաքում են աղջկա ծնվելուց ի վեր։ Դրանք թեյի և ընթրիքի հավաքածուներ են, սպիտակեղեն, կենցաղային և տարբեր պարագաներ։ Օժիտը ներառում է նաև ննջասենյակի, հյուրասենյակի և խոհանոցի կահույք։
Երեխայի ծնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական ընտանիքներում երեխայի ծնունդը նույնպես հանդիսավոր կերպով նշվում է և ունի իր սովորույթներն ու ավանդույթները։ Ծննդաբերությունից և պորտալարը կտրելուց հետո, երեխային լողացնում են աղաջրով, որպեսզի երեխան ճշմարտացի և համարձակ լինի։ Նաև երեխայի ծնվելուց հետո 40 օր ընդունված չէ այցելել նրան։ 40-րդ օրը տեղի է ունենում արարողություն, և բոլոր հարազատները նվերներ են բերում երեխային։ Երբ երեխայի առաջին ատամները աճում են, ընտանիքում պատրաստում են հացահատիկից հատուկ ուտեստ, որը կոչվում է հյադիկ (hədiy)։ Ըստ համոզմունքի՝ դրա շնորհիվ երեխայի ատամներն արագ են ծակում և անցավ։ Առաջին ծննդյան օրվանից հետո կտրում են երեխայի առաջին մազերը[9]։
Անվան ընտրություն
Երեխայի ծննդյան ժամանակ ամենավիճելի պահերից մեկն անվան ընտրությունն է։ Ըստ ավանդույթի, եթե ընտանիքում ծնվում է առաջին տղա երեխան, ապա նրան տալիս են պապիկի անունը (հայրական գծով)։ Նաև ընտրությունը կարող է կանգ առնել այն անվան վրա, որն ավելի մոտ է ընտանիքում ծնողների կամ ավագ երեխաների անուններին։ Հազվադեպ են ուշադրություն դարձնում անվան նշանակությանը։
Տոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական ազգի հիմնական տոները, որոնք հարուստ են ավանդույթներով և սովորություններով իսլամական տոներն են՝ Ռամադան, Կուրբան Բայրամ, ինչպես նաև Նոռուզ[10]։
Ռամադանի տոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսուլմանների մոտ 11 ամիսների թագավորը Ռամադան ամիսն է։ Այս ամսվա ընթացքում մուսուլմանները ցերեկային ժամերին հրաժարվում են սնունդից, խմիչքից, ծխելուց և ինտիմ մտերմությունից։ Պահքը սկսվում է լուսաբացից (առավոտյան ազանից հետո) և ավարտվում է մայրամուտից հետո (երեկոյան ազանից հետո)։ Պահքը սկսելիս նիյաթ են արտասանում, իսկ երեկոյան իֆթարից առաջ կարդում են աղոթք և պահքը ավարտվում է ջուր խմելով, խուրմա համտեսելով (մուսուլմանների սուրբ պտուղը)։ Ամսվա 30-րդ օրը անցկացվում է տոնակատարություն։ Ապահովված ընտանիքները աղքատներին զաքաթ են տալիս (ողորմություն)։ Ամեն տարի Ռամադան ամսվա սկիզբը տեղափոխվում Է մոտավորապես 11 օր հետ և առաջին օրը որոշվում է աստղագիտական հաշվարկներով՝ լուսնի դիտարկմամբ[11]։
Կուրբանի տոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա մուսուլմանական նվիրատվության տոն է, որը նշվում է Ռամադանի տոնից 70 օր անց։ Ըստ Ղուրանի՝ Իբրահիմ մարգարեին երազում հայտնվել է հրեշտակը և նրան տվել է Ալլահից հրաման, որ զոհաբերի ավագ որդուն՝ Իսմաիլին։ Իբրահիմը գնացել է Մինա հովիտ, այն վայրը, որտեղ այժմ կանգնած է Մեքքան և սկսել է նախապատրաստվել։ Նրա որդին, որը գիտեր այդ մասին, չէր դիմադրում, բայց աղոթում էր։ Պարզվում է՝ դա փորձություն էր Ալլահից, և երբ զոհը գրեթե մատուցվել էր, պարզվում է, որ դանակը բութ է և չի կտրում։ Տղա զոհը փոխարինվել է ոչխարով և այդ ժամանակից ի վեր այն վերածվել է սովորության։ Այդ օրը մարդիկ, ովքեր փող են վաստակում և պարտքեր չունեն, ոչխար, ուղտ կամ կով են զոհաբերում և բաժանում իրենց ծանոթ բոլոր աղքատներին։ Զոհը պետք է լինի առնվազն կես տարեկան և պետք է լինի առողջ։ Լուսաբացին մուսուլմանները գնում են մզկիթ՝ առավոտյան աղոթքի, տոնական աղոթքից հետո մուսուլմանները զոհ են մատուցում[12]։
Նոռուզի տոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա գարնանային տոն է, որը տոնում են մարտի 20-21-ը՝ գարնանային գիշերահավասարի օրը, բայց տոնից մեկ ամիս առաջ անցկացվում են նախապատրաստությունները։ Տոնի նախօրեին նշվում է ձմռան չորս երեքշաբթիների օրերը, որոնք խորհրդանշում են ջուրը, կրակը, քամին և երկիրը։ Տոնակատարությունը սկսվում է երեքշաբթի երեկոյան, փողոցում վառվում են խարույկները, պարում են դրա շուրջ, իսկ հետո ցատկում են կրակի վրայով՝ տարվա դժվարությունները թողնելով կրակի վրա։
Նոռուզի տոնը լի է սիմվոլիկայով։ Մինչև տոնը, ընտանիքների կանայք պատրաստում են տարբեր քաղցրավենիքներ՝ շեքերբուրա, փախլավա և գոգալ։ «Շեքերբուրա»-ն խորհրդանշում է լուսինը։ «Փախլավա»-ն հանդիսանում է երկնքի աստղերի խորհրդանիշը, իսկ նրա շերտերը (9 կամ 12) խորհրդանշում են երկրի շերտերը՝ մթնոլորտը։ Իսկ «գոգալ»-ը Արևի խորհրդանիշն է։ Տոնական սեղանին կան նաև գունավոր խաշած ձվեր, և կա խաղ, որտեղ ստուգում են դրանց ամրությունը։ Տոնական օրերին ընտանիքի ամեն անդամի համար մոմ են վառում։ Սեղանին պետք է լինի նաև սեմենի (ցորենի աճեցված սերմ)։
Հին ժամանակներում Նոռուզ բայրամի տոնի ժամանակ չամուսնացած աղջիկները կատարում էին տարբեր գուշակություններ՝ դռան հետևից ականջդրություն, մոմերով, ամուսնական մատանիներով և այլն։
2009 թվականի սեպտեմբերի 30-ին Նոռուզը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, այդ ժամանակվանից մարտի 21-ը հայտարարվել է Նոռուզի միջազգային օր[13][14][15]։
Բացի բոլոր զվարճալի ավանդույթներից և սովորույթներից, կան նաև այնպիսիները, որոնք կապված են հուղարկավորության հետ։ Եթե տանը ինչ-որ մեկը մահանում է, բոլոր հայելիները և այլ արտացոլող առարկաները ծածկում են սավանով, որպեսզի խուսափեն նրանց մեջ հանգուցյալի ոգու բնակվելուց։ Ընդունված է մահացածներին հուղարկավորել մահից հետո 24 ժամվա ընթացքում, այսինքն, որքան հնարավոր է շուտ։ Մահացածի մարմնի վրա կատարում են մուսուլմանական լվացման և ողողման ծես։ Հարազատներն ու ընկերները կատարում են «Ջանազա-նամազը»։ Իսլամում չի թույլատրվում հանգուցյալին հագուստով թաղել, ուստի պահանջվում է հանգուցյալին փաթաթել սավանով (կաֆան՝ սպիտակ սավան)։ Հետո հանգուցյալին դնում են դագաղի մեջ, որից հետո կափարիչը փակում են և ծածկում սովորաբար կանաչ կտորով (իսլամական կրոնի խորհրդանիշ)։ Եթե մահացած մարդը երիտասարդ է, ապա ընդունված է ծածկել կարմիր կտորով։ Թաղում են ընտանեկան գերեզմանատանը։ Երբ մահացածը դրվում է հողը, նրա գլուխը պետք է շրջված լինի դեպի սուրբ Քաաբա, որից հետո մի բուռ հող են նետում գերեզմանին և աղոթք են արտասանում։ Մուսուլմանների գերեզմանատների (նաև ադրբեջանական) բնորոշ հատկանիշն այն է, որ բոլոր գերեզմանատների և տապանաքարերի ճակատներն ուղղված են դեպի Մեքքա։ 40 օրվա ընթացքում տանը երաժշտություն չի միանում, և ամեն հինգշաբթի տանը հյուրեր են գալիս՝ հարազատներ և ընկերներ, որպեսզի կիսեն ընտանիքի վիշտը։ Մահվան 40-րդ օրը անցկացվում է արարողություն. գալիս են հարազատներն ու ընկերները, տղամարդիկ գնում են գերեզմանատուն՝ կարդալով Ղուրանի համապատասխան սուրան։ Սովորաբար կառուցվում են վրաններ, որտեղ առավոտյան կանայք, իսկ ցերեկը տղամարդիկ են հավաքվում, ընթերցվում են աղոթքներ և բոլոր հյուրերին մատուցվում է «էհսան» (հյուրասիրություն մահացածի պատվին). սովորաբար «փլավ», «դովգա» և «հալվա» (ալյուր՝ բոված յուղով և օշարակով)[16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Традиции народов Азербайджана :: Культура Азербайджана» (ռուսերեն). azerbaijan.orexca.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Традиции гостеприимства в Азербайджане» (ռուսերեն). www.advantour.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Армуду стакан (стакан грушевидный)». www.moya-planeta.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Свадебные традиции в Азербайджане» (ռուսերեն). www.advantour.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Азербайджанская свадьба: обряды, традиции, наряды, выбор невесты» (ռուսերեն). story-wedding.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Свадебные традиции Азербайджана: сватовство, обручение и праздничное торжество». Свадебный декор и стилистика свадебных церемоний (անգլերեն). 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Азербайджанская свадьба: празднование, обряды, традиции». rusvesta.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «'Хна йахты' или Азербайджанский девичник / хна на руках обычаи азербайджанские» (ռուսերեն). fashiony.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Традиции Азербайджана - Рождение ребенка» (ռուսերեն). www.advantour.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Азербайджанские национальные праздники». izhlib.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Azərbaycan :: Baş səhifə» (ադրբեջաներեն). www.azerbaijans.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «История и традиции исламского праздника жертвоприношения Курбан-байрам». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Nawrouz, Novruz, Nowrouz, Nowrouz, Nawrouz, Nauryz, Nooruz, Nowruz, Navruz, Nevruz, Nowruz, Navruz - intangible heritage - Culture Sector - UNESCO» (անգլերեն). ich.unesco.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Праздник Новруз в Азербайджане» (ռուսերեն). www.advantour.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Новруз Байрам — история, традиции, обычаи». Поликсал.ру - Только эксклюзивные новости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Ангел - сеть ритуальных салонов. Информация - МУСУЛЬМАНСКИЕ ОБРЯДЫ И ТРАДИЦИИ ПОГРЕБЕНИЯ». angel-ritual.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Мусульманские похороны, загробный мир в Исламе, человек после смерти в Исламе – портал «Ислам Сегодня»». islam-today.ru. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.