Տիգրան Չյոկյուրյանը ծնվել է Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում։ Մանկությունը անցել է Տրապիզոն քաղաքում, որտեղ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կորցրել է ծնողներին։ Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ 1907 թվականին ավարտել է Կ. ՊոլսիՊերպերյան վարժարանը։
Չյոկյուրյանը զբաղվել է ուսուցչությամբ։ 1910 թվականին առանձին գրքով հրատարակել է «Հայրենի ձայներ» նորավեպերի ժողովածուն։ 1911 թվականին Մ. Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» պարբերականը, որտեղ հրատարակել է «Ճամբուս վերայ» ճամփորդական նյութերը, ուսումնասիրություն «Շիրվանզադեի գրական գործը» խորագրով, թարգմանություններ ֆրանսերենից՝ Մոպասանի «Ճարպագունդ»-ը և Լ. Անդրեևի «Կարմիր ծիծաղ»-ը, գործեր Բեռնարդ Շոուից և Հ. Իբսենից։ 1914 թվականին լույս է տեսել Չյոկյուրյանի «Վանքը» վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որտեղ շոշափված են ազատ հայրենիքի, ազգապահպանության, բարբարոսական բնազդների նկատմամբ առողջ հասարակության և անհատի բանականության հաղթանակի գաղափարները, ինչպես նաև հեղինակի այն համոզումը, թե «Ազգերն առանց հեղափոխության չեն կրնալ ազատիլ»։ Տ. Չյոկյուրյանը տպագրել է նաև գրախոսություններ և հոդվածներ՝ Մեհեկան ծածկանունով։
Մի շարք հայ մտավորականների հետ միասին 1915 թվականին ձերբակալվել է և սպանվել է Այաշում[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։