Տիգրան Կամսարական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)
Տիգրան Կամսարական | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1866 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 4, 1941 |
Վախճանի վայր | Վիշի |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | Արամյան-Ունճյան վարժարան |
Ժանրեր | ակնարկ և պատմվածք |
Տիգրան Կամսարական Վիքիդարանում |
Տիգրան Խաչատուրի Կամսարական (1866, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 4, 1941, Վիշի), հայ արձակագիր, «Վարժապետին աղջիկը» վեպի հեղինակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Կադը գյուղի Արամյան վարժարանում։ Պատանեկան հասակից ֆրանսերենից կատարել է թարգմանություններ, որոնք տպագրվել են Մինաս Գաբամաճյանի «Լույս» շաբաթաթերթում։ Ապա գրել է ակնարկներ, պատմվածքներ։
1886-1887 թթ. «Մասիս» շաբաթաթերթում տպագրվել են նրա մի քանի նոր պատմվածքները, որոնք հետաքրքրություն են առաջացրել երիտասարդ գրողի անվան շուրջը։ 1888 թ. «Արևելք» օրաթերթում որպես թերթոն տպագրվել է նրա գլուխգործոց «Վարժապետին աղջիկը» վեպը, որը նույն թվականին լույս է տեսել նաև առանձին գրքով։ 1892-1893 թթ. Գրիգոր Զոհրապի խմբագրած «Մասիս» շաբաթաթերթում տպագրել է «Հարո», «Հովկուլը» և «Ընկուզին կողովը» պատմվածքները։
Լինելով մեծահարուստ ծխախոտի վաճառականի որդի՝ նյութապես ապահովված է եղել և գրականությունը չի դարձրել հիմնական զբաղմունք։ 1894 թ. Կամսարականները Կ. Պոլսից տեղափոխվել են Եգիպտոս։ Այստեղ գրեթե լքել է գրականությունը, զբաղվել ծխախոտի արդյունաբերությամբ, մերթ ընդ մերթ ծածկանուններով երևալով հայ մամուլում։
1910 թվականին օսմանյան սահմանադրության օրերին վերադարձել է ծննդավայր, նոր պատմվածքներով, նորավեպերով աշխատակցել պոլսահայ մամուլին, տարեցույցներին։ Նրա ամենամոտիկ մասնակցությամբ Կ. Պոլսում լույս է տեսել շքեղ մի ժողովածու, նվիրված Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակին։ Այնուհետև դարձյալ քաշվել է գրական աշխարհից։ Հետագա 30 տարիներին գրել է ընդամենը մի քանի պատմվածք և ակնարկ, ինչպես նաև «Փրկանք» խորագրով մի պիես, որը 1920-ականներին բեմադրվել է Կ. Պոլսում և Ֆրանսիայում։ «Վարժապետին աղջիկը» վեպը վերահրատարակվել է Երևանում, 1956 թ.[1][2]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարժապետին աղջիկը։ Պոլսական բարքեր, Կ. Պոլիս, 1888, 532 էջ։
- Վարժապետին աղջիկը, Կ. Պոլիս, 1921, 336 էջ։
- Վարժապետին աղջիկը, Գահիրէ, 1941, 400 էջ։
- Էջեր հայ գրականութենէն։ Տիգրան Կամսարական (պատմուածքներ), 1942, 31 էջ[3]։
- Վարժապետին աղջիկը, Երևան, 1956, 324 էջ։
- Վարժապետին աղջիկը, Պէյրութ, 1957, 320 էջ[4]։
- Կամսարական Տիգրան, Չյոկյուրյան Տիգրան, Երկեր, Երևան, 1984, էջ 28–348:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Մարգարյան, Տիգրան Կամսարական։ Կյանքը և ստեղծագործությունը, ՀԽՍՌ ԳԱ Հրատարակչություն, 1964 - 307 էջ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 84-85
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ Կամսարական Տիգրան (1942)։ Էջեր հայ գրականութենէն: Տիգրան Կամսարական (պատմուածքներ). (հայերեն)։ Hratarakutʻiwn hay girkʻi barekamneru ěnkeraktsʻutʻean
- ↑ Կամսարական Տիգրան (1957)։ Վարժապետին աղջիկը: վէպ (հայերեն)։ Zartʻōnkʻ
- ↑ Մարգարյան Հակոբ (1964)։ Տիգրան Կամսարական: կյանքը եվ ստեղծագործությունը (հայերեն)։ ՀՍՍՌ ԳԱ Հրատարակչություն
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 214)։ ![]() |