Ջոակինո Ռոսսինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոակինո Անտոնիո Ռոսսինի (իտալերեն՝ Gioachino Antonio Rossini; 1792թ. փետրվարի 29 —1868թ. նոյեմբերի 13), իտալացի կոմպոզիտոր: Գրել է 39 օպերա, հոգևոր և կամերային երաժշտություն:

Կենսագրություն [խմբագրել]

Ջոակինո Ռոսինի

Ջոակինո Ռոսինին ծնվել է 1792 թվականին իտալական Պեզարո փոքրիկ քաղաքում: Ռոսինիի հայրը գալարափողահար էր, մայրը՝ երգչուհի և տղան մեծացավ երաժշտական միջավայրում: Հենց որ ի հայտ եկավ տղայի երաժշտական տաղանդը, նրան ուղարկեցին Բոլոնիա՝ Անջելո Թեզեի մոտ՝ ձայնի մշակման համար: 1807 թվականին Ռոսինին սկսեց կոմպոզիցիայի դասեր ստանալ աբբա Մատեի մոտ՝ Բոլոնիայի Ֆիլհարմոնիկ լիցեյում, բայց ընդհատեց ուսումը, հենց որ անցան պարզ կոնտրապունկտի դասերը, քանզի Մատեի կարծիքով, վերջինիս տիրապետումը լիովին բավարար էր օպերա գրելու համար:

Ռոսինիի առաջին փորձը եղավ «Ամուսնական օրինագիծ» (իտալ. La cambiale di matrimonio, Վենետիկի «Սան Մոզե» թատրոնում, 1810 թ.) մեկ գործողությամբ օպերան, որն իր վրա փոքր ուշադրություն հրավիրեց, ինչպես երկրորդը՝ «Տարօրինակ պատահար» (իտալ. L'equivoco stravagante, Բոլոնիա, 1811 թ.): Սակայն այնքանով դուր եկան, որ Ռոսինին գործի լծվեց և 1812 թվականին արդեն գրեց հինգ օպերա: Հաջորդ տարի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնի բեմում բեմադրվեց «Տանկրեդ»-ը, ապա «Իտալուհին Ալժիրում» օպերան, որոնք մեծ հաջողություն ունեցան:

Բայց Ռոսինիին մեծ հաղթանակ բերեց Հռոմի «Արջենտինա» թատրոնում 1816-ին բեմադրված նրա «Սևիլյան սափրիչը»: Օպերան Հռոմում դիմավորեցին մեծ անվստահությամբ, քանզի մարդիկ համարում էին համարձակություն, որ ինչ-որ մեկը հանդգնել է նույն սյուժեով օպերա գրել Ջովանի Պաիզիելլոյից հետո: Ռոսինիի օպերայի առաջին ներկայացումը նույնիսկ սառն ընդունեցին: Երկրորդ ներկայացումը, թեև թևաթափված Ռոսինին չղեկավարեց, հակառակը, ունեցավ արբեցնող հաջողություն: Հասարակությունը նույնիսկ այդ առթիվ ջահերով երթ կազմակերպեց:

Նույն տարում Նեապոլում հաջորդեց «Օթելլո» օպերան, որում Ռոսինին բոլորովին դուրս մղեց recitativo secco (վոկալ երաժշտական ձև, որը չունի սիմետրիկ ռիթմ), ապա «Մոխրոտը»՝ Հռոմում և «Գող կաչաղակը» 1817 թվականին Միլանում: 181523 թվականներին Ռոսինին պայմանագիր կնքեց թատերական ձեռնարկատեր Բարբայայի հետ, ըստ որի տարեկան 12 հազար լիրա վարձատրության դիմաց պարտավորվեց ամեն տարի երկու նոր օպերա գրել: Այդ շրջանում Բարբայայի ձեռքին էին ոչ միայն Նեապոլի թատրոնը, այլև «Լա Սկալա» թատրոնը Միլանում և Վիեննայի Իտալական թատրոնը:

1821 թվականին Ռոսինին ամուսնացավ երգչուհի Իզաբելա Կոլբրանի հետ: 1823 – ին Լոնդոնի թագավորական թատրոնի տնօրենի հրավերքով կոմպոզիտորը մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ նրան հինգամսյա աշխատանքի դիմաց վճարում են 7000 ֆունտ ստերլինգ: 1824 –ին Ռոսինին Փարիզում ստացավ Իտալական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Հիմնական օպերաները [խմբագրել]