Սերգեյ Ռախմանինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergei Rachmaninoff LOC 33969u.jpg

Սերգեյ Վասիլևիչ Ռախմանինով (1873 թ. ապրիլի 1, գ. Սեմյոնովոյի կալվածք Օնեգ (այժմ՝ ՌԴ Նովգորոդի մարզի համանուն շրջանում) - 1943թ., Բևեռլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել]

Ըստ ընտանեկան ավանդույթի, Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝ Վասիլիյից, ում Ռախմանին էին կոչում։ Մայրը՝ Լյուբով Պետրովնան (Բուտակովան), գեներալ Պ. Ի. Բուտակովի դուստրն էր։ Կոմպոզիտորի հորական պապը՝ Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում։

1882 թ-ից սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1885 թ-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիաների փոքրահասակների բաժիններում։ Ուսանելու տարիներին գրել է «Իշխան Ռոստիսլավ» սիմֆոնիկ պոեմը և դաշնամուրի Առաջին կոնցերտը։ Նրա ստեղծագործական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել է կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին։

Ռախմանինովը 1892 թ-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական (Մեծ ոսկե մեդալ) բաժինները։ Դիպլոմային աշխատանքը «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի «Գնչուներ» պոեմի), որը 1893 թ-ին բեմադրվել է Մոսկվայի Մեծ թատրոնում։

1890-ական թվականներին գրել է «Ժայռ» սիմֆոնիկ ֆանտազիան, «Էլեգիական տրիոն» (Պ. Չայկովսկու հիշատակին), Առաջին սիմֆոնիան, դաշնամուրային «Ֆանտազիա-պիեսներ», «Երաժշտական ակնթարթներ», ռոմանսներ և այլ գործեր։ Նրա ստեղծագործական վերելքը սկսվել է 1900-ական թվականներից. ստեղծել է իր նշանավոր երկերի մեծ մասը՝ դաշնամուրի Երկրորդ և Երրորդ կոնցերտները, «Գարուն» կանտատը, «Ժլատ ասպետը» (ըստ Ա. Պուշկինի), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (ըստ Ալիգիերի Դանտեի) օպերաները, Երկրորդ սիմֆոնիան, «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, նաև բազմաթիվ պրելյուդներ ու ռոմանսներ։

Ռախմանինովը 1906–14 թթ-ին՝ որպես դաշնակահար և դիրիժոր, հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, 1917 թ-ին՝ Շվեդիայում։ Ճանաչվել է հատկապես ռուս կոմպոզիտորների օպերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների նորովի մեկնաբանմամբ։

1918 թ-ից բնակվել է ԱՄՆ-ում։ 1918– 1943 թթ-ին գրել է դաշնամուրի Չորրորդ կոնցերտը, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով»` դաշնամուրի և նվագախմբի համար, դաշնամուրային «Վարիացիաներ Կորելլիի թեմայով» և այլ գործեր։ Հայրենիքի թեմայով գրած նրա «Ռուսական երեք երգ» (երգչախմբի և նվագախմբի համար), Երրորդ սիմֆոնիա, «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությունները համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից են։ Կոմպոզիտորը Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին համերգների հասույթը փոխանցել է Կարմիր բանակի և ԽՍՀՄ պաշտպանության հիմնադրամներին։

Ռախմանինովի ստեղծագործության կարևորագույն բնագավառը դաշնամուրային երաժշտությունն է։ Գրել է մեծածավալ (4 կոնցերտ, «Ռապսոդիա Պագանինիի թեմայով» և այլն) և փոքրածավալ («Երաժշտական ակնթարթներ», «Էտյուդ-պատկերներ», պրելյուդներ և այլն) ստեղծագործություններ։ Հեղինակ է նաև ավելի քան 80 ռոմանսների։ Նրա կատարողական արվեստին բնորոշ են տեխնիկական կատարելությունը, ինքնատիպ՝ «ռախմանինովյան» ռիթմը։ Կոմպոզիտորը մեծ ավանդ ունի նաև ռուսական հոգևոր երաժշտության զարգացման մեջ («Հովհան Ոսկեբերանի պատարագը», «Երեկոյան ժամերգություն» և այլն)։ Նա ռուսական ռոմանտիզմի լավագույն ավանդույթների հետևորդներից է։

Ռախմանինովը ստեղծագործական և բարեկամական կապեր է ունեցել հայ դիրիժոր և ջութակահար Կոստանդին Սարաջևի («Էլեգիական տրիո» ստեղծագործության առաջին կատարողներից էր) և գրող Մարիետա Շահինյանի հետ։ Կոմպոզիտորի խնդրանքով իր ռոմանսների մեծ մասի բանաստեղծական տեքստերն ընտրել է Շահինյանը։ Լավագույններից է «Գիշերն իմ այգում» ռոմանսը (ըստ Ավետիք Իսահակյանի «Ուռենի» բանաստեղծության, թարգմանությունը՝ Ալեքսանդր Բլոկի)։ Ռախմանինովը Շահինյանին է նվիրել իր «Մուսան» ռոմանսը (ըստ Ալեքսանդր Պուշկինի), իսկ Շահինյանը նրան նվիրել է իր «Orientalia» բանաստեղծությունների ժողովածուն։ 2005 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Ռախմանինովի «Ալեկո» օպերան։[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]