Ֆեոդոր Շալյապին
| Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ (օգտագործել հուշումներ։) |
Ֆեոդոր Իվանի Շալյապին, (ռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин, փետրվարի 13, 1873, Կազան, (Ռուսաստան), ապրիլի 12, 1938, Փարիզ, Ֆրանսիա), ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը: Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում: 1890 թվականին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու Ուֆայի օպերային թատրոն, որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով: 1892–1893 թվականներին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–1894 թվականներին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը: 1895 թվականին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–1899 թվականներին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը: 1899 թվականից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ: Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ: 1901 թվականից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման: 1922 թվականից ապրել է Փարիզում:
Ստեղծագործական կյանք [խմբագրել]
Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները:
Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել
- Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական,
- Բորիս Գոդունովի (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»),
- Իվան Ահեղի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կինը») ողբերգական,
- Երյոմկայի (Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը») կենցաղային,
- Դևի (Անտոն Ռուբինշտեյնի «Դև»),
- Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ») ռոմանտիկական,
- Դոն Բազիլիոյի (Ջաոկոմո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») երգիծական դերերգերը:
Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը: Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Միխայիլ Գլինկայի, Մոդեստ Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը:
Շալյապինը բեմադրիչ [խմբագրել]
Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջուզեպե Վերդիի «Դոն Կառլոս», Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները:
Կինոյում և կերպարվեստում [խմբագրել]
Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում: Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆեոդոր Շալյապին կատեգորիայում։ |