Աբելյան-Արմենյան թատերախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբելյան - Արմենյան թատերախումբ

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1908 թ. Թիֆլիսում, Հ. Աբելյանի և Ա. Արմենյանի ջանքերով։ Նպատակն էր հյուրախաղերով այցելել Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի, Կոստանդնուպոլսի հայությանը։ 1908 թ. ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, ապա՝ Քոթակում, Կարինում, Բաբերդում, Տրապիզոնում, Սամսոնում, Կոստանդնուպոլսում (40 ներկայացում), Օրդուում, Ադաբազարում, Իզմիթում, Էսքիշեհիրում, Կարասոնդեում, Պարտիզակում, Զմյուռնիայում, Մանիսայում, Բրուսայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թ. ներկայացումներ է ունեցել Իրանում։ Վերադառնալով Թիֆլիս՝ խումբը համալրվել է, մեկնել Բաթում և 1909 թ. նոյեմբերի 8-ին "Պատվի համար" ներկայացումով սկիզբ դրել տեղի հայ նոր թատրոնին։ Ուղևորվելով Կոստանդնուպոլիս՝ միացել է Հ. Զարիֆյանի թատերախմբին։ "Աբելյան - Արմենյան - Զարիֆյան" թատերախումբը, ավարտելով ներկայացումները Կոստանդնուպոլսում, բաժանվել է 3 մասի. մի մասը հյուրախաղերի է մեկնել Զմյուռնիա՝ Ա. Արմենյանի ղեկավարությամբ, երկրորդը՝ Անատոլիայի հայաշատ կենտրոնները՝ Ա. Բերոյանի, երրորդը՝ Իզմիթ, Պարտիզակ, Ադաբազար, Էսքիշեհիր և Ռոդոսթո՝ Հ. Աբելյանի և Հ. Զարիֆյանի ղեկավարությամբ։ Աբելյան - Արմենյան թատերաղմբի վերջին հյուրախաղերը կայացել են 1911 թ. Բաքվում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Հյուսիսային Կովկասի հայաշատ կենտրոններում։

Տարբեր ժամանակներում թատերախմբի հյուրախաղերին մասնակցել են՝ Հովհաննես Աբելյանը, Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Զաբելը, Ե. Դուրյան - Արմենյանը, Օլգա Գուլազյանը, Ժասմենը, Հ. Ոսկանյանը, Ա. Բերոյանը, Մ. Մանվելյանը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Թատերախմբի խաղացանկը բաղկացած էր Շիրվանզադեի, Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Ս. Թառայանի, Մ. Գևորգյանի, ինչպես և Վիլյամ Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Հ. Իբսենի, Հ. Նայդյոնովի և ուրիշների պիեսներից։ Ժամանակի մամուլում Մ. Մնակյանը, Վահան Թեքեյանը, Տ. Կամսարականը, Գրիգոր Զոհրապը բարձր են գնահատել թատերախմբի ներկայացումները։

Թատերախմբի գործունեությունը խոշոր երևույթ էր հայ հասարակական - մշակութային կյանքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Գ. Ղարիբյան, "Էջեր Բաթումի հայ թատրոնի պատմությունից", Երևան, 1961 թ.